«Ես ֆուտբոլ վատ եմ խաղում»․․․
«Ես թույլ եմ մաթեմատիկայից»․․․
«Ես ֆիզիկայից ոչինչ չեմ հասկանում»․․․
Ծնողները հաճախ են նման արտահայտություններ լսում իրենց երեխաներից։ Բնական է, որ երեխաների մոտ առաջանում են նման մտքեր, և նրանք չեն հավատում իրենց ուժերին, հիասթափվում են՝ չցանկանալով հաղթահարել դժվարությունը։ Սակայն ծնողերը կարող են օգնել երեխաներին ունենալ ոչ թե ֆիքսված, այլ զարգացման մտածողություն, և դա սկսվում է դեռ փոքր տարիքից։
Ներքևում կխոսենք ֆիքսված և զարգացման մտածելակերպերի տարբերությունների մասին և կհասկանանք, թե ինչու է կարևոր երեխայի մոտ վաղ տարիքից զարգացման մտածելակերպ ձևավորելը և ինչպես հասնել այդ նպատակին։
Զարգացման և ֆիքսված մտածելակերպ։ Ո՞րն է տարբերությունը
Այս երկու մտածելակերպերի մասին մանրամասն խոսել է ամերիկացի հոգեբան, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Քերոլ Դվեկն իր «Մտածելակերպ։ Հաջողության նոր հոգեբանությունը» գրքում: Նա նշում է, որ մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն իրենց կարողությունների և պոտենցիալի մասին։
Զարգացման մտածելակերպով մարդիկ համոզված են, որ ունակությունները կարող են զարգանալ։ Յուրաքանչյուրը կարող է դառնալ ավելի խելացի, եթե աշխատի այդ ուղղությամբ, ջանքեր թափի, դասեր քաղի իր սխալներից, կիրառի սովորելու տարբեր մեթոդներ։
Իսկ ֆիսքված մտածելակերպի կրողների կարծիքով՝ տաղանդը, խելքը, ունակություններն արդեն նախապես գծագրված հատկանիշներ են, և ջանալն անօգուտ է։
Ահա զարգացման մտածելակերպով առաջնորդվողների հիմնական սկզբունքները․
- Ձախողումը տալիս է սովորելու նոր հնարավորություն։
- Հնարավոր է սովորել այն ամենն, ինչ ուզում ես։
- Մարտահրավերներն օգնում են զարգանալ։
- Ջանքերն ու վերաբերմունքն են որոշում մեր ունակությունները։
- Պետք է ոգևորվել այլոց հաջողություններից։
- Քննադատությունն ընդունելի է։
Իսկ ֆիքսված մտածելակերպի մարդիկ առաջնորդվում են այն սկզբունքներով, որ․
- Պետք է խուսափել մարտահրավերներից ու ռիսկերից։
- Պետք է հեշտությամբ հանձնվել, երբ որևէ բան չի ստացվում։
- Ջանքերն ապարդյուն են․ կամ կարող ես, կամ չես կարող։
- Մարդիկ ունեն ֆիքսված և սահմանափակ ունակություններ։
- Պետք է արհամարհել քննադատությունը։
- Մեր պոտենցիալն արդեն կանխորոշված է։
Ինչո՞ւ ձգտել դեպի զարգացման մտածելակերպ
Զարգացման մտածելակերպը երեխային օգնում է ոչ միայն ավելի հաջողակ լինել դպրոցում և ավելի ինքնավստահ՝ ընկերների հետ հարաբերություններում, այլ նաև այդ մտածելակերպով շարժվել հետագա կյանքի ընթաքում։
Նման մտածելակերպով երեխաները մեծ սեր են ունենում սովորելու և նորը ստեղծելու հանդեպ, դառնում են ավելի վճռական և խելացի մարդիկ, և ավելի հաջողակ են լինում աշխատանքում։
Նրանք անընդհատ ձգտում են առաջ գնալ, նոր վերելքներ հաղթահարել և տարիներ շարունակ չկատարել միապաղաղ աշխատանք, որը թեև նրանց չի ոգևորում, բայց ռիսկեր էլ չի պարունակում։
Եվ վերջապես, հենց զարգացման մտածելակերպով անձինք են, որ դառնում են նորարարությունների հեղինակներ, հիմնում են ծաղկուն ընկերություններ և հասնում այլ հաջողությունների։
Ահա մի քանի խորհուրդ, որոնք ծնողներին կօգնեն զարգացման մտածելակերպ սերմանել երեխաների մոտ դեռ փոքր տարիքից։
Ինչպե՞ս փոքր հասակից երեխայի մոտ զարգացնել զարգացման մտածելակերպ
- Գովե՛ք երեխայի ջանքերը, ոչ թե տաղանդը։
Երբ մենք գովում ենք երեխայի տաղանդը կամ ասում, որ նա խելացի է, մենք նրա մոտ զարգացնում ենք ֆիքսված մտածելակերպ։ Երեխան սկսում է մտածել, որ նա ունի որոշակի տաղանդ ու որոշ հմտություններ, և դա է նրա հնարավորությունների սահմանը։
Զարգացման մտածելակերպ զարգացնելու համար պետք է ուշադրություն գրավել երեխայի գործադրած ջանքերի, փնտրած լուծումների, մոտեցումների վրա։ Դա ցույց է տալիս, որ հաջողության հասնում են ջանքերի շնորհիվ, որոնք երեխան կարող է կառավարել։ Օրինակ՝ ավելի ճիշտ է երեխային գովել, որ նա ճիշտ ձևով լուծեց մաթեմատիկայի խնդիրը, քան ասել, որ նա շատ ուժեղ է մաթեմատիկայից:
2. Օգնե՛ք գործադրել նպատակաուղղված ջանքեր։
«Նորից փորձիր ու կստացվի» կամ «Եթե շատ փորձես, կստացվի» և նմանատիպ արտահայտություններն իրականում կարող են ոչ թե օգնել, այլ խանգարել երեխաներին։ Եթե նրանք անընդհատ փորձում են անել նույն բանը նույն ձևով և անընդհատ ձախողվում են, դա նույնպես կհանգեցնի հիասթափության։
Եթե երեխային բացատրելու նախորդ մոտեցումները չեն աշխատում, անհրաժեշտ է փոխել դրանք և երեխային ցույց տալ նպատակին հասնելու մեկ այլ ճանապարհ։
3. Հասկացրե՛ք, որ օգնություն խնդրելը նորմալ է։
Երեխաներին պետք է սովորեցնել, որ ծնողներից, ուսուցիչներից, ընկերներից օգնություն խնդրելը շատ նորմալ է։ Պետք չէ վախենալ կամ ամաչել դրանից, քանի որ շատ հաջողությունների կարելի է հասնել փոքրիկ հուշումների, համագործակցության և առաջադրանքն ավելի փոքր մասերի բաժանելու միջոցով։
4. Խոսե՛ք ձախողման մասին և բարելավման տարբերակներ փնտրեք։
Հարցրեք ձեր երեխաներին, թե ինչ նրանք սովորեցին այս կամ այն սխալն անելուց հետո։ Ի՞նչը նրանք այլ կերպ կանեին նույն խնդրին առնչվելու դեպքում։ Ի՞նչը նրանց կօգներ խուսափել սխալից։
Նման հարցումներ կարելի է անել յուրաքանչյուր դպրոցական օրվա ավարտին և պարզել, թե ինչ դժվարությունների են երեխաները հանդիպել այդ օրը կամ ինչի վրա են շատ աշխատել։
5. Պատմե՛ք ուղեղի և դրա աշխատանքի մասին։
Երեխաները հետաքրքրասեր են և ընդունակ։ Եթե մենք երեխաներին պատմենք, թե ինչպես է ուղեղն աշխատում, նրանց աչքերը հավանաբար կփայլեն և նրանք կցանկանան իմանալ ավելին։
Անհրաժեշտ է շատ պարզ ձևով պատմել, որ ուղեղը մկան է, որն ամեն անգամ օգտագործելիս ուժեղանում է։ Որքան շատ օգտագործենք այն ու աշխատենք, այնքան ուղեղը կհզորանա, և մենք նույն գործը հաջորդ անգամ ավելի հեշտությամբ կանենք։
6. Օրինա՛կ հանդիսացեք ձեր պահվածքով ու մտածելակերպով։
Մենք կարող ենք անվերջ խոսակցություններ ունենալ մեր երեխաների հետ, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչպիսի օրինակ ենք մենք ծառայում իրական կյանքում։
Երեխային ոգևորելու համար մենք ինքներս կարող ենք խոսել մեր սխալի կամ ձախողման մասին և նշել, թե ինչ դաս քաղեցինք։
Երեխաները պետք է իրենց աչքով տեսնեն, որ մենք ձգտում ենք նոր բաներ սովորել և չենք ընկճվում դժվարությունից։ Բարձրաձայն մտածեք՝ ասելով «Սա դժվար է, ես պետք է շարունակեմ փորձել» կամ «Ես դեռ չեմ կարողանում սա անել, բայց շուտով կստացվի»։
7. Մի՛ մոռացեք ավելացնել կախարդական բառը։
«Ես սա չեմ կարողանում անել» և «Ես սա դեռ չեմ կարողանում անել» արտահատությունների միջև շատ մեծ տարբերություն կա։
Առաջին դեպքում մենք ընդունում ենք, որ դա մեզ չի հաջողվում անել ու չի էլ հաջողվի։ Իսկ երկրորդ դեպքում մենք հավատում ենք, որ սովորելը պարզապես ժամանակի հարց է։
8. Սովորեցրե՛ք անել ճիշտ ձևակերպումներ։
❌ Սա շատ դժվար է․․․ ✅ Սա ինձնից մի փոքր ժամանակ ու ջանք կպահանջի։
❌ Ես մաթեմատիկայից ոչինչ չեմ հասկանում․․․ ✅ Ես պետք է մաթեմատիկան հասկանալու համար իմ ուղեղը մարզեմ։
❌ Ես շատ վատ եմ խաղում բասկետբոլ․․․ ✅ Ես բասկետբոլ դեռ չեմ խաղում այնքան լավ, որքան կցանկանայի։
❌ Ես շատ լավ եմ կիթառ նվագում․․․ ✅ Ես սովորել եմ՝ ինչպես կիթառ լավ նվագել։
Նույնիսկ եթե երեխան շատ ուժեղ կողմեր ունի, պետք է հասկացնել, որ դա հնարավորությունների վերջը չէ, և ցանկացած հաջողության հասնելու համար պետք է պատրաստվել։
9. Օգնե՛ք սահմանել նպատակներ։
Նպատակները պետք է լինեն կոնկրետ, չափելի, հասանելի, ռեալիստական և սահմանափակված լինեն ժամանակային որևէ հատվածով։ Միանգամից շատ բարձր սպասելիքներ ունենալը միգուցե հիասթափեցնի երեխային, բայց չափավոր դժվարությունները կկոփեն նրա կամքը՝ դարձնելով ավելի համբերատար։
10. Օրինա՛կ բերեք հայտնի մարդկանց կյանքից։
Հավանաբար չկա այնպիսի երեխա, ով չի երկրպագում այս կամ այն երգչին, դերասանին կամ մարզիկին։ Նրանք տեսնում են հաջողակ մարդկանց այսօրվա օրը, բայց պետք է ցույց տալ, որ այդ ամենի հետևում ոչ թե «բնատուր» տաղանդն է կամ պատահականությունը, այլ սխալներ, փակված դռներ և անդադար աշխատանք։
Ձեր երեխաներն ավելի շատ կարիք ունեն Ձեր ազատ ժամանակի, քան խոհանոցային գործերը։ Անցկացրե՛ք Ձեր ժամանակը երեխաների հետ, իսկ Foody-ն իր վրա կվերցնի խոհանոցային հոգսերը՝ Ձեզ տրամադրելով տնական համեղ ուտեստներ։ Բացահայտե՛ք մեր ամենահամեղ մենյուն այստեղ։
Isk ete erexan chi uzum sovorel lsel mez.ayd depqum inch karelie anel.xndrum em kpatasxaneq?