Համեղ խմորեղեն թխելու 7 կարևոր գաղտնիք․ խորհուրդներ տատիկից

Համեղ խմորեղեն պատրաստելու համար միայն բաղադրատոմսն ունենալը բավարար չէ։ Անհրաժեշտ է իմանալ նաև խոհանոցային հնարքների մասին, որոնք կօգնեն բերանում հալվող և նրբահամ թխվածքներ պատրաստել։ Իսկ այդ գաղտնիքները լավագույնս գիտեն մեր տատիկները և փոխանցում են սերնդեսերունդ։

Մենք կպատմենք Ձեզ մի քանի հնարքների մասին և կկիսվենք օգտակար խորհուրդներով։

1․ Մի քանի անգամ մաղե՛ք ալյուրը

Ո՞րն է փափուկ և հավասարաչափ թխված խմորի գաղտնիքը։ Պարզվում է, որ այս հարցում մեծ նշանակություն ունի մի քանի անգամ մաղված ալյուրը։ Շատ սկսնակ խմորեղեն պատրաստողներ կարող են բաց թողնել այս կարևոր գործընթացը, մանավանդ բարձր որակի փաթեթավորված ալյուր գնելու դեպքում։ Սակայն, երբեմն նույնիսկ նման ապրանքի մեջ հնարավոր է ավելորդ տարրեր գտնել։ 

Բացի այս մի քանի անգամ մաղվելուց հետո ալյուրը հարստանում է թթվածնով և, ինչպես մեր տատիկներն են սիրում ասել՝ խմորը սկսում է «շնչել»։

Ալյուրը մաղելը կարևոր է հատկապես այն դեպքում, երբ այն երկար ժամանակ չի օգտագործվել՝ մնալով պահարանում, քանի որ այդ ընթացքում այն սկսել է կորցնել լավ թխվելու համար անհրաժեշտ որակները։ 

Ի դեպ, եթե ցանկանում եք ավելի փափուկ բուլկիներ և կարկանդակներ պատրաստել, ապա կարող եք ալյուրի մի մասը փոխարինել կարտոֆիլի կամ եգիպտացորենի կրախմալով։ Այս պարզ հնարքը կօգնի նաև, որ Ձեր խմորեղենն ավելի ուշ հնանա, իսկ համը միայն ավելի լավը կդառնա։ 

2․ Ճի՛շտ չափեք բաղադրիչները

Խմորեղեն պատրաստելիս աչքաչափը Ձեր լավագույն ընկերը չէ, քանի որ այն կարող է խաբուսիկ լինել, իսկ այս գործում պետք են հստակ չափված բաղադրիչներ։ 

Հենց այս նպատակով ցանկալի է խուսափել, օրինակ, սովորական բաժակի օգնությամբ չափ որոշելուց։ Հնարավոր սխալներից խուսափելու համար պարզապես կիրառեք հատուկ չափման բաժակներ և կշեռք։ Սա հատկապես կարևոր է ալյուրի դեպքում։ Մաղելուց հետո այն թեթևորեն, առանց սեղմելու ավելացրեք չափման բաժակի մեջ, ապա հարթեցրեք դանակի կամ գդալի օգնությամբ, հակառակ դեպքում խմորը պատրաստելիս կավելացնեք չափից շատ ալյուր և այն պահանջվածից պինդ կստացվի։

3․ Օգտագործե՛ք քացախ սոդայի և ձվի համը չեզոքացնելու համար

Դուք հավանաբար տեսել եք կամ եթե սիրում եք խմորեղեն թխել, ապա հարյուրավոր անգամներ կատարել եք սոդայի վրա քացախ ավելացնելու, այնուհետ մածունի հետ խառնելու գործողությունը։

Իսկ ինչո՞ւ է արվում այս ամենը․ քացախը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ թթվային միջավայրը և օգնում ավելի էլաստիկ խմոր ստանալ (ի դեպ, սա նաև վերաբերում է մածունի օգտագործմանը), այլ նաև վերացնում է սոդայի և ձվի համը։ 

Իսկ կերակրի սոդայի և քացախի համադրության շնորհիվ խմորն ավելի լավ է բարձրանում։ Պատճառը այս երկու բաղադրիչներն իրար խառնելու ընթացքում արտանետված ածխաթթու գազն է, որի փոքր պղպջակները մնում են խմորի մեջ և նպաստում են, որ այն ավելի լավ թխվի։

Իսկ եթե ձեռքի տակ այդ պահին չունեք քացախ, ապա այն կարող եք փոխարինել կիտրոնի հյութով կամ աղով։

4․ Ավելացրե՛ք մի փոքր կոնյակ կամ օղի խմորի մեջ

Խմորեղեն պատրաստելիս մեր տատիկների գաղտնիքներից է նաև խմորի մեջ ալկոհոլ ավելացնելը։ Սովորաբար օգտագործվում է կոնյակ կամ օղի, որն ավելացվում է 1 ճաշի գդալի չափով։

Հաճախ ալկոհոլն ավելացվում է Զատկի տոնին պատրաստվող կուլիչի մեջ, սակայն կարելի է կիրառել նաև այլ դեպքերում։ 

Հավանաբար մտածում եք, որ սա արվում է  յուրատեսակ համ ստանալու համար։ Դուք չեք սխալվում, սակայն ալկոհոլ ավելացնելու առաջնային նպատակը խմորն ավելի փխրուն դարձնելն է։ 

5․ Ճի՛շտ որոշեք ձվի թարմությունը

Առհասարակ ցանկացած համեղ ուտեստ ստանալու համար պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել մթերքի թարմությանը։ Այդպես է նաև թխվածքների դեպքում։

Ձվի թարմությունը որոշելու համար այն ընկղմեք ջրով լի բաժակի կամ տարայի մեջ։ Եթե այն հայտնվում է հատակում, ապա թարմ է, իսկ եթե բութ մասով ջրի երես է բարձրանում՝ հակառակը։ Միանգամից ջրի երես դուրս թռչելու դեպքում, ավելի լավ է այն դեն նետել։

Միայն բեզե պատրաստելիս խորհուրդ է տրվում ոչ շատ թարմ ձու օգտագործել։ Այդ դեպքում բեզեն ավելի լավ կփրփրի և ավելի պինդ կլինի: 

6․ Մի՛ բացեք ջեռոցը խմորեղենը թխելու ընթացքում

«Խմորը կնեղենա»՝ կասեին մեր սիրելի տատիկները։ Եվ նրանք միանգամայն ճիշտ են, սակայն ի՞նչ նկատի ունեին նրանք՝ ասելով «կնեղանա»։ 

Պարզվում է, որ թխվելու ընթացքում ջեռոցի դուռն անընդհատ բացել-փակելը խանգարում է, որ խմորը հավասարաչափ թխվի և լավ բարձրանա։ Իսկ սրա պատճառը սառը օդի ներթափանցումն է։

Իհարկե, շատ գրավիչ է երբեմն բացել ջեռոցն ու տեսնել, թե ինչպես է թխվում Ձեր խմորեղենը, սակայն եթե ուզում եք, որ այն իսկապես լավ ստացվի, նախընտրելի է չանել դա։ 

Սակայն ինչպե՞ս խուսափել, եթե կարիք կա ստուգել թխվածքի պատրաստ լինելը, կհարցնեք Դուք։ Այս դեպքում շատ արագ ստուգեք խմորի թխված լինելու աստիճանը ատամի չոփիկի օգնությամբ և արագ փակեք դուռը։

7․ Սառեցրե՛ք տաք կրեմը մետաղյա կաթսայի օգնությամբ

Որոշ թխվածքների դեպքում տաք կրեմ պատրաստելու անհրաժեշտություն կա: Իսկ ի՞նչ անել, եթե ցանկանում եք արագ սառեցնել տաք կրեմը։ Կարելի է տեղափոխել այն մետաղյա կաթսայի մեջ, ապա վերջինս դնել սառը ջրով լի տարայում։

Մետաղն օգնում է, որ ջերմությունն արագ դուրս գա, իսկ սառնությունը ներթափանցի։ Հաշվի առեք, որ ինչքան մեծ է կաթսան, այնքան ավելի շուտ կսառչի կրեմը։

Իսկ վերջում բոնուս՝ ևս 7 օգտակար խորհուրդ, որոնք կհեշտացնեն խմորեղեն պատրաստելը. 

  • Խմորեղենի պատրաստման բոլոր բաղադրիչները սովորաբար պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն, քանի որ սառը բաղադրիչները առավել դժվար են միասեռ զանգվածի վերածվում: Իսկ բացառությունները նշված կլինեն բաղադրատոմսում։
  • Խմորի մեջ մի պտղունց աղ ավելացրեք մյուս բաղադրիչների բույրն ուժեղացնելու համար։
  • Ավելացրե՛ք կրեմը, երբ խմորն արդեն սառել է: Հակառակ դեպքում կրեմը կհալվի, կհոսի և պարզապես չեք կարողանա այն հավասարաչափ տարածել խմորի վրա։
  • Եթե Ձեր պատրաստած կարկանդակի մեջ չամիչ եք օգտագործելու, ապա այն թաթախեք ալյուրի մեջ նախքան խմորի մեջ ավելացնելը։ Այսպես այն կարկանդակի միայն ներքևի մասում չի հայտնվի։ 
  • Խմորը միանգամից մի՛ տեղափոխեք ջեռոցի մեջ։ Սպասե՛ք մինչև ջեռոցն անհրաժեշտ ջերմաստիճանի կհասնի։ Այսպես ջերմությունը հավասարաչափ կփոխանցվի խմորի բոլոր մասերին: 
  • Որպեսզի խմորի ներքևի շերտը չայրվի, թխելու թերթիկի տակ կամ ջեռոցի թավաներից մեկի մեջ աղ լցրե՛ք (թավան դրե՛ք ջեռոցի ներքևի հատվածում): Աղը տաքանում է և իր մեջ պահում ջերմությունը, այդպիսով խմորի ներքևի և վերևի շերտերը թխվում են հավասարաչափ: 
  • Թխվածքը ձևամանից ավելի հեշտ դուրս բերելու համար դրե՛ք այն նախապես թրջված խոհանոցային սրբիչի վրա։ Այդ դեպքում ձևամանի հատակը մի փոքր կսառչի և խմորը ավելի հեշտ կանջատվի թավայից: 

Այս ամենից զատ, մեր ամենակարևոր խորհուրդը համեղ խմորեղեն պատրաստելու համար սեր և էնտուզիազմ ներդնելն է ու անհաջող փորձերից չվախենալը։ 

Հաջորդ անգամ անպայման կիրառե՛ք այս հնարքները և թխե՛ք խմորեղեն պրոֆեսիոնալ հրուշակագործի պես։ Իսկ այն օրերի համար, երբ ժամանակ չեք ունենա ինքնուրույն թխել կամ ընթրիք պատրաստել, Foody-ն ձեր կողքին է և՛ կիսապատրաստի քաղցրավենիքի և շատ համով այլ ուտեստների մենյուով։ Ամբողջական մենյուն՝ այստեղ։

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Մրգերի օգտակար հատկությունների մասին․ ե՞րբ և ի՞նչ քանակությամբ միրգ ուտել

Տարեկան 2.7 միլիոն մարդ կարող էր ողջ մնալ, եթե ընդուներ բավարար չափաբաժնով միրգ և բանջարեղեն։