Սուշիի բաղադրատոմսը․ ամենասիրելի տեսակները և ամենակարևոր գաղտնիքները

Sushi սուշի суши

Սուշիի մասին հիմնականում հնչում է երկու կարծիք․ կամ խելագարվում են այս ուտեստի համար ու անվերջ կարող են ուտել կամ ուղղակի տանել չեն կարողանում։ 

Ոմանց սուշին վանում է, քանի որ, ըստ կարծրատիպի, այն պատրաստում են հում ձկով։ Բայց այսօր լցոնի տարբերակներն այնքան բազմազան են, որ սուշի սիրում են նույնիսկ բուսակերները, իսկ համակիրների թիվը գնալով մեծանում է։ 

Քանի որ սուշի պատրաստելը իրականում բավականին հեշտ է, որոշեցինք գրել տարածված տեսակների, պատրաստման ընթացքի ու գաղտնիքների մասին։ Այս հոդվածը կարդալուց կկարողանաք ժամանակակից ուտեստը վայելել ոչ միայն ռեստորանում, այլ նաև ձեր տանը՝ պատրաստված ձեր ձեռքերով:

Ամենատարածված տեսակներն են՝ մակի, ուրամակի և նիգիրի։

Մակին թերևս ամենաժողովրդական ու սիրված տեսակն է։ Բաղադրիչները փաթաթում են ռուլետի տեսքով՝ ծածկելով կանաչ մամուռի շերտով՝ նորիով։ Հիմնական բաղադրիչներն են բրինձը և հում բանջարեղեն և/կամ հում ձուկը, սերուցքային պանիրը և այլն։ Ձկներից հիմնականում օգտագործում են սաղմոն, թունա, օձաձուկ։

Ուրամակին մակիի շրջված տարբերակն է, որն այլ կերպ ընդունված է անվանել ռոլլ։ Նորիի շերտի վրա տարածում են եփված բրինձը, բայց հետո զանգվածը շրջում են և լցոնը տեղադրում նորիի վրա։ Կրկին փաթաթում են ռուլետի տեսքով և զարդարում սև կամ սպիտակ քունջութի սերմերով, ձկնկիթով։

Նիգիրի տեսքով պատրաստելու համար բրնձին տալիս են բլոկի տեսք և վրան տեղադրում ձկան շերտ կամ բանջարեղեն։ 

Սուշի պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

  • սուշիի բրինձ (պետք է լինի կլոր և սպիտակ)
  • նորիի թերթեր (նորին չորացրած կանաչ ջրիմուռն է)
  • խնձորի քացախ
  • շաքարավազ
  • աղ
  • բամբուկե գորգ՝ ռուլետի տեսքով փաթաթելու համար (կարելի է ձեռք բերել սովորական տնտեսական խանութից)
  • սոյայի սոուս, մարինացված կոճապղեղ, վասաբի՝ մատուցելու համար

Լցոններից կարելի է օգտագործել 

  • հում ձուկ (սաղմոն, թունա, օձաձուկ)
  • հում բանջարեղեն (պղպեղ, գազար, վարունգ)
  • ծովախեցգետին
  • սերուցքային պանիր 
  • ավոկադո 

Այժմ քայլ առ քայլ նկարագրենք սուշիի պատրաստման ընթացքը։

Քայլ 1: Եփում ենք բրինձը

Կլոր սպիտակ բրինձը լավ լվանում ենք հոսող ջրի տակ, որպեսզի օսլան դուրս գա և ջուրը դառնա թափանցիկ։ Մեկ բաժակ բրինձը եփում ենք երկու բաժակ ջրով։ Ջուրը գոլորշիանալուց հետո կրակն անջատում ենք, բրնձով լի կաթսան այդպես թողնում ենք 10-15 րոպե։ Այնուհետև տեղափոխում ենք ափսեի մեջ և թողնում, որ սառչի սենյակային ջերմաստիճանում։

Քայլ 2։ Պատրաստում ենք սոուս բրձնի համար

Չորս ճաշի գդալ ջրին ավելացնում ենք չորս ճաշի գդալ քացախ, 2 ճաշի գդալ շաքարավազ, մեկ ճաշի գդալ աղ։ Եփում ենք մինչև աղն ու շաքարավազը լուծվեն հեղուկի մեջ, սակայն չենք եռացնում։ Լցնում ենք եփված ու սառած բրձնի վրա։ Հում վիճակում մեկ բաժակ բրնձին բաժին է հասնում երկու ճաշի գդալ սոուս։ 

Կարևոր․ Անկախ նրանից՝ որ տեսակի սուշին կցանկանաք պատրաստել կամ ինչ բաղադրիչներով, այս երկու քայլին անպայման պետք է հետևել։

Հաջորդ քայլում կկիսվենք ռուլետներ պատրաստելու ընթացքով։

Քայլ 3: Պատրաստում ենք ռոլլեր 

Բամբուկե գորգը տեղադրում ենք հարթ մակերեսի վրա, վրան փռում ենք սննդի թաղանթ (пищевая пленка), այնուհետև նորիի թերթ։ Նորիի թերթն անհրաժեշտ է դնել փայլուն կողմը դեպի ներքև։ 

Ի դեպ, նորիի թերթեր կարելի է հեշտությամբ գտնել հայկական խանութներում։ Վաճառում են թերթերի տարբեր քանակով՝ 10, 50, 100: 

Խորհուրդ․ գորգի վրա տեղադրելիս նորիի ծալքերը պետք է հայտնվեն հորիզոնական դիրքում, որպեսզի փաթաթելը հեշտ լինի։

Ձեռքերը թրջում ենք։ Բրինձը տարածում ենք նորիի վրա՝ թույլ չտալով, որ հաստ զանգված ստացվի։ Բարձրությունը պետք է լինի մոտ կես սմ։ 

Նորիի վերևից, ներքևից և կողքերից անհրաժեշտ է 1-2 սմ դատարկ թողել և բրնձով չծածկել, որպեսզի հեշտ լինի եզրերն իրար միացնելը։ Եզրերի վրա անհրաժեշտ է մի փոքր ջուր անել։

Բրնձի վրա ավելացնում ենք հիմնական լցոնը։ Ամենասիրված համադրություններն են՝

  • սերուցքային պանիր, ավոկադո
  • սերուցքային պանիր, սաղմոն 
  • ծովախեցգետին, վարունգ, 
  • սաղմոն, ավոկադո
  • կծու թունա, վարունգ

Միջուկն ավելացնելուց հետո արդեն կարող ենք զանգվածը վերածել ռուլետի։ Բամբուկե գորգի օգնությամբ փաթաթում ենք սուշին, այնուհետև բաժանում կտորների սուր դանակով։ 

Խորհուրդ 2. Յուրաքանչյուր կտորը կտրելուց առաջ անհրաժեշտ է դանակը մաքրել և թրջել, որպեսզի զանգվածը չմնա դանակի վրա և չխառնվի մյուս կտորներին։

Խորհուրդ 3. Դանակը պետք է լինի շատ սուր, որպեսզի ռուլետը չփլվի։ Եթե սուր դանակ չունեք, ռուլետը կտրատեք սառնարանում պահելուց հետո։

Ուրամակի և մակի սուշի պատրաստելու 5 հայտնի բաղադրատոմս

Թեև դուք ազատ եք ընտրելու ձեր սիրելի սուշիի բաղադրատոմսը, մենք ներկայացնում ենք ամենահայտնի տարբերակները, որոնք իրենց հաստատուն տեղն են գտել ռեստորանների ճաշացանկերում։ Ահա դրանցից մի քանիսը։ 

Ֆիլադելֆիա

Ֆիլադելֆիա պատրաստելու համար անհրաժեշտ է բրինձը նորիի թերթի վրա տարածելուց հետո այն շրջել, նորիի վրա քսել սերուցքային պանիր, երկար, բարակ կտրատված վարունգներ և երկար կտրատված ավոկադո։ 

Խորհուրդ․ վարունգի սերմերն անհրաժեշտ է դանակով հեռացնել, որովհետև հակառակ դեպքում այն ավելորդ խոնավություն կհաղորդի սուշիին։ Ցանկալի է չկեղևազրկել, որպեսզի վարունգը լինի խռթխռթան։

Գորգի միջոցով զանգվածը վերածում ենք ռուլետի, ինչի արդյունքում բրնձի շերտն ամբողջությամբ հայտնվում է արտաքին մասում։ Այնուհետև ռուլետի վրա տեղադրում ենք սաղմոնի բարակ շերտեր և բաժանում կտորների (չենք մոռանում, որ դանակը պետք է լինի շատ սուր, եզրը՝ թաց, իսկ յուրաքանչյուր կտորից հետո այն պետք է մաքրել)։ 

Ֆիլադելֆիա սուշիի բաղադրատոմս։ Ինչպես պատրաստել ֆիլադելֆիա սուշի։ Philadelphia sushi.

Կանադա

Կանադա պատրաստելու համար անհրաժեշտ է բրինձը նորիի թերթի վրա տարածելուց հետո այն շրջել, ավելացնել սերուցքային պանիր, սաղմոնի երկար, բարակ շերտեր, երկար, բարակ կտրատած վարունգներ։ 

Զանգվածին գորգի օգնությամբ տալիս ենք ռուլետի տեսք և ավելացնում օձաձկան բարակ շերտեր։ Զարդարում ենք օձաձկան համար հատուկ սոուսով և քունջութի սերմերով ու մատուցում։ Օձաձկան սոուս պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել հետևյալ բաղադրիչները՝ սակե, միրին, շաքարավազ և սոյայի սոուս։

Ինչպես պատրաստել շուշի կանադա։ Կանադա սուշիի բաղադրատոմս։ sushi canada

Ալյասկա

Թեև հանդիպում են Ալյասկա ռոլլի տարբեր տարատեսակներ, մենք կներկայացնենք ամենադասականը։ Անհրաժեշտ է բրինձը տարածել նորիի թերթի վրա։ Ավելացնելուց հետո զանգվածը շրջել այնպես, որ նորին հայտնվի վերևում։ Վրան շարում ենք հում, ծխեցրած կամ պահածոյացրած սաղմոնի և ծովախեցգետնի ձողիկներ։ Երբեմն ավելացնում են նաև վարունգի, ավոկադոյի ձողիկներ։ Գորգի օգնությամբ վերածում ենք ռուլետի։ Ձևավորում ենք ծովախեցգետնի բարակ շերտերով և ձկնկիթով։ 

Ալյսակա սուշիի բաղադրատոմս։ Ինչպես պատրաստել ալյասկա սուշի։ alaska sushi, alyaska sushi

Կալիֆորնիա 

Կալիֆորնիա պատրաստելու համար անհրաժեշտ է բրինձը նորիի թերթի վրա տարածելուց հետո այն շրջել, ավելացնել ծովախեցգետնի, ավոկադոյի և վարունգի ձողիկներ։ Վերածում ենք ռուլետի և զարդարում ձկնկիթի հատիներով։ 

Եթե օգտագործենք նույն բաղադրիչները, բայց նորիի թերթն ու բրինձը չշրջենք, ապա կունենանք ոչ թե ուրամակիի, այլ մակիի տեսքը։ Ինչպես նշել էինք՝ բաղադրիչները նույնն են, տարբեր են միայն փաթաթելու ձևերը։

կալիֆորնիա սուշիի բաղադրատոմս։ Ինչպես պատրաստել կալիֆորնիա սուշի։ California sushi

Շիիտակե

Այս սուշիի բաղադրատոմսն արդեն հատուկ բուսակերների համար է։ Անհրաժեշտ է նորիի թերթի վրա տարածել եփված, սոուսով համեմված բրինձը և հենց բրնձի վրա, առանց շրջելու, ավելացնել միջուկը՝ տապակած սունկ, թարմ սպանախ, գազարի և վարունգի ձողիկներ։ Փաթաթում ենք ռուլետի տեսքով և կտրում սուր դանակով։ 

Ի դեպ, եթե դուք բուսակեր եք և ցանկանում եք բազմազանություն մտցնել ձեր սննդակարգում, առաջարկում ենք աչքի անցկացնել Foody-ի բանջարեղենային մենյուն։ Մենք պատրաստում ենք բուսական հիմքով ամենատարբեր ուտեստները՝ պիցցայից մինչև բուրգերներ ու նրբաբլիթներ, տոլմայից մինչև կոտլետներ ու տապականեր։ 

Մեզ մնաց անդրադառնալ սուշիի մեր նշած վերջին տեսակին՝ նիգիրիին։ Իրականում այն ամենապարզն է և չի պահանջում բամբուկե գորգ օգտագործել ու ռուլետ պատրաստել։ Պարզապես անհրաժեշտ է բրձին տալ բլոկի տեսք և ծածկել հում ձկով՝ սաղմոն, թունա, օձաձուկ, եփած ութոտնուկով կամ կաղամարով, ծովախեցգետնի ձողիկով, սնկով կամ այլ բաղադրիչով։

Հուսով ենք՝ կհետևեք մեր ուղեցույցին և կպատրաստեք սուշի տան պայմաններում՝ օգտագործելով ձեռքի տակ եղած բաղադրիչները։ Ճապոնիայում ընդունված է սուշին վայելել կանաչ թեյով։ Կարելի է կանաչ թեյը փոխարինել նաև սովորական կամ գազավորված ջրով։

Եվ վերջում, քանի որ արդեն սաղմոնի և ավոկադոյի ախորժակ ենք բացել, մեր պարտքն ենք համարում ձեզ առաջարկել մեր շատ համով բոուլները՝ սաղմոնով, հավի մսով կամ բանջարեղենային։ Սա վայելեք, ուժեր հավաքեք ու պատրաստեք ձեր սուշին։ Բոուլների մենյուն տեսեք այստեղ։