Ինտուիտիվ սննդակարգ․ ի՞նչ է դա

Եթե ժամանակին մարդիկ անհաշվելի էին համարում միայն երկնքի աստղերը, ապա հիմա կարող են անհաշվելիների ցուցակում ներառել նաև տարատեսակ դիետաները։ Սա, իրականում, պատահականություն չէ։ Ճարպակալումը համարվում է քսանմեկերորդ դարի ամենաակտիվ հիվանդություններից մեկը՝ «շնորհիվ» մեր նստակյաց կյանքի, անառողջ սննդի, սթրեսային կյանքի ու օդի աղտոտվածության․ սա ևս իր դերն ունի, քանի որ ընդհանուր միկրոֆլորան չի կարող ազդեցություն չունենալ մարդու ֆիզիկական վիճակի վրա։

Հայաստանում ևս ճարպակալման հարցում անելիք շատ կա։ Մենք գուրման ազգ ենք․ սա բացարձակ վատ չէ՝ հատկապես եթե ուտում ենք տարատեսակ համեղություններ, որոնց հարցում, ի դեպ, մեզ կարող է շատ լավ ընկեր դառնալ Foody-ն։ Բայց ցավոք, մեզնից շատերը չեն կարողանում բալանսավորված սնվել, չարաշահում են քաղցրն ու ճարպոտ սնունդը, սնվելու ամենամեծ չափաբաժինը թողնում են գիշերային ժամին, գրեթե ջուր չեն խմում ու քիչ են օգտագործում բանջարեղեն։

Օգնության են գալիս տարատեսակ դիետաները, որոնք հիմա շատ մոդայիկ են՝ կետոն, ինտերվալային սովը, կրեմլյան, հումակերային կամ «ըմպելի» դիետաները և այլն։ Սրանց բոլորին պարբերաբար կանդրադառնանք, բայց ուզում ենք սկսել վերջերս մեծ տարածում գտած ինտուիտիվ սննդակարգից, որն աշխարհում շատ սիրվեց իր հեշտության, սահմանափակումներ չհանդուրժելու ու իրական արդյունքներ ցույց տալու շնորհիվ։

Ինտուիտիվ դիետան շատ հեշտ է սահմանել ու առաջին հայացքից՝ հեշտ է պահել, բայց շատ նրբություններ կան, որոնց չհետևելու դեպքում արդյունքի չեք հասնի։ Սխեման պարզ է․ պետք է թույլ տաս ինքդ քեզ ամեն ինչ, ինչ սիրտդ ուզում է, քանի որ, ըստ այս դիետայի գաղափարախոսության, այն, ինչից հրաժարվում ենք, ավելի գայթակղիչ է դառնում։ Եվ մյուս կարևոր պայմանը՝ պետք է հստակ լսել՝ ինչ է ուզում քո օրգանիզմն իրականում։ Հենց այստեղ էլ սկսում է դժվարությունը։

Ինտուիտիվ սննդակարգը շատ հեշտ կլիներ պահել, ասենք, երեք դար առաջ, երբ մարդիկ դեռ չէին «փչացրել» իրենց համային ռեցեպտորները․ այդ ժամանակ օրգանիզմի հրահանգները ուղիղ էին։ Իսկ հիմա դրանք դարձել են «միջնորդավորված» ու հաճախ խաբուսիկ են, որովհետև մենք այնքան շատ ենք կերել արհեստական հավելումներով, ոչ օրգանիկ, չափից դուրս տապակած սնունդ, որ համային ռեցեպտորները բթացել են, արդյունքում, օրինակ, հասարակ եփած բանջարեղենը մեզ անհամ է թվում, մենք անպայման ուզում ենք այն թվացյալ համեղացնել ինչ-որ արհեստական ձևով՝ տապակելով, վրան հավելումներ ավելացնելով և այլն։

Սրա դեմ պայքարել չենք կարող, աշխարհը փոխվել է, գաստրոաշխարհը՝ ևս, մեր օրգանիզմն էլ հարմարվել է նոր օրենքներին։ Բայց սննդաբանները համոզված են, որ ինքներս մեզ հետ համառ ու մանրակրկիտ աշխատանքի դեպքում հնարավոր է արթնացնել քնած համային ռեցեպտորներն ու դրա շնորհիվ մենք կսկսենք ավելի արագ հագենալ, բացարձակ բնական կերպով ու առանց ստամոքսի վրա բռնանալու կհրաժարվենք արհեստական քաղցրեղենից ու սա կդառնա կենսակերպ՝ ամբողջ կյանքի համար։

Ինտուիտիվ սննդակարգը շատ անհատական է, ու ամեն մարդու համար նրան սովորելու ու հարմարվելու ժամանակահատվածը տարբեր է։ Կանոնը մեկն է՝ պիտի շատ ուշադիր ու անկեղծորեն լսես քո օրգանիզմին։ Սկզբնական շրջանում, հնարավոր է՝ մի քանի ամիս, օրգանիզմը սխալ ու կեղծ ազդակներ է հաղորդելու, հենց դրա համար պարտադիր է ինտուիտիվ սննդակարգը սկսել սննդաբանի հսկողությամբ, որպեսզի նա բացահայտի օրգանիզմի ստերն ու ձեզ թույլ չտա սխալներ անել։

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն

Եկեք հստակ օրինակով խոսենք, որպեսզի պատկերացնեք՝ ինչպես է աշխատում ինտուիտիվ սննդակարգը։ Օրինակ, ճաշի ժամն է։ Դուք հասկանում եք, որ ուզում եք մեծ ափսեով պաստա կարբոնարա՝ քաղցր հյութի հետ։ Պետք է սկսեք մտածել՝ ի՞նչն է, որ գրավում է պաստայի մեջ․ տե՞սքը, ձև՞ը, գուցե սոո՞ւսը։ Հնարավոր է մանրամասնորեն վերլուծելուց հետո պարզեք, որ իրականում ձեզ սոուսն է գրավում, և մի մեծ ափսե պաստան ուտում եք հենց սոուսի համար։ Այդ դեպքում ավելի լավ չի լինի՞ սոուսը պատրաստել ու համադրել, օրինակ, գրիլ բանջարեղենի հետ․ ձեր ռեցեպտորները կստանան նույն հաճույքը, ինչ եթե պաստան ուտեին, բայց հետն էլ կստանան օգտակար վիտամիններ բանջարեղենից ու ճաշը, ընդհանուր առմամբ, ամենաքիչը կրկնակի քիչ կալորիական կլինի։ Հյութի դեպքում էլ, հաստա՞տ հյութ եք ուզում։ Վստահ դրական պատասխան մի տվեք, որովհետև մեծամասամբ օրգանիզմը մեզ խաբում է։ Երբ հյութ եք ուզում, փորձեք մեծ բաժակ ջուր խմել ու սպասել տասը րոպե։ Շատ հնարավոր է, որ օրգանիզմը հագենա ու հյութի կարիք էլ չզգա։

Սկզբում այս մեթոդը դանդաղ ու դժվար է թվում․ ամեն ուտելուց առաջ պիտի դանդաղ ու մանրամասն մտածեք՝ ինչ եք ուզում ուտել, ինչու համար, ու «քանդեք» ցանկություններն այնքան, մինչև հասնեք իրական ցանկություններին։ Բայց սա հետաքրքիր ու օգնող աշխատանք է։ Էլ չենք ասում, որ այնքան երկար եք մտածում սննդի բաղադրության ու իրական ցանկությունների շուրջ, որ ախորժակը կրճատվում է։ Փորձը ցույց է տվել, որ մարդկանց կարող է գրավել ինչ-որ բաղադրիչ, բայց նրանք ավելորդ կալորիաներ հավաքեն, քանի որ տվյալ բաղադրիչն ուղղակի սովորել են ստանալ հենց այդ ուտեստի տեսքով։ Փորձերն ապացուցել են, որ հաճախ անգամ համը գուցե կարևոր չլինի։ Օրինակ, մի աղջիկ, որը գազարով տորթի մեծ սիրահար էր, այնքան վերլուծեց իրեն, որ հասկացավ, որ տորթի մեջ ամենագրավիչը քաղցրությունն ու տորթի գույնն է, որը տրամադրություն է փոխում։ Ի վերջո, օրգանիզմի հետ հայտարարի եկավ ու բարիշեց նարնջի վրա։ Քանի որ օրգանիզմն արդեն հասկացել էր, որ իրեն հաճույքի ազդակներ ուղարկում են հենց գույնն ու քաղցրությունը, որոշ ժամանակ անց սովորեց նարնջից ստանալ նույն էմոցիաները՝ ուրախությունը, բավարարվածությունը։ Ինչ-որ պահի գազարով տորթը դադարեց լինել նույնչափ գայթակղիչ, որովհետև օրգանիզմն արդեն փոխել էր իր վերաբերմունքը։

Ուտելու հարցում մեծ դեր ունեն նաև էմոցիաները, ինտուիտիվ սննդակարգով զբաղվող դիետոլոգները այս մասին ևս մանրամասն խոսում են։ Մենք էլ ենք խորհուրդ տալիս անպայման փորձել գիտակից սնվելու այս հետաքրքիր տարբերակը։ Սկսում եք ձեզ ավելի լավ հասկանալ, օրգանիզմին վերաբերվում եք խնամքով ու հաստատ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա։