Ինչպե՞ս կազմակերպել երեխայի ամառային արձակուրդը

Ամառային արձակուրդը շատ սպասված է երեխաների համար․ դպրոցական պայուսակը, իրերը, հագուստը հայտնվում են պահարանի հետնամասում, և ժամանակն է խաղալու, հանգստանալու, զվարճանալու։

Բայց ոչ բոլորն ծնողներն են, որ այդպես են պատկերացնում իրենց երեխաների ամառը։ Շատերն այն կարծիքին են, որ ամառը պետք է օգտագործել սովորածն ամրապնդելու և գիտելիքներով հասակակիցներից մեկ քայլ առաջ ընկնելու համար։ Ծնողներն այսպիսով երեխաներին ուղղորդում են դեպի մեկ դպրոցական կիսամյակ, որից երեխաները հազիվ թե հաճույք ստանան։ 

Ծնողների մեկ այլ խումբ էլ աչքաթող է անում ամռան ընթացքում երեխաների զարգացման գործընթացը՝ թույլ տալով ողջ օրն անցկացնել համակարգչի առջև կամ բակում։

Ո՞ր մոտեցումն է խելամիտ․ երեխաներին ստիպել նստել դասի սեղանի շուրջ և մնալ ուսումնական տեմպի մե՞ջ, թե՞ տալ 100%-անոց ազատություն։

Ըստ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի՝ երեխաներն իրենց լավագույն ձևով են դրսևորում այն ժամանակ, երբ նրանց առօրյան կանոնավոր է և կանխատեսելի։ Ծնողների խնդիրն է գտնել հավասարակշռություն ամռան ազատությունը վայելելու և կազմակերպված առօրյա ունենալու միջև։ Ահա 7 խորհուրդ ազատություն-ուսում բալանսը գտնելու, և թե՛ ձեր, թե՛ երեխայի համար դրական, արդյունավետ ամառ ապահովելու համար։

7 խորհուրդ երեխաների ամառը կազմակերպելու համար

#1 Առաջնորդվեք երեխայի ունակություններով

Երեխաների ուղեղը պետք է մարզվի արձակուրդների ընթացքում, այլապես սեպտեմբերին նրանք չեն ունենա նույն մարզավիճակը, ինչ ուսումնական տարվա վերջին էր։ Հաճախակի, բայց կարճատև աշխատանքներն օգնում են պահպանել գիտելիքներն ու պատրաստվել նոր ուսումնական տարվան։ 

Որքան ժամանակ երեխան պետք է տրամադրի սովորելուն և ազատ ժամանակին՝ կանխված է նրա ունակություններից։ 

Եթե երեխան անցնող տարվա ընթացքում ունեցել է բացթողումներ և թերացել այս կամ առարկայից, ապա նա պետք է օրական առնվազն 2 ժամ տրամադրի սովորելուն (աղբյուրը՝ CRISS կրթական նորարարության նախագիծ)։ Պարապմունքները կարելի է սկսել կեսօրին, որպեսզի երեխաները ստիպված չլինեն շուտ արթնանալ։ Եթե երեխան հետևում է պլանին և գրանցում առաջընթաց, ապա նրան անպայման պետք է պարգևատրել՝ թույլ տալ խաղալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ և այլն։

Եթե երեխան հաջողությամբ է ավարտել անցնող տարին, ապա նա ավելի շատ ազատ ժամանակ պետք է ունենա սիրելի զբաղմունքների համար։ Այս խմբի երեխաները նույնպես պետք է շարունակեն սովորել ամառվա ընթացքում, սակայն ավելի ոչ խիստ գրաֆիկով։ Օրինակ՝ պետք է երեխաների մոտ սերմանել կարդալու ցանկությունը և հնարավորություն տալ կարդալ այն գրականությունը, որն իրենց դուր է գալիս։

#2 Կազմեք պլան, բայց մի մոռացեք ճկունության մասին

Առօրյան կազմակերպելն օգնում է ավելի շատ գործ ավարտին հասցնել և ավելի արդյունավետ լինել, բայց պետք չէ պլանավորել երեխայի ամեն րոպեն։ Գրեք կարևոր առաջադրանքների մասին, որոնք պետք է կատարվեն, իսկ մնացած ժամանակը տնօրինելու համար հաշվի առեք երեխաների կարծիքը։ Կարևոր զբաղմունքները և ժամերը գրելու համար կարող եք օգտագործել պատի օրացույցներ կամ պլաներներ։ Ամեն անգամ, երբ երեխան կատարում է այս կամ այն առաջադրանքը, նշում կատարեք պաստառի վրա՝ գովելով նրա աշխատանքն ու ջանքները։ 

#3 Կատարելագործեք ունակություններն առօրյա զբաղմունքների ժամանակ

Պետք է ընդունել, որ երեխաները սովորում են ոչ միայն դասասենյակում և դասերի ժամանակ, այլ նաև խաղերի միջոցով, բնությունն ուսումնասիրելով և ճանաչելով, առօրյա զբաղմունքների ժամանակ։ Այդպիսի զբաղմունքներ են, օրինակ, այգի մշակելը, ուտեստ պատրաստելը կամ խանութից գնումներ կատարելը։ Խանութ գնալուց առաջ ձեր երեխային կարող եք խնդրել գրել առևտրի ցուցակը (գրելու հմտություն), իսկ խանութում՝ գտնել տվյալ ապրանքը (կարդալու հմտություն)։  

Ամառը կարելի է օգտագործել նաև երեխայի և բնության միջև կապ ստեղծելու և այն ամրապնդելու համար, ինչն օգնում է զարգացնել աշխարհայացքը։ Սովորեցրեք նրան «ապրել» բնության մեջ՝ ծառ բարձրանալ, կրակ վառել, ծաղիկներ և բույսեր ուսումնասիրել։

Ճամփորդությունները ոչ ֆորմալ կրթության մեկ այլ օրինակ են, որոնք օգնում են գիտելիքներ ձեռք բերել պատմությունից, աշխարհագրությունից և ավելի ազատ միջավայրում յուրացնել ստացած տեղեկությունները։

Իսկ երբեմն պարզապես անհրաժեշտ է երեխաներին մենակ թողնել, որպեսզի նրանք ստեղծեն սեփական օրը, ինքնուրույն գտնեն զբաղմունքներ և դասեր քաղեն դրանցից։

#4 Երեխաների հետ այցելեք գրադարաններ, թանգարաններ, տեսարժան վայրեր

Նմանատիպ այցելությունների համար մեծ բյուջե և շատ ժամանակ հարկավոր չեն։ Ընդամենը երկու ժամը կարող է բավական լինել, որպեսզի երեխայի հետ այցելեք որևէ մշակութային վայր, օգտվեք էքսկուրսավարի ծառայությունից և վերադառնաք տուն։ Գրադարանները և տեսարժան վայրեր այցելելն անվճար է, իսկ թանգարանի մուտքի տոմսերը շատ փոքր գումար են կազմում, հատկապես՝ դպրոցականների համար։ Հիանալի տարբերակ է երեխաների հետ թատրոն կամ համերգ գնալը, ինչը կարող եք կազմակերպել երեխայի ընկերական շրջապատում։

#5 Զարգացրեք երեխայի ֆիզիկական և մտավոր առողջությունը

Ամառն անսահմանափակ հնարավորություններ է տալիս երեխաներին մասնավոր խմբակներում տեղավորելու համար։ Լողից մինչև նկարչություն, շախտմատից մինչև նոր լեզվի ուսուցում, երաժշտական գործիք նվագելուց մինչև խոհարարություն՝ այս հնարավորությունները երեխային կօգնեն նոր հոբբի գտնելու, որակյալ ժամանց անցկացնելու, շփման հմտությունները զարգացնելու և այլ հարցերում։

#6 Ներգրավեք տնային գործերում

Եթե ուսումնական տարվա ընթացքում երեխաներն առավոտյան շտապում են դպրոց, այնուհետև զբաղվում դասերով և ժամանակ չեն ունենում կարգի բերելու իրենց անկյունը, ապա ամառը լավագույն ժամանակն է կարգապահություն սովորեցնելու համար։ Սեփական անկյունը և տունը մաքուր պահելը երեխաների մոտ զարգացնում է պատասխանատվության զգացում և օգնում ձևավորել սովորություններ։ Ժամանակի ընթացքում առաջադրանքների քանակը կարող եք շատացնել և խնդրել կարգի բերել ոչ միայն սեփական սենյակը, այլ նաև տան այլ հատվածներ։ Այդպիսով նաև կնպաստեք, որ հնարավորություն ստեղծվի խնայել ձեր ժամանակը։

#7 Գրանցվեք ամառային դպրոցների և ճամբարների

Ամառային դպրոցներ և ճամբարներ կարելի է գտնել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում ու գյուղերում։ Ըստ մեր հանդիպած տվյալների՝ նման ծառայությունը կարող է արժենալ 28000-ից մինչև 225000 դրամ՝ կախված օրերի քանակից, վայրից, ծրագրից և այլն։ Կան նաև անվճար կրթական ճամբարներ, հատուկ ծրագրեր, որտեղ նույնպես երեխան կարող է օգտակար դասեր ունենալ և զարգանալ։

Ամառային դպրոցներում և ճամբարներում շեշտը հիմնականում դրվում է ոչ ֆորմալ կրթության վրա և ժամանակը տրամադրվում է խաղերի, մրցումների, ֆիլմերի դիտումների, քննարկումների, արշավների, թիմային աշխատանքի, ստեղծարարության զարգացմանը և այլն։ Իդեալական տարբեր կլինի այն երեխաների համար, ովքեր անցած ուսումնական տարվա ծրագիրը լավ են յուրացրել և հնարավորություն ունեն նաև նմանատիպ միջոցառումների մասնակցելու։    

Այս ցանկում ընդգրկված գործողություններից զատ՝ մի մոռացեք ձեր երեխաների հետ որակյալ ժամանցի կարևության մասին։ Երեխայի համար կարդացեք գրքեր, միասին մուլտֆիլմ դիտեք և քննարկեք, միասին ճաշեք և զրուցեք, խաղացեք։ Միասին դիտեք տեսանյութեր և փորձեք դրա հիման վրա որևէ ուտեստ պատրաստել կամ այգում ինչ-որ բան կառուցել։ Այն ժամանակը, որը կանցկացնեք ձեր երեխաների հետ, ամենաարժեքավորն է, իսկ այդ ընթացքում ստացված գիտելիքներն ու փորձը՝ անփոխարինելի։

Ձեր ողջ ազատ ժամանակը հատկացրե՛ք ձեր երեխաներին, իսկ ընտանեկան ընթրիքի համար մեր մենյուից մի համեղ բան ընտրեք։ Ողջ մենյուն՝ այստեղ։