Տորթ Կարմիր թավիշ․ իդեալական բաղադրատոմս

Կարմիր թավիշը ամենայուրօրինակ ու նուրբ տորթերից է, որ մենք երբևէ փորձել ենք։ Այս կարծիքը մեզ հետ կիսում են աշխարհի բազմաթիվ հրուշակագործներ ու պարզապես քաղցրավենիքի սիրահարներ։ Եթե ուզում եք յուրահատուկ տորթ ունենալ ձեր յուրահատուկ առիթին, կամ պարզապես հաճելիորեն զարմացնել ձեր ընկերներին ու սիրելիներին, ուրեմն ձեզ հենց այս տորթն է անհրաժեշտ։ Այն այնպայման պետք է փորձեն թխել նաև այն քաղցրասերները, որոնք սիրում են տորթեր թխել և չեն վախենում մարտահրավերներից, քանի որ այս տորթը իդեալական ստանալը այնքան էլ հեշտ չէ։ 

Միայն այս տորթի բաղադրատոմսի պատմությունը արդեն վկայություն է համի մասին (բաղադրատոմսի համար այս պարբերությունը անցեք)։ Կարմիր թավիշ տորթի բաղադրատոմսը մեզ հայտնի է Ամերիկայի ինչ-որ ռեստորանի անհայտ շեֆ խոհարարից՝ մի կնոջ վրեժխնդրության շնորհիվ։ Ճաշակելով կարմիր թավիշը ռեստորանում՝ կինը հիացել է համով և խնդրել է իրեն տրամադրել բաղադրատոմսը, ինչի համար էլ ռեստորանում նրան ստիպել են վճարել հավելյալ 100 դոլար։ Բարկանալով հավելյալ վճարից՝ կինը բոլոր հնարավոր աղբյուրներով տարածել է կարմիր թավիշ կոչվող տորթի բաղադրատոմսը, որը հետագայում, իհարկե, բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։

Բաղադրատոմսերը ինտերնետում բազմաթիվ են՝ իրարից բավականին տարբերվող։ Այդ պատճառով էլ մենք որոշեցինք ուսումնասիրել դրանք բոլորը, տարբեր փորձեր կատարել և ձեզ ներկայացնել լավագույն բաղադրատոմսը՝ մեր մեկնաբանություններով։

Դե, գնացինք։ Եկեք միասին պատրաստենք ամենանուրբ ու համեղ թավշյա տորթը։ Բաղադրիչների ցանկը՝ հոդվածի վերջում։ 

Մեր կարծիքով լավագույն բաղադրատոմսը այստեղ է, բայց պատրաստելու ընթացքում լիքը բաներ ենք փոփոխելու, հետևեք մեր ընթացքին։ 

Տորթի կորժերը պետք է իրական թավշի պես ստացվեն, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս չխնայել բաղադրիչների վրա, հատկապես՝ կարագի, որի շնորհիվ էլ ստանալու ենք թավշյա կառուցվածքը (տեքստուրան)։

1․ Սկսեք հարել 120 գրամ կարագը 300 գրամ շաքարավազի հետ։ Հարեք մինչև բաց գույն ստանալը, հետո ավելացրեք 2 խոշոր ձու՝ հատ-հատ։ Ավելացրեք առաջինը, լավ հարելուց հետո նոր միայն երկրորդը։ 

2․ Ավելի փոքր տարայի մեջ խառնում ենք հեղուկ բաղադրիչները կակաոյի հետ։ ¼ բաժակ բուսայուղ, 1 ճաշի գդալ կակաո, 2․5 ճաշի գդալ կարմիր սննդային գունավորիչ։ Մենք օգտագործել ենք սովորական արևածաղկի ձեթ։ Բաղադրատոմսում հատուկ նշվում է օգտագործել միայն հեղուկ գունավորիչ և ոչ գելային, բայց երբ մենք թխում էինք տորթը, պարզվեց, որ Երևանում բավականին դժվար է գտնել հեղուկ գունավորիչ, և մենք ստիպված փորձեցինք տարածված գելային գունավորիչները։ Գելային գունավորիչը նույնպես պետք է օգտագործել նույն չափի՝ 2,5 ճաշի գդալ։ Արտաքինից այն ավելի նման է հենց հեղուկի, և ոչ գելի, ուղղակի փոքր-ինչ խիտ է և փաթեթավորման վրա նշված է գել։ Գույնը ստավում է իդեալական, այլ որևէ ազդեցություն խմորի համի, հոտի, խտության վրա այն չունի։ Այնպես որ, հանգիստ օգտագործեք գելային գունավորիչները, շատ լավ է ստացվում։ 

3․ Եթե իսկական թան չունեք, պատրաստում ենք թան։ Անգլերենով բաղադրատոմսեր կարդալիս շատ կհանդիպեք buttermilk կաթնամթերքին, որը մեր թանն է, բայց ոչ այն թանը, որը վաճառում են խանութներում։ Սա կարագի պատրաստման ընթացքում անջատվող շիճուկն է, որը դճվարությամբ ձեռք կբերեք, եթե ապրում եք քաղաքում։ Իսկ քանի որ խանութի թանով կամ մածունով մեր իդեալական թավիշը չենք ստանա, պատրաստում ենք թան։ Խորհուրդ ենք տալիս սկսել այն պատրաստել հենց այս փուլում, որովհետև 10 րոպե պետք է թողնել։ Վերցրեք մեկ բաժակ կաթ 250 մլ, ավելացրեք 1 թեյի գդալ սպիտակ քացախ, խառնեք, և մինիմում 10 րոպե թողեք, որ թթվի։ Մենք օգտագործել ենք տնական խնձորի քացախ, շատ լավ է ստացվել։ Փորձեք գտնել հենց խնձորի քացախ, խորհուրդ ենք տալիս։ 

4․ Ստացված մուգ գույնի բուսայուղի և գունավորիչի զանգվածը խառնում ենք կարագային զանգվածին և ավելացնում ենք 20 մլ նույն քացախից։ Խառնում ենք։ Հենց այստեղ պետք է ստանաք իդեալական կարմիր գույնը։ Գունավորիչի ճիշտ չափաքանակի դեպքում պետք է ստանաք մուգ կարմիր գույն։ Եթե ստացված գույնը ձեզ համար բաց է, այս փուլում դեռ հնարավորություն ունեք մի փոքր ավելացնելու հենց խմորի մեջ և խառնելու։ 

5․ Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք 2,5 բաժակ ալյուր (350գ), 1 թեյի գդալ սոդա, 1 փոքր պտղունց աղ։ Ամենը անպայման անցկացրեք մաղի միջով։

6․ Սկսում ենք խառնել իրար չոր բաղադրիչները, կարմիր զանգվածը և թանը։ Կարմիր զանգվածին ավելացրեք մի փոքր չոր բաղադրիչներից, մի փոքր թան և խառնեք։ Այստեղ նույնպես ավելացնում ենք մաղելով, կրկնակի մաղելը ոչ մեկին չի խանգարի։ Նույն մեթոդով խառնեք ամբողջը։ Ինչքան էլ ուշադիր լինեք, միևնույնն է, փոքր գնդիկներ առաջանում են։ Դրա համար էլ մենք վերջում մի քանի րոպե հարեցինք հարիչի բարձր արագությամբ։ Մոտ 1-2 րոպե և կստանաք ամբողջովին համասեռ զանգված։ Ժամանակ մի խնայեք և հարեք այնքան, մինչև խմորը ամբողջությամբ հարթ և համասեռ լինի, թավշյա տորթն ստանալու համար անուշադրությունն անթույլատրելի է։ 

7․ Խմորը պատրաստ է, վերցնում ենք երկու 18 սմ տրամագծով կաղապար (ֆորմա), ամբողջությամբ պատում ենք կարագով, և ցանում ենք կակաո։ Մեզ պետք է կորժը ամբողջական հանել, այդ պատճառով ուշադրություն դարձրեք կաղապարը յուղելու հենց այս ձևին, քանի որ այսպես կորժը իդեալական առանձնանում է թխվելուց հետո։ 

8․ Ջեռոցը նախապես անպայման տաքացրեք 175°, ուշադրություն դարձրեք որ ջեռոցը այս ջերմաստիճանին անպայման արդեն հասած լինի խմորը դնելուց առաջ։ Մենք թխելիս մեր ջեռոցը 30 րոպե նախապես տաքացրել ենք։ 

9․ Խմորը կիսեք երկու մասի, և անպայման օգտագործեք 18 սմ շառավղով կաղապար, կամ ավելի փոքր։ Այս տորթի դեպքում խմորը պետք է հաստ լինի, քան որ այն ընդհանրապես խեղդող չէ և խոնավացնելու (пропитка) կարիք էլ չկա։ Եթե ուզում եք երեք կամ ավելի շերտերով տորթ ստանալ, համամասնորեն ավելացրեք բաղադրիչների քանակը, բայց մի կիսեք այս խմորը 3 մասի։ 

10․ Թխում ենք շերտերը հերթով՝ յուրաքանչյուրը 25 րոպե։ Թխվածությունը կարող եք ստուգել ատամի փայտիկով, պետք է ամբողջությամբ չոր դուրս գա։ Ուշադրություն դարձրեք նաև ջեռոցում կաղապարի ուղիղ դիրքին։ Թխվելիս կենտրոնի մասը ուռելու է, նորմալ է։ 

11․ Կորժերը ջեռոցից հանելուց հետո թողնում ենք մի քանի րոպե, իսկ հետո դանակով թեթևակի կաղապարից առանձնացնում ենք և զգուշությամբ շրջում սրբիչի կամ փայտի վրա։ Խնդրում ենք չհանել տաք կորժը մետաղական սկուտեղի վրա, քանի որ այն կպչում է մետաղից և հետո պոկելը շատ դժվար է լինում։ Եթե ձեր կաղապարի հատակը առանձնանում է, ավելի հեշտ կարող եք դանակով թեթևակի առանձնացնել կորժը կաղապարից և հեռացնել կաղապարի ստորին մասը։ 

12․ Թողեք կորժերը ամբողջությամբ սառեն, իսկ հետո դանակով հավասարեցրեք մակերեսը՝ կտրելով ուռած մասը։ Կտրած հատվածները պահեք՝ փշրելու ենք և փշուրներով գեղեցիկ դիզայն անենք։ Դե, այստեղ արդեն կարող եք մի փոքր փորձել ձեր կտրած հատվածներից և տեսնել՝ ինչ ճիշտ է բնութագրում իրեն այս տորթի անվանումը։ 

13․ Թողեք կորժերը հանգիստ առնվազն չորս ժամ, իսկ մենք գնանք կրեմը պատրաստելու։ 

Պատրաստում ենք կրեմը․

1․ Կարագը նախապես հանեք սառնարանից, մեզ պետք է 120 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագ և 400 գրամ սերուցքային պանիր։ Մենք օգտագործել ենք մասկարպոնե պանիր, ձեզ էլ ենք խորհուրդ տալիս օգտագործել հենց մասկարպոնե։ 

2․ Սկսեք հարել կարագը և սերուցքային պանիրը հարիչով։ Սկզբում խառնուրդը այնպիսի տեսք է ունենալու, ասես կարագը շաղվել է, բայց դա այդպես չէ, չվախենաք։ Պարզապես շարունակեք հարել։

3․ Ավելացրեք շաքարի փոշին և շարունակեք հարել։ Մեր բաղադրատոմսը մեզ ասում է ավելացնել 4 բաժակ շաքարի փոշի, բայց ուշադրություն՝ այսպես շա՜տ քաղցր է ստացվում։ Եթե գիտեք, որ դուք և տորթը ուտողները փորձառու քաղցրակերներ եք, և ինչքան քաղցր՝ այնքան լավ, ավելացրեք 4 բաժակ։ Բայց դա մեզ համար չափազանց քացր էր, և նուրբ համերի սիրահարներին խորհուրդ ենք տալիս օգտագործել ուղիղ կեսը՝ 2 բաժակ շաքարի փոշի։

4․ Ավելացրեք ձեր կրեմին նաև վանիլի էսենցիա (մեկ թեյի գդալից փոքր-ինչ պակաս), կամ եթե կարողացել եք գտնել՝ 2 թեյի գդալ վանիլի էքստրակտ։

5․ Կրեմը ավելի նուրբ ստանալու համար ավելացրեք նաև 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ։ Մենք ավելացրել ենք կիտրոնի հյութը ու շատ ենք հավանել։ 

6․ Կարագի դեղին գույնից ազատվելու համար պետք է լինելու երկար հարիչով հարել կրեմը, լցվեք համբերությամբ։ Մոտ 7-10 րոպե բարձր հզորությամբ հարելուց հետո կստանաք սպիտակ գույնի նուրբ կրեմ։ 

Կառուցում ենք մեր տորթը․

Արդեն մեկ անգամ խորհուրդ ենք տվել հետևյալ բաղադրատոմսով ստանալ միայն 2 շերտ։ Շերտերի համար ինչպես նկատում եք, կրեմը ահագին առատ է, դրա համար ազատ կարող եք ընտրել ձեզ դուր եկող դիզայնը։ Ստանալ այսպիսի ծաղիկներ կրեմով․

կամ ավելի պարզ տարբերակ միայն փշուրներով․

Կարող եք նաև պարզ դիզայն անել հաստ կրեմի շերտով։ Կրեմը շատ թեթև է ստացվում, և նույնիսկ այսպիսի հաստ շերտը շատ հաճելի է լինելու ուտել։

Մենք զարդարել ենք տորթը փշուրներով, հատապտուղներով՝ ելակով և մոշով։ Լավ միտք է նաև հապալասով և հաղարջով զարդարելը։ Ահա ձեզ նաև մի քանի տարբերակ՝ ոգեշնչման համար (նկարներում ուշադրություն դարձրեք միայն դիզայնին, և ոչ շերտերի քանակին)։ 

Կրեմից նաև կարող եք այսպիսի հետաքրքիր գնդիկներ անել, այս դիզայնը հիմա ամենատարածվածն է․

Ուշադրություն դարձրեք տորթի թավշյա կառուցվածքին (տեքստուրային), պետք է ստանաք այսպես․ 

Դե, ի գործ։ Այս երկար, բայց շա՜տ հաճելի պրոցեսը սկսելուց առաջ անպայման մի համով բան պատվիրեք ձեզ մեր մեծ մենյուից, ուժ հավաքեք, զինվեք համբերությամբ ու սկսեք։ Ահա մեր մենյուն։ 

Չմոռանաք պահպանել ձեր մոտ բաղադրատոմսը հետագայի համար և կիսվել կարծիքով ու փորձով։ 

Բաղադրիչներ․

  • ½ բաժակ (120գ) կարագ սենյակային ջերմաստիճանի
  • 1 ½ բաժակ (300գ) շաքարավազ
  • 2 մեծ ձու
  • ¼ բաժակ բուսայուղ
  • 1 ճաշի գդալ (10գ) կակաո, ևս մեկ ճաշի գդալ կաղապարներին ցանելու համար
  • 2 ½ ճաշի գդալ (45մլ) կարմիր սննդային գունավորիչ
  • 2 թեյի գդալ (10մլ) վանիլի էքստրակտ կամ 1 թեյի գդալ վանիլի էսենցիա
  • 1 ճաշի գդալ (20մլ) սպիտակ քացախ
  • 2 ½ բաժակ (350գ) ալյուր
  • 1 թեյի գդալ սոդա
  • 1 բաժակ (250մլ) թան կամ քացախով կաթ

Կրեմի համար․

  • 400գ սերուցքային պանիր
  • 120գ կարագ սենյակային ջերմաստիճանի
  • 2 թեյի գդալ (10մլ) վանիլի էքստրակտ կամ 1 թեյի գդալ վանիլի էսենցիա
  • 4 բաժակ շաքարի փոշի (մենք խորհուրդ ենք տալիս ուղիղ կեսը)
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ (ըստ ցանկության)

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Հին հայկական բաղադրատոմսեր․ մասրապուր, բոստանիկ, անուշապուր և այլն

Գրեթե մոռացված հին հայկական բաղադրատոմսեր կրկին կյանքի կոչելու համար։