9 բաղադրատոմս լավագույն զովացուցիչ ըմպելիքները պատրաստելու համար

Ինչո՞վ հագեցնել ծարավը ամռան տապին։ 

Շատ մարդիկ նախընտրում են դա անել գազավորված որևէ ըմպելիքի միջոցով, որը թվում է՝ համեղ է, հասանելի ու հագեցնող։ Բայց արի ու տես, որ դրանք ոչ թե հագեցնում, այլ ավելի են գրգռում ծարավը և միաժամանակ մեծ վնաս են հասցնում մեր օրգանիզմին։ 

Գազավորված ըմպելիքների մեջ առկա է չափազանց մեծ քանակի շաքարավազ, որը կարող է հանգեցնել քաշի ավելացման, դիաբետի և սրտային հիվանդությունների։

Մենք առաջարկում ենք խանութից գնված ըմպելիքները փոխարինել տանը թարմ բաղադիչներով պատրաստված հյութերով, որոնք օգտակար են ու առանց հավելումների։ 

Մեր նշած որոշ տարբերակներ նույնպես պարունակում են շաքարավազ, բայց դուք կարող եք կառավարել քանակը, իսկ եթե հրաժարվել եք շաքարավազից, ապա այն կարող եք փոխարինել մեղրով կամ այլ քաղցրացուցիչով։

  1. Ձմերուկի հյութ

Ձմերուկը 90%-ից ավելի չափով բաղկացած է ջրից, ինչն օգնում է շոգ եղանակին համալրել օրգանիզմում ջրի պաշարները։ Պարունակում է նաև հանքանյութեր, կալիում, մագնեզիում, վիտամիններ A, C: 

Ձմերուկից առանձնացրեք կորիզները։ Տեղափոխեք բլենդերի մեջ, ավելացրեք մի փոքր կիտրոնի հյութ և շաքարավազ կամ մեղր ըստ ճաշակի։ Բլենդերով հարելուց հետո զանգվածն անցկացրեք ցանցի միջով, որպեսզի ազատվեք ավելորդ թանձրությունից։ 

Մատուցեք սառույցքի կտորներով։ Ցանկության դեպքում բաժակը կարող եք զարդարել անանուխի տերևով կամ ձմերուկի փոքր կտորով։ 

  1. Ցիտրուսային հյութ

Ո՞վ չի սիրում ցիտրուսային հյութ, այն էլ՝ տնային պայմաններում պատրաստված, առանց հավելումների, թարմ ու հագեցնող։ 

Վերցրեք երկու ջրալի նարինջ և երկու կիտրոն: Հյութը քամեք և հեղուկը տեղափոխեք սառնարան։ Մոտ 1,5 լիտր ջուրը լցրեք կաթսայի մեջ և եռալուն պես ավելացրեք նարնջի ու կիտրոնի կեղևները, ինչպես նաև անանուխի տերևներ, շաքարավազ կամ այլ քաղցրացուցիչ ըստ ճաշակի։ Եռացրեք մոտ 10 րոպե, անջատեք և թողեք, որպեսզի թրմվի։

Սառելուց հետո կեղևները և անանուխի տերևները հեռացնում ենք և այս զանգվածը նույնպես տեղափոխում ենք սառնարան։ Այնուհետև թարմ քամած հյութը ավելացնում ենք եռացրած-սառած հյութի վրա, ավելացնում սառույցի կտորներ և անանուխի թարմ տերևներ ու վայելում։

Միայն պետք է հիշել, որ թե՛ նարինջը, թե՛ կիտրոնն ունեն բարձր թթվայնություն։ Հյութը խորհուրդ չի տրվում խմել սոված ստամոքսին կամ էլ օրվա ընթացքում մեծ քանակությամբ, քանի որ թթվայնությունն ազդում է մարսողության, տրամադրության, ատամների առողջության վրա։

  1. Հատապտղային հյութ

Հատապտղային հյութեր միանշանակ պատրաստել են ձեր մայրիկներն ու տատիկները՝ օգտագործելով թարմ հոն, ազնվամորի, հաղարջ, բալ։ Թեև ավագ սերնդի մոտ սովորություն է եղել հյութերը ապակե տարաների մեջ լցնելը և ձմռան համար «զակատ անելը», ամռանը կարելի է այս նույն բաղադրիչներով պատրաստել թարմ ու վիտամիններով հարուստ հյութ և սառելուն պես վայելել՝ չսպասելով ձմռանը։

Պարզապես անհրաժեշտ է ընտրել նախընտրելի հատապտուղը կամ հատապտղային միքսը, եռացնել ջրի մեջ մի քանի րոպե՝ ավելացնելով քաղցրացուցիչ ըստ ճաշակի։ Թրմելուց և սառելուց հետո լցրեք շշերի մեջ և պահեք սառնարանում։ 

  1. Չիչխանի հյութ

Չիչխանի պտուղները պարունակում են կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, վիտամիններ B1, B2, B6, C, E: Այս նարնջագույն հատիկներից ստացվում է շատ համեղ հյութ, որի հիմքում չիչխանի թանձրուկն է։ 

Թանձրուկը պատաստելու համար անհրաժեշտ է չիչխանի պտուղներն անցկացնել հյութաքամիչով։ Հեղուկ մասին անհրաժեշտ է ավելացնել ստացված զանգվածի կրկնակի չափով շաքարավազ։ Օրինակ՝ եթե ստացվել է 500 մլ հյութ, ավելացնում ենք 1 կգ շաքարավազ։ Անհրաժեշտ է զանգվածը թողնել տաք վայրում և հաճախակի խառնել, որպեսզի շաքարավազն ամբողջությամբ լուծվի։ 

Չիչխանի թանձրուկ պատրաստելը մի փոքր ժամանակատար է, բայց դուք կարող եք ոչ միայն ինքներդ պատրաստել, այն նաև գնել շուկայից։ Այն անհրաժեշտ է պահպանել սառնարանում։ Երբ ցանկանաք թարմացնող, համեղ ու օգտակար հյութ խմել, ձեզ միայն կմնա թանձրուկից վերցնել 1-2 ճաշի գդալ, լուծել 1 բաժակ սառը ջրի մեջ և հագեցնել ձեր ծարավը։

  1. Ռեհանի հյութ

Բոլոր կանաչիներն օժտված են օգտակար ու բուժիչ հատկություններով, և ռեհանը բացառություն չէ։ Այն լավացնում է նյութափոխանակությունը, պայքարում սրտխառնոցի դեմ ու բարելավում ախորժակը, ամրացնում է նյարդային համակարգը, ունի հակաօքսիդիչ հատկություն և մաքրում է օրգանիզմը։ Բացի այդ՝ օգնում է հազի, փորկապության, ցավերի դեպքում։ 

Եթե աղցանների մեջ կամ հաց ու պանրի հետ ռեհան չեք օգտագործում, առաջարկում ենք օգտակար հատկությունները քաղել հյութի տեսքով։

Անհրաժեշտ է 100 գրամ ռեհանը լվանալ և առանձնացնել տերևն ու ցողունը։ Մեկ կիտրոնը կիսում ենք և հյութը քամում՝ նախապես առանձնացնելով կեղևը։ Տարայի մեջ ավելացնում ենք ռեհանը, 250-300 գրամ շաքարավազ, կիտրոնի կեղևն ու հյութը և 2,5 լիտր ջուր։ Թողնում ենք, որ թրմվի։ Այնուհետև հեղուկ զանգվածը քամում ենք, լցնում բաժակների մեջ և մատուցում սառույցի կտորներով։

  1. Լոլիկի հյութ

Լոլիկը կալիումի, վիտամիններ C, B-ի աղբուր է։ Այն առաջատար դիրքեր է գրավում ամառային մթերքների շարքում և զարդարում է բոլորիս ճաշի սեղանները։ Թարմ վիճակում ուտելուց բացի՝ լոլիկը կարելի է վերածել հյութի, հագենալ և ստանալ վիտամինների ու հանքանյութերի մեծ պաշար։ 

Անհրաժեշտ է ընտրել ամենաքաղցր՝ դաշտի լոլիկները, որոնք հասցրել են արևի տակ քաղցրանալ և համեղանալ։ Նախապես հեռացնում ենք պոչերը, այնուհետև թողնում եռացրած ջրի մեջ, որպեսզի կեղևները հեշտությամբ դուրս գան։ Հարում ենք բլենդերով և զանգվածը քամում, որպեսզի ազատվենք ավելորդ թանձրությունից։ 

Քամած հյութը լցնում ենք կաթսայի մեջ և եփում 10-15 րոպե, որից հետո ավելացնում ենք համեմունքները՝ աղ և շաքարավազ։ Քանակը կախված է լոլիկի քաղցրությունից ու համից, ինչպես նաև ձեր նախասիրությունից։ Բայց մոտավոր հաշվարկով 1 կգ լոլիկին կարող եք ավելացնել 1 ճաշի գդալ աղ և 0,5 թեյի գդալ շաքարավազ։ Համեմունքներն ավելացնելուց հետո եփում ենք ևս մոտ 5 րոպե:

Վայելում ենք սառը վիճակում՝ խմելով տաք ուտեստների՝ փլավների, մսեղենի, բանջարեղենի հետ։

  1. Սպանախի ֆրեշ

Սպանախով ֆրեշը կարող եք պատրաստել ինչպես միայն այդ բաղադրիչով, այնպես էլ այլ մրգի հետ համադրությամբ։

Անհրաժեշտ է կես կապ սպանախը լավ լվանալ, կիսել և հարել բլենդերով։ Ցանկության դեպքում հարել, օրինակ, մեկ բանանի կամ կիվիի հետ։ Ստացվում է թթվաշ ֆրեշ, որն անչափ օգտակար է և պահպանում է բաղադրիչների օգտակար հատկությունների ողջ պաշարը։ 

  1. Ելակով ու բանանով ֆրեշ

Մեր ցանկում չէինք կարող չընդգրկել ամառային թերևս ամենասիրված ու տարածված ելակով, բանանով ֆրեշը։ Այն չափազանց հեշտ է պատրաստել տնային պայմաններում։ 

1 բաժակ (200-250 մլ) կաթը կամ ջուրն անհրաժեշտ է բլենդերով հարել 1 բանանի և 2 բռաչափ ելակի հետ։ Այս տարբերակով ստացվում է թանձր զանգված, որն էլ հենց բնորոշ է ֆրեշին։ Եթե ցանկանում եք, որ ավելի թույլ զանգված ստացվի, պետք է ավելացնել կաթի կամ ջրի չափաբաժինը։ Ցանկության դեպքում կարող եք ելակի փոխարեն օգտագործել ազնվամորի, մոշ և այլն։

  1. Կաթնային կոկտեյլ (միլքշեյք)

Միլքշեյքի հիմնական բաղադրիչն, իհարկե, կաթն է ու նաև պաղպաղակը, իսկ մյուս բաղադրիչները կարող են փոփոխվել ըստ պատրաստողի նախընտրության։ Կարելի է պատրաստել մրգային, շոկոլադե, ալկոհոլային և այլ տեսակի կաթնային կոկտեյլներ։ 

Մեր բաղադրատոմսը մրգային է, որի համար անհրաժեշտ է 300 գրամ ելակ, 400 մլ սառը կաթ և 100 մլ վանիլային պաղպաղակ։ Այս ամենն անհրաժեշտ է հարել բլենդերով և մատուցել սառը վիճակում։ Շատ համեղ է ստացվում նաև բանանի, պաղպաղակի և նուտելայի համադրությունը։ 

Այս հոդվածում մենք կիսվեցինք հիմնականում մրգային, բանջարեղենային, հատապտղային օգտակար, վիտամիններով հարուստ զովացուցիչ ըմպելիքների բաղադրատոմսերով։ 

Եթե ձեզ հետաքրքրում են նաև սրճային սառը ըմպելիքները, առաջարկում ենք կարդալ մեր մյուսը հոդվածը․ Որո՞նք են սուրճի տեսակները և ինչո՞վ են տարբերվում իրարից 

Իսկ ամառը լիարժեք վայելելու և խոհանոցում ժամանակ խնայելու համար առաջարկում ենք պատվիրել առաքում Foody-ի հարուստ ճաշացանկից։ Մեր ուտեստները նախատեսված են թե՛ բուսակերների, թե՛ մսակերների համար, պատրաստվում են թարմ տեղական մթերքից և դուր կգան նույնիսկ ամենաբծախնդիր գուրմաններին։ Մեր մենյուին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով