10 սննդամթերք, որոնց պակասը սառնարանում անթուլատրելի է
Լինում են օրեր, երբ ինչ-որ հատուկ բան ես ուզում պատրաստել, և պարզվում է՝ ունես բոլոր անհրաժեշտ բաղադրիչները՝ բացի մեկից։ Բացում ես պահարանը, սառնարանը, հետո՝ սառցախցիկը, փորձում եղած բաղադրիչներով պատկերացնել, թե ինչ կարելի է պատրաստել ճաշի կամ ընթրիքի համար։ Խնդիրն այն է, որ ցանկացած իրավիճակում համեղ ու սննդարար ուտելիք պատրաստելու համար ոչ միայն մտքի ճկունություն է պետք, այլև բազային մթերքների մշտական առկայություն։
Բազային մթերքով հնարավոր է անպատմելի մեծ բազմազանությամբ կերակուրներ պատրաստել՝ մի բաղադրիչը նույն կատեգորիայի այլ մթերքով փոխարինելով․ Ձեր ստեղծագործական ճկունությունը խոհանոցում համարեք ապահովված։
- Ձու
Ձուն առաջին անհրաժեշտության սննդամթերք է՝ լինի հավի, լորի, թե հնդկահավի։ Համեղ ու սննդարար մթերք լինելով` ձուն հարուստ է մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր ինը ամինաթթուներով։ Լիովին հագեցնում է ու չի առաջացնում քաղցի զգացողություն բավականին երկար ժամանակ։
Թարմ ձուն սառնարանային կայուն ջերմաստիճանում կարող է մնալ 3-5 շաբաթ՝ առանց համային և որակական հատկանիշների նվազման։
Եթե հաշվենք, թե քանի եղանակով կարելի է պատրաստել ձուն, երկնիշ թվերը չեն հերիքի։ Ձուն կարելի է շատ կարճ ժամանակում խաշել, շոգեխաշել, տապակել, խորովել, պատրաստել ձվածեղ, ակնիկ, օմլետ, ձվով նրբաբլիթ, սպիտակուցի գրպանիկ՝ դեղնուցը ներսում, ձվի արիշտա, օգտագործել սոուսներում, ապուրներում, թխվածքում, աղցաններում, աղանդերի տեսքով՝ նույնիսկ հում վիճակում։ Եթե սրան գումարենք բոլոր համադրելի համեմունքները, բանջարեղենը, մսային բաղադրիչները, կստանանք ամենաունիվերսալ մթերքը խոհանոցում։
- Բանջարեղեն
Այն, թե ինչքան օգտակար և կարևոր է բանջարեղենը մարդու սննդակարգում, հայտնի է վաղուց ու բոլորին։ Բանջարեղենում առկա բոլոր վիտամիններն ու սննդարար նյութերը առավելագույն ներուժն ունեն թարմ վիճակում և կորցնում են դրանց մեծ մասը ջերմային մշակման ընթացքում։ Տարվա ցուրտ եղանակներին, երբ հասանելի է միայն ջերմոցային պայմաններում աճեցված բանջարեղենը և այն էլ՝ թանկ գներով, թարմ բանջարեղենին կարող է փոխարինել սառեցվածը։ Դուք ինքներդ էլ տնային պայմաններում կարող եք բերքահավաքի սեզոնին փոքր քանակությամբ սառեցնել տարբեր տեսակներ՝ բրոկոլիից մինչև պղպեղ ու սպանախ՝ նախապես կարդալով սառեցման ճիշտ տեխնոլոգիայի մասին։
Բանջարեղենը՝ թե՛ թարմ, թե՛ սառեցված վիճակում, մեծ մասամբ բավականին արագաեփ է ու կարող է հրաշալի լրացում հանդիսանալ խավարտի և սոուսների համար՝ հիանալի համ ու գույն հաղորդելով ուտեստին։
- Միս կամ ձուկ
Սպիտակուցների առկայությունը սառնարանում պարտադիր է։ Բարեբախտաբար, ցանկացած տեսակի մսամթերք հնարավոր է բավականին երկար ժամանակ պահել սառցախցիկում, ու հենց այդ պատճառով էլ արժի հնարավորության դեպքում գնումների հետ անպայման հավելյալ միս կամ ձուկ գնել։ Մսամթերքի որոշ տեսակների եփման համար երկար ժամանակ է պահանջվում, դրանք կարելի է նախապես մշակել, համեմել, աղալ, եփել ու նոր սառեցնել։ Սա առավելագույնս կարագացնի ու կհեշտացնի գործը, երբ արագ ու հագեցնող մի բան պատրաստելու կարիք լինի, օրինակ՝ նախապես աղացած ու եփված տավարի միսը՝ ցանկացած տեսակի պաստայի հետ, արագաեփ հավի կրծքամսի կտորները կարի սոուսի մեջ՝ բրնձի խավարտի կողքին․․․ Նույնիսկ համեստ քանակությամբ մսամթերքը սովորական ընթրիքին տոնական տեսք ու համ կհաղորդի։
4. Կաթնամթերք
Այս կատեգորիայում մթերքը բազմազան է՝ թթվասերից մինչև կաթ ու սերուցք, բայց դրանց մեծ մասն այնուամենայնիվ առանցքային դեր է խաղում խոհանոցային հարաբերություններում։
Եկեք սկսենք կաթից․ առանձին ըմպելիք հանդիսանալուց բացի՝ այն կարող է օգտագործվել գրեթե ամեն ինչ պատրաստելիս՝ նրբաբլիթներից մինչև սուրճ, տորթից մինչև բազմազան սոուսներ ու ըմպելիքներ։
Կովի կաթը կարելի է փոխարինել ընդեղենի կամ հատիկավորների կաթով, ինչը շատ հեշտությամբ հնարավոր է պատրաստել տան պայմաններում։ Հայաստանում նոր-նոր է տարածվում այլընտրանքային կաթի մշակույթը, և այն բոլորովին չի զիջում ավանդական կովի կաթին ո՛չ օգտակարությամբ, ո՛չ էլ համով։
5. Պանիր կամ պանրային մթերք
Պանրի ստեղծման վայրն ու առեղծվածը մինչև հիմա բացահայտված չեն։ Ասում են՝ 10.000 տարի առաջ արդեն պանիր պատրաստելու տեխնոլոգիան հայտնի է եղել։ Իսկ դուք երբևէ պանիր ուտելիս մտածե՞լ եք, թե դեպի ուր են գնում այդ մթերքի արմատները։
Ողջ պատմության ընթացքում հազարից ավելի պանրի տեսակ է ստեղծվել, և այժմ էլ բազմազան համային հավելումներով նորանոր տեսակներ են ծնվում աշխարհի տարբեր անկյուններում։
Պանիրը, որպես առանձին նախուտեստ, հրաշալի է համադրվում գինու և գարեջրի հետ, որոշ տեսակներ աղանդերային են և կարելի է վայելել սուրճի հետ։ Պանրի կոշտ տեսակները քերած վիճակում ուտեստների վրա կամ սոուսների մեջ հալվում ու յուրահատուկ ձգվածություն են ստեղծում։ Որոշ տեսակներ հրաշալի նրբություն ունեն տապակած վիճակում, որոշները խորովածի համար են կատարյալ։ Ընտրությունը լայն է՝ ըստ նպատակի։
Այս ամենով հանդերձ՝ տանը մի կտոր Լոռի պանիր ունենալով նույնիսկ կարելի է պանրային մոգություն ավելացնել ամենասովորական ուտեստին։
6. Հատիկընդեղեն
Հատիկընդեղենի հիմնական տեսակները՝ ոլոռ, սիսեռ, լոբի, ոսպ, պարունակում են ահռելի քանակությամբ սննդային մանրաթելեր, վիտամիններ, միկրոէլեմենտներ, բուսական սպիտակուցներ։ Հատիկընդեղենի պարբերական օգտագործման շնորհիվ նկատվում է ուղեղի աշխատանքի բարելավում, մարսողական խանգարումների կարգավորում, ատամների ու ոսկորների ամրացում։
Լոբազգիների որոշ տեսակների չորահատիկներ պետք է անպայման մի քանի ժամ թրջել գոլ ջրի մեջ եփելուց առաջ։ Այս առումով սրանք մի քիչ ավելի ժամանակ ու էներգիա են պահանջում, բայց այդ ներդրումը լիովին արդարացված է։ Իսկ առավել անկանխատեսելի դեպքերի համար կարելի է մի քանի տարա պահածոյացված հատիկընդեղեն ունենալ՝ լոլիկի սոուսի մեջ։ Այս տարաների պարունակությունը սովորաբար կարելի է անմիջապես ավելացնել եփվող կերակրի մեջ։
7․ Կարտոֆիլ
Մեզանում կարտոֆիլը մեծ ժողովրդականություն է վայելում։ Հայաստանի շատ շրջաններում հաջողությամբ կարտոֆիլ է աճեցվում, գինը շատ այլ մշակաբույսերի համեմատ բավականին ցածր է՝ մատչելի և հասանելի բոլորին։ Կարտոֆիլի օգտակարության մասին, սակայն, գրեթե չի խոսվում։ Այս մթերքը մեծ քանակությամբ կալիում, մի քանի խմբի վիտամիններ է պարունակում։
Կարտոֆիլի պատրաստման տասնյակ եղանակներ կան։ Այն կարող է հանդես գալ և՛ որպես հիմնական ուտեստ, և՛ որպես խավարտ, և՛ որպես աղցանի բաղադրիչ՝ տապակած, խաշած, շոգեխաշած, կեղևի մեջ խորոված․․․ Հենց սա էլ կարտոֆիլը դարձնում է ամենաունիվերսալ մթերքներից մեկը, որ կարող է փրկել Ձեզ ցանկացած իրավիճակում։
Պատրաստման ժամանակահատվածը սովորաբար կախված է լինում ընտրված եղանակից, միջինում տևողությունը հարմար է նաև արագ ուտեստներ պատրաստելու համար։
8․ Մակարոնեղեն
Խմորե ձողիկների, գնդիկների, բանտերի, լարերի այս աշխարհում ամեն տեսակն իր անվանումն ունի․ մեզ ծանոթ են դրանցից քչերը՝ մակարոն, վերմիշել, սպագետի, լազանյա, և էլի մի քանիսը՝ ռեստորանային մենյուներից։ Իսկ աշխարհում պաստայի մոտ 350 տեսակ է հայտնի՝ բոլորը տարբեր չափսերով, լայնությամբ, հաստությամբ, ձևով։ Դասական մակարոնեղենը պատրաստված է ցորենի կոշտ տեսակների ալյուրից, բայց Հայաստանում կա նաև տարեկանի, բրնձի և այլ տեսակի ալյուրներից պատրաստված մակարոնեղեն։
Տանը մակարոնեղեն ունենալն իսկական փրկություն է։ Պաստան կարելի է պահել երկար՝ առանց սննդային ու համային հատկությունների կորստի, կարելի է ավելացնել ճաշերի ու աղցանների մեջ, պատրաստել փլավ, կամ հենց որպես հիմնական ուտեստ՝ որոշ տեսակներ նախապես ձեթի մեջ բովելով։
9․ Առողջ բուսայուղեր
Մեր խոհանոցային ներկայիս մշակույթում համատարած սեր է վայելում ջերմային մշակմամբ զտված ու ռաֆինացված արևածաղկի ձեթը՝ հիմնականում ցածր գնի և հասանելիության պատճառով։
Ցավոք, այսպիսի մշակում անցած ոչ մի ձեթ չի պահպանում գրեթե ոչ մի օգտակար հատկություն։ Իզուր չէ, որ միջերկրածովյան սննդակարգը, որտեղ բոլոր ուտեստները պատրաստվում են ձիթայուղով, համարվում է ամենաառողջը։
Առողջ ու օգտակար բուսայուղերի շարքին կարելի է դասել նաև խաղողի կորիզի յուղն ու կտավատի ձեթը։ Այս երկուսն էլ մշակվում են Հայաստանում և զտվում են սառը մամլման եղանակով։ Ցածր ջերմաստիճանով պատրաստման համար մեկ այլ հրաշալի տարբերակ է սառը մամլմամբ ստացված կոկոսի յուղը՝ արդեն լայնորեն հասանելի և կիրառվող։ Թերևս միակ խնդիրն այն է, որ այս բուսայուղերը երբեմն եռակի թանկ են արևածաղկի ձեթի համեմատ, բայց առողջությունն այն ոլորտն է, որում միանշանակ արժի ներդրումներ անել։
10․ Համեմունքներ և դեղաբույսեր
Աշխարհի տարբեր անկյուններում համեմունքների կիրառությունը խոհանոցում հասնում է պաշտամունքի։ Համեմունքների շնորհիվ երկրները ճանաչելի են դառնում, հարստանում դրանց աճեցման ու արտահանման հաշվին, գաստրոզբոսաշրջությունը հասնում է նոր բարձունքների․․․ Բանն այն է, որ համեմունքների օգտագործումն է միակ եղանակը, որով կարելի է նույն մթերքը նույն կերպ պատրաստել ու ստանալ լրիվ ուրիշ համ։
Յուրահատուկ համ, գույն, բույր հաղորդելուց բացի համեմունքները կարող են լինել շատ սննդարար, ազդել տրամադրության, մտավոր աշխատանքի ու ընդհանուր առողջության վրա։
Եթե Ձեր խոհանոցային ոգեշնչումը պակասել է, անպայման փորձարկեք նոր համեմունքներ՝ նորովի բացահայտելու հին ու ծանոթ մթերքները։
Եվ վերջում․․․
Հարկ է նշել, որ այս հոդվածում ներկայացվող մթերքների բազայնությունը խիստ հարաբերական է, այն կարող է փոքր-ինչ տատանվել կամ լիովին տարբերվել՝ կախված մարդու սննդակարգից, կենսակերպից և առողջական վիճակից։
Մի խորհուրդ ևս․ բոլոր հնարավոր մթերքների դեպքում աշխատեք ընտրել տնական կամ տեղական փոքր ֆերմաների արտադրանքը։ Հայաստանում նկատելիորեն զարգանում է տնական-բնական մթերք գնելու մշակույթը, դրան զուգահեռ ավելանում են նաև կայքերը, ծառայություններն ու հարթակները, որոնք գյուղացուն կապում են գնորդի հետ՝ բնական մթերքն ավելի հասանելի դարձնելով։