Տնական հաց թխելու գաղտնիքներ և բաղադրատոմսեր

Ովքեր գոնե մեկ անգամ թխել են հաց, կհամաձայնեն, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Խմորի հետ աշխատելն առհասարակ որոշակի հմտություն ու փորձ է պահանջում, բայց հաց թխելն ունի նրբություններ, որոնց չենք հանդիպում, օրինակ, թեթև կարկանդակներ պատրաստելիս։

Այս հոդվածում կիսվելու ենք հաց թխելու մի քանի գաղտնիքներով, ինչպես նաև ներկայացնելու ենք եգիպտացորենի, ցորենի, վարսակի ալյուրով հաց թխելու մանրամասն բաղադրատոմսեր։ 

5 գաղտնիք ամեն անգամ իդեալական հաց ստանալու համար

#1 Ճշգրտորեն կշռե՛ք և չափե՛ք բաղադրիչները

Հաց թխելու գլխավոր գաղտնիքը չափաբաժինների ճիշտ ընտրությունն է։ Այս հարցում չսխալվելու համար ցանկալի է ձեռք բերել խոհանոցային կշեռք, որը թույլ կտա բաղադրիչները կշռել գրամ առ գրամ և ստանալ ճշգրիտ համամասնություն։ Ինչ վերաբերում է բաժակներին, ապա պետք է հստակորեն տեղեկանալ, թե բաղադրատոմսում քանի մլ-անոց բաժակի մասին է խոսքը, քանի որ երկրից երկիր, ընտանիքից ընտանիք ստանդարտ բաժակի մլ-ները կարող են տարբերվել։ 

#2 Առանձնացրե՛ք աղը և խմորիչը

Թույլ մի տվեք, որպեսզի աղը և խմորիչը ուղղակիորեն խառնվեն իրար։ Տարայի մեջ ավելացնելիս աղը լցրեք մի կողմում, խմորիչը՝ մեկ այլ։ Այս բաղադրիչներն անհրաժեշտ է նախ առանձին-առանձին խառնել ալյուրի հետ, այնուհետև՝ իրար։ 

#3 Մի՛ ավելացրեք չափից շատ ջուր

Անհրաժեշտ է ավելացնել այնքան ջուր, որը կբավականեցնի խմորից մեկ ամբողջական գունդ ձևավորելու և տարայի հատակն ու պատերը «մաքրելու» համար։ Արդյունքում ստացվում է մաքուր տարա և մեկ գունդ խմոր, որի հետ հեշտությամբ կարող եք աշխատել։

#4 Ջեռոցի տաքությունը դուրս մի՛ թողեք

Խմորը ջեռոց տեղափոխելուց հետո 20 րոպեի ընթացքում արգելվում է ջեռոցի դուռը բացել․ անհրաժեշտ է թույլ տալ, որ խմորը բարձրանա, իսկ վերին շերտը դառնա խռթխռթան։ 20 րոպեն լրանալուց հետո թեև կարելի է դուռը բացել, բայց չի կարելի դա անել հաճախակի, քանի որ հացը ձեռք կբերի ավելորդ փափկություն։ 

#5 Նախապես տաքացրե՛ք ջեռոցը

Հացի խմորը սիրում է ինչպես տաքություն, այնպես էլ գոլորշի։ Ջեռոցը նախապես տաքացրեք 15-20 րոպե, իսկ թխելու ընթացքում ցանկալի է, որ գոլորշու աղբյուր ստեղծեք հացի համար։ Տապակի մեջ եռացող ջուր լցրեք, տեղադրեք ջեռոցի մեջ, որից հետո վերևի հարկում տեղադրեք հացի խմորը և ջեռոցի դուռը փակեք։ 

Տնական անուշաբույր հացի 4 համեղ բաղադրատոմս

Ինչպես խոստացել էինք՝ կիսվում ենք եգիպտացորենի, ցորենի և վարսակի ալյուրներով պատրաստված հացերի բաղադրատոմսերով։

#1 Եգիպտացորենի ալյուրով

Եգիպտացորենի ալյուրն ինքնին քացրահամ է, և այս ալյուրով թխված հացը նմանվում է բիսկվիթի՝ քաղցրահամ, նուրբ, փափուկ։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 3 ձու 
  • 200 գրամ շաքարավազ 
  • 280 գրամ եգիպտացորենի ալյուր 
  • 120 մլ կաթ 
  • 100 գ թթվասեր
  • 50 գրամ կարագ 
  • 1 թեյի գդալ վանիլի էքստրակտ 
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ

Ձուն և շաքարավազը հարում ենք մինչև սպիտակ զանգված դառնալը։ Աստիճանաբար ավելացնում ենք թթվասերը, հետո կարագը, կաթը և վանիլի էքստրակտը։ Մինչ հարիչը կխառնի բաղադրիչները, մաղում ենք եգիպտացորենի ալյուրը և խառնում փխրեցուցիչի հետ, որից հետո աստիճանաբար ավելացնում ենք տարայի զանգվածի վրա։ 

Ջեռոցի տարայի հատակի պատերին և հատակին բուսական յուղ ենք տարածում և տեղադրում ենք կալկա։ Խմորը հավասարապես տարածում ենք տարայի մեջ։ Տեղափոխում ենք ջեռոց և թխում 180°C-ի ներքո 35-40 րոպե:

#2 Ցորենի ալյուրով (սպիտակ, ջեռոցի մեջ)

Ցորենի սպիտակ ալյուրը վերամշակված ցորենից ստացված ալյուրն է, որը հացի փաթեթների վրա կարելի է հանդիպել նաև «‎բարձր կարգի ալյուր» մակնշմամբ։ 

Այս տեսակի մեջ օգտակար նյութերն ավելի քիչ են, քան առաջին և երկրորդ կարգի ալյուրի մեջ, բայց հենց բարձր կարգի ալյուրն է գերիշխում ինչպես խանութի հացերի, այնպես էլ տորթերի ու թխվածքաբլիթների բաղադրության մեջ։ 

Մյուս կողմից՝ բարձր կարգի ալյուրով պատրաստված հացն ավելի սիրված ու տարածված է սպառողների շրջանում (Հրազդան, Մատնաքաշ, Ծաղիկ և այլ հացեր)։

Ամենապարզ բաղադրատոմսի համար անհրաժեշտ է՝

  • 500 գրամ ալյուր
  • 450 մլ գոլ ջուր
  • 1 թեյի գդալ խմորիչ
  • 1,5 թեյի գդալ աղ
  • 1,5 թեյի գդալ շաքարավազ

Ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք խմորիչը և խառնում։ Այնուհետև ավելացնում ենք աղն ու շաքարավազը և խառնում։ Վերջում ավելացնում ենք ջուրը և գդալով խառնում այնքան, մինչև ստանանք կպչուն խմոր։ Գունդ ստանալուց հետո տարան ծածկում ենք սննդային թաղանթով և թողնում սենյակային ջերմաստիճանում 2 ժամ։ 

Ժամանակը լրանալուց հետո գունդը տեղափոխում ենք ալյուրով պատված կալկայի վրա, կիսում և երկու գնդերին տալիս ենք մեր նախընտրած հացի տեսքը։ Եվս 1 ժամ թողնում ենք սենյակային ջերմստիճանում, որից հետո թխում ենք 220°C-ի ներքո 30-35 րոպե։

Քանի որ հացի տեսակները բազմաթիվ են, իսկ ճաշակները՝ տարբեր, ներկայացնում ենք ցորենի ալյուրով պատրաստված հացի մեկ այլ բաղադրատոմս, որի համար մի փոքր այլ բաղադրիչներ են հարկավոր։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 1,5 թեյի գդալ խմորիչ
  • 0,5 մլ գոլ կաթ
  • 50 գ հալած կարագ
  • մաղած ալյուր
  • շաքարավազ
  • աղ
  • ձու

Տարայի մեջ լցնում ենք խմորիչը, ավելացնում 1 թեյի գդալ շաքարավազ, 200 մլ գոլ կաթ և խառնում։ Ավելացնում ենք նաև 5 ճաշի գդալ ալյուր և կրկին խառնում։ Տարան ծածկում ենք սննդային թաղանթով կամ սրբիչով և 30 րոպե թողնում տաք սենյակում, որպեսզի խմորիչն ակտիվանա։

Առանձին տարայի մեջ լցնում ենք 300 մլ գոլ կաթ, 2 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ, 1 ձու։ Խառնում ենք և ավելացնում արդեն հասունացած խմորիչով տարայի զանգվածի վրա։ Խառնում ենք և աստիճանաբար ավելացնում 700 գրամ մաղած ալյուր։ Ավելացնում ենք նաև կարագը։ Խմորը ձեռքերով հունցում ենք 10 րոպե։

Ապակյա տարայի պատերին քսում ենք բուսական յուղ և խմորը տեղափոխում տարայի մեջ։ Տարան ծածկում ենք սննդային թաղանթով կամ սրբիչով և 1,5-2 ժամ թողնում տաք սենյակում։

Խմորը կիսում ենք և երկու գնդերը գրտնակով բացում ենք, մինչև ստանանք 1 սմ հաստությամբ ուղղանկյունաձև խմորներ։ Փաթաթում ենք ռուլետի տեսքով, ծայրերը փակում ենք, տեղափոխում ենք կալկայով պատված ջեռոցի թավայի վրա և թողնում 1 ժամ։ Հացերի վրա կատարում ենք 6-7 կտրվածքներ, որպեսզի ստանա բատոնի տեսք և թողնում 15 րոպե։

Ձուն կոտրում ենք, հարում և ավելացնում ենք մեկ պտղունց աղ։ Քսում ենք հացերի վրա, որպեսզի թխվելու ընթացքում կարմրեն և ախորժելի տեսք ձեռք բերեն։ Ցանկության դեպքում կարող ենք զարդարել սև կամ սպիտակ քունջութի սերմերով։ Թխում ենք ջեռոցում 180°C-ի ներքո 35-40 րոպե։

#3 Ցորենի ալյուրով (սպիտակ, հաց թխող սարքի մեջ)

Հաց թխող սարք ունենալու դեպքում խնայում եք հսկայական ժամանակ ու էներգիա, քանի որ սարքը կատարում է աշխատանքի առյուծի բաժինը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 600 գրամ ալյուր
  • 2 ճաշի գդալ չոր կաթ
  • 6 թեյի գդալ շաքարավազ
  • 2 թեյի գդալ աղ
  • 3 ճաշի գդալ բուսական յուղ
  • 350 մլ գոլ ջուր
  • 2,75 թեյի գդալ խմորիչ

Հաց թխելու սարքի դույլի մեջ հերթականությամբ լցնում ենք գոլ ջուրը, շաքարավազը, աղը, չոր կաթը, բուսական յուղը, ալյուրը, խմորիչը։ Բաղադրիչները խառնելու կարիք չկա, դա կատարվելու է հենց սարքի կողմից։ 

Դույլը տեղադրում ենք սարքի մեջ և ընտրում սովորական հաց թխելու համար նախատեսված ռեժիմը։ Հացը պատրաստելու համար անհրաժեշտ է լինելու 3 ժամ, որի ընթացքում սարքը նախ հունցելու է խմորը, այնուհետև թխելու է հացը։ 

#4 Վարսակի ալյուրով

Սա մեր ցանկի ամենաառողջարար և միաժամանակ դիետիկ հացն է։ Վարսակը բարդ ածխաջուր է, ինչը նշանակում է, որ օրգանիզմն այն դանդաղ է մարսում, իսկ մենք երկար ժամանակ ունենում ենք կուշտ լինելու զգացողություն։ Բացի այդ՝ վարսակը վիտամինների ու հանքանյութերի աղբուր է։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 200 գրամ վարսակ
  • 150-200 գրամ մածուն (կարելի է փոխարինել կաթով)
  • 2 ձու
  • 0,5 թեյի գդալ աղ
  • 0,5 թեյի գդալ քացախ
  • 0,5 թեյի գդալ սոդա
  • դդմի, արևածաղկի, քունջութի, կտավատի սերմեր (զարդարելու համար)

Վարսակի փաթիլները տեղափոխում ենք հարիչի մեջ, ավելացնում աղ և հարելով վերածում ենք ալյուրի։ Ավելացնում ենք ձուն, այնուհետև մածունը, սոդան և քացախը։

Ձևամանի մեջ տեղադրում ենք կալկա, իսկ պատերին քսում ենք բուսական յուղ։ Եթե չեք խուսափում կամ խիստ սննդակարգի չեք հետևում, բուսական յուղ կարելի է ավելացնել նաև խմորի մեջ՝ 2 ճաշի գդալի չափով։ Խմորը տեղափում ենք ձևամանի մեջ, զարդարում սերմերով՝ ըստ ճաշակի։ Թխում ենք ջեռոցում 180°C-ի ներքո 30-40 րոպե:

Որքան էլ բարդ լինի հաց թխելը, այն ունի մի շարք առավելություններ։ Դուք այն պատրաստում եք ձեր իսկ ընտրած թարմ բաղադրիչներով, պահպանում եք մաքրության բոլոր կանոնները, ինչպես նաև կարողանում եք կառավարել այս կամ այն բաղադրիչի քանակը։ 

Եթե այս երեկո ձեռնամուխ եք լինելու հաց թխելու բարդ ու ժամանակատար գործին, ապա ընթրիքի մյուս ուտեստների հարցում կարող եք դիմել Foody-ի խոհարարներին։ 

Պատվիրեք համեղ, թարմ ընթրիք մեր ճաշացանկից՝ աղցան, մսային ուտեստ, ապուր, խավարտ և ամբողջացրեք այն տնական, անուշաբույր, ամենամեծ սիրով պատրաստված հացով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով