Ամենասիրված պաստաների բաղադրատոմսերը․ պատրաստում ենք լավագույն պաստաները

Սպագետի, Ֆարֆալե, Ֆետուչինի․․․ Տարբեր անվանումներով ու տեսակներով պաստաների փաթեթները ողողել են խանութների դարակները։ Ալյուրից ու ջրից պատրաստված այս պարզ, առաջին հայացքից անհետաքրքիր մակարոններին պարզապես պակասում է կախարդական սոուս, և ձեր խոհանոցը կլցվի իտալական ռեստորանի անուշ բույրով։ 

Պաստա պատրաստելն իրականում բազմաթիվ նրբություններ ունի։ 

Օրինակ՝ Սպագետի կամ Լինգվինի տեսակի պաստաներն ավելի հարմար է մատուցել սերուցքի կամ ձեթի հիմքով սոուսների հետ։ 

Մինի պաստաները հիմնականում օգտագործում են ապուրների կամ աղցանների մեջ։ 

Մեծ խեցիի տեսքով պաստաները հարմար են լցոնելու համար։ 

Խողովակաձև պաստաները համադրվում են բանջարեղենային սոուսների հետ, ինչպես նաև հարմար են պանրի հետ ջեռոցում թխելու համար։

Իսկ եթե ռեստորանում տեսնեք, որ ձեզ փորձում են գրավել «լայվ պաստայով», ապա իմացեք, որ ձեզ համար պաստան պատարաստում են 0-ից՝ սկսած խմորից մինչև սոուսով պարուրելը։

Պաստա եփելու առանձնահատկությունների մասին կարելի է երկար խոսել։ 

Այս հոդվածում ցանկանում ենք ներկայացնել սոուսների 4 բաղադրատոմսեր, որոնք հասարակ մակարոնները կվերածեն խոհարարական գլուխգործոցների։ 

Իսկ վերջում մեր ընթերցողներին սպասվում է պաստա պատրաստելու խորհուրդների փոքր ցանկ։

Ալֆրեդո

Ալֆրեդո սոուսն իդելական է Ֆետուչինի տեսակի պաստայով մատուցել համար, և դուք հավանաբար ռեստորանների ճաշացանկերում տեսել եք այս համադրությունը՝ Պաստա Ֆետուչինի Ալֆրեդո։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-պաստա Ֆետուչինի 200 գրամ

-հավի կրծքամիս 500 գրամ

-սունկ 200 գրամ

-հարած սերուցք 470 մլ

-սոխ 1 գլուխ

-սխտոր 3 պճեղ

-մաղադանոս

-բուսակայն յուղ

-աղ, սև պղպեղ

Պաստան խաշում ենք եռացող աղաջրի մեջ՝ հետևելով փաթեթի վրա նշված ցուցումներին։ Ընթացքում խառնում ենք, որպեսզի չկպչեն իրար։ 

Հավի կրծքամիսը կտրատում ենք երկար ու բարակ ձողիկների տեսքով, համեմում ենք աղով ու սև պղպեղով։ Բուսական յուղի մեջ տապակում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանալը, որից հետո տապակից հեռացնում ենք։  

Սոխը մանր-մանր կտրատում ենք և տապակում մինչև ոսկեգույն երանգ ստանալը։ Ավելացնում ենք սունկը և շարունակում տապակել, որից հետո ավելացնում ենք մանր կտրատած սխտորը և խառնելով տապակում 30 վայրկյան։

Սերուցքն ավելացնելու ժամանակն է։ Լցնում ենք զանգվածի վրա, համեմում աղով ու սև պղպեղով։ Եփում ենք մոտ 10 րոպե մինչև թանձրանալը։ 

Զանգվածի վրա ավելացնում ենք տապակած հավի կրծքամիսը, մանր կտրատած մաղադանոսը և խաշած-ջրքամած պաստան։ Համեմում ենք սև պղպեղով, թողնում ենք կրակի վրա մոտ 1 րոպե։

Կարբոնարա

Կարբոնարան պաստայի սոուսի մեկ այլ հայտնի տարբերակ է։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-սպագետի 80 գրամ

-բեկոն 40 գրամ

-սոխ 20 գրամ

-սխտոր 1 պճեղ

-ձվի դեղնուց 2 հատ

-սերուցք 80 մլ (33%, ոչ քաղցր)

-պանիր Պարմեզան 15 գրամ

-ձեթ տապակելու համար

-աղ, սև պղպեղ

Սպագետին խաշում ենք եռացող աղաջրի մեջ՝ հետևելով փաթեթի վրա նշված ցուցումներին։ Ընթացքում խառնում ենք, որպեսզի չկպչեն իրար։

Սոխը մանր-մանր կտրատում ենք։ Հեռացնում ենք բեկոնի կոշտ եզրերը և կտրատում ենք նախընտրած ձևով։ Տապակի մեջ բուսայուղ ենք ավելացնում, տաքացնում և սկսում ենք տապակել բեկոնը։ 

Կարմրելուց հետո ավելացնում ենք սոխը և միասին տապակում։ Ավելացնում ենք մեկ պճեղ սխտոր ամբողջական տարբերակով, որպեսզի բույրը փոխանցելուց հետո տապակից հեռացնենք։ Քիչ անց սխտորը հեռացնում ենք տապակից և ավելացնում ենք մի փոքր սպագետիի ջուր։ Թողնում ենք, որ բաղադրիչները շարունակեն եփել։ Այս ընթացքում պատրաստում ենք սոուսը։

Տարայի մեջ խառնում ենք ձվի դեղնուցները, սերուցքը, պանիրը, ավելացնում ենք աղ, սև պղպեղ։ Սպագետին ջրքամում ենք և ավելացնում տապակի զանգվածի վրա, ավելացնում ենք նաև սոուսը և թողնում ընդամենը մի քանի վայրկյան, որ բաղադրիչները խառնվեն։ 

Մատուցելիս զարդարում ենք քերած Պարմեզան պանրով։

Բոլոնեզ

Օրիգինալ տարբերակում Բոլոնեզ սոուսը պարունակում է տավարի միս, խոզի միս, իտալական բեկոն, սոխ, գազար, նեխուր, լոլիկ, մսի արգանակ, սպիտակ կամ կարմիր չոր գինի, կաթ։ Մենք կարող ենք մի փոքր քչացնել բաղադրիչները, քանի որ գլխավորն դերն այստեղ պատկանում է տավարի ֆարշին և լոլիկին։

Սոուսի պարզեցված տարբերակի համար անհրաժեշտ բաղադիչներն են՝

-լոլիկ 2 հատ

-սամիթ

-սոխ 1 գլուխ

-տավարի ֆարշ 300 գրամ

-արևածաղկի ձեթ

-համեմունքներ՝ չորացրած ռեհան, օրեգանո, կարմիր չիլի պղպեղ

-աղ, սև պղպեղ

Բլենդերով հարում ենք լոլիկը, սամիթը, աղը, սև պղպեղը մինչև համասեռ զանգված դառնալը։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև գազար, սխտոր և նեխուր։ 

Սոուսի մյուս մասի համար արևածաղկի ձեթի մեջ տապակում ենք ֆարշն ու սոխը։ Համեմում ենք աղով ու սև պղպեղով, պարբերաբար խառնում ենք, և երբ միսը կարմրի, ավելացնում ենք լոլիկի թանձրուկը։ Սոուսը պետք է եփվի այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։ Ավելացնում ենք համեմունքները, ինչպես նաև Բոլոնեզ սոուսի համար նախատեսված համեմունք, եթե հանդիպեք խանութում։ 

Սոուսն իդեալական է թե՛ Սպագետի, թե՛ Պասատելի, թե՛ խողովակաձև մակարոնների հետ մատուցելու համար։ Նախընտրած տարբերակը խաշում ենք ըստ փաթեթի վրա նշված ցուցումների և ջրքամված պաստան լցնում տաք սոուսի վրա։ 

Պեստո

Այս բաղադրատոմսն այնքան պարզ ու հեշտ է, որ նույնիսկ չափաբաժին գրելու կարիք չկա։ Խանութից կարող եք ձեռք բերել պատրաստի Պեստո սոուս և ավելացնել խաշած պաստայի վրա։ 

Ձեր գործը մի փոքր կարող է բարդանալ այն դեպքում, եթե որոշեք խանութում առկա Պեստո սոուսը փոխարինել տնական տարբերակով։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-թարմ բազիլի տերևներ (կանաչ ռեհան) 100 գրամ

-գետնանուշ կամ սոճընկույզ 20-25 գրամ

-պանիր Պարմեզան 70 գրամ

-սխտոր 1 պճեղ

-ձիթապտղի ձեթ 4 ճ/գ

-կիտրոնի հյութ 1 ճ/գ

-սև պղպեղ

Բոլոր բաղադրիչները բլենդերով հարում ենք մինչև միասեռ զանգված ստանալը։ Ստանում ենք առանց կոնսերվանտների Պեստո սոուս, որը համով ու տեսքով չի զիջում գործարանային արտադրանքին։

Եռացող աղաջրի մեջ խաշում ենք մեր նախընտրած տեսակի պաստան։ Պատրաստ լինելուն պես ջրքամում ենք, մի թեթև խառնում և թողնում 2 րոպե։ Առանձին տարայի մեջ լցնում ենք պաստան, Պեստո սոուսը և մի փոքր պաստայի ջրից, որպեսզի բաղադրիչները հեշտությամբ խառնվեն։ 

Մատուցում ենք քերած Պարմեզան պանրով։ 

Վերջում կիսվենք պաստա պատրաստելու խորհուրդներով, որոնք ձեզ հաստատ պետք կգան․

1․ Խաշելիս պաստայի վրա ձեթ մի՛ ավելացրեք։

2․ Յուրաքանչյուր 250 գրամ պաստայի համար կաթսայի մեջ լցրեք 3 լիտր ջուր և օգտագործեք 1 թ/գ աղ։

3․ Որպեսզի մակարոններն իրար կամ հատակին չկպչեն, եռացող ջրի մեջ դնելուց հետո անմիջապես խառնեք։ Պարբերաբար խառնեք նաև եփելու ընթացքում։

4․ Մակարոնները քամեք, բայց մի չորացրեք։ Թույլ տվեք, որ դուրս գա ջրի մեծ մասը, բայց ոչ ամբողջը։

5․ Ձեր հաշվարկներն այնպես արեք, որ պաստան և սոուսը պատրաստ լինեն միաժամանակ։ Սա հատկապես այն բաղադրատոմսերի համար է, որոնցում զանգվածները միասին չենք տաքացնում կրակի վրա, և պաստան ու սոուսը պետք է հավասարաչափ տաք լինեն, որպեսզի ուտելը հաճելի լինի։

6․ Պաստան ավելացրեք սոուսի վրա, այլ ոչ թե հակառակը։ 

7․ Իտալական ավանդույթը խորհուրդ է տալիս պաստան եփել փաթեթի վրա նշված ժամանակից 1-2 րոպե պակաս։ Իտալացիներն այս վիճակն անվանում են «ալ դենտե»՝ ոչ շատ կոշտ, ոչ շատ փափուկ։ Էականն այստեղ, իհարկե, պաստայի համն ու տեքստուրան են, բայց նաև նշվում է, որ ավելի կարճ եփված պաստան ունի ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս։  

Քանի որ պաստան կալորիական ուտեստ է, առաջարկում ենք այն համադրել որևէ թեթև, վիտամիններով հարուստ աղցանի հետ՝

Վիտամին աղցան

Կորեական աղցան

Թաբուլե աղցան

Ամառային աղցան

Բրոկոլիով աղցան

Հազարով և պղպեղով աղցան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով