Պատրաստվում եք սպորտային խա՞ղ դիտել, Ամանորյա ֆի՞լմ կամ պարզապես վայելել երեկո՞ն մտերիմների հետ։
Անկախ առիթից՝ մենք ձեզ համար պատրաստել ենք 10 տնական միջուտեստների (սնեքերի) բաղադրատոմսեր, որոնց մեջ յուրաքանչյուրը կգտնի իր սիրելի տարբերակները։
#1 Աղի և կարամելային ադի բուդի
Ադի բուդին արագ ու հեշտ պատրաստվող, ինչպես նաև մատչելի սնեք է։ Տապակի մեջ ավելացնում ենք բուսական յուղ, աղ և սպասում, որ տաքանա։
Եգիպտացորենի հատիկները լցնում ենք տապակի մեջ և կափարիչով ծածկում։ Երբ բոլոր հատիկները պայթում են, և կաթսան լցվում է սպիտակ ադի բուդիներով, մեր սնեքը պատրաստ է։
Քաղցրասերների համար այս բաղադրատոմսը կարելի է կատարելագործել կարամելային սոուսի օգնությամբ։
Մեկ բաժակ շաքարավազը լցնում ենք տապակի մեջ և անընդհատ խառնում մարմանդ կրակի վրա՝ մինչև հալվելը։ Ավելացնում ենք 70 մլ կաթ և կրկին խառնում, այնուհետև ավելացնում մեկ ճաշի գդալ կարագ։ Խառնում ենք մինչ կարագը հալչի, որից հետո կրակն անջատում ենք։ Մի փոքր սառելուց հետո զանգվածը լցնում ենք ադի բուդիների վրա և մատուցում։
#2 Սոխի օղակներ
Սոխը կտրատում ենք օղակների տեսքով։ Բոլոր օղակներն առանձնացնում ենք՝ հեռացնելով ներսի թափանցիկ թաղանթը։
Առանձին տարայի մեջ ավելացնում ենք կես բաժակ ալյուր, կես թեյի գդալ փխրեցուցիչ, կես թեյի գդալ կարմիր պղպեղ, կես թեյի գդալ աղ, կես բաժակ կաթ, մեկ հատ ձու և հարում մինչև միասեռ զանգված դառնալը։
Թաթախելու համար մեզ անհրաժեշտ է նաև ալյուր և պաքսիմատ՝ առանձին ամանների մեջ։
Սոխի օղակը նախ թաթախում ենք ալյուրի մեջ, այնուհետև խմորային զանգվածի, վերջում պաքսիմատի և տապակում ենք լիքը բուսական յուղի մեջ մինչև ոսկեգույն-շագանակագույն դառնալը։
Մատուցում ենք հատուկ սոուսով՝ խառնելով սոայի սոուսը, սիրաչա սոուսը և մայոնեզը։
#3 Կարտոֆիլային չիպսեր
Կարտոֆիլները կտրատում ենք կլոր-կլոր և շատ բարակ՝ թափանցիկության աստիճանի։ Մոտ 20-30 րոպե թողնում ենք սառը ջրի մեջ, որպեսզի օսլան դուրս գա, այնուհետև լավ չորացնում ենք։
Տապակում ենք առատ բուսական յուղի մեջ մինչև կարմրելը։ Համեմում ենք աղով և կարմիր պղպեղով։ Խանութի չիպսերից տեսքով ընդհանրապես չի տարբերվում, բայց տնական է, շատ ավելի համեղ ու առանց հավելումների։
Կարդացեք նաև՝ Սննդային հավելումներ․ Ինչի՞ համար են օգտագործվում, ո՞ր մթերքում և ինչո՞վ են վտանգավոր
#4 Մրգերով, յոգուրտով
Այս բաղադրատոմսը նրանց համար է, ովքեր քաղցրասեր են, բայց միաժամանակ նաև առողջ են սնվում, ինչպես նաև սիրում են զովացուցիչ սնեքեր։
Բաղադրատոմսի համար անհրաժեշտ է կես բաժակ ելակ, կես բաժակ հապալաս, կես բաժակ ազնվամորի, կես բաժակ մոշ։ Այս ամենը հարում ենք բլենդերով, ավելացնում ենք երկու բաժակ հունական յոգուրտ։ Տեղափոխում ենք մեծ տարայի մեջ և զարդարում թարմ հատապտուղների մանր կտորներով։
Թողնում ենք սառցախցիկում 6 ժամ, որից հետո կտրատում ենք կամ ձեռքով բաժանում ենք փոքր սալիկների։ Ստացվում է թարմ հատապտուղներով, առանց հավելումների, յոգուրտով պատրաստված զովացուցիչ աղանդեր։
Այս աղանդերի ավելի հեշտ տարբերակ է խանութից գնել պատրաստի յոգուրտ, մեջը փայտիկ տեղադրել և տեղափոխել սառցախցիկ։ Վայելել որպես մրգային պաղպաղակ։
#5 Սիսեռով չիպսեր
Սիսեռը նախօրոք դնում ենք ջրով լի կաթսայի մեջ և թրջում 12 ժամ։ Քամում ենք, լցնում ենք մաքուր ջրով լի կաթսայի մեջ և եռալուց հետո եփում 40 րոպե։ Ջուրը քամում ենք։
Սիսեռները համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, սխտորի փոշիով, տոմատի մածուկով, բուսական յուղով, չորացրած օրեգանոյով։ Լցնում ենք յուղաթերթով ծածկված տապակի վրա, տեղափոխում ենք 200ºC տաքացված ջեռոցը և թողնում 10 րոպե, որից հետո խառնում ենք և թողնում ևս 10-15 րոպե։
#6 Չորահացիկ
Երևի կհիշեք, որ փոքր ժամանակ տատիկները հին հացերը կտրատում էին և տեղափոխում ջեռոցը՝ պատրաստելով «սուխարիներ»։ Այսօր ավելի տարածված է սուխարիներ կամ չորահացիկներ պատրաստել փոքր խորանարդների տեսքով և համեմունքներով։
Վերցնում ենք բատոն կամ բագետ հաց, կտրատում ենք փոքր խորանարդների տեսքով։ Տեղափոխում ենք խորը տարայի մեջ, համեմում ենք կարմիր պղպեղով և բուսական յուղով։ Կարելի է ավելացնել նաև այլ համեմունքներ ըստ ճաշակի։
Թողնում ենք 180ºC տաքացված ջեռոցում 7-8 րոպե՝ մինչև կարմրելը և խռխռթան դառնալը։ Կարելի է ուտել ինչպես առանձին, այնպես էլ օգտագործել Կեսար աղցանը զարդարելիս։
#7 Բրուսկետա
Բրուսկետաների հազարավոր, եթե ոչ միլիոնավոր բաղադրատոսմեր կան։ Սակայն մենք կներկայացնենք թերևս ամենադասականը։
Վերցնում ենք բատոն կամ բագետ հաց և կտրատում թեքությամբ՝ ստանալով 2 սմ հաստությամբ կտորներ։ Չոր թավայի մեջ տաքացնում ենք երկու կողմից մինչև կարմրելը և խռխռթան դառնալը։ Սխտորը տարածում ենք հացի կտորների վրա, որպեսզի համ ու հոտ հաղորդի, այնուհետև յուրաքանչյուր կտորի վրա լցնում ենք մի փոքր ձիթապտղի յուղ։
Զարդարելու համար մեզ անհրաժեշտ է պանիր (սուլուգունի կամ մոցարելա), լոլիկ և բազիլիկի տերևներ։ Պանիրը և լոլիկը կտրատում ենք փոքր խորանարդների տեսքով, մանր կտրատում ենք բազիլիկը։ Խառնում ենք և զանգվածով զարդարում հացի կտորները։
Բազիլիկը յուրահատուկ համ ու հոտ է հաղորդում այս բաղադրատոմսին, այնպես որ պատրաստելիս անպայման ավելացրեք նաև այս կանաչին։
Կարելի է ճաշակել և՛ գինու, և՛ գարեջրի հետ, և՛ որպես նախուտեստ, և՛ որպես սնեք հիմնական ճաշից հետո՝ որևէ ֆիլմ կամ հաղորդում դիտելու համար։
#8 Սև չորահաց սխտորով (գրենկի)
Այս բաղադրատոմսի համար մեզ անհրաժեշտ է սև հաց։ Կտրատում ենք այն 6 կտորի՝ 1,5 մատի հաստությամբ։
Սխտորով սոուսը պատրաստելու համար անհրաժեշտ է երկու գլուխ սխտորը ճզմել, ավելացնել մի փոքր բուսական յուղ և մեկ պտղունց աղ։
Հացի կտորները պատում ենք սխտորային սոուսով և տեղադրում ենք իրար վրա։ Մարինացվելու համար անհրաժեշտ է 10-15 րոպե։ Այնուհետև սոուսը հեռացնում ենք հացի կտորներից և յուրաքանչյուր հացը լայնությամբ կտրատում ենք չորս մասի՝ ստանալով ձողիկներ։
Կտորները պատում ենք բուսակայն յուղով, տեղադրում ենք յուղաթերթով պատված ջեռոցի տապակի մեջ։ Տեղափոխում ենք 200ºC տաքացված ջեռոցը և թողնում 10 րոպե։ Ժամանակը լրանալուց հետո շրջում ենք և թողնում ևս 5-7 րոպե։
Չորահացերը թաթախելու համար պատարաստում ենք հատուկ սոուս։ Խառնում ենք մեկ ճաշի գդալ մայոնեզը և նույնքան թթվասերը, ավելացնում ենք մի փոքր ճզմած սխտոր, մեկ պտղունց աղ և մանր կտրատած սամիթ։
#9 Մրգային աղցան
Մրգային աղցանը վիտամինների հիանալի աղբյուր է նրանց համար, ովքեր քիչ են միրգ ուտում։ Աղցանի էսթետիկ տեսքն ու թթվաքաղցր համը կոգևորեն ձեզ պատրաստել և վայելել այն մեծ հաճույքով։
Անհրաժեշտ է փոքր խորանարդներով կտրատել նախընտրելի մրգերը՝ կիվի, խաղող, մանգո, ելակ, ավելացնել հապալաս։ Կարևորն այստեղ սոուսի ճիշտ ընտրությունն է, որի համար անհրաժեշտ է լայմի ցեդրա (կեղևի քերուկ), լայմի հյութ և մեղր։ Չափաբաժինները կախված են մրգերի քանակից և ձեր նախընտրությունից։
#10 Լավաշով և համեմունքներով
Սա լավ տարբերակ է հին լավաշին նոր կյանք տալու և ձեռքի տակ համեղ սնեք ունենալու համար։
Լավաշը կտրատում ենք փոքր ուղղանկյունների տեսքով, համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, սխտորի փոշիով, ավելացնում ենք քերած պանիր և բուսակայն յուղ։ Թխում ենք ջեռոցում մի քանի րոպե մինչև կարմիր ու խռխռթան դառնալը։
Համեղ սնեքերից առաջ պարտադիր է սնվել համեղ ու բազմազան ուտեստներով։ Foody-ն օգնում է լուծել այդ հարցը՝ առաջարկելով աղցաններ, բուսական ու մսային ուտեստներ, ապուրներ։ Ծանոթացեք մեր շատ համեղ ճաշացանկին այստեղ։