Ի՞նչ պատրաստել Սիրահարների տոնին․ նախաճաշի, ընթրիքի և աղանդերի բաղադրատոմսեր

Թեև մենք ունենք Սիրահարների տոնի հայկական տարբերակը՝ Սուրբ Սարգսի օրը, շատ զույգեր նշում են Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ը։ 

Առաջարկում ենք հիմնական ու քաղցր ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ձեզ կօգնեն Սիրահարների տոնն անցկացնել տարբերվող, ավանդականից շեղվող սեղանի շուրջ։ 

Այս ամենը չի նշանակում, որ ստիպված եք լինելու ծախսել մեծ ժամանակ և մեծ գումարներ։ Բաղադրատոմսերը պարզ են, բայց օրիգինալ է մատուցման ձևը, բաղադրիչներն էլ հնարավորինս քիչ են և բյուջետային։ 

Ամեն ինչ սկսվում է հաջողված և սիրով լցված առավոտից։ Ամենահասարակ նախաճաշը ձեր սիրելիին կարող եք մատուցել օրիգինալ ձևով։ Ձեզնից կպահանջվի սրտաձև մետաղական կտրիչ, և ամենասիրառատ նախաճաշը պատրաստ է։

Տոստի հացի մեջտեղում կտրիչով սրտաձև ճեղք բացեք։ Հացը տեղադրեք կարագով տապակի մեջ և սրտաձև ճեղքի մեջ ձու կոտրեք։ Կարմրացրեք նաև սրտաձև կտրված հացը, որն ավելացել էր ճեղքը բացելուց հետո և մատուցեք ձվածեղը (դեղնուցը պետք է ամբողջական մնա)։ 

Կտրիչով կարելի է ստանալ նաև ռոմանտիկ սենդվիչներ։ Սրտաձև կտրեք տոստի հացը, խոզապուխտը, պանիրը, հազարը և պարզ, համեղ նախաճաշը մատուցեք օրիգինալ տարբերակով։ 

Նախաճաշը կարելի է մատուցել տաք շոկոլադով կամ կապուչինոյով՝ չմոռանալով օրվա խորհուրդը։ A4 ձևաչափի թղթի վրա սրտաձև ճեղք բացեք, թուղթը տեղադրեք պատրաստի ըմպելիքի վրա և ճեղքի մեջ ցանեք կակաո կամ քերած շոկոլադ։ Առավոտյան տաք ըմպելիքը՝ զարդարված սրտաձև շոկոլադե փոշիով, միանշանակ դուր կգա ձեր սիրելիին։ 

Օրվա մնացած մասի համար առաջարկում ենք մեկ հիմնական ուտեստի, մեկ խավարտի, մեկ խորտիկի, մեկ աղցանի և երեք աղանդերների բաղադրատոմսեր։ Թե որ ուտեստները կնախընտրեք մատուցել և օրվա որ ժամերին, որոշում եք դուք։ Մեզ միայն մնում է կիսվել տոնական ախորժելի ու տարբերվող բաղադրատոմսերով։

Հիմնական ուտեստ։ Տապակած խոզի ֆիլե

Հավանաբար լսել եք խոզի էսկալոպ ուտեստի մասին։ Դա հենց խոզի ֆիլեի՝ փափկամսի կտոր է, որը նախապես կտրում են 1,5-2 սմ հաստությամբ, այնուհետև խոհանոցային մուրճով բարակեցնում են ընդհուպ մինչև 0,5-1 սմ։ Բարակության շնորհիվ միսը շատ արագ է տապակվում, համեմվում է աղով և սև պղպեղով։ 

Հագեցնող ու ախորժելի հիմնական ուտեստ է, որը կարելի է մատուցել տարբեր խավարտներով՝ կարտոֆիլի պյուրե, տապակած սունկ, բրինձ և այլն։ Մենք առաջարկում ենք այն մատուցել տապակած շամպինյոնով, որի պարզ ու հեշտ բաղադրատոմսը կարող եք կարդալ հաջորդիվ։ 

Խավարտ։ Տապակած շամպինյոն

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-շամպինյոն տեսակի սունկ 500 գրամ

-կարագ 50 գրամ

-մաղադանոս

-սխտոր

-աղ, սև պղպեղ

Սունկը լավ լվանում ենք, և եթե մեծ չափի են, կիսում ենք։ Լցնում ենք կարագով տապակի մեջ և ակտիվորեն խառնում ենք, որպեսզի սունկը ջուր դուրս չտա ու չխաշվի, այլ տապակվի։ Կրակը պետք է ուժեղ լինի։ 

Կեղև առաջանալուն պես սկսում ենք մանր-մանր կտրատել սխտորն ու մաղադանոսը։ Երբ սունկն ամբողջությամբ տապակվի, լցնում ենք սխտորը, մաղադանոսը, համեմում ենք աղով ու սև պղպեղով։ Մի փոքր խառնելուց հետո ուտեստը պատրաստ է մատուցման։

Խորտիկ։ Կամամբեր և խռթխռթան հացիկներ ջեռոցում

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

պանիր Կամամբեր (կամ Բրի)

-բագետ հացի շերտեր

-սխտոր

-ձիթապտղի կամ արևածաղկի ձեթ

Բագետ հացը կտրատում ենք թեք շերտերով։ Բարակ շերտերով կտրատում ենք սխտորը։ 

Ջեռոցի տարայի մեջ (ցանկալի է՝ ապակյա, որպեսզի այդպես նաև մատուցեք) տեղադրում ենք յուղաթուղթ, Կամամբեր պանիր, որի վրա դանակով հորիզոնական և ուղղահայաց գծեր ենք անում (ոչ շատ խորը)։ Անցքերի մեջ տեղադրում ենք սխտորի շերտերը։ 

Պանրի շուրջ տեղադրում ենք հացի շերտերը։ Ողջ զանգվածը համեմում ենք չորացրած օրեգանոյով կամ պրովանսական խոտաբույսերի խառնուրդով և ձեթով։ Թխում ենք 200°C տաքացված ջեռոցում 5-10 րոպե։ 

Հետևում ենք և չենք թողնում, որ հացը այրվի, իսկ պանիրն ամբողջովին հալվի և կորցնի իր ձևը։ Հացի շերտերը թաթախում ենք տաք հալած պանրի մեջ և վայելում գինու հետ։  

Վերջում կիսվում ենք հեշտ աղանդերների բաղադրատոմսերով, որոնց համար անհրաժեշտ չի լինի ո՛չ հարիչ, ո՛չ ջեռոց, բայց համն ու տեսքը կզարմացնեն թե՛ ձեզ, թե՛ ձեր սիրելիին։   

Աղցան։ Ելակով և սպանախով 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-սպանախ 100 գրամ

-ելակ 125 գրամ

-ընկույզ կամ նուշ

-խնձորի կամ բալզամիկ քացախ

-ձիթապտղի կամ արևածաղկի ձեթ

-աղ, սև պղպեղ

-պանիր 50 գրամ (Ֆետա կամ Պարմեզան)

Մատուցման ամանի մեջ տեղադրում ենք սպանախի տերևները, համեմում ենք քացախով, աղով ու սև պղպեղով և խառնում ենք։ 

Եթե ելակները փոքր են, կարելի է կիսել, իսկ եթե մեծ են, ապա բաժանել չորս մասի։ Ավելացնում ենք սպանախի վրա, զարդարում ենք ընկույզի կամ նուշի կտորներով։ Համեմում ենք ձեթով և զգուշորեն խառնում։ Վերջում ավելացնում ենք պանիրը և մատուցում։ 

Աղանդեր 1։ Թխվածքաբլիթով, մրգերով ու նուրբ կրեմով

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-թխվածքաբլիթ 4 հատ (կարող են լինել նաև շոկոլադե, առանց միջուկի)

բանան, ելակ, ազնվամորի (մրգերը կարող եք փոփոխել)

-թթվասեր 4 ճ/գ

-խտացրած կաթ 2 ճ/գ

Թխվածքաբլիթները գրտնակի կամ բլենդերի օգնությամբ վերածում ենք փշուրների։ Ելակը և բանանը կտրատում ենք փոքր խորանարդների տեսքով։ Կրեմի համար խառնում ենք թթվասերն ու խտացրած կաթը։

Մատուցման բաժակի մեջ լցնում ենք մի շերտ մանրացված թխվածքաբլիթ, մի շերտ կրեմ, մի շերտ մրգեր։ Այսպես շարունակում ենք այնքան, մինչև տարան լցվի։ 

Վերջին շերտում ավելացնում ենք մանրացված թխվածքաբլիթ, զարդարում ենք ազնվամորու կամ ելակի ամբողջական հատիկներով և զիգզագաձև տարածում ենք կրեմը։ Ցանկալի է մինչև մատուցելը 10-15 րոպե պահել սառնարանում։

Աղանդեր 2: Բաունտի (2 բաղադրատոմս)

Տարբերակ 1

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-կոկոսի քերուկ 100 գրամ

-խտացրած կաթ 100 մլ

-մի պտղունց վանիլ

-կաթնային շոկոլադ 100 գրամ

Կոկոսի քերուկը, խտացրած կաթն ու վանիլը լավ խառնում ենք։ Տեղափոխում ենք յուղաթղթով պատված ամանի մեջ և հավասարեցնում ենք։ Պահում ենք սառնարանում մոտ կես ժամ, իսկ այդ ընթացքում գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը։ 

Տարան հանում ենք սառնարանից և բաժանում Բաունտիի չափով կտորների։ Յուրաքանչյուր կտորը պատրաստելիս լավ սեղմում ենք, որպեսզի պինդ ստացվի և շոկոլադի մեջ թաթախելիս չքանդվի։ 

Թաթախում ենք հալած շոկոլադի մեջ և դնում յուղաթղթի վրա։ Երբ շոկոլադը մի փոքր սառչի, գդալով 3-ական հորիզոնական գիծ ենք անում սալիկների վրա, որպեսզի ստանանք իսկական Բաունտիի տեսք։ 

Տարբերակ 2

Եթե այս բաղադրիչներով աղանդերը չափազանց քաղցր ու անառողջ է ձեզ համար, ապա միջուկի համար կարող եք օգfտագործել կաթնաշոռ։ Այդ դեպքում 200 գրամ կաթնաշոռը խառնում ենք 100 գրամ կոկոսի քերուկի ու 1-2 ճաշի գդալ մեղրի հետ, ավելացնում ենք վանիլ և ձևավորում ենք Բաունտիի տեսքով սալիկներ։ Պահում ենք սառնարանում 20-30 րոպե և նույն ձևով թաթախում հալած շոկոլադի մեջ։ 

Դե ինչ, հավանեցի՞ք Սիրահարների օրվա տոնական բաղադրատոմսերը։ Եթե դուք միայնակ եք անցկացնելու այս տոնը, ապա ոչ մի դեպքում հուսահատվել պետք չէ։ Պատրաստե՛ք այս համեղ ու հագեցնող ուտեստները ձեզ համար, վայելե՛ք ամեն պահն ու եղե՛ք երախտապարտ․ չէ՞ որ դուք ունեք հենց ձեզ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով