Որովայնի փքվածությունը աղիներում կամ ստամոքսում ավելորդ գազի կուտակումն է, որն ուղեկցվում է որովայնի չափերի մեծացմամբ, ձայների առկայությամբ, ծանրության և գերլցման զգացողություներով։ Առաջանում է սննդի ընդունումից հետո՝ անմիջապես կամ մի քանի ժամվա ընթացքում։
Գազերը աղիներում հայտնվում են տարբեր ուղիներով։ Մի մասը արտադրում է աղիների միկրոֆլորան, մի մասը ներթափանցում է սննդի միջոցով, երբ մարդը սնվելիս խոսում է։
Փքվածություն կարող է առաջանալ լիովին առողջ մարդու մոտ, եթե ընդունում է սխալ սնունդ կամ չափից դուրս շատ է ուտում։ Պատճառներ կարող են լինել նաև նստակյաց կյանքը, դեղամիջոցների կողմնակի ազդեցությունը, սթրեսը։ Կանանց մոտ փքվածություն կարող է առաջանալ դաշտանային ցիկլի կամ հղիության ընթացքում, որի հիմքում հորմոնալ փոփոխություններն են։
Այս իրավիճակը երբեմն թաքնված հիվանդության ազդանշան է՝ լեղուղիների բորբոքում, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անբավարարություն, ճիճվակրություն, դիսբակտերիոզ, Կրոնի հիվանդություն։ Որոշ դեպքերում կարող է պատճառ լինել նաև լակտոզայի (կաթնաշաքար) կամ ֆրուկտոզայի (մրգաշաքար) նկատմամբ անտանելիությունը, ցելիակիա հիվանդությունը (գլյուտենի նկատմամբ անտանելիություն) և այլն։
Եթե փքվածության պատճառը հիվանդությունը չէ, ապա սննդակարգը և սնվելու սովորությունները վերանայելու միջոցով հնարավոր է ազատվել այս երևույթից։
Ինչպե՞ս կանխել որովայնի փքվածությունը
Կիսվում ենք մի քանի խորհուրդներով, որոնք կօգնեն ընտրել ապահով, անհանգստություն չառաջացնող սննդամթերք, դժվարամարս սնունդը պատրաստել առավել դյուրամարս տարբերակով, ինչպես նաև ձեռք բերել սննդային առողջ սովորություններ։
- Ծանոթացեք փքվածություն առաջացնող մթերքների ցանկին
- Հատիկավորներ՝ լոբի, ոսպ, ոլոռ, սիսեռ
- Որոշ մրգեր՝ դեղձ, տանձ, սալոր, խնձոր
- Ընկուզեղեն՝ պնդուկ, նուշ, գետնանուշ
- Կոշտ մանրաթել պարունակող բանջարեղեն՝ բողկ, ծաղկակաղամբ, կաղամբ, գազար, բազուկ, բրոկոլի
- Օսլա պարունակող սնունդ՝ պաստա, կարտոֆիլ, եգիպտացորեն
- Արագ ածխաջրեր՝ գազավորված շաքարով և խմորիչներով ըմպելիքներ (գարեջուր, կվաս), քաղցրեղեն
- Կաթ և կաթից պատրաստված մթերքներ (լակտոզայի նկատմամբ անտանելիություն դեպքում)
- Երկար ծամվող բյուրեղանման կոնֆետներ և մաստակ
- Հետևեք սննդի ընդունման մի քանի կանոնների
- Հատիկավորներն անհրաժեշտ է կեղևազրկել և եփելուց առաջ անպայման թրջել
- Միրգ կերեք հիմնական սննդի ընդունումից հետո և փորձեք միաժամանակ չուտել շատ բազմազան մրգեր
- Կոշտ մանրաթել պարունակող բանջարեղենը ցանկալի է շոգեխաշել կամ պատրաստել ջեռոցում, պարտադիր մաքրել կեղևները
- Բրոկոլին, ծաղկակաղամբը, պրասը ցանկալի է ուտել բլենդերով հարած վիճակում
- Եթե որոշել եք սննդակարգում ավելացնել միրգ-բանջարեղենի չափաբաժինը, ապա դա արեք աստիճանաբար։ Օրգանիզմի համար բարդ է միանգամից մեծ քանակի ֆրուկտոզա և մանրաթել մարսելը
- Մաստակը երկար մի ծամեք
- Վերանայեք սնունդ ընդունելու սովորությունները
Վայելեք սնունդն առանց շտապելու և առանց շեղվելու։ Չի կարելի սնունդ ընդունել ոտքի վրա, քայլելով, խոսելով։ Մեծ կտորներով սնունդ կուլ տալու, խոսելու հետևանքով սննդի հետ կուլ է գնում նաև օդ, ինչն էլ բերում է որովայնի փքվածություն։ Օդ կուլ է գնում նաև մաստակ ծամելու, ծխելու, գազավորված ըմպելիքներ խմելու հետևանքով։
Լավ ծամեք սնունդը մինչև կուլ տալը։
Մի կերեք/խմեք շատ սառը կամ շատ տաք սնունդ/ըմպելիք։
Ուտելուց հետո երկար մի նստեք և մի պառկեք, առավել ևս՝ մի գնացեք քնելու։ Անհրաժեշտ է պահպանել որոշակի ակտիվություն։ Մի փոքր քայլեք կամ զբաղվեք ինչ-որ գործով։ Անշարժ մնալը թուլացնում է մկանային գոտին, թուլանում է արյան հոսքը, ինչի հետևանքով աղիները դուրս չեն մղում ավելորդ գազերը։
Սնունդը չպետք է լինի շատ յուղոտ կամ կծու և 100 գրամի համար պարունակի հսկայական թվով կալորիաներ։
Բավականաչափ ջուր խմեք։ Ջրի պակասի պատճառով օրգանիզմն այն սկսում է կուտակել և պահեստավորում է որովայնի հատվածում, որպեսզի նմանատիպ իրավիճակից ապագայում խուսափի։
Եվ, իհարկե, չենք մոռանում չափավոր սնվելու մասին։ Պետք է ուտել փոքր չափաբաժիններով և հաճախ՝ օրական մինչև 5-6 անգամ՝ ներառյալ միջուտեստները։
- Հաճախակի օգտագործեք կանաչեղեն, համեմունքներ և խոտաբույսեր
Նախապատվություն տվեք սամիթին, կոճապղպեղին, անանուխին, երիցուկին, անիսոնին։ Կոճապղպեղով, անանուխով և երիցուկով հիանալի թեյեր կարելի է պատրաստել, որոնք կփոխարինեն կոֆեին պարունակող կանաչ ու սև թեյերին և սուրճին։
Հավանաբար նաև գիտեք սամիթի ջրի օգտակար հատկությունների մասին։ Այն տալիս են նույնիսկ նորածիներին՝ որպես ստամոքսի և աղիների անհանգստությունը վերացնող միջոց։
- Օգտագործեք պրոբիոտիկներ և պրեբիոտիկներ
Այս միկրոօրգանիզմներով հարուստ մթերքները կարգավորում են աղիքային միկրոֆլորան հօգուտ օգտակար բակտերիաների։ Այս մթերքների թվին են պատկանում կեֆիրը, առանց շաքարի յոգուրտը, մածունը (եթե չկա լակտոզայի նկատմամբ անտանելիություն)։
- Վարեք ակտիվ կյանք
Ոչ բավարար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փքվածության պատճառ դառնալ։ Վազքը, զբոսանքը, ուժային և կարդիո վարժությունները բարելավում են ստամոքսի մոտորիկան։ Դրական ազդեցություն է թողնում նաև յոգան։ Ֆիզիկական ակտիվություն պետք է ցուցաբերել շաբաթական առնվազն 3 օր 30-ական րոպեով։
- Բացառեք որոշ սննդատեսակներ
Եթե դուք ունեք անտանելիություն գլյուտենի կամ լակտոզայի նկատմամբ, ապա սննդակարգից պետք է բացառել առաջին դեպքում ցորենից, տարեկանից ստացված հացաբուլկեղենը, իսկ երկրորդ դեպքում՝ կաթից պատրաստված մթերքը։ Անհրաժեշտ է անցում կատարել գլյուտենից ազատ հացերին և բուսական կաթերին։
- Պահեք սննդի օրագիր
Եթե զգում եք փքվածություն, հետհայացք նետեք և հիշեք, թե ինչ սնունդ եք ընդունել վերջին ժամերի ընթացքում։ Փորձարկեք այդ մթերքները առանձին-առանձին և հետևեք, թե արդյոք ունենում եք փքվածության զգացողություն։ Շարունակեք փորձարկումները, մինչև պարզեք, թե որ մթերքի ընդունումից հետո եք վատ զգում։
- Ընտրեք գազ չառաջացնող մթերքներ
Այս մթերքների շարքին են պատկանում՝
- Կարմիր միս, թռչնամիս, ձուկ, ձու
- Քիչ ածխաջրեր պարունակող կանաչեղեն ու բանջարեղեն՝ բուլղարական պղպեղ, լոլիկ, վարունգ, սպանախ, հազար, դդմիկ
- Մրգեր և հատապտուղներ՝ ելակ, հապալաս, կիվի, անանաս, ազնվամորի
- Ֆերմենտացված մթերքներ, օրինակ՝ կեֆիր
- Հատիկավորներ՝ բրինձ, քինոա, վարսակ
- Պանիրներ՝ Մոցարելլա, Շվեյցարական, Չեդեր (եթե չկա լակտոզայի նկատմամբ անտանելիություն)
Ինչպե՞ս վարվել փքվածության դեպքում
Կուտակված ավելորդ գազերը օրգանիզմից դուրս գալու երկու բնական ճանապարհ ունեն՝ աղիների կամ բերանի միջոցով։
Փքվածության դեպքում կարող են նշանակել ակտիվացրած ածուխ, կավից ստացված փոշի, հատուկ դեղահաբեր։ Բայց ցանկացած միջոց պետք է ընդունել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։
Եթե ախտանշանները շարունակվում են առողջ սննդակարգի անցնելուց և ֆիզիկապես ակտիվ լինելուց հետո, ապա անհրաժեշտ է դիմել թերապևտի կամ գաստրոէնտերոլոգի։
Foody-ի խոհարարներն առաջարկում են բալանսավորված և բազմազան սնունդ օրվա բոլոր ժամերի համար։ Դիտեք մեր ճաշացանկն այստեղ, օգտագործեք բարձրորակ հումքով, առանց հավելումների սնունդ և եղեք առողջ։