15 աշխատող հնարք դժվարանցանելի հետքերի և տհաճ հոտերի դեմ

Արդյո՞ք տան ու հագուստի մաքրությունն ապահովելու համար անհրաժեշտ են զանազան ու թանկարժեք լվացող միջոցներ։ 

Իրականում բնությունն արդեն մեզ տվել է տարբեր մթերքներ, որոնք կարող ենք օգտագործել ոչ միայն սնունդ պատրաստելիս, այլ նաև մաքրություն անելիս։ Հիանալի օրինակներ են կերակրի սոդան, սպիտակ քացախը, կիտրոնը, սակայն մթերքների ցանկն այսքանով չի սահմանափակվում։ Բացի այդ՝ օգնության են գալիս նաև կենցաղային սովորական միջոցները՝ հեղուկ օճառ, ատամի մածուկ և այլն։ 

Այս հոդվածում կիմանաք, թե ինչպես պայքարել դժվարանցանելի հետքերի ու տհաճ հոտերի դեմ բնական, մատչելի միջոցներով և թարմություն ու փայլ հաղորդել տան իրերին։

Յուղի հետքեր կտորի վրա

Եթե հագուստի կամ բազմոցի վրա հայտնվել են յուղի հետքեր, ապա անմիջապես ցանեք մանկական ցանափոշի (присыпка) և թողեք մոտ 30 րոպե, որպեսզի յուղը ներծծվի։ Ցանափոշին կտորի վրայից հեռացրեք խոզանակի օգնությամբ։

Լվացքի մեքենայի տհաճ հոտ 

Լվացքի մեքենայի թմբուկը կարող է տհաճ հոտ արձակել բորբոսասնկերի, մանրէների, խոնավության պատճառներով։ Թմբուկի մեջ ավելացրեք մեկ բաժակ կերակրի սոդա և միացրեք լվանալու ամենաերկար ծրագիրն ամենատաք ջրով (95°C կամ 100°C)։ Բնականաբար այդ ընթացքում թմբուկի մեջ իրեր չպետք է լինեն։ Եթե լվացքի մեքենան ունի ինքնալվացվելու ծրագիր, ապա միացրեք հենց այդ ծրագիրը։ Ավարտից հետո պատերը սրբեք միկրոֆիբրայից խոնավ շորով։

Ծորակի վրայի սպիտակ հետք

Ծորակի վրայի սպիտակ նստվածքները մաքրելու համար անհրաժեշտ է օգտագործել սպիտակ քացախի և ջրի համադրությունը՝ օգտագործելով հավասար չափաբաժիններ։ Պարզապես անհրաժեշտ է խառնուրդը ցանել կամ լցնել նստվածի վրա և թողնել 10-15 րոպե։ Այնուհետև լվացեք մաքուր ջրով և սպունգով։ Ավելի հին և դժվարանցանելի հետքերի համար խառնեք մեծ չափով կերակրի սոդան, փոքր չափով քացախն ու ջուրը, որպեսզի ստացվի մածուկ և ոչ թե լուծույթ, և տարածեք սպիտակ նստվածքների վրա խոզանակի կամ սպունգի միջոցով։

Սառնարանի տհաճ հոտ

Սուրճի հատիկները հաճելի ու թարմացնող բույր ունեն և օժտված են նաև հոտերը կլանելու հատկությամբ։ Սառնարանում տհաճ հոտ կարող է առաջանալ ժամկետանց կամ բաց տարայով սնունդ պահելու պատճառով։ Հոտից ազատվելու համար սուրճի չոր հատիկները բաց տարայով տեղադրեք սառնարանի մեջ և պահեք մի քանի օր։ Եթե ցանկանում եք պարբերաբար հոտազերծել սառնարանը, ապա բաց տարայով սոդա տեղադրեք սառնարանի դարակներից մեկում և պարունակությունը թարմացրեք ամիսը մեկ անգամ։

Կարմիր գինու հետք

Այնքան էլ հաճելի չէ, երբ որևէ հավաքույթի ժամանակ ձեր հագուստի կամ սփռոցի վրա հայտնվում են կարմիր գինու հետքեր։ Հետքի վրա անհրաժեշտ է անմիջապես աղ ցանել և թողնել երկու-երեք րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով։

Աղբամանի տհաճ հոտ

Եթե օճառաջրով լվանալուց հետո պլաստմասսե աղբամանի տհաճ հոտը չի անցնում, ապա անհրաժեշտ է դիմել կերակրի սոդայի կամ սուրճի հատիկների օգնությանը։ Աղբամանի հատակին ցանեք կերակրի սոդա կամ տեղադրեք սուրճի հատիկներ, որից հետո փակցրեք աղբի տոպրակը։ Այս մթերքները կլանում են տհաճ հոտերը։ Եթե աղբամանը մետաղական է, ապա խորհուրդ չի տրվում սոդա օգտագործել։

Գազօջախի վրայի նստվածքներ

Գազօջախի վրա յուղի մնացորդները մաքրելու հարցում կերակրի սոդան և կիտրոնը ձեր անփոխարինելի օգնականներն են։ Հետքերի վրա լցրեք կերակրի սոդան, կիսեք կիտրոնը և կես կիտրոնով ու կերակրի սոդայով տրորեք յուղոտ հատվածները։ Տրորեք այնքան, մինչև ազատվեք յուղի շերտերից, այնուհետև մաքրեք գազօջախը խոնավ շորով։

Ժանգ 

Ժանգը կուտակվում է երկաթի, երկաթի համաձուլվածքների, պողպատի վրա։ Առօրյայում այն հանդիպում է այգեգործական կամ կենցաղային գործիքներ վրա։ Կիտրոնի հյութի, քացախի և մի փոքր աղի խառնուրդ օգտագործելը հեշտ ու արդյունավետ տարբերակ է ժանգից ազատվելու համար։ Անհրաժեշտ է խառնուրդը տարածել նստվածքի վրա, թողնել մի քանի ժամ, հետո լվանալ։ 

Կարելի է օգտագործել նաև հետևյալ տարբերակը։ Անհրաժեշտ է մածուկ պատրաստել սոդայի և ջրի կամ քացախի խառնուրդից, տարածել նստվածքների վրա և թողնել մոտ մեկ ժամ։ Մաքրել խոզանակով։

Սևացած սպորտային սպիտակ կոշիկներ

Ատամի մածուկը հիանալի միջոց է սպորտային սպիտակ կոշիկները մաքրելու համար։ Պարզապես անհրաժեշտ է այն տարածել սևացած հատվածների վրա և թողնել մի քանի րոպե։ Այնուհետև մաքուր խոզանակով և ջրով լվանալ կոշիկները։ 

Խոհանոցի սրբիչներ

Երբեմն պատահում է, որ նույնիսկ լվացքի մեքենայով լվանալուց հետո խոհանոցի սրբիչները ոչ թարմ բույր են ունենում։ Մանրէազերծելու և սննդի մնացորդներն ամբողջությամբ հեռացնելու համար անհրաժեշտ է կաթսայով լի ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի, սրբիչները ցգել կաթսայի մեջ և եռացնել մոտ 15 րոպե։ Հոտազերծելու համար անհրաժեշտ է ավելացնել մեկ-երկու ճաշի գդալ կերակրի սոդա։

Խոհանոցի պահարաններ ու դարակներ

Եթե ամեն օր տանը տարատեսակ սնունդ եք պատրաստում, ապա կհամաձայնեք, որ խոհանոցի պահարանների ու դարակների վրա մշտապես նստվածք է առաջանում՝ յուղ, սոուսներ, մրգի ու բանջարեղենի հյութ։ Մաքրելու համար մեկ բաժակ սպիտակ քացախը լուծեք երկու բաժակ տաք ջրում։ Մաքուր կտորը թրջեք խառնուրդի մեջ, քամեք ավելորդ ջուրը և սրբեք խնդրահարույց մակերեսները։ Պարզաջրեք և չորացրեք փափուկ կտորով։ Եթե նստվածքը շատ հին է և չի մաքրվում, փորձեք տրորել հենց սպիտակ քացախով՝ առանց ջրի մեջ լուծելու։

Խոհանոցային տախտակ

Հավանաբար արդեն գիտեք, որ խոհանոցում անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու տախտակ։ Մեկը՝ հում մսի և ծովամթերքի, մյուսը՝ հացի, պանրի և այլ պատրաստի մթերքի համար։ Անկախ այս փաստից՝ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հոտազերծել ու մանրէազերծել տախտակները։ Հոտազերծելու համար տախտակի վրա ցանեք աղ և կիսած կիտրոնով շփեք մակերեսեը։ Մանրէազերծելու համար անհրաժեշտ է մաքուր շորը թաթախել սպիտակ քացախի կամ 3%-անոց ջրածնի պերօքսիդի մեջ, շփել տախտակը և թողնել մի քանի րոպե։ Գործողությունները կատարելուց հետո տախտակը լվացեք տաք ջրով։

Արյան հետք

Հետքի վրա լցրեք մի փոքր ջրածնի պերօքսիդ և սառը ջրով շփեք։ Եթե հետքը հին է, ապա կարիք կլինի գործընթացը կրկնել։ Երբ հետքը վերանա, լվացեք ձեռքով կամ լվացքի մեքենայով։ Արյան հետքը կարելի է վերացնել նաև քացախի միջոցով։ Սպիտակ քացախը լցրեք հետքի վրա, և հագուստը մի կողմ դրեք 10-15 րոպեով։ Վերջնական մաքրություն ապահովելու համար լվացեք ձեռքով կամ լվացքի մեքենայով։

Դիմահարդարման պարագաներ

Դիմահարդարման սպունգը, ստվերաներկի և կարմրաներկի վրձինները պետք է պարբերաբար լվանալ։ Լվանալու բազմաթիվ տարբերակներ կան, բայց կարող եք օգտագործել ձիթապտղի ձեթի և հեղուկ օճառի կամ սպիտակ քացախի, տաք ջրի և հեղուկ օճառի խառնուրդները։ Պարագաներն անհրաժեշտ է ընկղմել լուծույթի մեջ և սեղմելով այս ու այն կողմ տարածել, մինչև տոնային կրեմի, քողարկող միջոցի, ստվերաներկի նստվածքները սկսեն թափվել պարագաների վրայից։ Պարզաջրեք հոսող տաք ջրի տակ այնքան, մինչև վրձինները և սպունգը վերականգնեն նախկին գույնն ու մարքությունը։

Գունաթափված սպասք

Բավական է մի քանի անգամ սպիտակ բաժակով խմել թեյ կամ սուրճ, և պատերին արդեն սկսում ենք նկատել դարչնավուն նստվածք, որը սովորական ամանի հեղուկով չի մաքրվում։ Անհրաժեշտ է բաժակի մեջ ավելացնել մի փոքր կերակրի սոդա և շփել բաժակի պատերն ու հատակը սպունգով։ Նույն գործողությունը կարելի է կատարել նաև այն ժամանակ, եթե սպիտակ ամանների վրա սննդից առաջացել են սև կամ դեղնավուն հետքեր։ 

Այսքանն էին մեր խորհուրդները ձեր շուրջը կատարյալ մաքրություն հաստատելու համար։ Եթե ձեզ դուր եկան մաքրության վերաբերյալ մեր խորհուրդները և կցանկանաք իմանալ ավելի շատ խոհանոցային խորամանկություններ, ապա կարդացեք նաև մեր մյուս հոդվածը՝ 10 խոհանոցային խորամանկություններ։

Դե, իսկ վերջում կարող ենք խորհուրդ տալ միայն պատվիրել ինչ-որ համով բան ձեր և ձեր ընտանիքի համար Foody-ից, հավաքել ուժերն ու անցնել ամառային մաքրության։ Foody-ի անսահման համեղ մենյուին ծանոթացեք սեղմելով այստեղ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով