Ձաձիկի սոուս

Սառը ապուր, աղցան կամ սոուս՝ Ձաձիկին հունական խոհանոցի տարածված ուտեստներից է, հունական մեկ այլ հայտնի ուտեստի՝ գիրոսի անբաժան մասնիկը։ 

Անվանումը ծագում է թուրքերեն “Cacık” բառից կամ պարսկերեն “zhazh” բառից, որ նշանակում է «խոտաբույսերի խառնուրդ»:

Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես պատրաստել հունական ամենասիրված սոուսը, ինչ օգտակար հատկություններ այն ունի, որոնք են նմանատիպ տարբերակներն այլ երկրներում և մատուցման ինչ եղանակներ կան։

Ինչպե՞ս պատրաստել Ձաձիկի սոուս

Սոուսը հեշտ է պատրաստել, իսկ բաղադրիչներն այնքան զովացնող ու թեթև են, որ հաճելի է ուտել ամռան շոգին։ 

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 

-1 վարունգ

-125 մլ հունական յոգուրտ (հիմնականում ոչխարի կամ այծի կաթից)

-2 պճեղ սխտոր

-մի քանի ճյուղ սամիթ

-1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

Վարունգն անցկացնել քերիչով, այնուհետև քամել ջուրը։ Կարելի է նաև նախապես հեռացնել սերմերը, քանի որ հենց այդ հատվածն է դուրս թողնում ջրի ամենամեծ զանգվածը։ Սխտորն անցկացնել ճզմիչով, սամիթը մանր կտրատել։ Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել ձիթապտղի յուղով և մատուցել սառը վիճակում։

Ըստ ճաշակի՝ կարելի է ավելացնել նաև կիտրոնի հյութ, քացախ, համեմունքներ ու խոտաբույսեր, սոխ։ 

Բաղադրատոմսի մեջ հունական յոգուրտը կարելի է փոխարինել քամած մածունով, սովորական մածունով, կեֆիրով։ 

Ձաձիկի սոուսը սառնարանում կարելի է պահել մինչև 3-4 օր, սակայն խորհուրդ է տրվում պատրաստել սառը բաղադրիչնեչով և անմիջապես ուտել։

Ձաձիկի սոուսի օգտակար հատկությունները

Ձաձիկին աչքի է ընկնում ցածր կալորիականությամբ (կախված յոգուրտի յուղայնությունից) և բաղադրիչների օգտակարությամբ։ 

Վարունգը պարունակում է C, K վիտամիններ, մագնեզիում, կալիում, մանգան։ 

Սխտորը բնական հակաբիոտիկ է, որը պայքարում է մանրէների դեմ և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։ 

Սամիթը նույնպես վիտամինների ու հանքանյութերի աղբյուր է, իսկ ձիթապտղի յուղը՝ օմեգա-3 ճարպաթթուների։ 

Հունական յոգուրտը պարունակում է A, B2, B5, B12 վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ, բարելավում է մարսողությունը, ապահովում սպիտակուցներով։

Ձաձիկի սոուսի համարժեքներն այլ երկրներում

Ռուսաստանում այս սոուսի համարժեքը մածնաբրդոշն է (окрошка), Բուլղարիայում՝ տարատորը, Կիպրոսում՝ տալատուրին, Լեհաստանում՝ միզերիան, Հնդկաստանում՝ ռաիտան։ 

Մածնաբրդոշը սառը ապուր է, որի հիմնական բաղադրիչը կվասն է, իսկ մյուսները՝ թթվասեր, կտրատած թարմ վարունգ, սամիթ, կանաչ սոխ, խաշած ձու։ Կվասը կարելի է փոխարինել կեֆիրով, իսկ որպես բաղադրիչ կարելի է ավելացնել խաշած կարտոֆիլ, բողկ, երշիկ։

Տարատորի հիմքում հունական յոգուրտն է, որը կարելի է փոխարինել կաթնաթթվային այլ մթերքով։ Ավելացնում են քերած վարունգ, սխտոր, համեմ, մաղադանոս, հունական ընկույզ։ 

Տալատուրին առանձնահատուկ է նրանով, որ պարտադիր բաղադրիչ է անանուխը։ Մյուս բաղադրիչներն արդեն մեզ ծանոթ են՝ հունական յոգուրտ, քերած վարունգ, սխտոր, ձիթապտղի յուղ։

Միզերիայի գլխավոր բաղադրիչներն են թթվասերն ու կտրատած վարունգը։ Ավելացնում են նաև սամիթ, քացախ, շաքարավազ և այլ համեմունքներ։ 

Վարունգով ռաիտայի հիմքում դահի կոչվող և յոգուրտ հիշեցնող կաթնաթթվային մթերքն է, որին ավելացնում են կտրատած վարունգ, սամիթ և/կամ անանուխ և համեմունքներ՝ աղ, քեմոն, չատ մասալա համեմունքների խառնուրդ։ 

Ինչպե՞ս մատուցել Ձաձիկի սոուսը

Ձաձիկի սոուսը հանդես է գալիս որպես առանձին նախուտեստ՝ մատուցվելով թարմ և չոր հացերի հետ, ինչպես նաև որպես դիփ մսային ուտեստների, բանջարեղենային ձողիկների կողքին։ Այն հիանալի լրացում է աղցանների, սենդվիչների մեջ։ 

Պիտա հացը, սուվլակին և գիրոսն ամենատարածված ուտեստներն են, որոնցով մատուցում են Ձաձիկի սոուսը: Կիսվում ենք հունական այս ուտեստների բաղադրատոմսերով, որոնք կարող եք պատրաստել ձեր տանը։

Պիտա հաց

«Գրպանիկ»-ով հացը հայտնի է հունական խոհանոցի բոլոր սիրահարներին։ Գոյություն ունեն տարբեր բաղադրատոմսեր, որոնցից ընտրել ենք առանց խմորիչի այս տարբերակը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-350 գրամ ալյուր (+ մի փոքր հունցելու համար)

-1 թեյի գդալ աղ

-2 ճաշի գդալ բուսական յուղ

-200 մլ տաք ջուր

Տաք ջրի մեջ ավելացնել աղ և խառնել։ Լցնել նախապես մաղված ալյուրի վրա, ավելացնել բուսական յուղ։ Նախ խառնել գդալով, որպեսզի ձեռքերը չվառվեն, այնուհետև ձեռքով։ Ստացվում է պարզ, նուրբ, գրեթե չկպչող խմոր։ Տեղափոխել հարթ մակերեսի վրա և հունցել մոտ 1 րոպե։ Գնդի ձև տալ, տեղադրել տոպրակի մեջ և թողնել 20 րոպե։

Հանգստանալուց հետո տեղափոխել ալյուրով պատված մակերեսի վրա և մի փոքր էլ հունցել։ Բաժանել մոտ 70-ական գրամ քաշով 8 գնդիկի և տեղադրել տոպրակի տակ։ Թողնել 10 րոպե, որից հետո գնդիկները բացել 15-16 սմ տրամագծով շրջանի տեսքով։ Պատել ալյուրով, որպեսզի բլիթների վրա պղպղջակներ չառաջանան, խմորը չբացվի և հնարավոր լինի ստանալ Պիտա հացին հատուկ «գրպանիկները»։ Կարևոր է նաև, որ բլիթները իդեալական կլոր ստացվեն։ 

Բլիթը տեղադրել տաքացված տապակի վրա և սպասել, մինչև մի կողմը կարմրի։ Շրջել և թողնել, որ երկրորդ կողմն էլ կարմրի։ Վայրկյաններ անց բլիթը սկսում է բարձրանալ, և ձևավորվում է «գրպանիկը»։ Կրկին շրջել, որից հետո բլիթը կսկսի իջնել։ Թողնել այդպես 20-30 վայրկյան և վերցնել տապակից։

Եթե խմորի վրա լինեն վնասվածքներ, օդը դուրս կգա, և հացը չի ունենա «գրպանիկ»։ 

Սուվլակի

Սուվլակին սովորաբար պատրաստում են խոզի մսից կամ հավի կրծքամսից։ Միսն (500 գրամ) անհրաժեշտ է կտրատել փոքր կտորներով և ընկղմել սոուսի մեջ՝ 4 պճեղ սխտոր, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 0,5 կիտրոնի հյութ, 1 ճաշի գդալ օրեգանո, աղ։ 

Թողնել առնվազն 20-30 րոպե։ Այնուհետև կտորներն անցկացնել փայտե շամփուրների վրա և խորովում ածուխի կամ գրիլի վրա կամ ջեռոցում։ Փայտիկները նախապես թողնել ջրի մեջ, որպեսզի ջեռոցում չայրվեն։ 

Շամփուրները ցանկալի է շարել այնպես, որ դրանք հենվեն տապակի եզրերին, իսկ միսը, այսպես ասած, մնա օդում։ Նաև ցանկալի է պահպանել որոշակի հեռավորություն շամփուրների միջև։

Այս ուտեստը մատուցում են կարտոֆիլի ֆրիի, գրիլ արված հացի կտորների կամ բանջարեղենային աղցանի հետ։ Սուվլակիի հետ համահունչ է, իհարկե, Հունական աղցանը։

Նաև կարելի է միսը փաթաթել Պիտա հացի մեջ, ավելացնել Հունական աղցանը, Ձաձիկի սոուսը և ըստ ցանկության այլ սոուս՝ կետչուպ, մանանեխ։ 

Գիրոս

Հունական գիրոսի առանձնահատկությունն այն է, որ պատրաստում են պտտվող շամփուրի վրա։ Բայց քանի որ տնային պայմաններում դա հնարավոր չէ, միսը կարելի է տապակել։ Գիրոսը մատուցում են Պիտա հացի մեջ փաթաթած կամ առանձին բաղադրիչները ափսեի մեջ տեղադրած։ 

Հավի մսով հունական գիրոս պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-500 գրամ հավի կրծքամիս

-1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

-համեմունքների խառնուրդ՝ քեմոն, գինձ, սուսամբար, օրեգանո, աղ, սև պղպեղ

-100 գրամ լոլիկ

-1 կարմիր սոխ

-հազարի տերևներ

-Պիտա հաց

-Ձաձիկի սոուս

Նախապես պատրաստել Պիտա հացն ու Ձաձիկի սոուսը (բաղադրատոմսերը վերևում են)։  

Հավի միսը կտրատել, մարինացնել ձիթապտղի յուղի և համեմունքների խառնուրդի մեջ ու տապակել։ Պիտա հացի վրա տեղադրել մսի կտորները, հազարի տերևները, կտրատված լոլիկն ու սոխը։ Պատել Ձաձիկի սոուսով և համտեսել։ 

Ըստ ճաշակի՝ հացի մեջ կարելի է տեղադրել նաև կարտոֆիլի ֆրի, կետչուպ և մայոնեզ։

Foody-ի խոհարարներն ունեն Ձաձիկի սոուս պատրաստելու իրենց բաղադրատոմսը։ Մեր ճաշացանկից կարող եք պատվիրել Ձաձիկի աղցան և լանչ կուրկուտով ու Ձաձիկի աղցանով։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով