5 լավ ֆիլմ՝ Foody-ի հետ

2020 թվականն ամբողջ աշխարհի համար ծանր տարի ստացվեց։ Վիճակը փոքր-ինչ մեղմում էին մեկը մեկից հրաշալի ֆիլմերը, որոնք լցրեցին ֆիլմասերների գորշ ու տաղտուկ օրերը։ Այսօր ուզում ենք պատմել այդ ֆիլմերից հինգի մասին՝ զուգահեռ խորհուրդ տալով, թե մեր որ ուտեստների հետ այն կարելի է համադրել։ Այսպես և՛ երեկոյան նայելիք ֆիլմի հարցը կլուծվի, և՛ հավերժական՝ «ի՞նչ ուտել այսօր» հարցի թեման կփակվի։ Քանի որ ֆիլմերի հայերեն հնչյունավորումը դեռ չկա՝ թողնում ենք նաև ֆիլմերի անվանումների ռուսերեն թարգմանությունները՝ եթե կցանկանաք այլ լեզվով դիտել։ Վստահ ենք՝ հնգյակում հաստատ կգտնեք ֆիլմեր, որոնք շատ կսիրեք։

I Care a Lot / Аферистка

Ֆիլմը նայելիս հակասական զգացումներ ես ունենում, բայց դրանք հնարավոր է նկարագրել մեկ ձայնարկությամբ․«Վա՛ու»։ Մի կողմից՝ ներսիդ լուսավոր կողմը լարվածություն է զգում, քանի որ հասկանում է՝ այն, ինչ անում է գլխավոր հերոսուհին սարսափելի դատպարտելի է ու անընդունելի։ Բայց մյուս կողմում ներսիդ «մութ ուժերն» են, որոնք ապրումակցում են նրան ու քեզնից անկախ մտածում ես՝ տեսնես վերջում ի՞նչ կլինի, նա կհաղթի՞։

Մարլան ստեղծել է իր ընկերությունը, որն, առաջին հայացքից, հրաշալի գործ է անում՝ հոգ է տանում ծերերի մասին՝ տեղավորելով նրանց ծերանոցներում, կցում է սոցաշխատողների, որոնք օգնում են միայնակ կանանց ու տղամարդկանց․․․Լավ է հնչում, չէ՞։ Բայց արի ու տես, որ սա հրաշալի մտածված բիզնես պլան է․ Մարլան, համագործակցելով տարբեր՝ պետական ու մասնավոր կառույցների հետ, նախ՝ մարդկանց փակում է ծերանոցներում, հետո յուրացնում է նրանց գույքն ու գումարը՝ տարիքով անձանց հիվանդ ու անկարող լինելու կեղծ պատճառաբանությամբ։ Ամեն ինչ այսպես էլ կշարունակվեր, եթե շատ պատահաբար Մարլայի թիրախը չդառնար մի կին, որի հետ, մեղմ ասած, կապվել այդքան էլ չարժեր․․․

Սա լարված ու հետաքրքիր ֆիլմ է՝ սրընթաց սյուժեով, գեղեցիկ օպերատորական աշխատանքով, սրամիտ երկխոսություններով։ Այն նաև մեկ յուրօրինակություն ունի․ երբ ֆիլմն ավարտվի ու փորձեք այն «վերծանել», կհասկանաք, որ ֆիլմում ոչ մի, բացարձակ ոչ մի դրական հերոս չկա, և հենց դա էլ ֆիլմին արժեք է տալիս։

Իսկական պիցցայով վայելելու ֆիլմ է։ Foody-ն պիցցաների մեծ ընտրություն ունի, կընտրեք ամենակծուն ու ամենասուր համեր ունեցողը՝ իսկը ֆիլմի պես։ Վստահ ենք՝ և՛ ֆիլմի ավարտը, և՛ մեր պիցցաները ձեզ շատ կտպավորեն։

 The Father / Отец

Վերջերս Էնթոնի Հոփքինսը այս ֆիլմի համար «Օսկար» ստացավ։ Բոլորը միաձայն փաստեցին՝ արժանի էր։ Եթե ֆիլմի մասին կարճ խոսենք՝ ծանր է, չափից դուրս ծանր է, ու իսկապես, եթե ուզում եք երեկոն թեթև ու ուրախ անցկացնել, ավելի լավ է շրջանցեք այս ֆիլմը։ Իսկ եթե մտորելու ու ավելի բարդ կազմություն ունեցող ֆիլմի տրամադրություն կա՝ լավագույն տարբերակն է։

Էնթոնի Հոփքինսը նույնանուն կերպարի դերում է՝ ութսունի շեմը հատած մի տղամարդու, որը միայնակ ապրում է լոնդոնյան իր մեծ բնակարանում՝ հետը ստիպված լինելով քարշ տալ դեմենցիան ու Ալցգեյմերի հիվանդությունը։ Նա համառորեն հրաժարվում է բուժքրոջ կամ օգնականի ծառայություններից՝ չնայած դրա կարիքը շատ է զգացվում։ Նրա դուստրը՝ Աննան, ամեն կերպ փորձում է աջակցել հորը, սակայն՝ ապարդյուն։

Էնթոնին խճճվում է սեփական բնակարանում ու մտքերում, կորցնում է կապը իրականության հետ, չի հասկանում՝ ի վերջո մենա՞կ է ապրում, թե՞ աղջկա հետ, ամեն անգամ զարմանում է՝ նոր մարդկանց տեսնելիս ու իր իսկ ապրումների օգնությամբ շուրջբոլորը ստեղծում չկրկնվող տրամադրություն՝ մռայլ, տխուր, ծանր, բայց, հավանաբար, անհրաժեշտ, որովհետև այս ֆիլմը դիտելուց հետո ցանկություն ես ունենում երկար մտորելու։ Ֆիլմը, միանշանակ, դիտել պետք է։ Ուղղակի նախ տրամադրվեք։

Ոնց հասկացաք՝ ավելի լավ է գինիներով զինվեք։ Մի բաժակ լավ գինին ու Foodyսթեյքերը՝ մսային ու ձկնային, կօգնեն հնարավորինս թեթև հաղթահարել զգայական տատանումները։

Pieces of a Woman / Фрагменты женщины

Այս ֆիլմում կինն է՝ իր հոգեբանական բազում ու անվերջանալի շերտերով։ Այն ևս հեշտ մարսվողներից չէ, կարծիքներն էլ հակասական են․ոմանք ասում են՝ ֆանտաստիկ լավն է, իսկական դրամա է՝ դասական լուծումներով։ Մյուսներն ասում են՝ ձանձրացնող է, կեսից ցանկություն կա անջատելու, չափազանց մռայլ է ստացվել ու գերէմոցիոնալ է։

Երիտասարդ մայրը ծննդաբերելիս որոշ դժվարությունների պատճառով կորցնում է իր երեխային։ Նա փորձում է հաղթահարել սուգը՝ զուգահեռ փորձելով հասկանալ իր կյանքի մնացած կողմերը, քննելով իր ու ամուսնու, իր և մոր հարաբերությունները։

Եթե դրամայի սիրահար եք՝ կգնահատեք։ Իսկ արդյոք ֆիլմը լավն է, թե գերագնահատված՝ ամեն մարդ իր համար կորոշի։ Մեր կողմից խորհուրդ ենք տալիս ֆիլմը աղցաններով համեմել․ մեր կայքում դրանք բազմազան են։

 Another round / Еще по одной

 Սահուն անցում կատարենք Թոմաս Վինտերբերգի նոր ֆիլմին, որը շատ կոլորիտային է ստացվել։ Ֆիլմի գույները, տրամադրությունը միանգամից աչք են ծակում։ Սյուժեն ևս գրավիչ է․Մարտինը պատմության ուսուցիչ է դանիական դպրոցներից մեկում։ Ժամանակին երազում էր սարեր շուռ տալ ու կյանքը նվիրել գիտությանը, իսկ հիմա միջին վիճակագրական ուսուցիչ է, որի դասերն այնքան անիմաստ են անցնում, որ աշակերտներն անգամ չեն ջանում թաքցնել ձանձրույթը։ Մարտինի երեխաներն առանձնապես տպավորված չեն իրենց հայրիկով, կնոջ աշխատանքը գիշերային հերթափոխով է ու առանձնապես չեն շփվում։ Մի օր դպրոցի հոգեբան, Մարտինի ընկեր Նիկոլայը նրան պատմում է մի տեսության մասին, ըստ որի՝ մարդուն ծնված օրից պակասում է 0.5 պրոմիլի ալկոհոլ, և եթե ամեն օր այդքան ընդունեն՝ երջանիկ կլինեն։ Ընկերները որոշում են փորձարկել հիպոթեզը։ Արդյունքը երկար չի սպասեցնում՝ դասերը սկսում են անցնել ավելի ուրախ, կյանքը դասավորվում է ու առհասարակ՝ թվում է, թե կյանքի սև գիծը վերափոխվում է հավերժական սպիտակի։ Բայց այստեղ ևս շատ «բայցեր» են մնում։

Խորովածից ո՞նց եք։ Մենք՝ շատ լավ։ Համ հաճույքով պատրաստում ենք, ըստ առիթի էլ՝ մեծ հաճույքով ուտում։ Կարծում ենք՝ գլխավոր հերոսին ապրումակցելու համար համեղ ընթրիքը հաստատ չի խանգարի, և այս դեպքում խորովածը կամ մսային այլ ուտեստները տեղին կլինեն։

Soul / Душа

Այս անիմացիոն ֆիլմը շատ արագ սիրվեց ու մեծ տարածում գտավ ամբողջ աշխարհում։ «Հոգին» կյանքի նպատակը փնտրելու, չհանձնվելու, ամեն օրվա մեջ իմաստ գտնելու մասին է՝ համեմված երաժշտությամբ, նուրբ հումորով ու փիլիսոփայական դիպուկ դիտարկումներով, որոնք դեռ երկար կհիշեք։

Ֆիլմի գլխավոր հերոսը դպրոցում դասավանդող երաժշտության ուսուցիչ Ջո Գարդներն է, որը պատահաբար հայտնվում է մի աշխարհում, որտեղ մարդը ստանում է իր «ներքին կերպարանքը»՝ բնավորությունը, ցանկություններն ու ակնկալիքները։ Այստեղ նա ծանոթանում է «22» անունն ունեցող երիտասարդ հոգու հետ ու սկսում իր ճանապարհը դեպի ներս՝ ուսումնասիրելու ինքն իրեն ու հասկանալու սեփական զգացմունքները։

Քանի որ ֆիլմը անիմացիոն է, երեխաներին ևս դուր կգա։ Այնպես որ արժի մենյուն կազմակերպել ըստ երեխաների նախասիրությունների․համադրեք մեր հավի նագեթների, հավի ռոլերի, կոտլետների, ֆրիի ու խաչապուրիների հետ։ Գեղեցիկ ու ջերմ երեկոն երաշխավորում ենք։