Աշխարհի ամենատարօրինակ 7 ուտեստները

Աշխարհի տարբեր խոհանոցներում շատ են համարձակ ու տարօրինակ փորձարկումները։ Մենք ուսումնասիրել ենք դրանք և առանձնացրել ամենաանսովոր ուտեստների յոթնյակը։ 

Առաջարկում ենք անպայման ծանոթանալ. չէ՞ որ այստեղ Դուք կգտնեք ոչ միայն զարմանալի սննդային համադրություններ, այլ նաև ուտեստներ, որոնք աչքի են ընկնում պատրաստման յուրահատկություններով և ստեղծման պատմությամբ։

1․ Չակին շիբորի

Լուսանկարի աղբյուրը՝ այստեղ։

Չակին շիբորի ճապոներենից թարգմանաբար նշանակում է անձեռոցիկի մեջ սեղմված։ Այն աղանդեր է, որի տեսքից միանգամից դժվար է կռահել, թե ինչից է պատրաստված։

Սակայն բաղադրիչները բավականին պարզ են՝ ոլոռ, ձու և շաքարի փոշի։ Ինչքան էլ զարմանալի է դրանց համադրությունը, առավել զարմանալի է այս ամենից աղանդեր ստանալու գաղափարը։

Պատրաստման համար անհրաժեշտ է թարմ կամ նախապես սառեցված ոլոռը շոգեխաշել, այնուհետ վերածել խյուսի պես միասեռ զանգվածի և խառնել շաքարի փոշու հետ։ Այնուհետև շոգեխաշել ձուն, առանձնացնել դեղնուցը և ստանալ գնդիկներ։ Պատրաստման վերջին փուլում պետք է ոլոռի շերտի վրա դնել դեղնուցը և սննդային թաղանթի կամ շղարշի օգնությամբ գնդաձև տեսք հաղորդել։

Ստացվում է յուրահատուկ տեսքով ճապոնական աղանդեր, որն արժի փորձել առնվազն գաստրոնոմիական հետքրքրասիրությունից դրդված։

2․ Ճագարը շոկոլադե սոուսով (իտալական անվանումը՝ Lepre in dolce e forte)

Իտալական պիցցան և պաստան հայտնի են բոլորիս, սակայն ինչ կասեք այս տիպիկ տոսկանական ուտեստի՝ «Lepre in dolce e forte»-ի մասին, որը պատրաստելիս ճագարի միսը համադրվում է շոկոլադային թանձր սոուսի հետ։

Ուտեստը պատրաստելու համար սկզբում պետք է զինվել համբերությամբ, քանի որ ճագարը նախ 24 ժամ մարինացնում են տարատեսակ համեմունքներով և կանաչիներով (հիմնականում օգտագործվում է սև պղպեղ, ռոզմարին, սխտորի փոշի, դափնու տերև, մաղադանոս, նեխուր), կարմիր գինով, սոխով, ձիթապտղի ձեթով։ 

Մարինացումից հետո միսն անհրաժեշտ է ձիթապտղի ձեթով շոգեխաշել թույլ կրակի վրա, ապա ավելացնել քաղցր սոուսը, որը պատրաստում են շոկոլադից։ Այն հալեցնում են կարագի հետ միասին, ավելացնում թրջած չամիչ, կիտրոնի և նարնջի շատ բարակ կտրատված կեղև, ինչպես նաև սոճու ընկույզ (кедровые орехи), քացախ և մի քիչ շաքարավազ։ 

Շոկոլադի ու մսի համադրությունը կարող է տարօրինակ թվալ, սակայն այս ուտեստը աննկարագրելի համ և բույր ունի, իսկ ամենակարևորը այն շատերիս ծանոթ թվացող իտալական խոհանոցը նորովի բացահայտելու հրաշալի հնարավորություն է։

3. Զաումագըն (Saumagen)՝ խոզի ստամոքս

Լուսանկարի աղբյուրը՝ այստեղ։

Այս գերմանական ուտեստը ստեղծվել է 18-րդ դարում Ռայնլանդ Պֆալցի (երկրամաս Գերմանիայի հարավ-արևմտյան հատվածում) ֆերմերների կողմից։ 

Վերջիններս օգտագործում էին խոզի մնացորդները, որպեսի մսային ուտեստ պատրաստեն նրանց համար, ովքեր չէին կարող միս գնել։

Զաումագընը առաջին հայացքից կարող է սովորական երշիկ հիշեցնել, սակայն մենք այն պատահական չէ, որ ընդգրկել ենք անսովոր ուտեստների ցանկում։ 

Այն պատրաստելու համար օգտագործվում է խոզի ստամոքսը, որի մեջ դնում են կարտոֆիլ, գազար, մանր կտրատված խոզի միս և բազմաթիվ համեմունքներ։ 

Խոզի ստամոքսը ուտեստի հիմնական մսային հատվածն է, որը նշված մթերքներով լցոնելուց հետո եփում են, կտրատում և տապակում։ 

Զաումագընը մատուցում են թթու կաղամբի, կարտոֆիլի և, իհարկե, գարեջրի հետ։

Այն, ի դեպ, Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի (պաշտոնավարել է 1982-1998 թթ․) ամենանախընտրելի ուտեստներից էր։ Կոլը Պֆալցից էր և իր ծննդավայրում մեծ տարածում ունեցող ուտեստը սիրում էր հյուրասիրել այլ երկրների առաջնորդներին։ Այսպես օրինակ, գերմանական Զաումագընը փորձել են Մարգարետ Թետչերը, Միխայիլ Գորբաչյովը, Ռոնալդ Ռեյգանը, Բիլ Քլինթոնը և այլք։

4․ 100 տարեկան ձու

100 տարին բնականաբար չափազանցություն է, սակայն այս ուտեստը ստանալու համար բադի կամ հավի ձուն իսկապես արհեստականորեն հնացնում են մի քանի ամիս: 

Այս դելիկատեսը տարածված է առավելապես Չինաստանում և մատուցվում է թե՛ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես խավարտ։ 

100 տարեկան ձու պատրաստելու համար նախ այն պատում են բրնձի կեղևի (բրնձահատիկի պատյան), կավի, համեմունքների և մոխրի խառնուրդով, ապա հնեցնում:

Այս ձուն հաջող կերպով պատրաստելու համար ամենակարևոր կետերից է թթվածնի մուտքը արգելափակելը, ինչն անելու համար կարելի է սննդի համար նախատեսված տոպրակ օգտագործել։ 

Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց չինացիները համարում են, որ 100 տարվա ձուն լավացնում է ախորժակը, ինչպես նաև արյան բարձր ճնշումն իջեցնելու հատկություն ունի։ 

5․ Տավարի ուղեղով սենդվիչ

Լուսանկարի աղբյուրը՝ այստեղ։

Սենդվիչներն աշխարհում ամենատարածված արագ սննդի տեսակներից են: 

Սովորաբար դրանք պարաստվում են հավի, խոզի կամ տավարի կոտլետով, սակայն աշխարհի ամենատարօրինակ սենդիչներից մեկը պատրաստվում է տավարի (երբեմն նաև խոզի) ուղեղով: Վերջինս կտրատում են, տապակում, ապա օգտագործում սենդվիչի պատրաստման մեջ։

Այս սենդվիչի պատմությունը սկսվում է Հնդկաստանից, իսկ աշխարհում տարածումը կապվում է գաղութատիրական ժամանակների հետ, երբ գերմանացիներն ու հոլանդացիները ժամանեցին այդ հեռավոր երկիր՝ Հնդկաստան:

Տավարի ուղեղով սենդվիչը տարածված է ԱՄՆ-ում։ Սակայն այն պատրաստելու համար թույլատրվում է օգտագործել 30 ամսականից ոչ մեծ տավարի ուղեղը կենդանու մոտ առկա հնարավոր հիվանդություններից խուսափելու համար: 

Ի դեպ, տավարի ուղեղը բավականին նուրբ բաղադրիչ է, որը հեշտ է փչացնել: Հետևապես այն պատրաստող խոհարարը պետք է հմուտ լինի:

Այս սենդվիչը սովորաբար մատուցվում է մանանեխով կամ տոմատի սոուսով, սոխով և թթու վարունգով: 

6․ Պաստա դդակաձկան (каракатица) թանաքով (իտալերեն անվանումը՝ Spaghetti al nero di seppia)

Լուսանկարի աղբյուրը՝ այստեղ։

Պաստայի այս տեսակը առավելապես տարածված է Վենետիկում և կարող է զարմացնել է ոչ միայն տեսքով, այլ նաև համային նրբերանգներով։

Ուտեստի գլխավոր բաղադրիչը դդակաձուկն է, որի թանաքը մարդիկ տարիներ շարունակ օգտագործել են նամակներ գրելու և գեղանկարչության մեջ, իսկ իտալացիները որոշել են օգտագործել այն պաստային մուգ կապույտ, գրեթե սև գույն հաղորդելու համար։ Սակայն սա միակ առանձնահատկությունը չէ, քանի որ ուտեստի մեջ ավելացնում են նաև դդակաձկան կտորներ, որոնք տապակվում են սոխի, սխտորի և տարատեսակ համեմունքների հետ միասին։ 

Այս պաստան, շնորհիվ դդակաձկան, աչքի է ընկնում մեծ օգտակարությամբ, քանի որ այն պարունակում է անփոխարինելի ամինաթթուների մեծագույն մասը, բազմաթիվ վիտամիններ՝ А, D, E, B12, B6, ինչպես նաև հակաբորբոքային ազդեցություն ունի։

7․ Քարե ապուր՝ (իսպաներեն անվանումը՝ caldo de piedra)

Լուսանկարի աղբյուրը՝ այստեղ։

Որքան հետաքրքրական է այս մեքսիկական ապուրի պատմությունը, նույնքան էլ վերջինիս պատրաստման եղանակը։

Ավանդաբար Մեքսիկայի Օախակա շրջանի Սիերա Մադրե լեռնաշղթայից տղամարդիկ կանոեով (կարճ թիակներով թեթև նավակ) ճանապարհորդում էին դեպի հիմնական շուկա։

Վրանային գիշերակացների ժամանակ նրանք պատրաստում էին թեթև ապուրներ։

Նախ գտնում էին մեծ քարեր, ապա դրանց վրա անցքեր էին փորում, ինչ էլ ծառայում էր որպես կաթսա։ Ապուրը պատրաստում էին ձկից, չիլիից, լոլիկից, սոխից և սխտորից։ 

Սակայն ինչպե՞ս էին նրանք ստանում տաք ապուր։ Ահա այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Մեքսիկացիները խարույկ էին վառում, դրա վրա տաքացնում գետի քարերը և վերջիններս դնում ապուրի մեջ։ Ահա այստեղից էլ այս ուտեստի անվանումը “caldo de piedra”, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «քարե արգանակ»։

Այս ուտեստի պատրաստումը սրբազան ավանդույթ էր, որը շատ քիչ փոփոխություններով պահպանվել է մինչ օրս։

Այժմ այն սեղանի վրա է պատրաստվում, սակայն միևնույնն է, ապուրի մեջ դրվում են տաք քարեր։ Ասում են, որ պատրաստման այս եղանակի շնորհիվ Caldo de piedra-ն շատ նուրբ ու թեթև համ է ունենում։ 

Հուսանք, որ մեր ընտրած ուտեստներն իսկապես զարմացրին Ձեզ և ինչու չէ, փորձելու ցանկություն առաջացրին: Դե, իսկ ախորժակ բացել մենք կարողանում ենք ոչ միայն մեր հետաքրքիր հոդվածներով, այլ նաև շատ համեղ ու բազմազան մենյուով։ Ծանոթացե՛ք մեր ողջ մենյուին այստեղ, պատվիրե՛ք ձեր սիրելի ուտեստներն ու խնայե՛ք ձեր ժամանակը։ 

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

7 ուտեստ Տուրուբերանի Հարք գավառի խոհանոցից

Մեծ Հայքի տարածված հին բաղադրատոմսերը բացահայտեք մեզ հետ։