Սուրճը աշխարհում միլիոնավոր մարդկանց #1 ըմպելիքն է, որով սկսում, շարունակում և ավարտում են օրը։ Սուրճն օգնում է առավոտյան արագ թարմանալ, առույգ մնալ աշխատանքային օրվա ընթացքում, լավացնում է հիշողությունը, ուղեղի աշխատանքն ու տրամադրությունը։
Որքան շատ են սուրճի սիրահարները, այնքան էլ շատ՝ սուրճ պատրաստելու տարբերակները։
Երբ խոսում ենք բոլորիս քաջ հայտնի արաբիկայի և ռոբուստայի մասին, պետք է նկատի ունենալ, որ դրանք սուրճի հատիկների տեսակներն են։ Իսկ սուրճի տեսակներ ասելով՝ նկատի ունենք էսպրեսո, կապուչինո, ամերիկանո և այլն։
Եկեք նախ քննարկենք հատիկների տեսակները, իսկ հետո` բուն սուրճի։
Արաբիկա
Արաբիկան սուրճի ամենից շատ արտադրվող և ամենատարածված տեսակն է Հյուսիսային Ամերիկայում։ Ունի քաղցր, նուրբ, շոկոլադի և շաքարի երանգներով համ։ Միաժամանակ ունի ցածր թթվայնություն և պարունակում է ավելի քիչ կոֆեին, քան ռոբուստան։
Արաբիկայի հատիկներն աճում են բարձրադիր վայրերում, որտեղ առատորեն անձրևում է։ Այդ պատճառով Բրազիլիան՝ խոնավ անտառներով հարուստ այս երկիրը, արաբիկայի հատիկների ամենամեծ արտահանողն է աշխարհում։
Արաբիկա տեսակի հատիկները միջավայրի նկատմամբ շատ զգայուն են, ինչի պատճառով էլ մեծ խնամք են պահանջում։ Հետևաբար այս հատիկները շուկայում ավելի բարձր են գնահատվում, և սպառողները պատրաստ են թանկ վճարել ավելի նուրբ ու հաճելի համի համար։
Ռոբուստա
Ռոբուստան տարածվածությամբ երկրորդն է արաբիկայից հետո և առավել շատ սպառվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում։ Ունի ուժեղ, դառը համ, ինչից էլ առաջացել է իր անվանումը (robust նշանակում է ուժեղ, ամուր)։
Աչքի է ընկնում է կոֆեինի շատ բարձր քանակով, ինչի շնորհիվ ավելի դիմացկուն է միջավայրի, հիվանդությունների, միջատների նկատմամբ։ Դիմացկունության շնորհիվ աճում է բազմաթիվ բարձրություններում ու կլիմայական պայմաններում։ Քանի որ աճեցնելը հեշտ է, իսկ համը՝ դառնավուն, այս տեսակն ավելի մատչելի է, քան արաբիկան։
Բացի ռոբուստայից և արաբիկայից՝ գոյություն ունեն նաև լիբերիկա (Լիբերիա պետության անվանումից) և էքսելսա տեսակի սուրճի հատիկներ։ Վերջիններս ապահովում են սուրճի արտադրության չնչին մասը և շատ քիչ են տարածված։ Աճում են շատ առանձնահատուկ կլիմայական պայմաններում՝ հիմնականում Հարավարևելյան Ասիայում։ Լիբերիկան ունի փայտային համ, իսկ էքսելսան՝ մրգային։
Թեև մեզ՝ հայերիս, ավելի շատ դուր է գալիս սրճեփով պատրաստված սև սուրճ խմելը՝ շաքարով կամ առանց, հատկապես երիտասարդների նախասիրություններն այսօր ավելի բազմազան են։ Նրանք սիրում են սուրճին ավելացնել սերուցք, կաթ, խտացրած կաթ և այլն ու ստանալ ավելի հետաքրքիր համեր։ Այս ամենով է պայմանավորված նաև այն փաստը, որ շատերը ձեռք են բերում սուրճ պատրաստող սարքեր։
Նախ նշենք, որ սրճային ըմպելիքների մեծ մասը պարունակում են գրեթե նույն բաղադրիչները՝ սուրճ (էսպրեսո), կաթ, կաթնային փրփուր։ Տարբերությունը հիմնականում այս բաղադրիչների համամասնության մեջ է։
Ստորև ներկայացնում ենք սուրճի ամենատարածված տեսակներն և հիմնական տարբերությունները, որպեսզի դուք էլ տեղյակ լինեք յուրաքանչյուր տեսակի բաղադրությունից, թնդությունից, չափաբաժնից, պատրաստման եղանակից։
#1 Էսպրեսո
Դասական էսպրեսոյի չափաբաժինը 25-40 մլ է, իսկ կրկնակի չափաբաժինը՝ 60 մլ։ Մեկ չափաբաժինը պարունակում է 8-10 գրամ աղացած սուրճ և ջուր։ Հենց էսպրեսոյի հիմքի վրա են պատրաստում սուրճի տարբեր տեսակները՝ լատե, կապուչինո։ Էսպրեսո պատրաստելու համար օգտագործում են թե՛ ռոբուստա, թե՛ արաբիկա տեսակի սուրճի հատիկներ։ Կարևորն այն է, թե ինչպես է սուրճը բովվում և անցնում ֆիլտրի միջով։
#2 Կապուչինո
Կապուչինոյի հիմքում էսպրեսոն է փրփրած կաթով։ Անհրաժեշտ է կաթը հարել էլեկտրական հատուկ խառնիչի միջոցով, որն օգնում է կաթը թանձրացնել և ձևավորել փրփուր։ Էսպրեսոյի, կաթի և փրփուրի հարաբերակցությունը պետք է լինի 1:1:1: Չափաբաժինը կազմում է 150-180 մլ։
#3 Լատե
Լատեի հիմքում կրկին էսպրեսոն է փրփրած կաթով։ Ճիշտ համամասնությունը հետևյալն է․ բաժակի 1/3-ը կազմում է էսպրեսոն, 2/3-ը՝ հարած կաթը և 1 սմ կաթի փրփուր։ Ինչպես հասկացաք՝ կապուչինոյից տարբերվում է զուտ կաթի չափաբաժնով, որը լատեի դեպքում ավելի շատ է։ Մատուցում են 240 մլ տարողությամբ բաժակով:
#4 Վիեննական
Վիեննական սուրճի հիմքում էսպրեսոն է, այս անգամ՝ հարած սերուցքով։ Էսպրեսոյի երեք շոթին ավելացնում են ¾ բաժակ ջուր։ Զարդարում և մատուցում են հարած սերուցքով ու կակաոյի փոշիով կամ քերած շոկոլադով։ Երբեմն ավելացնում են նաև մի փոքր կաթ։
#5 Մոկաչինո
Մոկաչինոն, կարելի է ասել, տաք շոկոլադ է, որին ավելացնում են էսպրեսո։ Անհրաժեշտ է պատրաստել էսպրեսոյի երկու շոթ, ավելացնել մոտ 50 մլ շոկոլադի օշարակ և 100 մլ հարած կաթ։ Պատրաստման ձևն ու բաղադրիչները սրճարանից սրճարան կարող են փոփոխվել։ Որոշներն օգտագործում են շոկոլադի օշարակ կամ կակաոյի փոշի, մյուսներն ըմպելիքի մեջ ավելացնում են հենց շոկոլադի մանր կտորներ՝ թողնելով, որ հալչեն։ Զարդարում են քերած կամ կտրատած շոկոլադով։
#6 Ֆրապպե
Լուծվող սուրճով և փրփուրով սառը ըմպելիք է։ Տնային պայմաններում այն պատրաստելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Պարզապես պետք է ձեռքի տակ ունենալ էլեկտրական սուրճի հարիչ։ 40 մլ ջրին ավելացնում են երկու գդալ լուծվող սուրճ, շաքարավազ ըստ ճաշակի և հարում մինչև փրփրելը։ Մատուցում են մեծ բաժակով, սառը ջրով և սառույցով։
#7 Ամերիկանո
Սովորական կամ կրկնակի էսպրեսո է, որի վրա ավելացնում են տաք ջուր։ Թնդությունը կախված է էսպրեսոյի շոթերի քանակից։ Կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր սիրում են թունդ, թարմացնող սրճային ըմպելիք, բայց ունեն լակտոզային անտանելիություն և խուսափում են կաթնային ծագմամբ բաղադրիչով ըմպելիքներից։
#8 Գլյասե
Գլյասեն չափազանց հեշտ է պատրաստել տնային պայմաններում՝ առանց սուրճ պատրաստելու հատուկ սարքի։ Անհրաժեշտ է սառը ջրին ավելացնել լուծվող սուրճ, շաքարավազ՝ ըստ ճաշակի, և պաղպաղակ (սովորաբար` վանիլային): Զանգվածն անհրաժեշտ է հարել սովորական բլենդերով և մատուցել սառույցի կտորներով։ Ամռան շոգի դեմ պայքարելու և առույգ մնալու հիանալի միջոց։
#9 Իռլանդական
Տաք կոկտեյլ է իռլանդական վիսկիի և սուրճի հիմքով։ Կարելի է օգտագործել և՛ էսպրեսո, և՛ լուծվող սուրճ։ Վերջինս լցնում ենք ապակյա բաժակի մեջ, ավելացնում վիսկի և շաքարավազ, որը կարելի է փոխարինել նաև թխկու օշարակով։ Զարդարում ենք հարած սերուցքով և մշկընկույզով։ Պետք է պարտադիր փորձեն նրանք, ովքեր սիրում են համատեղել սուրճի և ալկոհոլի համերը։
#10 Վիետնամական
Չափազանց հեշտ ու արագ պատրաստվող սուրճի տեսակ է, որի համար հարկավոր է խտացրած կաթ, սուրճ (լուծվող կամ էսպրեսո) և ջուր։ Մատուցում են ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։ Վիետնամական սուրճի առանձնահատկությունն է վիետնամական ֆիլտր օգտագործելը։ Տնային պայմաններում կարելի է պատրաստել առանց ֆիլտրի և ստանալ կրեմային, շատ նուրբ համով սրճային ըմպելիք։
#11 Աֆոգատո
Աֆոգատոն ավելի շատ սրճային աղանդեր է, քան ըմպելիք, բայց տնային պայմաններում պատրաստելիս կարելի է մի փոքր շեղվել կանոններից։ Էսպրեսոյի շոթին անհրաժեշտ է ավելացնել տաք ջուր և վանիլային պաղպաղակ։ Գլյասեից տարբերվում է նրանով, որ աֆոգատոյի համար սովորաբար օգտագործում են էսպրեսո, ոչ թե լուծվող սուրճ։ Բացի այդ՝ աֆոգատոն մատուցում են տաք վիճակում, իսկ գլյասեն՝ սառը։ Երբեմն աֆոգատոյին ավելացնում են նաև ամարետո (նուշից և/կամ ծիրանի կորիզներից պատրաստված թեթև ալկոհոլային խմիչք), զարդարում շոկոլադով։
Մենք գիտենք, թե որքան հաճելի ու սպասված պահ է ձեզ համար սուրճի ընդմիջումը՝ լինեք տանը, աշխատավայրում, թե քաղաքից դուրս։ Նաև գիտենք, թե որքան եք սիրում սուրճի հետ համտեսել որևէ թխվածք կամ աղանդեր։
Առաջարկում ենք պատվիրել Foody-ի համեղ աղանդերներից և ստանալ համային իրական հաճույք ձեր սուրճի փոքրիկ ընմիջումից։ Մենյուին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։