5 միֆ սննդի մասին

Սննդի, ուտելու մշակույթի մասին այնքան շատ միֆեր են տարածվել, որ երբեմն իսկապես դժվար է հասկանալ՝ տվյալ պնդումն իրակա՞ն է, թե՞ ընդամենը հորինվածք։ Այսօր որոշել ենք անդրադառնալ նման միֆերից ամենահայտնիներին, որոնք հնչում են շատ վստահ ու համոզիչ, բայց արի ու տես, որ  ճիշտ չեն։ Քանի որ նման միֆերը շատ ենք, խոստանում ենք պարբերաբար անդրադառնալ դրանց։ Ահա առաջին հնգյակը․

  1. Ֆրուկտոզան նույնչափ վնասակար է, որքան գլյուկոզան, ու եթե ուզում եք քաշ կորցնել, պիտի հրաժարվեք նաև մրգերից

Ֆրուկտոզան մրգերի բնական քաղցրացուցիչն է, ու հաճախ անգամ սննդաբաններն են կռիվ տալիս իր հետ՝ համառորեն պնդելով, որ եթե ուզում եք պահպանել քաշը, պիտի անպայման բացառեք բոլոր մրգերը։ Սա սխալ պնդում է, որովհետև նույն այդ ֆրուկտոզան շատ անհրաժեշտ է ուղեղի ու այլ օրգանների լավ աշխատանքի համար։ Նաև ցանկալի կլինի փոխեք սննդաբանին։

Առողջ սննդին հետևելիս ծայրահեղությունների մեջ ընկնելը կարող է շատ ավելի վնասակար լինել, քան եթե շարունակեիք սխալ սնվել։ Իհարկե, կան մրգեր, որոնք այդքան էլ օգտակար չեն, ու շատ ուտել խորհուրդ չի տրվում։ Օրինակ՝ բանանը կամ տանձը, գիլասը։ Բայց հատկապես առավոտյան ժամերին որոշակի քիչ քանակով մրգեր օգտագործելը ոչ միայն ցանկալի է, այլև՝ անհրաժեշտ։ Ցանկացած տեսակի քաղցրից կտրուկ հրաժարվելու դեպքում շատ արագ ճնշման տատանումներ ձեռք կբերեք, անընդհատ հոգնածություն կզգաք, դե վատ տրամադրության մասին էլ չենք ասում։ Այնպես որ, առավոտյան ժամերին սիրելի միրգը վայելելը գեղեցիկ կազմվածքին չի վնասի, անգամ կարող եք դառը շոկոլադով համեմել, վնաս չկա։ Իսկ եթե մրգեր այդքան էլ չեք սիրում՝ հատապտուղները հրաշալի փոխարինիչ են։

2. Ուշ ժամի ուտել չի կարելի

Նայած՝ ուշ ժամ ասելով ինչ ենք հասկանում։ Եթե դուք վերջին անգամ սնվում եք երեկոյան վեցին, բայց քնում եք գիշերվա երկուսին, ի՞նչ եք կարծում, ցավացող ու բացարձակ դատարկ ստամոքսն իսկապե՞ս առողջանալու լավագույն ճանապարհն է։ Եթե այսպես երկար շարունակեք, գուցե և նիհարեք, բայց փոխարենը ձեռք կբերեք ստամոքսի բարձր թթվայնություն, գաստրիտ, ստամոքսի ցավեր, այրոցի զգացում ու մի շարք այլ տհաճ խնդիրներ։ Բացի դրանից, չեք կարող ամբողջ կյանքի ընթացքում միշտ պահպանել այդ քաղցած ռեժիմը։ Հենց փոքր-ինչ խախտեք ու վեցից հետո սնվեք՝ շատ արագ քաշ եք հավաքելու, որովհետև օրգանիզմի համար անսովոր շարժ է լինելու ու այն էքստրեմալ կերպով էլ արձագանքելու է։

Սնունդի վերջին ընդունումը պետք է քնից չորս ժամ առաջ լինի։ Իհարկե հրաշալի կլինի, որ ուտելիքը լինի թեթև ու բալանսավորված։ Բայց ոչ մի դեպքում ստամոքսը ժամեր շարունակ դատարկ մի թողեք, կարևորը հիշեք՝ անգամ եթե դրական փոփոխություն տեսնեք, դա ժամանակավոր է ու հետագայում վնասները կրկնակի են լինելու։

3. Բարձր յուղայնություն ունեցող կաթնամթերքը վնասակար է

Զրո տոկոս յուղայնությամբ կաթ, զրո տոկոս յուղայնությամբ կաթնաշոռ․․․ հետո՞։ Եթե կաթնամթերքից քամում ու հանում են բոլոր օգտակար էլեմենտները, էլ ո՞րն է իմաստը այն ուտելու։

Կաթնամթերքում առկա յուղայնությունը օգտակար է մեր օրգանիզմին։ Այստեղ ևս արժի չափավորել կաթնամթերքի օգտագործման քանակը ու շատ չտարվել խիստ յուղային տեսակներով, բայց չափավոր քանակը վնաս չի տա։ Այս միֆը մեծ տարածում է գտել ու դարձել մարքեթինգային լավ թիրախ։ Շատերն էլ հավատում են, որ եթե յուղայնությունը զրո տոկոս է, ապա կարող են անվերջ քանակով օգտագործել։ Անգամ եթե յուղազերծված կաթնամթերք եք օգտագործում, մեկ է, չափի մասին մոռանալ պետք չէ:

4. Մեղրը շաքարավազի լավագույն փոխարինիչն է, կարելի է անսահմանափակ օգտագործել

Մեղրն, անշուշտ, շատ օգտակար է։ Բայց խնդիր կա՝ այն խիստ ալերգեն է, դուք կարող եք երբեք ոչնչից ալերգիա չունենալ, բայց մեղրը չարաշահելու դեպքում մի օր կարթնանաք ու կբացահայտեք, որ ալերգիկ հակումներ եք ձեռք բերել։

Մեղրն իսկապես լավ փոխարինիչ է, բայց ցանկացած ուտեստի մեջ մեղր ավելացնել հաստատ խորհուրդ չենք տա։ Նախ, մեղրը այդքան էլ հեշտ չէ մեծ քանակով օգտագործել։ Իհարկե կան մարդիկ, որոնք կարող են մեծ գդալով մեղր ուտել՝ մինչև կտեսնեն տարայի հատակը, բայց և այնպես, նրանք ավելի շատ բացառություն են, և հետո, հաստատ ամեն օր նույն քանակությամբ ուտել չեն կարողանա։

Առօրյա սննդակարգում մեղր օգտագործելը հրաշալի միտք է, բայց խիստ տարվել պետք չէ։ Բնական այլ քաղցրացուցիչներ կան, որոնք կարող եք համադրել մեղրի հետ։ Մոտ ժամանակներս այդ բնական քաղցրացուցիչների մասին ևս կպատմենք:

5. Սառեցրած ուտելիքը  պակաս օգտակար է, քան թարմը

«Բնականը թողած հո սառեցրածը չե՞ք ուտելու, որ սառում է՝ առողջարար բոլոր էլեմենտները կորցնում է»։ Հավանաբար չկա մի տուն, որտեղ այս զրույցը չի եղել։ Մեր մայրիկներն էլ են սիրում բանջարեղեն սառեցնել, բայց դե իրենք էլ են միշտ թերահավատությամբ վերաբերվում այդ մրգերին ու բանջարեղենին՝ նախապատվությունը տալով թարմին, իսկ երբ հնարավոր չի թարմը գտնել՝ սառեցրածով ուղղակի յոլա գնալով։

Սառեցրած միրգ-բանջարեղենի օգտակարությունը խիստ կապված է դրանք հավաքելու փուլից՝ շատ հասած, թե կիսահասած ժամանակ։

Որպեսզի մրգերն ու բանջարեղենները դիմանան տրանսպորտային տեղափոխումներին ու երկար պահպանվեն, դրանք հաճախ հավաքում են կիսահասած վիճակում և դրանք հասունանում են արդեն խանութների դարակներում ու շուկայում։ Իսկ սառեցնելու համար հակառակը՝ պետք է հավաքել ամենահասուն պտուղներն ու ամենաառողջները, որպեսզի դիմանան սառելուն։ Ջորջիայի համալսարանի գիտնականները համեմատել են սառեցրած ու թարմ  պտուղներն ու գրեթե տարբերություն չեն գտել։ Ավելին, օրինակ կանաչ լոբեղենի մեջ վիտամին A-ն ու C-ն սառեցրած վիճակում ավելի լավ են պահպանվել։ Այնպես որ, սա ևս միֆ է, իհարկե թարմ միրգն ու բանջարեղենը շատ ավելի համեղ ու լավ տեսք են ունենում, բայց սառեցրածն էլ վատ փոխարինիչ չէ, կարող եք հանգիստ օգտագործել ուտեստներում։ Դե իսկ եթե պատրաստելու ժամանակ չունեք, Foody-ն միշտ ձեր կողքին է՝ թարմ ու որակյալ ուտեստներով։