Պատրաստում ենք սենդվիչներ և բուրգերներ like a pro

Ի՞նչ տանել աշխատանքի․․․

Ի՞նչ տանել քաղաքից դուրս․․․

Ի՞նչ պատրաստել նախաճաշին․․․

Այս բոլորը հարցերը կարծես ունեն ունիվերսալ պատասխան՝ սենդվիչ։ Այն պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, կարելի է օգտագործել տարբեր միջուկներ, կարելի է ուտել ոտքի վրա, եթե շտապում եք տնից դուրս գալ, հեշտ է տեղափոխել, եթե գնում ենք աշխատանքի կամ քաղաքից դուրս։ 

Բայց արի ու տես, որ մեր իրականության մեջ սենդվիչը հիմնականում ասոցացվում է հաց, պանիր, խոզապուխտի հետ և մեկ-երկու անգամ ուտելուց հետո ձանձրալի է թվում։ 

Այս հոդվածով ցանկանում ենք փոխել ձեր պատկերացումները սենդվիչների վերաբերյալ և կիսվել առաջադեմ բաղադրատոմսերով։ 

Այսպիսով՝ եթե փնտրում ենք հագեցնող ու բազմազան նախաճաշի, լանչի կամ ընթրիքի գաղափարներ, մնացեք մեզ հետ։ 

Կարդացեք նաև՝

Ի՞նչ տանել աշխատանքի․ լանչի 12 գաղափար, երբ չգիտես, թե ինչ պատրաստել

#1 Ավոկադոյով և ձվով սենդվիչ

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-տոստի հաց

-հասած ավոկադո

-խաշած ձու

-մայոնեզ

-կանաչ սոխ կամ մաղադանոս

-կիտրոնի հյութ

Ավոկադոն և խաշած ձուն տրորում ենք մինչև միասեռ զանգված դառնալը։ Սոուսի համար խառնում ենք մայոնեզը, կանաչին և կիտրոնի հյութը, համեմում ենք աղով ու սև պղպեղով։ 

Տոստի հացերից հեռացնում ենք կոշտ եզրերը։ Բոլոր բաղադրիչնեչը խառնում ենք իրար և տարածում հացի շերտի վրա։ Ծածկում ենք սենդվիչը հացի մյուս շերտով և բաժանում ենք եռանկյունաձև երկու կտորների։ 

Սենդվիչի կալորիականությունը նվազեցնելու համար կարող եք մայոնեզ չօգտագործել, միևնույն է՝ շատ համեղ և հագեցնող կստացվի։

#2 Խոզապուխտով և ձվով սենդվիչ

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-տոստի հաց

-խոզապուխտ

-հալվող պանիր

-ձու

-լոլիկ

-կանաչ սոխ

-կարագ

Երկու ձուն հարում ենք, համեմում ենք աղով ու սև պղպեղով, ավելացնում ենք մանր կտրատած կանաչ սոխ ու մանր խորանարդներով կտրատած լոլիկ։ 

Հարած ձուն լցնում ենք տապակի մեջ և միանգամից ավելացնում ենք նաև տոստի հաց։ Երբ ձուն եփում և պնդանում է, շրջում ենք, հացի վրա ավելացնում ենք հալվող պանիր և խոզապուխտ, իսկ արդեն պատրաստի ձուն ծալում ենք հացի վրա։ 

Սենդվիչը ծածկում եք հացի երկրորդ շերտով և հավասար չափով կարմրեցնում երկու կողմից։ Ցանկության դեպքում խոզապուխտը կարելի է փոխարինել նաև սեփական յուղի մեջ տապակած պաշինայով։

#3 «Մոնտե Քրիստո» սենդվիչ

Արագ, տաք և կշտացնող նախաճաշի հիանալի տարբերակ ենք բերել։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-տոստի հաց (3 կտոր)

-խոզապուխտ

-հալած պանիր

-մայոնեզ

-ձու

-կաթ

-կարագ

Տոստի հացերից հեռացնում ենք կոշտ եզրերը։ Առաջին շերտի վրա տարածում ենք մայոնեզ, դնում ենք հալած պանիր, խոզապուխտ, այնուհետև դնում ենք հացի հաջորդ շերտը և կրկին տարածում ենք մայոնեզ, դնում ենք հալած պանիր, խոզապուխտ։ Հացի երրորդ շերտի վրա հակառակ կողմից տարածում ենք մայոնեզ և ծածկում ենք սենդվիչը։

Տախտակի կամ ափսեի օգնությամբ սենդվիչը սեղմում ենք։ Ձուն հարում ենք, ավելացնում ենք մի փոքր կաթ, աղ, սև պղպեղ։ Սենդվիչը թաթախում ենք խառնուրդի մեջ և բոլոր կողմերից տապակում ենք կարագի մեջ մինչև կարմրելը։ 

Ցանկության դեպքում կարող եք մատուցելուց առաջ շաղ տալ շաքարի փոշի կամ ավելացնել թխկու օշարակ։

#4 Պաշինայով սենդվիչ

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-պաշինա (2-3 կտոր)

-բատոն հաց

-լոլիկ

-մայոնեզ

-հազարի տերև

Պաշինան չոր տապակի մեջ տաքացնում ենք մինչև երկու կողմից կարմրելը։ Քանի որ այն բավականին յուղոտ է, հավելյալ ձեթ կամ կարագ ավելացնելու կարիք չկա, այն կտապակվի սեփական յուղի մեջ։

Նույն տապակի մեջ երկու կողմերից կարմրեցնում ենք նաև բատոնի երկու շերտերը։ Սենդվիչը պատրաստելու համար անհրաժեշտ է հացի առաջին շերտի վրա տարածել մայոնեզ, դնել հազարի տերև և լոլիկը, այնուհետև պաշինան և ծածկում ենք հացի երկրորդ շերտով։ 

#5 Թունայով սենդվիչ

Սենդվիչի համար հարկավոր չէ որևէ բաղադրիչ եփել։ Խանութից կարող եք ձեռք բերել բոլոր բաղադրիչներն ու արագ նախաճաշ կամ լանչ պատրաստել հաշված րոպեների ընթացքում։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-տոստի հաց (2 կտոր)

-հալած պանիր (սերուցքային)

-պահածոյացրած թունա

-լոլիկ, թարմ վարունգ

Տոստի հացերը չոր թավայի մեջ տաքացնում ենք այնքան, մինչև երկու կողմից կարմրեն։ Այդպես հացը ստացվում է խռթխռթան, իսկ տեսքը՝ ռեստորանային։ 

Հացի առաջին շերտի վրա տեղադրում ենք հալած պանիր, պահածոյացրած ձուկ, բարակ շերտերով կտրատած լոլիկն ու վարունգը։ Ծածկում ենք հացի երկրորդ շերտով։ Երբ սենդվիչը պատրաստ է, սուր դանակով այն բաժանում ենք եռանկյունաձև երկու կտորների։ 

#6 Հավի բուրգեր

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

Հավի միսը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

-հավի կրծքամիս

-պաքսիմատ

-ձու

-բուսական յուղ

-աղ, սև պղպեղ

Բուրգերը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

-բուրգերի հաց

-հալած պանիր (չիզբուրգեր)

-հազարի տերևներ

-լոլիկ

-թթու վարունգ (ըստ ցանկության)

-մայոնեզ, կետչուպ

Հավի կրծքամիսը կտրատում ենք հավասար բարձրության միջին չափի կտորների (այն չափով, որ հարմար լինի տեղավորել բուրգերի հացի վրա)։ Ձուն հարում ենք և համեմում աղով ու սև պղպեղով։ Հավի մսի կտորները թաթախում ենք ձվի, այնուհետև պաքսիմատի մեջ և տապակում բուսական յուղի մեջ մինչև կարմրելը։ 

Բուրգերի հացի վրա տարածում ենք մայոնեզ, կետչուպ, դնում ենք հավի միսը, հալած պանիրը, բարակ շերտերով կտրատած լոլիկն ու թթու վարունգը, հազարի տերևները։  

#7 Բուսական բուրգեր

Բուսական բուրգերները լայն ժողովրդականություն են վայելում ոչ միայն բուսակներների, այլ նաև մսակերների մոտ։ Վերջիններս կարելի է պատրաստել տարբեր միջուկներով՝ սիսեռով կոտլետ (ֆալաֆել), կարմիր լոբով, դդմիկով, ոսպով և այլն։ 

Բուսական կոտլետները ոչ միայն չափազանց համեղ են, այլ նաև օգտակար, պարունակում են սպիտակուցներ, վիտամիններ ու հանքանյութեր։ Այս անգամ կկիսվենք կարմիր լոբով բուրգեր պատրաստելու բաղադրատոմսով։ 

Լոբով կոտլետը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

-կարմիր լոբի (1 բաժակ)

-սխտոր

-ընկույզ

-ձու

-պաքսիմատ

Բուրգերը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

-բուրգերի հաց

-բուսական պանիր

-հազարի տերևներ

-լոլիկ

-սոխ

Կարմիր լոբին թրջում ենք և թողնում ողջ գիշեր։ Եփում ենք մինչև պատրաստ լինելն ու լավ փափկելը։ Եփված լոբին աղում ենք, տրորում կամ հարում բլենդերով մինչև համասեռ զանգված դառնալը։ Ավելացնում ենք մանր կտրատած ընկույզ, ճզմած սխտոր, ձու, 1 ճաշի գդալ պաքսիմատ, աղ ու սև պղպեղ։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մանր կտրատած սոխ և կանաչ պղպեղ։

Զանգվածը խառնում ենք և ձևավորում կոտլետներ։ Միանման կոտլետներ ստանալու համար կարելի է օգտագործել սիլիկոնե կափարիչներ։ Տապակը տաքացնում ենք, ավելացնում բուսական յուղ և տապակում երկու կողմից։ Տեղափոխում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս քաշվի։ 

Բուրգերի հացի վրա դնում ենք կոտլետը, ավելացնում հազարի տերևներ, բուսական պանիր, լոլիկ, կլոր-կլոր կտրատված սոխ։

Սեդնվիչներ ու բուրգերներ կարելի է պատաստել հարյուրավոր այլ բաղադրատոմսերով և չհոգնել։ Իսկ եթե ժամանակը չի բավականացնում նույնիսկ այս բաղադրատոմսերի համար, առաջարկում ենք ուսումնասիրել մեր ճաշացանկը և դիմել Foody-ի խոհարարների օգնությանը․

Աղցաններ

Ապուրներ

Պիցցա

Խորոված

Մսային

Բուսական

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով