Մեղրի առանձնահատկությունները և օգտակար հատկանիշերը

Երևի չկա այնպիսի մարդ, ում համար դպրոցական տարիքում չեն պատրաստել մեղրաջուր և ստիպել առավոտյան խմել կամ էլ ում մեղր չեն առաջարկել ուժեղ հազի ժամանակ։ Այսօր էլ մեղրը շարունակում է մնալ բնական բուժիչ մթերք, որը որոշ հատկություններով գերազանցում է նույնիսկ դեղերին։ 

Առաջարկում ենք կարդալ մեր հոդվածը և իմանալ ամեն ինչ մեղրի մասին՝ ծագումը, պահպանման պայմանները, օգտակար հատկությունները, առօրյայում կիրառման ձևերը։

Ինչպե՞ս է ստացվում մեղրը

Գոյություն ունեն մեղրի հարյուրավոր տեսակներ, որոնք տարբերվում են իրենց գույնով, բույրով ու համով՝ կախված բույսի աղբյուրից։ Հիմնականում տարածված են ակացիայից, լորենուց, հնդկացորենից ստացված մեղրի տեսակները։ 

Ամեն ինչ սկսվում է ծաղկի նեկտարից։ Մեղրատու մեղուները հավաքում են նեկտարը և շաքարը վերածում գլյուկոզայի ու ֆրուկտոզայի, որոնք պահպանվում են մեղուների բույնի մեջ և սնում նրանց ձմռանը։ Ավելորդ հեղուկը գոլոշիանում է, և մնացած թանձր, կպչուն հեղուկը հենց այն է, ինչ մենք անվանում ենք մեղր։

Երբ մեղրը հանում են փեթակից, հեռացնում են մոմանյութերն ու ոչ մեղրային մասնիկները, ինչից հետո ստացվում է չմշակված, բայց միևնույն ժամանակ ուտելի մեղր։ Պահպանվում են մթերքի բոլոր օգտակար հատկությունները։ 

Մինչ խանութներ հասնելը մեղրը ենթարկվում է վերամշակման։ Տաքացման և տարայալցման գործընթացում թեև ոչնչացվում են հնարավոր ախտածինները, բայց վերանում է նաև չմշակված մեղրի մեջ առկա վիտամինների ու հակաօքսիդիչների որոշ մասը։

Ինչպե՞ս տարբերել արհեստական մեղրը բնականից

Ինչպես նշեցինք՝ բնական, մաքուր, չմշակված, իսկական մեղրը ստանում են բույսերի նեկտարից, որից հետո ենթարկում են մինիմալ զտման, որպեսզի հեռացնեն ավելորդ մասնիկները։ 

Արհեստական մեղր ստանում են գործարաններում՝ իսկական մեղրը խառնելով շաքարի օշարակի հետ, որը ստանում են շաքարեղեգից, եգիպտացորենից, բրձից և ենթարկում վերամշակման։ 

Արհեստական մեղրի որոշ տեսակներ նույնիսկ չեն պարունակում որևէ քանակի բնական մեղր և իրենցից ներկայացնում են գլյուկոզայի, շաքարեղեգի, եգիպտացորենի օշարակների խառնուրդներ։ 

Արհեստական մեղրը բնականից տարբերելն ավելի բարդ է, քան կարելի է կարծել։ Նույնիսիկ լաբորատոր պայմաններում հեշտ չէ հասկանալ տարբերությունը, իսկ տնային մեթոդները ոչ միշտ են ճշգրիտ։ 

Բացի այդ՝ ավելի լավ է նախապես իմանալ մեղրի իսկությունը, քան գնել, մեղրի մի մասը փորձարկումների ենթարկել և հետո միայն պարզել, որ արհեստական մթերք եք գնել։ 

Ժամանակ խնայելու համար առաջարկում ենք հետևել այս քայլերին՝

  1. Ստուգել տարայի վրա նշված բաղադրությունը։ Մաքուր մեղրի բաղադրության մեջ չպետք է լինի շաքար, եգիպտացորենի օշարակ կամ այլ բաղադրիչներ։ Պետք է լինի միայն մեկ բաղադրիչ՝ մեղր։
  2. Ուշադրություն դարձնել արժեքին։ Բնական և արհեստական մեղրի միջև գնային տարբերությունը բավականին մեծ է։ Եթե 500 գրամ բնական մեղրի արժեքը սուպերմարկետում սկսում է մոտ 3000-4000 դրամից, ապա արհեստական մեղրինը մոտ 500 դրամ է։ Բացի այդ՝ արտադրողները հենց տարայի վրա տեսանելի ձևով նշում են՝ մեղրը բնական է, թե արհեստական։
  3. Գնում կատարել վստահելի վաճառողից։ Բոլորիս համար էլ գոյություն ունեն վստահելի և ոչ վստահելի արտադրողներ՝ կլինի դա անմիջապես անհատ մեղվապահը, թե խոշոր գործարան։ Գնում կատարեք նրանից, ով վստահություն է ներշնչում և փորձեք հեռու մնալ անծանոթ մատակարարներից։

Ինչպիսի՞ն է մեղրի սննդարար կազմը

Կախված միջավայրի պայմաններից, վերամշակման տեխնիկայից ու բույսի տեսակից՝ մեղրի կազմի մեջ բաղադրիչների տոկոսային հարաբերակցությունը կարող է տարբեր լինել։ Բայց գլխավոր բաղադրիչն ածխաջրերն են՝ ֆրուկտոզան (մրգաշաքար) և գլյուկոզան (խաղողաշաքար)։ 

Բարձր որակի չափանիշները բավարարելու համար մեղրի մեջ ջրի քանակը պետք է լինի 18,6% կամ պակաս։ Եթե ջրի քանակը հասնում է 20%-ի, ապա մեղրը համարվում է միջին որակի, իսկ 20%-ը գերազանցելու դեպքում արդեն չի համապատասխանում որակի չափանիշներին։ Մեղրի կազմության շատ չնչին տոկոսն են կազմում վիտամիններն ու հանքանյութերը։

Ի՞նչ օգտակար հատկություններով է օժտված մեղրը

Միգուցե զարմանալի թվա, բայց մեղրը պարունակում է շատ քիչ քանակի վիտամիններ ու հանքանյութեր։ Վիտամիններից առկա են B1, B2, B6, E, K, C, հանքանյութերից՝ կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ։ 

Նույնիսկ եթե օրական կտրվածքով ընդունենք 1-2 թեյի գդալ մեղր, ապա դա կրկին չնչին չափաբաժին կլինի անհրաժեշտ միկրոսնուցիչներ ստանալու համար։ Վիտամինների և հանքանյութերի պաշարը լրացնելու համար անպայման օգտագործեք շատ մրգեր ու բանջարեղեն և պատվիրեք մեր առողջարար աղցանները։

Մեղրն արժեքավոր ու օգտակար է իր հակաօքսիդիչ հատկությունների շնորհիվ, որոնք օգնում են չեզոքացնել թթվածնի ակտիվ ձևերը։ Վերջիններս վնասում են բջիջների կառուցման բլոկները՝ ԴՆԹ, պրոտեին, լիպիդներ։

Մեղրը կարող է իջեցնել արյան ճնշումը, բարելավել արյան մեջ ճարպերի մակարդակը, կարգավորել սրտի զարկերը և կանխել առողջ բջիջների մահը՝ նպաստելով սրտի ընդհանուր առողջությունը։ Օժտված է հակաբակտերիալ և հակասնկային հատկություններով։

Մեղրն օգտագործում են նաև վերքերն ու այրվածքները բուժելու և հազը մեղմացնելու համար։ Այնուամենայնիվ, հազի դեպքում մեղր չի կարելի տալ 1 տարեկանից ցածր երեխաներին։

Հավանաբար լսել եք մեղր-կոճապղպեղ զույգի օգտակար հատկությունների մասին։ Այս խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել մարսողությունը բարելավելու, դիմադրողականությունը բարձրացնելու, մրսածության դեմ պայքարելու համար։

Որքա՞ն է մեղրի պահպանման ժամկետը

Մեղրն անհրաժեշտ է պահել ապակյա տարայի մեջ և ծածկել կափարիչով այնպես, որպեսզի օդի հետ շփում չլինի։ Պահեք սառը վայրում (խոհանոցային պահարանում կամ խորդանոցում)՝ արևի ուղիղ ճառագայթնեից հեռու։

Մեղրը գործնականորեն ունի պահպանման անսահմանափակ ժամկետ։ Այն չի փչանում, բայց ժամանակի ընթացքում սկսում է քարանալ կամ բյուրեղացվել։ Հալեցնելու համար պարզապես անհրաժեշտ է դնել գոլորշու վրա, և այն կրկին հեշտությամբ հնարավոր կլինի կենցաղում օգտագործել։

Լավագուն որակը և օգտակար հատկությունները պահպանելու համար խորհուրդ է տրվում այն պահպանել մինչև 12 ամիս, բայց այդ ժամկետից հետո էլ մեղրն անվտանգ է։ 

Որքա՞ն մեղր ուտել ամեն օր

Մեղրը բնական և օգտակար քացրացուցիչ է, բայց դա չի նշանակում, որ այն կարելի է օգտագործել անսահմանափակ քանակով։ Այն 70%-ով բաղկացած է շաքարից, իսկ կալորիականությունը 100 գրամում մոտ 300 կկալ է։ 

Կանանց համար շաքարի ընդունման օրական խորհուրդ տրվող չափաբաժինը 6 թեյի գդալ է (մոտ 25 գրամ), իսկ տղամարդկանց համար՝ 9 (մոտ 35 գրամ): 

Պետք է հաշվի առնել, որ մենք այս կամ այն տիպի շաքար օգտագործում ենք ոչ միայն, օրինակ, սուրճի կամ թեյ մեջ, այլ հյութերի, պահածոների, սոուսների, որոնք գնում ենք խանութից։ Ինքներդ որոշեք, թե որքան մեղր եք օգտագործում ձեր սննդակարգում, բայց հաշվարկեք ընդունվող մյուս շաքարների քանակը և մի գերազանցեք խորհուրդ տրվող չափաբաժինը։ 

Հենց այստեղից էլ բխում է բոլորին հետաքրքրող հարցի պատասխանը՝ արդյո՞ք մեղրը գիրացնում է։ Չկան գիրացնող կամ նիհարեցնող մթերքներ։ Մեղրը, ինչպես նաև այլ մթերք, կսկսի գիրացնել այն դեպքում, եթե գերազանցեք ձեր օրվա կալորիաների սահմանված շեմը։ Իսկ շեմը սահմանում է բժիշկ-սննդաբանը՝ ելնելով ձեր առողջական վիճակից և ֆիզիկական ակտիվությունից։

Ինչպե՞ս առօրյայում կիրառել մեղրը

Քաղցրացուցիչ

Եթե հրաժարվել եք շաքարավազից, բայց քաղցրի պահանջ դեռևս զգում եք, ապա ձեզ կարող է օգնության հասնել մեղրը։ Այն կարող եք օգտագործել ֆրեշների, յոգուրտների, շիլաների, էներգետիկ բատոնների մեջ։ 

Մեղրաջուր

1 թեյի գդալ մեղրն անհրաժեշտ է ավելացնել 1 բաժակ գոլ ջրի մեջ և խմել առավոտյան որպես օրգանիզմը մաքրող հեղուկ։ Կարելի է ավելացնել նաև կիտրոնի հյութ և դարչին։

Սոուս

Մեղրը աղցանների համար սոուսի հիանալի բաղադրիչ է։ Այն համադրվում է կիտրոնի հյութի, ձիթապտղի ձեթի ու քունջութի հետ՝ կազմելով համեղ ու օգտակար սոուս։

Մեղրը եփված վիճակում օգտագործել խորհուրդ չի տրվում, քանի որ մթերքի որակը վատանում է, և վերանում են օգտակար հատկությունները։

Մեղրը կարելի է ընդգրկել ցանկացած սննդակարգում, եթե հետևում եք ընդունման չափաբաժիներին և օգտագործում բնական, մաքուր մթերք։ Ընունեք բազմազան սնունդ, խուսափեք շաքարի գերօգտագործումից և եղեք առողջ։ Իսկ մեր բազմազան մենյուից այսօր ձեզ համար ինչ-որ համեղ բան պատվիրելն էլ կլինի հոդվածի լավագույն ավարտը։ Հիշեցնում ենք, որ մենք օգտագործում ենք միայն տեղական մսամթերք՝ բոլոր ուտեստների մեջ։ Մեր համեղ մենյուն աչքի անցկացնելու համար սեղմեք այստեղ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով