Ի՞նչ տանել աշխատանքի․ լանչի 12 գաղափար, երբ չգիտես, թե ինչ պատրաստել

Ճաշարանում կամ արագ սննդի կետում լանչ պատվիրելը միգուցե արագ ու հարմարավետ, բայց ոչ արդյունավետ լուծում է։

Կարճաժամկետ առումով այն մեզ ազատում է տանը սնունդ պատրաստելու հոգսից, բայց երկարաժամկետ առումով մենք բախվում ենք այլ խնդիրների՝ ճարպի ու շաքարի չարաշահում, վիտամինների ու հանքանյութերի պաշարի նվազում, աշխատունակության պակաս և քնկոտության զգացողություն։ Ինչպես նաև շատ հաճախ ձեր գրասենյակին մոտ գտնող ճաշարանում չեք գտնում համեղ ուտեստներ, հաճախ եք հոգնում դրանցից, կամ որակը այնքան էլ գոհացուցիչ չէ։ 

Իդեալական կոչվելու համար լանչը պետք է բավարարի այս չափանիշներին (կամ գոնե մեծ մասին).

  • համեղ,
  • հագեցնող,
  • բազմազան,
  • մատչելի,
  • էսթետիկ,
  • արագ պատրաստվող, 
  • օգտակար բաղադրիչներ պարունակող,
  • հեշտ տեղափոխվող

Միաժամանակ այս բոլոր բաղադրիչներն ապահովելն այնքան էլ հեշտ չէ։ Մենք առանձնացրել ենք ուտեստների 12 կոմբոներ, որոնք թարմություն կմտցնեն ձեր լանչի ճաշացանկի մեջ՝ նաև օգնելով սննդից ստանալ անհրաժեշտ էներգիա ու օգտակար նյութեր։ 

Մեր բոլոր կոմբոները ներառում են սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի աղբյուրներ, աղցանների, հիմնական ուտեստների ու խավարտների, ինչպես նաև առողջ միջուտեստների գաղափարներ։ 

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս ճիշտ սնվել աշխատավայրում

#1

-Lոլիկով, վարունգով, կանաչիով աղցան

-Ուզբեկական փլավ

-Կիվի, մեկ բուռ հնդկական ընկույզ

Ավանդականորեն ուզբեկական փլավը պատրաստում են գառան մսով, բայց այն շատ համեղ է ստացվում նաև հավի կամ տավարի մսով։ Պարտադիր բաղադրիչ է շաֆրանը, որը յուրահատուկ համ ու գույն է տալիս այս ուտեստին։ Միաժամանակ համատեղում ենք միսը, հատիկավորն ու բանջարեղենը (գազար, սոխ), որը մեզ երկար ժամանակ կուշտ կպահի։ 

#2

-Խաշած ձու

-Ոսպով-բրնձով փլավ

-Բանջարեղենային ձողիկներ (վարունգ, գազար, գունավոր պղպեղ), սպիտակուցային բատոն

Փլավի համար ցանկալի է նախ 10-15 րոպե եփել ոսպը, այնուհետև ջուրը թափել։ Բրինձն ու ոսպը միասին եփել 15-20 րոպե։ 

Ինչ վերաբերում է սպիտակուցային բատոնին, ապա դա այն քացրավենիքն է, որն ավելի ու ավելի շատ է տարածվում մարզվողների, նիհարողների կամ պարզապես առողջ սնունդ նախընտրողների շրջանում։ 

Սպիտակուցային բատոնի առանձնահատկությունն այն է, որ ավելացված շաքար ու հավելումներ չի պարունակում, 15-30%-ով բաղկացած է սպիտակուցից։ Այս բատոնն աշխատավայրում ձեզ ավելի շատ էներգիա և հագեցածության զգացողություն կտա, քան սովորական բատոնները, որոնք գրեթե ամբողջությամբ բաղկացած են շաքարից ու հավելումներից։

#3

-Հավով-սնկով աղցան

-Սենդվիչ խոզապուխտով, պանրով

-Խնձոր, մեկ բուռ նուշ

Սենդվիչի կալորիականությունը բարձրացնելու համար խոզապուխտն ու պանիրը կարելի է դնել կրկնակի շերտով և ավելացնել կետչուպ, մայոնեզ, իսկ համն ու տեսքն ընդլայնելու համար կարելի է ավելացնել նաև վարունգ, լոլիկ, հազարի տերևներ։

#4

-Գազարով-կաղամբով աղցան

-Հավի բուրգեր

-Մանդարին, փանքեյքի շերտեր

Աղցանի բաղադրատոմսը պարզից էլ պարզ է՝ քերած գազար, մանր կտրատած կաղամբ, կանաչի։ Առաջարկում ենք կատարելագործել այն՝ ավելացնելով նաև եգիպտացորենի հատիկներ, իսկ սոուսը պատրաստելու համար օգտագործել բուսական յուղ, կիտրոնի հյութ, օրեգանո, աղ, սև պղպեղ, համեմի սերմ։

Ախորժելի բուրգեր ստանալու համար ամենակարևորը մսի ճիշտ պատրաստումն է։ Առաջարկում ենք հավի կրծքամիսը կտրատել բուրգերի հացի մեծության, հավասար բարձրության, բարակ կտորների, թաթախել ձվի, այնուհետև պաքսիմատի մեջ և տապակել։ Բուրգերի հացի վրա շարել բաղադրիչները՝ կետչուպ-մայոնեզ, հավի կրծքամիս, հալած պանիր «Չիզբուրգեր», լոլիկ, հազարի տերև։

#5

-Բազուկով աղցան

-Հաճարով-սնկով փլավ

-Հունական յոգուրտ, մի քանի հատ խուրմա

Բազուկով աղցանը կարելի է պատրաստել թթվասերով, մանր կտրատած կանաչիներով և ընկույզով, ցանկության դեպքում ավելացնել նաև նռան հատիկներ։

Հաճարով-սնկով փլավ հավանաբար ոչ այնքան հաճախ եք պատրաստում, բայց սա հատիկավորներ օգտագործելու հիանալի տարբերակ է։ Հաճարը պարունակում է վիտամին B3, մագնեզիում, ցինկ, երկաթ։ 

#6

-Կեսար աղցան հավի կրծքամսով

-Հնդկաձավար

-Նռան հատիկներ, մեկ բուռ բոված գետնանուշ

Միգուցե դուք չգիտեիք, բայց Կեսար աղցանի դասական տարբերակում հավի կրծքամիս չկա։ Այն ավելացրել են ավելի ուշ՝ ուտեստի կալորիականությունը բարձրացնելու համար։ 

Այստեղ ամենակարևորը հավի միսը ճիշտ ձևով պատրաստելն է։ Առաջարկում ենք կրծքամիսը կիսել, բաժանել նույն հաստության կտորների՝ փորձելով պահպանել կտորների երկարությունը։ Համեմել աղով, կարմիր պղպեղով, հավի համեմուքների խառնուրդով (սխտորի փոշի, կոճապղպեղ և այլն)։ Տապակել, այնուհետև կտրատել մատի մեծության կտորների։ Պանիր կարելի է ընտրել «Չեդդեր» կամ «Պարմեզան»։

#7

-Հավի բդիկներ

-Հունական աղցան

-Հաց, մութաբալ

-Դառը շոկոլադի սալիկներ, տանձ

Մութաբալը սմբուկից և թահինից պատրաստվող արևելյան նախուտեստ է, որն արդեն կարելի է գտնել խանութներում՝ պարզապես ընտրելով այնպիսի տարբերակ, որն ունի պահպանման կարճ ժամկետ և մաքուր բաղադրություն։

Հացերից նախապատվություն տվեք 1-ին կամ 2-րդ կարգի ալյուրից պատրաստված տարբերակին, որը շատ լավ համադրվում է ինչպես մութաբալի, այնպես էլ այլ նախուտեստների՝ թթվասերի, հալած պանրի, սմբուկի խավիարի հետ։

#8

-Գազարով աղցան

-Ջեռոցի կարտոֆիլ

-Հաց, հումուս

-Բանան, մեկ բուռ հապալաս

Քերած գազարը աղցանի վերածելու համար պարզապես անհրաժեշտ է ավելացնել թթվասեր և համեմունքներ ու կանաչի ըստ ճաշակի (խմելի-սունելի, աղ, սև պղպեղ, համեմի սերմ)։ Ստանում ենք օգտակար ու միաժամանակ հագեցնող նախուտեստ։ 

Պատրաստի հումուս կարելի է ձեռք բերել խանութներից՝ ընտրելով այնպիսի տարբերակ, որն ունի պահպանման կարճ ժամկետ և մաքուր բաղադրություն։ 

#9

-Սպագետի

-Հաց, սերուցքային պանիր, ավոկադո

-Հունական ընկույզ, ծիրանի չիր

Սպագետի պատրաստելիս ջրի մեջ այն եփեք տուփի վրա նշված ժամանակից 1-1,5 րոպե պակաս և համտեսեք։ Եթե այն փափկել է, բայց դեռ ունի որոշակի պնդություն, ապա սպագետին հասել է Al Dente աստիճանի։ Մի քանի րոպե էլ սոուսի մեջ եփվելուց հետո այն կունենա իդեալական եփվածություն։ Սոուսի համար կարելի է օգտագործել աղացած միս, լոլիկի մածուկ և հալվող պանիր ըստ ճաշակի։

#10

-Բանջարեղենային աղցան

-Լորի ձու, հաց

-Դդմի և արևածաղկի սերմեր, թուրինջ

Բանջարեղենային աղցանի համար առաջարկում ենք կտրատել գունավոր պղպեղներ, վարունգ, լոլիկ, հազարի տերևներ, համեմել նարնջի թարմ քամած հյութով, աղով ու սև պղպեղով, բուսական յուղով, զարդարել քունջութի սերմերով։

Լորի ձուն պարունակում է A և B խմբի վիտամիններ, երկաթ, ֆոսֆոր, կալիում։ Լորի 3-4 ձուն համարժեք է հավի 1 ձվին։ Օրվա մեջ կարելի է ուտել լորի մինչև 12 ձու։

#11

-Հավի կրծքամիս փայտիկի վրա

-Հաց, թթվասեր

-Ելակ, գետնանուշի կարագ

Որպեսզի հավի կրծքամիսը ջեռոցում չչորանա և ստացվի հյութեղ, առաջարկում ենք այն համեմել հատուկ սոուսով։ Օգտագործում ենք սխտոր, կոճապղպեղ, չորացրած ծիտրոն, կարմիր պղպեղ, թթվասեր, մեղր, սոյայի սոուս։ 

#12

-Լավաշով ռուլետ

-Կարտոֆիլով աղցան

-Նարինջ, ընկույզ մակադամիա

Լավաշով ռուլետի համար անհրաժեշտ է հավի կրծքամիսը նախապես խաշել և քրքրել, քերել գազարը, մանր կտրատել սոխն ու կանաչին։ Սոխը, գազարը և հավի կրծքամիսը մի փոքր տապակում ենք։ 

Բացում ենք լավաշը և ողջ մակերեսի վրա տարածում մայոնեզ, այնուհետև բարակ շերտով լցնում տապակած զանգվածը, կանաչին։ Երկրորդ շերտը պատրաստում ենք նույն ձևով և փաթաթում ենք ռուլետի տեսքով։ Ռուլետը կտրում ենք շեղանկյունաձև կտորներով։ 

Կարտոֆիլով աղցանի բաղադրատոմսին, կարծում ենք, ծանոթ եք։ Խաշած կարտոֆիլը կտրում ենք խորանարդների տեսքով, ավելացնում ենք կարմիր պղպեղ, կանաչի, բուսական յուղ։ Շատ հեշտ, համեղ ու հագեցնող։

Վստահ ենք, որ մեր կոմբոներից առնվազն մի քանիսը ձեզ դուր եկավ։ Միայն մնում է ժամանակը ճիշտ տնօրինել, որպեսզի առավոտյան չպատրաստեք բոլոր ուտեստները։ 

Կարելի է այս կամ այն կոմբոն պատրաստել ընթրիքի համար և հաջորդ օրը մի մասը տանել աշխատանքի՝ տաքացնելով միկրոալիքային վառարանի մեջ։ Իսկ որոշ տարբերակներ իսկապես շատ հեշտ ու արագ են պատրաստվում, և կարելի է պատրաստել նաև աշխատանքի գնալուց անմիջապես առաջ։

Ամեն դեպքում, հաստատ օրեր կլինեն, երբ պարզապես չեք հասցնի կամ էներգիա չեք ունենա ձեր լանչը պատրաստելու համար։ Բոլոր այսպիսի դեպքերի համար էլ հենց Foody-ն ձեր կողքին է իր տնական, բարձրորակ և շատ համեղ լանչերով։ Եթե ժամանակ չունեք պատրաստելու համեղ ու զանազան ուտեստներ լանչի համար, ապա դիմեք Foody-ի խոհարարների օգնությանը։ Մենք առաջարկում ենք լանչի յուրահատուկ կոմբոներ՝ համատեղելով մսային, բանաջարեղենային ու հատիկավոր բաղադիչները՝

Հնդկաձավար, Ժուլիեն

Կարտոֆիլ ֆրի, տավարի սուկի

Թայլանդական բրինձ, հավ չինական ձևով

Արևելյան փլավ, հավ ֆահիտա, Վիտամին աղցան

Ձաձիկի աղցան և կուրկուտ

Ի միջիայլոց, Foody-ի խոհանոցում բացառված է ներկրված մսամթերքը։ Մենք օգտագործում ենք միայն տեղական մսամթերք և լավագույն հումքը։ Մեր լանչի մենյուն թարմացվում է շատ հաճախ, որպեսզի դուք չհասցնեք հոգնել ուտեստներից։ Լանչի բոլոր տարբերակները կարող եք տեսնել այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով