Ինչպե՞ս կազմել շաբաթվա սննդի պլանը

Ուրբաթ երեկո է, ընթրիքն արդեն ավարտվել է, և դուք մեկ բաժակ տաք թեյ եք պատրաստում համեղ քաղցրավենիքով վայելելու համար։ Ձեր առջև դրեք նաև թուղթ ու գրիչ կամ տետր և սկսեք մտածել գալիք շաբաթվա սննդի պլանի շուրջ։ 

Այս հոդվածում ձեզ հետ կկիսվենք պլանավորումը արդյունավետ ձևով կազմակերպելու խորհուրդներով, որպեսզի ամեն օր չկանգնեք «Ի՞նչ եփել այսօր» հարցի առաջ և ավելի քիչ ժամանակ ծախսեք ընթրիք պատրաստելու վրա։

#1 Աչքի անցկացրեք ձեր սառնարանն ու պահարանները

Մի շտապեք պլանավորել շաբաթվա ճաշացանկը, քանի դեռ չեք պարզել՝ ինչ բաղադրիչներ արդեն ունեք ձեռքի տակ։ Խոհանոցում հաստատ կգտնեք մթերքներ, որոնց պահպանման ժամկետը շուտով լրանում է կամ որոնք վաղուց էինք ցանկանում օգտագործել, ու չէր ստացվում։ Այս փոքր քայլը կօգնի, որ զինվեք գաղափարներով և միաժամանակ խուսափեք սննդի վատնումից։

#2 Գտեք ոգեշնչման աղբյուրներ

Նույնիսկ տվյալ օրվա ընթրիքը պատրաստելուց առաջ հաճախ չենք կողմնորոշվում և դժվարությամբ ենք որոշում կայացնում։ Մեկ շաբաթվա համար ընթրիքի պլան կազմելն էլ հեշտ առաջադրանք չէ։ Ոգեշնչվելու համար առաջարկում ենք հետևել այս քայլերին՝

-Google Docs-ում կազմեք ձեր պատրաստած-հավանած բոլոր ուտեստների ցանկը և հաճախակի օգտվեք (երբեմն «մոռանում ենք» սիրելի ուտեստները, իսկ ցանկը դա թույլ չի տա),

-փնտրեք 1-2 գլխավոր բաղադրիչ Google-ում և տեսեք, թե ինչ ուտեստներ է առաջարկում պատրաստել,

-ուսումնասիրեք ռեստորանների ու այլ սննդի կետերի ճաշացանկերը,

-այցելեք Youtube-ի և Instagram-ի ակտիվ սննդի բլոգերների էջեր,

-ներբեռնեք բաղադրատոմսերի հավելվածներ,

-հարցրեք ընտանիքի անդամներին,

-թերթեք խոհարարական գրքեր

#3 Բավարար ժամանակ տրամադրեք պլանավորմանը

Պլանավորում ասելով՝ հասկանում ենք ուտեստների և դրանց համար պահանջվող բաղադրիչների հստակեցում։  

Ցանկալի է պլանավորմամբ զբաղվել ուրբաթ օրը՝ տրամադրելով 2-3 ժամ, որպեսզի շաբաթ և կիրակ օրերին հասցնեք զբաղվել գնումներ կատարելով, բաղադրիչները կտրատելով և/կամ ամբողջական ուտեստներ պատրաստելով։

#4 Խանութ ուղևորվեք հստակ ցուցակով

Գնումների ցուցակի համար հարմար է հեռախոսի Նշումներ հավելվածը։ Հեռախոսը միշտ ձեզ հետ է, իսկ ցուցակը խմբագրելն ընդամենը վայրկյաններ է տևում։

Եթե բոլոր գնումները կատարելու եք նույն խանութից, ապա բաղադրիչները ցուցակագրեք՝ հիմնվելով այդ խանութում ապրանքների դասավորվածության վրա։ Այդպես ավելի քիչ ժամանակ կծախսեք խանութում, նույն բաժնին մի քանի անգամ չեք մոտենա և կբացառեք որևէ բաղադրիչ մոռանալը։ Ի դեպ՝ գնումների գնալիս մի մոռացեք ձեզ հետ վերցնել տոպրակ կամ կտորե պայուսակ։

#5 Ռեսուրսներն օգտագործեք օպտիմալ ձևով

Առաջին՝ օգտագործեք նույն բաղադրիչները տարբեր ուտեստների մեջ։ Այս խորհրդին հետևում են ոչ միայն տանը սնունդ պատրաստող մարդիկ, այլ նաև ռեստորանները։ Վատնումից խուսափելու համար աշխատող տարբերակ է։

Օրինակ՝ տապակած հավի միսը կարելի է մատուցել որպես առանձին մսային ուտեստ կամ էլ կտրատել և պատրաստել սենդվիչներ, Կեսար աղցան, շարել պիցցայի վրա։  

Կարդացեք նաև՝

Պատրաստում ենք սենդվիչներ և բուրգերներ like a pro

Ռեսուրսներն օպտիմալացնելու համար առաջարկում ենք ևս մեկ հնարք։ Եթե նախատեսել եք երեկոյան պատրաստել, օրինակ, խոզի միս ջեռոցում, ապա փորձեք խավարտը նույնպես պատրաստել ջեռոցում։ Նույն տապակի մեջ տեղադրեք նաև կարտոֆիլ կամ բանջարեղենային միքս։ Արդյունքում կստանաք միանգամից երկու ուտեստ՝ խնայելով կոմունալ վճարները և չծախսելով հավելյալ ժամանակ սպասքը լվանալու վրա։

Եվ ի վերջո՝ մի մոռացեք ավելացած սննդի մասին, որը կարող եք օգտագործել նաև հաջորդ օրը։ Եթե որևէ ուտեստից մեծ չափաբաժնով եք պատրաստելու, հաջորդ օրվա ընթրիքի հարցը նույնպես լուծված է։   

#6 Հաշվի առեք ձեր գրաֆիկը

Երկուշաբթի օրերին աշխատանքը ո՞ւշ եք վերջացնում։ Ընթրիքի համար պլանավորեք այնպիսի սնունդ, որ նախնական պատրաստություն չի պահանջում և կարճ ժամանակում է եփվում։ Կամ էլ բաղադրիչները նախօրոք լվացեք, կտրատեք, մարինացրեք, որպեսզի ձեզնից պահանջվի միայն կաթսայի/տապակի մեջ տեղափոխելը։ 

Երեքշաբթի օրը միայնա՞կ եք ընթրելու։ Առանձնացրեք այնպիսի ուտեստներ, որոնք կարող եք պատրաստել փոքր չափաբաժիններով։ Օրինակ՝ սենդվիչ, մինի պիցցա, ամառային աղցան, լավաշով կամ հացով տաք բրդուճ։

#7 Սննդի պլանը պահեք հասանելի վայրում

Ոմանց համար դա կարող է լինել հեռախոսի Նշումներ հավելվածը, այլոց համար՝ սառնարանին փակցված կպչուն գունավոր թղթերը կամ պարզապես դարակում դրված տետրը։ Եթե որևէ ուտեստ առաջին անգամ եք պատրաստելու կամ պատրաստման ձևը լավ չեք հիշում, նշումների մեջ անպայման ավելացրեք նաև բաղադրատոմսը։

#8 Դիմեք պրոֆեսիոնալ խոհարարների օգնությանը

Եթե խոհանոցում դեռևս սկսնակ եք, զբաղվածության գրաֆիկը չափազանց խիտ է կամ պարզապես սիրում եք բազմազան սնունդ, պլանավորման հարցում ձեզ կօգնեն Foody-ի խոհարարները։ Մեր խոհանոցի ուտեստները պատրաստվում են 100% թարմ, տեղական մսով, բարձրորակ կարագով ու առանց քիմիական հավելումների։ 

#9 Ունեցեք պլան Բ

Երբեմն պատահում է, որ ինչ-ինչ պատճառով ժամանակը նախատեսվածից քիչ է լինում կամ պարզապես ախորժակ չի լինում տվյալ օրվա պլանով առաջնորդվելու համար։ Պետք չէ շտապել անառողջ, արագ սննդի հետևից, քանի որ պլան Բ-ի վրա նույնպես աշխատել եք։ 

Նման դեպքերում կարելի է պատրաստել բոլորի կողմից սիրված, արագ պատրաստվող ուտեստները՝ ձվածեղ, պաստա, տապակած կարտոֆիլ։ Կարելի է դիմել նաև կիսապատրաստի սննդի (ֆալաֆել, պելմեն, քյուֆթա և այլն) կամ նախապես գրտնակած, կտրատած շերտավոր խմորի օգնությանը՝ թխելով պանրով, կաթնաշոռով կամ այլ միջուկով կարկանդակներ։ 

Foody-ի կիսապատրաստի ուտեստները չեն պարունակում կոնսերվանտներ և սառցախցիկում պահպանվում են 7-15 օր՝ ի տարբերություն խանութի կիսաֆաբրիկատների, որոնց պահպահման ժամկետը հասնում է 1 տարվան։

Կարդացեք նաև՝

Ինչո՞ւ պատվիրել կիսապատրաստի ուտեստներ Foody-ից

Ամենասիրված պաստաների բաղադրատոմսերը․ պատրաստում ենք լավագույն պաստաները

Այսպիսով՝ շաբաթական սննդի պլանավորման գործընթացը կարող ենք պայմանականորեն բաժանել հետևյալ քայլերի, որոնք անհրաժեշտ է կատարել ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ընթացքում․

Քայլ 1․ Աչքի եք անցկացնում սառնարանը, պահարանները, հարցնում եք ընտանիքի անդամների կարծիքը, գտնում եք գաղափարներ համացանցից,

Քայլ 2․ Կազմում եք ընթրիքի պլան 5-7 օրվա համար,

Քայլ 3․ Առանձնացնում եք բոլոր բաղադրիչները, որոնք ձեզ պետք են գալու,

Քայլ 4․ Ուղևորվում եք խանութ և գնում պակաս բաղադրիչները,

Քայլ 5․ Աշխանքային օրերին ձեր գործը հեշտացնելու համար կատարում եք նախապատրաստական աշխատանքներ՝ բանջարեղենի կտրատում, մսի մարինացում, կանաչեղենի լվացում, որոշ ուտեստների ամբողջական պատրաստում (եփված սնունդը սառնարանում պիտանի է մինչև 3-4 օր) 

Foody-ի ուտեստները նույնպես կարող են տեղ զբաղեցնել ձեր շաբաթվա սննդի պլանում՝ խնայելով ձեր ժամանակը և բազմազանեցնելով ձեր սննդակարգը։ Մեր խոհանոցից կարող եք պատվիրել թարմ, տեղական հումքից ուտեստներ օրվա բոլոր ժամերի և ընտանիքի բոլոր անդամների համար՝

Նախաճաշ

Աղցաններ

Ապուրներ

Խորոված

Պիցցա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով