Ինչ անել, երբ երեխան չափից շատ քաղցրակեր է

Ինչպե՞ս ենք անվանում մեր սիրելի պստիկներին՝ դե, իհարկե, քաղցրս, անուշս, անուշիկս, քաղցրիկս և այդպես շարունակ ու ձգտում իսկապես նրանց բաժին հանել մեր ունեցած ամենաքաղցրը՝ հաճախ բառի բուն իմաստով։ Մինչև որ մի օր էլ հայտնաբերում ենք, որ շատ սիրելով մեր երեխաներին՝ իրականում դառնացրել ենք նրանց կյանքը՝ չափազանց քաղցրացնելով։ Հանկարծ նկատում ենք, որ կոնֆետներից, մյուս քաղցրավենիքից ու խմորեղենից բացի, ոչ մի այլ սնունդ հաճույքով չեն ուտում երեխաները։ Այլ խոսքով՝ մեր քաղցրիկները դարձել են մոլի քաղցրակերներ և նրանց՝ նախաճաշից մինչ ընթրիք ընկած ամբողջ շղթայում հրուշակեղենն ու քաղցր ըմպելիքներն ուղղակի առաջին տեղում են։ Եվ եթե ժամանակին ինքներս էինք մեր փոքրիկին խրախուսում պաղպաղակով կամ կոնֆետով, արդեն հասկանում ենք, որ լուրջ խնդրի առաջ ենք։

Ինչ անել, երբ երեխան, իրոք, քաղցրակեր է դարձել ու ոչ մի կերպ չի պատրաստվում հրաժարվել ձևավորված կախվածությունից։ Իհարկե, մեղքի մեծ բաժին ունենք նման իրավիճակում հայտնվելու համար, սակայն, եթե արդեն իսկ դա գիտակցել ենք, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ և պետք է արագ բռնել «տունդարձի» ճանապարհը։

Ինչպե՞ս․ միայն մի ճանապարհ կա՝ համբերություն ու հաստատակամություն` մի գիտակցությամբ, որ չափազանց քաղցրակեր երեխան առաջիկայում կարող է առողջական խնդիրներ ունենալ, եթե կարմիր լույս չվառենք։ Սակայն դա ոչ մի դեպքում չի կարելի անել կտրուկ, հրամայական մեթոդներոով, այլ՝ քայլ առ քայլ, աստիճանաբար։

Նախ պետք է կանոնակարգել երեխայի սննդակարգը, որպեսզի փոքրիկը լիարժեք սնվի նախաճաշին, ճաշին, ետճաշիկին ու ընթրիքին։ Երեխայի համար պետք է պատրաստել թարմ, համեղ ու բազմազան սնունդ և այս որակներից ոչ պակաս կարևոր է գեղեցիկ մատուցումը։ Մանկական աչքն ամեն ինչ տեսնում է և գեղեցիկ սպասքն ու գեղեցիկ ձևավորված սնունդը՝ մատուցված սիրով ու ժպիտով, անպայման կգրավեն երեխային։ Երեխան կուտի հաճույքով, իսկ երբ հերթը քաղցրավենիքին հասնի, կարելի է կոնֆետը փոխարինել «տնական արտադրանքով»։

Համացանցով այսօր կարելի է առողջ քաղցրավենիքի բազմաթիվ տեսակների բաղադրատոմսեր գտնել ու պատրաստել «կոնֆետներ»՝ չրերով, ընդեղենով, սերմերով ու մրգերով, մեղրով և այլ համադրություններով։ Այդ դեպքում էլ արժե հիշել, որ առողջ քաղցրավենիքն էլ շատակերության համար չէ։ Ի դեպ, ցանկության ու մի քիչ երևակայության դեպքում անգամ կարելի է այդ «տնական կոնֆետներն» էլ մատուցել գեղեցիկ, գրավիչ փաթեթավորմամբ։ Վստահ եմ, փոքրիկները կգնահատեն օրիգինալությունն ու սերը։

Մի շատ կարևոր մանրուք հիշեցնենք, որին հենց մեծերս էլ հաճախ գերի ենք դառնում մեր առօրյա կենսակերպով։ Հաճախ, երբ քաղցած ենք, մեր ստամոքսին խաբում ենք մի կտոր շոկոլադով կամ մի կտոր տորթով։ Սա hանցանք է սեփական առողջության, առավել ևս՝ մեր երեխաների հանդեպ։ Դրա համար էլ երբեք չպետք է թողնել, որ երեխան նորմալ սննդի փոխարեն մի կտոր քաղցրով հագենա։

Շատ կարևոր է խնդրի հոգեբանական կողմը․ երեխաներն էլ մեզ պես, տանել չեն կարողանում բարոյախրատական ճառերը։ Հենց դրա համար էլ երբեք երեխային չպետք է ասել, որ իր սիրելի շոկոլադն այլևս «քըխ» է ու եթե ուտի, «բոբոտիկները» կցավեցնեն փորիկը։

Շատ սահուն երեխան պիտի տեսնի, որ իր կյանքում նոր գույներ ու համեր են հայտնվել, որոնք բնավ չեն զիջում նախկին «համովիկներին»։ Երբ մարդուն ասում են՝ սա չի կարելի, սա է կարելի, մարդը, կարևոր չէ, մեկ թե հիսունմեկ տարեկան, նեքուստ ուզում է հակադրվել։ Պարզապես պետք է գնալ այլընտրանքն առաջ մղելու ճանապարհով։ Ոչ թե ուժով ու համառությամբ, այլ՝ կրկնվեմ, սիրով, հետաքրքիր մատուցմամբ ու նորույթի տրամաբանությամբ։

Կարելի է նորամուծությանն, օրինակ, մասնակից դարձնել նաև երեխայի բակի ընկերներին, հյուրասիրելով նաև նրանց, որպեսզի «կոլեկտիվ» սեր ձևավորվի անտիքաղցրի հանդեպ։

Ամառն, ի դեպ, լավագույն իմպրովիզների շրջանն է և արժե միրգ-հատապտղային բազմազանությունն օգտագործել՝ որպես դաշնակից, մեր երեխաների կյանքում քաղցրն առողջացնելու և նրանց իսկ առողջությունը պահպանելու համար։ Վիտամինների, օգտակար այլ նյութերի իսկական պահոց են արև կերած մեր միրգ-բանջարեղենները, և դրանց ակտիվ ներգրավումը մանկական մենյուում ուղղակի հրաշալի կլինի՝ բոլոր առումներով։

Քաղցրի վտանգավոր կրիչ են նաև գազավորված ու առանց գազի քաղցր ըմպելիքները։ Մի խմեք ինքներդ, երեխաներին էլ մի տվեք։ Փոխարենը կարող եք առողջ տարատեսակ ըմպելիքներ, սառը ու տաք թեյեր պատրաստել՝ մրգերով ու համեմունքներով, խոտաբույսերով, ու վայելել երեխաների հետ միասին։

Երբ երեխաներին ցանկանում եք հանրային վայրեր տանել, օրինակ, սրճարան, այգի կամ խաղահրապարակ, համոզվեք, որ տարածքում առողջ այլընտրանք ունեք՝ մաքուր ջրից սկսած։

Եվ այս անսպառ թվացող թեմայի ևս մեկ՝ ամփոփիչ ակորդ․ ընտանիքում երեխաներին որևէ դեպքում չի կարելի տարանջատել մեծերից, առավել ևս՝ սննդի հարցերում։ Այսինքն, չի կարելի ասել՝ բալիկ ջան, քանի որ դու փոքր ես, դու այս չիրը ծամիր, օգտակար է, իսկ մենք մեծահոգաբար այն «Նապոլեոնը» կվնասազերծենք։ Երեխան պիտի տեսնի, որ ինքն էլ, ընտանիքի մյուս անդամներն էլ նույն աղանդերից են օգտվում, թե չէ արգելված պտղի բումերանգը կաշխատի։

Ի վեջո, եթե ընտանիքում շատ թե քիչ առողջ սննդի գաղափարախոսություն է տիրում, երեխաներին էլ քաղցրից կտրելու կարիք չի առաջանա, քանի որ ամեն ինչ շատ ավելի հեշտ կառավարելի տիրույթում կլինի։ Այնպես որ, եկեք մեր վատ սովորություններով չդառնացնենք մեր երեխաների կյանքն ու հետո սկսենք մեր իսկ ստեղծած խնդիրները լուծել։ Մենք երեխաների համար շա՜տ համեղ և առողջ ուտեստներ ունենք՝ պատրաստված բացառապես տեղական, լավագույն հումքից։ Ծանոթացե՛ք մեր մենյուին այստեղ։