Սխտոր։ Որո՞նք են օգտակար հատկությունները և արդյո՞ք այն օգնում է պաշտպանվել վարակներից

Սխտորը շատերին վանում է բերանում առաջացնող տհաճ հոտի պատճառով։ Բայց երբ իմանաք, թե որքան օգտակար ու բուժիչ հատկություններ ունի այս մշակաբույսը և որքան մատչելի ու հեշտ է այն առօրյայում կիրառելը, տհաճ հոտի մասին մտքերն այլևս ձեզ չեն անհանգստացնի։ Չէ՞ որ ընդամենը կիտրոնաջուր կամ կաթ խմելով, սուրճի հատիկներ կամ մաղադանոս ծամելով կարող եք արագորեն ազատվել այդ երևույթից։

Սխտորն արտադրում է քիմիական նյութ, որը կոչվում է ալիցին, և հենց դա է մեծամասամբ պատասխանատու այս մշակաբույսի օգտակար հատկությունների ու նաև հոտի համար։

Սխտորի հետ կապված լեգենդները շատ են, գիտական ուսումնասիրությունները՝ ոչ բավարար, իսկ մարդկանց հետաքրքրությունն այս մթերքի նկատմամբ՝ հսկայական։ Ահա 9 դրական ազդեցություն, որ սխտորը կարող է թողնել մեր օրգանիզմի վրա։ 

Սխտորը շատ սննդարար է

Սխտորն ունի ցածր գլիկեմիկ ինդեքս՝ 30, իսկ կալորիականությունը 100 գրամում 149 կկալ է։ Իր սննդարարության շնորհիվ սխտորը ստիպում է հագեցած զգալ, ճնշում է ախորժակը և կանխում շատակերությունը։

Ամենից շատ սխտորը հարուստ է հետևյալ նյութերով՝

  1. կալցիում (88%),
  2. վիտամին B6 (87%),
  3. վիտամին C (85%),
  4. կալիում (82%),
  5. պղինձ (75%)

Կալցիումը մեր ոսկորների և ատամների ամրության երաշխավորն է, նաև կարգավորում է մկանային կծկումներն ու մեծ դեր է խաղում արյան մակարդման գործում։

B6 վիտամինի պակասը կարող է հանգեցնել հեմոգլոբինի ցածր մակարդակի և սակավարյունության: B6 վիտամինը նաև նվազեցնում է սրտային հիվանությունների և քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը, բուժում է բորբոքումներ։

Փոխարինում է աղին

Սննդին չափից շատ աղ ավելացնելը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման, որն էլ իր հերթին կարող է բերել սրտի, երիկամների հետ կապված խնդիրներ և առողջական այլ բարդացումներ։ Եթե ընտանիքում կա նման հիվանդությամբ տառապող մարդ, ապա աղը հեշտությամբ կարող եք փոխարինել սխտորով, և այն միանշանակ ցանկալի համը կհաղորդի ուտեստին։

Բարձրացնում է դիմադրողականությունը

Ցինկի շնորհիվ սխտորը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, վիտամին С-ի շնորհիվ՝ պայքարում վարակների դեմ, իսկ ալիցինն օժտված է հակաբակտերիալ հատկություններով։ Ըստ գիտնականների՝ սխտորը արգելակում է վարակների մուտքը բջիջիներ և ուժեղացնում է մեր մարմինը, որպեսզի այն արդյունավետորեն պայքարի օտարածին ներխուժումների դեմ։

Լավացնում է մաշկի և մազերի որակը

Սխտորում առկա հակաօքսիդանտներն ու հակաբակտերիալ նյութերը մաքրում են մաշկը՝ սպանելով ակնե առաջացնող բակտերիաներին։ Մաշկի վրա տարածելիս սխտորը կարող է գրգռել մաշկն ու այրոցներ առաջացնել։ Եվ սա վերաբերում է ոչ միայն թարմ սխտորին, այլ նաև սխտոր պարունակող դիմակներին ու քսուքներին։ Այդ պատճառով նախքան մաշկին սխտոր տարածելը նպատակահարմար է ստանալ անհատական խորհրդատվություն մաշկաբանից։ 

Վիտամին B6-ը և C-ն, մագնեզիումը և սելենը նպաստում են մազերի աճին։ Իր բնական հակամանրէային և հակասնկային հատկությունների շնորհիվ սխտորը սպանում է բակտերիաներն ու պաշտպանում գլխամաշկը։

Իջեցնում է արյան ճնշումը

Սխտորը կարող է որոշակիորեն իջեցնել արյան ճնշումը՝ հիմնականում արյունատար անոթները լայնացնելու իր հատկության միջոցով։

Կանխում է քաղցկեղն ու պեպտիկ խոցը

Մեծ քանակի հակաօքսիդանտների շնորհիվ սխտորը մեզ պաշտպանում է թոքի, շագանակագեղձի, միզապարկի, ստամոքսի, լյարդի, հաստ աղիքի քաղցկեղից։ Հակաօքսիդանտները նաև պաշտպանում են ազատ ռադիկալների ծերացնող հետևանքներից։

Ազդում է սրտի առողջության վրա

Սխտորը կարող է նվազեցնել արյան մեջ լիպիդների քանակը, ինչը նշանակում է խոլեստերինի ավելի ցածր մակարդակ։ Առողջ սիրտ ունենալու համար սխտորի հստակ չափաբաժին հնարավոր չէ խորհուրդ տալ, սակայն նպատակահարմար է շաբաթական սպառել մոտ չորս պճեղ թարմ սխտոր։

Թույլ է տալիս ավելի երկար զբաղվել սպորտով

Հին Հունաստանում մարզիկները սպորտային մրցումներից առաջ ուտում էին սխտոր։ Այս մշակաբույսն արտադրում է ազոտաթթու, ինչը հանգստացնում է արյունատար անոթները, իջեցնում արյան ճնշումը, օգնում է, որ աշխատող մկաններին ավելի շատ թթվածին հասնի։

Թուլացնում է բորբոքային պրոցեսները

Սխտորն արգելակում է բորբոքային որոշ պրոցեսների զարգացումն օրգանիզմում, ինչի շնորհիվ սխտորի յուղը հաճախ քսում են բորբոքված հոդերի և մկանների վրա։

Սխտոր և վարակներ

Դեռ վաղ ժամանակներից եղել են կարծիքներ, որ սխտորը բուժում է մրսածությունն ու գրիպը, սակայն այս տեսակետները հավաստող գիտական ուսումնասիրություններ դեռևս չկան։ Այնուամենայնիվ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սխտորը կարող է թեթևացնել ախտանշանների դրսևորումը։

Երբ 2020 թվականի սկզբին կորոնավարակը սկսեց լայնորեն տարածվել աշխարհով մեկ, համացանցում հայտնվեցին վարակը կանխելու և բուժելու տարատեսակ մեթոդներ։ Դրանցից մեկն այն էր, որ եռացրած սխտորի ջուրը կօգնի անմիջապես ազատվել հիվանդությունից։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրում է

«Սխտորն առողջ մթերք է, որն օժտված է հակամանրէային որոշ հատկություններով։ Սակայն չկա որևէ վկայություն, որ սխտոր ուտելը մարդկանց պաշտպանել է նոր կորոնավարակից»։

Ի՞նչ վիճակում ուտել սխտոր և ի՞նչ չափաբաժնով

Սխտորը մեր խոհանոցներում հանդիպում է տարբեր ձևով՝ թարմ, հյութը քամած, փոշու կամ փաթիլների, թթու դրված և այլն։ Մաքսիմալ օգուտ քաղելու համար անհրաժեշտ է նախապատվություն տալ թարմ սխտորին, իսկ այլ տարբերակներն օգտագործել ըստ նախասիրության և հարմարության։ Այս կամ այն տարբերակն ընտրելիս անհրաժեշտ է նաև հաշվի առնել, թե ուտեստը պատրաստելիս ինչ տեքստուրա և համ եք ուզում ստանալ։ Օրինակ, տապակած վիճակում սխտորն ավելի նուրբ համ ունի և հալվում է բերանում, իսկ թարմ վիճակում համն ավելի սուր է։ 

Եթե ամեն դեպքում որոշում եք տապակել, սխտորն ուտեստին ավելացրեք այն ժամանակ, երբ վերջինս գրեթե պատրաստ է։ Սխտորի բաղադրիչ ալիցինն իր օգտակար հատկությունները կորցնում է 140-ից բարձր ջերմաստիճանում, իսկ սխտորն ընդհանրապես իր օգտակար հատկություններն առավելագույնս պահպանում է կտրելուց կամ ճզմելուց հետո 10 րոպեի ընթացքում։

Խորհուրդ չի տրվում խանութից գնել նախապես կտրատված, փաթեթավորված սխտոր, քանի որ այդ տարբերակները գրեթե միշտ պարունակում են հավելումներ, որոնք մթերքին գեղեցիկ տեսք են հաղորդում և երկարացնում պահպանման ժամկետը։

Թարմ սխտոր ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն լինի չոր, պինդ, չծլած վիճակում, իսկ գնելուց հետո պահեք մութ, սառը վայրում (ոչ սառնարան)։ Սխտորի ամբողջական գլուխը կարող եք պահել մինչև մի քանի ամիս, բայց անհատական պճեղներն անհրաժեշտ է օգտագործել 10 օրվա ընթացքում։ Լավ սխտորը նաև պետք է սպիտակ գույն ունենա։ Եթե գույնը դեղին է, ապա ավելի լավ է այն չօգտագործել։

Սխտորը կարող եք օգտագործել աղցանների մեջ և սոուսների, ինչպես նաև առավոտյան դատարկ ստամոքսին կուլ տալ 1-2 պճեղ սխտոր, որից հետո խմել ջուր։ Նախաճաշից առաջ այս տարբերակին հետևելը ուժեղ հակաբիոտիկ է, քանի որ ստամոքսը դատարկ է, և բակտերիաներին սպանելն ավելի արդյունավետ է։ 

Թեև չկան պաշտոնական ցուցումներ, թե որքան սխտոր ուտել ամեն օր, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրական 1-2 պճեղը (3-6 գրամ) լիովին բավարար է առողջ լինելու համար։ Պարզապես հիշեք մեկ կարևոր հանգամանք։ Սխտորը, ինչպես նաև սոխը, ծնեբեկը, բրոկոլին պարունակում են ֆրուկտաններ, որոնք այս մշակաբույսները դարձնում են դժվարամարս։ Նրանք, ովքեր ունեն զգայուն ստամոքս, պետք է նվազեցնեն սխտորի չափաբաժինը և խուսափեն այն հում վիճակում ուտելուց։

Չափից շատ սխտոր ուտելը կարող է առաջացնել այրոցներ, գազեր, սրտխառնոց, փորլուծություն, արնահոսություն։ Խորհուրդ չի տրվում այն շատ օգտագործել, եթե ընդունում եք դեղամիջոցներ կամ պատրաստվում եք վիրահատություն տանել։

Դե, իսկ եթե թարմ սխտոր ուտելու պատճառով ձեզ վատ եք զգում, անպայման փորձեք մեր սխտորի սոուսը, որը ուտելուց հետո ոչ մի տհաճ զգացողություն չի առաջանում։ Կամ պարզապես փորձեք համով սոուսը, որը հրաշալի համադրվում է խորոված հավի հետ։