Ինչպե՞ս ճիշտ սառեցնել բանջարեղենն ու հատապտուղները

Եթե ցանկանում եք տարվա յուրաքանչյուր եղանակի վայելել Ձեր սիրելի սննդամթերքը, ապա լավագույն տարբերակը դրանք նախապես սառեցնելն է։

Առաջարկում ենք ծանոթանալ մի շարք բանջարեղենների ու հատապտուղների սառեցման ճիշտ կանոններին։ 

Սակայն մինչ այդ մի քանի ընդհանուր խորհուրդ․

  • Հնարավորինս մաքուր և չոր պահեք սառցախցիկը նախքան այնտեղ մթերքներ սառեցնելը։ Իսկ որպես  սառեցման ջերմաստիճան ընտրեք  -18°C մինչև  -23°C-ը։ 
  • Ընտրե՛ք այն պտուղները, որոնք չափից շատ չեն հասունացել։ Հակառակ դեպքում առաջնային մշակման և հետագա սառեցման ընթացքում դրանք կվերածվեն շիլայի, հատկապես հատապտուղները։ 
  • Ուշադի՛ր եղեք, որ Ձեր ընտրած հերմետիկ տոպրակի կամ տարայի մեջ չներթափանցի օդ կամ խոնավություն։ Հակառակ դեպքում սառեցման գործընթացը ճիշտ չի կատարվի, իսկ սառեցված մթերքն անպիտան կլինի հետագա օգտագործման համար։ 
  • Եթե տատանվում եք, թե ինչ ծավալով է անհրաժեշտ սառեցնել տվյալ բանջարեղենը կամ հատապտուղը, ապա լավագույն ընտրությունը կլինի մեկ փաթեթում սառեցնել 200-250գ մթերք։  
  • Ցանկալի է սառեցված մթերքը պահպանել ոչ ավելի երկար, քան 7-8 ամիսը, իսկ եթե ունեք շատ որակյալ սառցախցիկ, ապա մինչև մեկ տարի։

Ինչպե՞ս սառեցնել ծաղկակաղամբը և բրոկոլին

Այս երկու բանջարեղենները հրաշալի տարբերակ են սառեցման համար, քանի որ ծաղկաբույլերը բավականաչափ խիտ են։ 

Նախ անհրաժեշտ է ծաղկակաղամբը կամ բրոկոլին մասնատել, լավ լվանալ  և մեկից երկու րոպե թողնել եռման ջրի մեջ կամ շոգեհարել, այսինքն՝ քամիչի օգնությամբ պահել գոլորշու վրա։ Սա կօգնի, որ հալվելուց հետո բանջարեղենը չափազանց չոր չլինի։ Այնուհետև Ձեզ պետք կգա սառցաջուր, որն անհրաժեշտ է լցնել ծաղկակաղամբի կամ բրոկոլիի վրա, որպեսզի կանգնեցվի եփման գործընթացը և, ինչպես կասեին իտալացիները, ստացվի “al dente”։ Դե իսկ վերջում մնում է ամենահեշտը՝ առավելագույնս չորացնել բանջարեղենը, դնել հերմետիկ տոպրակի մեջ և տեղափոխել սառցախցիկ։ Ի դեպ, բրոկոլին կարելի է սառեցնել նաև առանց ջերմամշակման ենթարկելու, քանի որ վերջինս ավելի փափուկ է, քան ծաղկակաղամբը։ 

Ինչպես սառեցնել սմբուկը

Ինչպես նախորդ բանջարեղենների դեպքում, սմբուկը ևս անհրաժեշտ է ջերմամշակման ենթարկել նախքան սառեցնելը, այնուհետ կատարել նույն գործողությունները։ 

Միայն պետք է հիշել, որ այս բանջարեղենը երբեմն դառնահամ է ունենում։ Դրանից ազատվելու համար կարելի է նախքան շոգեհարելը վրան առատ աղ ցանել, թողնել մոտ կես ժամ, իսկ հետո լվանալ։ 

Սմբուկը կարելի է սառեցնել նաև տապակելուց կամ ջեռոցում խորովելուց հետո։ 

Առաջինի դեպքում անհրաժեշտ է տապակված սմբուկը դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ազատվենք ավելորդ ձիթայուղից։ Այնուհետև պետք է սպասել մինչև այն հովանա, դասավորել տախտակի կամ ցանկացած այլ հարմար իրի վրա և մոտ մեկ ժամով տեղափոխել սառցախցիկ։ Սրա շնորհիվ սմբուկի կտորները իրար չեն կպչի հետագա սառեցման ընթացքում։ 

Այս ամենից հետո սմբուկը կարելի է դնել հերմետիկ տարայի/տոպրակի մեջ և տեղափոխել սառցախցիկ։ 

Խորոված սմբուկի սառեցման դեպքում ևս կատարում ենք նույն գործողությունները։ 

Ինչպես սառեցնել բուլղարական պղպեղը

Ամռան ամենաօգտակար և համեղ բանջարեղեններից է բուլղարական պղպեղը։ Այն կարելի է սառեցնել ինչպես կտրատած, այնպես էլ ամբողջական վիճակում։ Ի դեպ, նախնական ջերմային մշակման կարիք չկա։ Պարզապես անհրաժեշտ է նախապես մաքրել պղպեղը սերմնահատիկներից, լվանալ և լավ չորացնել։ Եթե որոշել եք սառեցնել այն ամբողջությամբ, ապա կարող եք միմյանց մեջ դնել։ Երբեմն այն սառեցնում են նաև մսային ֆարշով լցոնված վիճակում։ 

Դե իսկ խորանարդաձև կամ շերտավոր կտրատված պղպեղը հեշտորեն կարող եք օգտագործել աղցաններ, պիցցա կամ ապուր պատրաստելիս։

Ինչպես սառեցնել կանաչ լոբին, ոլոռը և եգիպտացորենը 

Հատիկավորները կարելի է սառեցնել ինչպես հում, այնպես էլ ջերմամշակված տարբերակով։ 

Առաջին դեպքում  դրանք պետք է մի լավ լվանալ, չորացնել, այնուհետև դուրս հանել հատիկները պատիճից, իսկ եգիպտացորենի դեպքում հատիկները կարելի է առանձնացնել դանակի օգնությամբ։ Որպեսզի սառած հատիկները չվերածվեն մի ամբողջական զանգվածի, դրանք կարելի է նախ սառեցնել խոհանոցային տախտակի վրա, այնուհետև լցնել հերմետիկ տոպրակի մեջ։ 

Եթե նախընտրում եք նախքան սառեցնելը ջերմամշակման ենթարկել, ապա հատիկավորները մեկ երկու րոպե թողեք եռացող ջրի մեջ, այնուհետև տեղափոխեք սառցաջրի մեջ, իսկ դրանից հետո կարող եք կրկնել նույն գործողությունները, ինչ հում սառեցման դեպքում էր։ 

Հատիկավորները կարելի է նաև սառեցնել իրենց պատիճների հետ միասին, իսկ եգիպտացորենը՝ ամբողջական տարբերակով։ Այդ դեպքում անհրաժեշտ է կատարել նույն լվացման, չորացման և ջերմամշակման գործընթացը՝ պարզապես կտրելով պատիճների երկու ծայրերը և մաքրելով եգիպտացորենի մազիկները։

Ինչպե՞ս սառեցնել կանաչին

Եթե պատրաստվում եք սառեցնել մաղադանոս, սամիթ կամ համեմ, ապա լավագույն տարբերակներից է որևէ փոքր տարա օգտագործելը (հրաշալի տարբերակ կլինի սառույցի ամանը)։ Անհրաժեշտ է կտրատել կանաչին, դնել տարայի մեջ, այնուհետև ավելացնել մի փոքր ջուր, ձիթայուղ կամ արգանակ։ Այսքան հեշտ և արագ դուք ստանում եք կանաչիով պատրաստված սառցե խորանարդիկներ, որոնք հրաշալի հավելում են Ձեր ուտեստի համար։ 

Կանաչիների այլ տեսակների դեպքում, օրինակ՝ սպանախ, ռուկոլա, թրթնջուկ (щавель), ռեհան, որոնք ունեն ավելի մեծ տերևներ,  կարող եք կիրառել հետևյալ երկու տարբերակները։ 

Առաջինը շատ պարզ է և խորհուրդ է տրվում այն դեպքում, երբ ունեք ժամանակակից և որակյալ սառցախցիկ։ Պարզապես անհրաժեշտ է առանձնացնել տերևները և դրանք դնել հերմետիկ տոպրակի կամ տարայի մեջ։ Վերջ, պատրաստ է, մնում է միայն տեղավորել այն սառցախցիկում։ 

Եթե որոշել եք դիմել երկրորդ տարբերակի օգնությանը, ապա խորհուրդ է տրվում կանաչին մոտ 30 վայրկյան թողնել եռման ջրի մեջ կամ շոգեհարել, այնուհետև լվալ սառցաջրով, քամել և կրկին հերմետիկ տարայի մեջ տեղավորել սառցախցիկում։

Ինչպե՞ս սառեցնել հատապտուղները

Տանը սառեցված հատապտուղներ ունենալը հարմար տարբերակ է ոչ միայն նրանց համար, ովքեր սիրում են քաղցրավենիքներ  պատրաստել և ձևավորել դրանք, այլ նաև ցանկանում են լրացնել վիտամինների բացը ձմռան ցուրտ օրերին։ 

Ոչ շատ հյութալի հատապտուղները՝ կեռասը, հաղարջը (смородина), չիչխանը (облепиха) սառեցնելը շատ հեշտ է։ Պարզապես պետք է պահպանել սառեցման ոսկե կանոնը․ նախ լավ լվանալ, ապա չորացնել հատապտուղները։ Դրանից հետո շարել խոհանոցային տախտակի վրա և տեղափոխել սառցախցիկ։ Մոտավորապես մեկ օր հետո կարելի է ձեր սիրելի հատապտուղները հերմետիկ տոպրակի մեջ տեղափոխել և պահպանել մինչ ձմեռ։

Իսկ եթե ցանկանում եք սառեցնել այն հատապտուղներ, որոնք հեշտությամբ են կորցնում իրենց արտաքին տեսքը, օրինակ՝ ելակը, ազնվամորին կամ մոշը, պարզապես մի փոքր ավելի ուշադիր և խնամքով կատարեք վերոնշյալ գործընթացը։

Ի դեպ, հատապտուղները սառեցված վիճակում պահելու հրաշալի տարբերակ է նաև բլենդերի օգնությամբ դրանք շաքարավազի հետ միասին շիլայի վերածելը։ Ստացված զանգվածը կարելի է լցնել պլաստիկե տարայի մեջ, մի փոքր տեղ թողնելով, քանի որ սառեցման ընթացքում վերջինիս ծավալը կավելանա։ Դե իսկ նման հատապտղային սոուսը շատ համեղ հավելում կլինի նրբաբլիթների կամ շիլաների համար։ 

Հետաքրքիր տարբերակ է նաև հատապտուղներից սառցե խորանարդիկներ ստանալը՝ օգտագործելով տարաձև սառույցի ամաններ։ Այս եղանակով սառեցված հատապտուղները կարելի է ավելացնել կոկտեյլների և խմիչքների մեջ։ 

Այսպիսով տանը սառեցված մթերք ունենալը ցանկացած եղանակին Ձեր սիրելի բանջարեղենը կամ հատապտուղը վայելելու ամենապրակտիկ տարբերակներից է։ Իսկ եթե դուք խոհանոցում կարևորում եք նաև սննդի որակը և ժամանակի խնայողությունը, ապա Foody-ն ձեր լավագույն ընտրությունը կլինի։ Ծանոթացե՛ք մեր մենյուին և պատվիրե՛ք այն, ինչ այս պահին ուզում է ձեր սիրտը։ 

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Յուրաքանչյուր առաքման արժեքը 500 դրամ է։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Ինչպե՞ս սմարթֆոնն ավելի օգտակար դարձնել

Օգտակար խորհուրդներ ձեր արդյունավետությունը բարձրացնելու համար։