Բրաունի․ իդեալական բաղադրատոմս

Բրաունին ամենարագ և հեշտ պատրաստվող թխվածքներից է, որը հաստատ անտարբեր չի թողնի ոչ ոքի և հեշտությամբ կդառնա ձեր ամենասիրելի քաղցրավենիքը։ Իդեալական բրաունին հետաքրքիր կառուցվածք ունի ու շատ է տարբերվում սովորական թխվածքներից։ Այն պետք է ունենա խռթխռթան մակերես և շատ փափուկ, խոնավ միջուկ, որը ուտելիս պետք է հալվի բերանում ու ծամոնի պես կպչուն լինի։ 

Մենք շարունակում ենք վերցնել հայտնի բաղադրատոմսեր և փորձարկել դրանք՝ ձեզ ներկայացնելով լավագույնը՝ մեր մեկնաբանություններով։ Հետևե՛ք մեր ընթացքին, այսօր միասին թխելու ենք իդեալական խոնավ միջուկով բրաունի։ Այս անգամ ամենաշատը հավանել ենք այս բաղադրատոմսը և վերջինիս վրա ենք կատարելու մեր փոփոխությունները։ 

Բաղադրիչների ցանկը՝ հոդվածի վերջում։ Իսկ մենք գնացինք պատրաստելու։

Ամենակարևոր բաղադրիչները լավ բրաունի ստանալու համար հենց շոկոլադն ու կարագն են։ Մի խնայեք այս երկու բաղադրիչի վրա, վերցրեք ամենաորակյալը՝ լավ արդյունք ստանալու համար։ Խորհուրդ ենք տալիս վերցնել այնպիսի շոկոլադ, որը կողմնակի այլ համեր չունի, քանի որ հենց այդ համն էլ հետո գալու է ձեր բրաունիից։ Մեր շուկայում շատ կան սև շոկոլադներ, որոնք քաղցրություն ունեն, խորհուրդ ենք տալիս վերցնել սև, դառը շոկոլադ։ Մեզ մոտ լավագույն արդյունքը ստացվեց 80%-անոց դառը շոկոլադով, հենց դրանով էլ կշարունակենք։ 

1․ Վերցնում ենք 180 գրամ սև, դառը շոկոլադ և 180 գրամ կարագ և դնում ենք ջրային բաղնիքի վրա՝ հալվելու։ Կարագը կարող եք մի փոքր պակաս վերցնել, բայց մեծ ծավալից մի զարմացեք, բրաունին յուղոտ թխվածք է, ինչի շնորհիվ էլ հալվում է բերանում։ Խորհուրդ ենք տալիս հալեցնել հենց ջրի գոլորշու վրա, այդպես ամենալավն է սպտացվում։

Մի սպասեք, մինչև շոկոլադն ու կարագը հալվեն մինչև վերջ, այդպես կստանանք ավելի ջրիկ զանգված, քան մեզ անհրաժեշտ է։ Հենց շոկոլադները թեթևակի ծածկվեն հալված կարագով, վերցրեք տարան գոլորշու վրայից, դրեք փայտի վրա և թողեք ինքն իր ջերմությամբ շարունակի հալչել։ Պարբերաբար խառնեք մինչև համասեռ զանգված ստանանք։ 

2․ Այլ տարայի մեջ ջարդում ենք անպայման լվացած ձվերը, ավելացնում ենք շաքարավազը և աղը։ Մեր հավանած բաղադրատոմսը խորհուրդ է տալիս ավելացնել 300 գրամ շաքարավազ, բայց պարզվում է՝ մենք այդքան էլ քաղցրակեր չենք, քանի որ 300 գրամ շաքարավազը նույնիսկ ամենադառը շոկոլադի հետ մեզ համար միևնույնն է, շատ քաղցր էր։ Հաջորդ փորձի ժամանակ մենք վերցրինք շաքարավազի ուղիղ կեսը՝ 150 գրամ (նույնիսկ մի փոքր էլ քիչ՝ 130 գրամ) և ստացանք իդեալական բրաունի։ Քիչ շաքարավազով ստացվում է ավելի նուրբ, էլեգանտ համ, զգացվում է շոկոլադի հաճելի դառնությունը։ Բանն այն է, որ բրաունին հրաշալի է համադրվում պաղպաղակի հետ։ Եվ հատկապես, եթե պատրաստվում եք մատուցել պաղպաղակով, իսկ մենք խորհուրդ ենք տալիս անպայման մատուցել պաղպաղակով, բրաունիին ավելանալու է նաև պաղպաղակի քաղցրությունը, հետևաբար ավելի լավ է այն դառը պատրաստել։ 

3․ Հարեք ստացված զանգվածը մինչև համասեռ դառնալը, այս թխվածքը չի բարձրանալու և փափուկ չի լինելու, հետևաբար ձվից առատ փրփուր ստանալու նպատակ չունենք։ Կարող եք հարել նաև ձեռքով, հարիչը պարտադիր չէ։ 

4․ Ավելացրեք շոկոլադե զանգվածը ստացված խառնուրդին, շարունակեք հարել։ 

5․ Մաղելով ավելացրեք նաև ալյուրը, քիչ-քիչ քանակությամբ, հարելով, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Ստացվում է հոսուն խմոր, այդպես էլ պետք է լինի, չխտացնեք։ Խմորը պետք է հանգիստ հոսի ձեր գդալի վրայից։ 

6․ Վերցնում ենք կաղապարը (ֆորման)՝ ուղղանկյուն կամ քառակուսի, մենք օգտագործում ենք 22х30 սմ չափով ուղղանկյուն կաղապար։ Փորձեք թխել չափերով մոտ կաղապարի մեջ, քանի որ թխվածքը առանց այն էլ բարակ է, ավելի մեծ կաղապարի դեպքում կարող է վատ ստացվել, իսկ փոքրի դեպքում՝ հաստանալ ու իդեալական կպչունություն չունենալ։ Կաղապարի տակ անպայման փռեք մեծ չափով յուղաթուղթ, որ հենց այդ յուղաթղթի օգնությամբ էլ հանեք մեջից։

7․ Ջեռոցը նախապես անպայման տաքացրեք մինչև 170 աստիճան, թխեք բրաունին 20-22 րոպե։ Թխվածությունը կարող եք ստուգել ատամի փայտիկով, բայց այս անգամ այն պետք է ոչ թե չոր դուրս գա, այլ խոնավ՝ խմորի որոշ հատված իր վրա։ Մենք ավելի շատ առաջնորդվում ենք թխվածքի մակերեսով։ Եթե 20 րոպեում այն արդեն հասցրել է ճաքճքել, ուրեմն պատրաստ է, հանեք։ 

8․ Հանեք բրաունին կաղապարի մեջից, և կտրատեք ուղղանկյուններով։ 

Բրաունին պատրաստ է։ Այն պետք է լինի խռթխռթան մակերեսով և խոնավ միջուկով։ Եթե պաղպաղակի հետ եք մատուցելու, խորհուրդ ենք տալիս մատուցել տաք վիճակում։ Առանց պաղպաղակի էլ է շատ համեղ լինելու, ձեր ընտրությունն է։

Հաճախ բրաունիի խմորի մեջ ավելացնում են նաև կտրատված ընկույզ, պնդուկ։

Կարող եք զարդարել հատապտուղներով, պաղպաղակով, շոկոլադե գլազուրով։

Մեզ ամենաշատը դուր եկավ դասական տարբերակը՝ միայն պաղպաղակով, առանց հավելյալ շոկոլադի։ Այստեղ արդեն պետք է հաշվի առնեք ձեր և ձեր ընտանիքի նախասիրությունները։ Ուշադրություն դարձրեք բրաունիի միջուկին, այն խոնավ է, կպչուն, փոքր-ինչ դժվար է ծամվում։ Չնայած էլեգանտ համին ու յուրահատուկ կառուցվածքին (տեքստուրա)՝ բրաունին շատ հեշտ և արագ է պատրաստվում, իդեալական տարբերակ է այն դեպքերում, երբ պետք է արագ շատ համով ինչ-որ բան թխել։ 

Դե, սկսելուց առաջ մեր մեծ մենյուից մի համով բան պատվիրեք, պահպանեք ձեզ մոտ այս բաղադրատոմսն ու սկսեք պատրաստել ձեր իդեալական բրաունին։ 

Բաղադրիչներ

  • Սև շոկոլադ 180գ
  • Կարագ 180գ
  • Ձու 3 հատ
  • Ալյուր 75գ
  • Շաքարավազ 300գ (մենք խորհուրդ ենք տալիս ուղիղ կեսը)
  • Աղ ¼ թեյի գդալ

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Համեղ խմորեղեն թխելու 7 կարևոր գաղտնիք․ խորհուրդներ տատիկից

Ձեր խմորեղենը միշտ հաջող կստացվի, եթե հետևեք այս խորհուրդներին։