Ի՞նչ միս ենք օգտագործում և որքա՞ն վտանգավոր է ներկրված սառեցված միսը

Միսը սպիտակուցների հարուստ աղբյուր է։ Կարմիր միսն իր հերթին մեր օրգանիզմին ապահովում է երկաթով, ցինկով, B վիտամինով և անհրաժեշտ է առողջ ու բազմատեսակ սնունդ նախընտրողների համար։ 

Բայց միշտ չէ, որ սուպերմարկետներում և նույնիսկ մսի մասնագիտացված խանութներում հնարավոր է գտնել անվտանգ ու առանց հավելումների միս։ Հայաստանը մսի մասով ինքնաբավ չէ, և արտադրում է սպառվող մսի միայն որոշ մասը։ Հայկական սուպերմակետներում գերիշխում են արտասահմանից ներկրված սառեցված մսերը (հիմնականում՝ թռչնամիս), որոնք առանձնանում են տեղականից ցածր արժեքով և նույնքան էլ ցածր որակով։ 

Այս հոդվածում պատասխանելու ենք հետևյալ հարցերին՝ 

  1. արդյոք սառեցված միսն ինքնին վտանգավոր է,
  2. որքան միս է արտադրում, արտահանում, ներկրում Հայաստանը, 
  3. ինչ որակի միս է ներկրվում Հայաստան։

Արդյո՞ք սառեցված միսը վտանգավոր է

Միանգամից փաստենք՝ ոչ։ Միսը սառեցնելը և ավելի ուշ օգտագործելն ինքնին չի ազդում մսի համային, որակական և սննդարար հատկանիշների վրա։ Սակայն անհրաժեշտ է սառեցման գործընթացում հետևել որոշ կանոնների․

  1. Միսը պետք է հայտնվի սառցախցիկում վակուումային փաթեթավորմամբ։ Ասել է թե օդը պետք է դուրս հանել տոպրակի միջից։ Այդպիսով կկանխեք մսի վրա սառցե բեկորների ձևավորումը և կպահպանեք սննդարարությունը։
  2. Սառեցված միսը պետք է շփում չունենա արտաքին օդի հետ։ Ցանկալի է այն ոչ միայն փաթաթել տոպրակով, այլ նաև դնել զիփ փականով տոպրակի կամ պլաստիկի մեջ։
  3. Սառեցված միսը չպետք է ենթարկվի ջերմաստիճանային փոփոխության։ Խորհուրդ է տրվում այն պահել 0-ից մինչև -26 աստիճան սառնության պայմաններում։
  4. Չի կարելի միսը կրկնակի սառեցման ենթարկել։ Մեկ անգամ սառեցնելուց և հալեցնելուց հետո այն պետք է կարճ ժամանակում օգտագործել։
  5. Սառեցված մսի պահպանման ժամկետը մինչև 1 տարի է՝ կախված սառցախցիկի որակից։ Ժամանակի ընթացքում սառեցված միսը կորցնում է իր հանքանյութերն ու վիտամինները, փոխում է տեսքը, համն ու հոտը։

Եթե գնում եք թարմ միս, բայց այն չեք ցանկանում անմիջապես օգտագործել, ապա կարող եք հետևել այս պարզ կանոններին և ապահով ձևով միսը սառեցնել։

Բայց ինչպիսի՞ն է Հայաստան ներմուծվող միսը և արդյո՞ք արտադրողներն ու ներմուծողները նույն հոգատարությամբ ու բարեխղճությամբ են վերաբերում մսի սառեցմանը։

Մինչ ներկրվող մսի որակին անցնելը եկեք ուշադրության դարձնենք դրա ծավալներներին տարբեր կատեգորիաներում։

Ի՞նչ քանակի միս է արտադրվում, արտահանվում և ներկրվում Հայաստան

2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 13.835 տոննա թռչնամիս, 12.303 տոննա խոզի միս և 52.173 տոննա տավարի միս։ 

Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 73.7 տոննա թռչնամիս, 19.9 տոննա խոզի միս և 0.5 տոննա տավարի միս։ 

Ինչպես տեսնում ենք՝ արտադրված մսի միայն շատ չնչին տոկոսն է Հայաստանից արտահանվում` 1%-ից էլ քիչ։

Իսկ ներմուծման պատկերը լրիվ այլ է։ Հայաստանն ամենից շատ ներկրում է թռչնամիս՝ 32.875 տոննա, խոզի միս՝ 8899.4 տոննա, տավարի միս՝ 4869.6 տոննա: 

Այսպիսով, ըստ 2018 թվականի տվյալների, Հայաստանը ներքին շուկայի համար ապահովել է թռչնամսի մոտ 30%-ը, խոզի մսի մոտ 60%-ը և տավարի մսի մոտ 92%-ը: Այս համամասնությունը որոշակիորեն փոխվել է վերջին տարիների ընթացքում, բայց ընդհանուր պատկերը նույնն է։ 

Գծապատկերների աղբյուրը՝ Finmarket 

Հայաստանին չի հաջողվում ընդլայնել մսի արտադրության ծավալները, քանի որ դա պահանջում է մեծ ներդրումներ։ Բացի այդ՝ տեղական միսը չի կարող մրցակցել ներկրվածի հետ։ Վերջինս անհամեմատ ցածր որակ ու ինքնարժեք ունի և սպառվում է հիմնականում ցածր եկամուտ ունեցող խմբերի կողմից։

Այժմ հասկանանք, թե ինչպիսին է Հայաստան ներկվող գլխավոր մսատեսակների՝ թռնաչմսի և խոզի մսի որակը։

Ի՞նչ որակի թռչնամիս է ներկրվում Հայաստան և որտեղի՞ց

Ըստ 2021 թվականի տվյալների՝ Հայաստանում տարեկան արտադրում են մոտ 15000 տոննա թռչնամիս, ներմուծում՝ մոտ 44000 տոննա։ Սա նշանակում է, որ Հայաստանը բավարարում է սեփական կարիքների ընդամենը մոտ 25%-ը։ Թռչնամսի ներկրման գծով Հայաստանի գործընկերներն են Ուկրաինան, Ռուսաստանը, Բրազիլիան, Իրանը։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ Ուկրաինան բացարձակ առաջատարն է և բավարարում է Հայաստան ներմուծվող թռչնամսի 44%-ը։

Ներկրված սառեցված և տեղական թարմ թռչնամսի գնային տարբերությունը հասկանալու համար աչքի ենք անցկացրել երևանյան սուպերմարկետների տեսականին։ Երևան Սիթի սուպերմարկետում տեղական թարմ հավի 1 կիլոգրամն արժե 1440 դրամ, Նոր Զովք սուպերմարկետում՝ 1490 դրամ։

Բրազիլական «Քուալիկո» արտադրողի դեպքում այդ արժեքն իջնում է 1270 դրամի։

Իսկ, օրինակ, իրանական «Նուր» ֆիրմայի դեպքում արժեքը կազմում է 1300 դրամ։

Տեղական թարմ և ներկրված սառեցված թռչնամսի միջև գնային տարբերությունը հասնում է 15%-ի, ինչը շատ գնորդների համար բավականին գրավիչ է։

Հետք ինտերնետային թերթը 2017 թվականին փորձաքննության էր ենթարկել ուկրաինական, ռուսական և բրազիլական արտադրության սառեցված թռչնամսի 9 արտադրատեսակ և պարզել, որ միայն 4-ն են համապատասխանում սննդի անվտանգության կանոններին։

Մասնավորապես պարզ էր դարձել, որ ներկրված սառեցված թռչնամսերը պարունանում են լևոմիցետին և տետրացիկլինի խմբի հակաբիոտիկներ։ 

Հակաբիոտիկները դեղամիջոցներ են, որոնք կարելի է ընդունել միայն մանրէային վարակների ժամանակ և բժշկի նշանակմամբ։ Երբ մենք առօրյա սննդի հետ ընդունում ենք հակաբիոտիկներ, սկսում ենք ձևավորել դիմադրողականություն։ Իսկ երբ հիվանդության ժամանակ իսկապես ունենում ենք դրանց կարիքը, մեր օրգանիզմն ընտելացած է լինում և ազդեցության չի ենթարկվում։ 

Բացի այդ՝ թռչնամսերում հայտնաբերել էին սալմոնեա խմբի մանրէներ, իսկ ՄԱՖԱՄ-ի քանակը գերազանցել էր թույլատրելի սահմանը։ 

ՄԱՖԱՄ ցուցանիշը ցույց է տալիս, թե արդյոք սննդի մեջ պարունակվող մանրէները չեն գերազանցում թույլատրելի քանակը։ Այն օգնում է պարզել, թե որքանով է սնունդը թարմ ու անվտանգ, արդյոք այն ենթարկվել է ջերմային լիարժեք մշակման, արդյոք պահպանվել են արտադրության և պահպանման պայմանները։ 

Սա ուկրաինական սառեցված թռչնամիսը փորձաքննության ենթարկելու միակ դեպքը չէ։ 2020 թվականին Թռչնաբույծների միությունը լաբորատոր հետազոտության էր ենթարկել Ուկրաինայից ներմուծված թռչնամսի խմբաքանակներ։ Արդյունքում պարզվել էր, որ թռչնի մսում պարունակվող ջրի քանակը թույլատրելի 4%-ից ավելի է, իսկ մանրէների քանակն անցել է թույլատրելի սահմանը։

Փորձաքննություններն այսքանով էլ չեն սահմանափակվում։ 2021 թվականին Ուկրաինայից ներկրված թռչնամիսը փորձաքննության էին ենթարկել նաև սահմանային պետական վերահսկողության մարմինները և հայտնաբերել ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, լիստերիա, ախտածին մանրէներ։ 

Մանրէները կարող են սննդային թունավորումների պատճառ դառնալ ու հանգեցնել այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են փորլուծությունը, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունները, տենդը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը։ Ռիսկային խմբում են հատկապես ծերերը, երեխաները, ցածր իմունիտետով մարդիկ։ 

Ի՞նչ որակի խոզի միս է ներկրվում Հայաստան և որտեղի՞ց

Խոզի մսի մասով Հայաստանը նույնպես ինքնաբավ չէ և ներկրում է 60%-ից ավելին՝ համագործակցելով Բրազիլիայի, Կանադայի, Եվրոպայի երկրների հետ։ Բրազիլիան ապահովում է ներկրվող խոզի մսի մեծագույն մասը՝ 68%-ը և համարվում է ամենաէժան արժեքով մատակարարներից մեկը։ Բանն այն է, որ ներմուծողների համար գրավիչ է Հայաստանում իրացնել էժան խոզի միս՝ չնայած, որ այն պահեստավորվել է տարիներ շարունակ և վաղուց արդեն ժամկետանց է։

Բրազիլիայից խոզի միսը ներկրվում է սառեցված վիճակում և հիմնականում օգտագործվում է մսամթերք՝ երշիկեղեն, խոզապուխտ պատրաստելու համար։ Իսկ արդյո՞ք այն վաճառվում է հալեցված, թարմ խոզի մսի անվան տակ, կարելի է իմանալ միայն տվյալ սուպերմարկետի կամ խանութի ազնիվ վաճառողներից։

Հայաստան ներմուծվող խոզի միսը ոչ միշտ է պատճաշ ձևով փորձաքննության ենթարկվում։ Շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ բրազիլական խոզի միսը պարունակում է ԳՄՕ, հորմոններ ու հակաբիոտիկների մնացորդներ։ Այս հավելումներն օգտագործում են կեր խնայելու, խոզի քաշն ավելացնելու և շուկայական տեսքը պահպանելու համար։ Մսամթերքի գործարանները գնում են այդ միսը և վերածում երշիկների, նրբերշիկների, սառեցված կիսաֆաբրիկատների:

Այստեղ ևս մեկ անգամ հաստատվում է ժողովրդի մեջ արմատացող համոզմունքը, որ խանութների առաջարկած երշիկեղենն ու սառեցված կիսաֆաբրիկատները դասվում են ամենաանորակ սննդի շարքին և պետք է ամեն կերպ խուսափել դրանք գնելուց։

Սակայն խնդիրը միայն խանութներով և գործարաններով էլ չի սահմանափակվում։ Եթե խանութում գոնե ունենք տեղական թարմ արտադրանքն ընտրելու հնարավորություն, ապա հանրային սննդի վայրերում այդ հնարավորությունը չկա։ 

Չափազանց դժվար կամ անհնար է պարզել, թե ինչ միս են օգտագործում զանազան բուրգերներ ու շաուրմաներ պատրաստելիս։ Իսկ հիմնականում օգտագործում են հենց ներկրված սառեցված միս, որպեսզի պահպանեն ապրանքի ցածր ինքնարժեքը։ 

Ամփոփիչ մտքեր

Ինչպես տեսաք՝ հատկապես թռչնամսի մասով Հայաստանը մեծապես կախված է արտերկրից։ Իսկ ներմուծող ընկերությունները հիմնականում նախապատվություն են տալիս էժան ուկրաինական մսին՝ հաշվի չառնելով անվտանգության կանոնները։ Իսկ պետական մարմինների ոչ լիարժեք հսկողության ու անբարեխիղճ վաճառողների պատճառով այս անորակ միսը հասնում է վաճառակետեր ու մսամթերքի գործարաններ։

Խուսափե՛ք ներկրված սառեցված միս գնելուց և մի՛ առաջնորդվեք միայն գնի մատչելիությամբ։ Անորակ մսից պատրաստված սնունդ ուտելը կարող է հանգեցնել սննդային թունավորումների և ստամոքսաղիքային ավելի ծանր հիվանդությունների։ 

Նախապատվություն տվեք տեղական թարմ մսին, որից օգտվում են նաև Foody-ի խոհարարները։ Մենք պատրաստում ու առաքում ենք սնունդ բացառապես տեղական հումքից և առաջարկում մսային հիմքով ամենատարբեր ուտեստներ՝ ղավուրմայից մինչև հավի ռուլետ ու տավարի քաբաբ, հորթի լեզվից մինչև բուժենինա ու խոզի խորոված։ Թռչնամիսը մենք գնում ենք անմիջապես Սպիտակի թռչնաբուծարանից, իսկ խոզի միսը մեր խոհանոց է հասնում Վանաձորից և Դիլիջանից։

Վստահե՛ք ձեր սննդի ընտրությունը պրոֆեսինալ, հոգատար խոհարարներին ու վայելեք թարմ, առողջ ու բազմազան սնունդ ամեն օր։

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Հայկական 16 ուտելի կանաչիներից քանի՞սն եք դուք փորձել

Այս հոդվածում պատմելու ենք Հայաստանում աճող 10-ից ավելի կանաչիների մասին, խոսելու ենք դրանց տարածվածության, օգտակար հատկությունների մասին և իհարկե կիսվելու ենք բաղադրատոմսերով։