Թեյերի ամենահայտնի տեսակները և դրանց օգտակար հատկությունները

Ձեր շրջապատում դժվար կլինի գտնել մարդկանց, ովքեր նախընտրում են օրը սկսել մեկ բաժակ թեյով։ Չէ՞ որ այդ պատվավոր տիտղոսը պատկանում է սուրճին, որը մեզ ամեն առավոտ արթնացնում և առույգացնում է։ Իսկ թեյ հիմնականում նախընտրում ենք խմել քնելուց առաջ՝ չիմանալով, որ սև և կանաչ թեյերը նույնպես պարունակում են կոֆեին և հարմար են ոչ թե երեկոյան, այլ հենց առավոտյան խմելու ու թարմանալու համար։

Այս հոդվածում խոսելու ենք թեյի մի քանի տարածված տեսակների մասին՝ կարկադե, անանուխով, սև, կոճապղպեղով, կանաչ, գնդիկներով և ներկայացնելու ենք օգտակար հատկություններն օրգանիզմի ու առողջության համար։

Կարկադե թեյ

Կարկադե թեյը ստանում են սուդանական վարդից (Hibiscus Sabdariffa)։ Վերջինս հարուստ է բետա-կարոտինով, վիտամին C-ով և անտոցիանինով, որոնք թողնում են հակաօքսիդիչ հատկություն՝ ոչնչացնելով օրգանիզմում առկա վնասակար մոլեկուլները։ 

Հատկապես արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ քաջ ծանոթ են այս կարմրավուն, լոռամրգային համով թեյին։ 

Արյան բարձր ճնշումը հավելյալ ծանրություն է ստեղծում սրտի համար և սկսում է այն թուլացնել՝ բարձրացնելով սրտային հիվանդությունների ռիսկը։ Մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կարկադե թեյը իջեցնում է արյան թե՛ սիստոլիկ, թե՛ դիաստոլիկ ճնշումը։ 

Արյան ճնշումն իջեցնելու նպատակով խորհուրդ է տրվում օրական խմել մինչև 3 բաժակ կարկադե թեյ։ Այնուամենայնիվ, թեյը հակացուցված է այն հիվանդներին, ովքեր ընդունում են հիդրոխլորոտիազիդ միզամուղ բաղադրիչով դեղ, քանի որ տվյալ թեյը և դեղը անհամատեղելի են մարդու օրգանիզմի համար: Թեյը կարելի է խմել նաև քնելուց առաջ, քանի որ կոֆեին չի պարունակում։

Անանուխով թեյ

Անհնար է առաջին հայացքից չճանաչել անանուխի անուշ և թարմացնող բույրը։ Այն անփոխարինելի բաղադրիչ է մոհիտո պատրաստելու, ինչպես նաև ուտեստներն ու թխվածքները զարդարելու համար։ 

Թարմացնող ազդեցության շնորհիվ այս բույսը նաև տարածված բաղադրիչ է ատամի մածուկների, բերանի խոռոչի լվացման միջոցների և մաստակների մեջ։ Բայց անանուխն օժտված է նաև օրգանիզմի համար օգտակար ու դրական հատկություններով։

Անանուխի յուղը հանգստացնում է մարսողական համակարգի մկանները և թուլացնում մարսողության հետ կապված անհարմարությունները՝ գազեր, փքվածություն։ Կարող է նաև վերացնել գլխացավը՝ ուժեղացնելով արյան հոսքը և թողնելով սառեցնող ազդեցություն։ 

Անանուխը նաև ունի հակամանրէային հատկություն, որով թարմացնում է շնչառությունը և վերացնում բերանի տհաճ հոտը։ 

Դաշտանային ցավերի ժամանակ նույնպես խորհուրդ է տրվում անանուխով թեյ խմել, քանի որ վերջինս կարող է նվազեցնել ցավերի ուժգնությունը և տևողությունը։ Անանուխով թեյ կարելի է խմել օրական մինչև 4-5 բաժակ, այդ թվում՝ քնելուց առաջ, քանի որ կոֆեին չի պարունակում։

Սև թեյ

Սև թեյը պարունակում է պոլիֆենոլների խումբ, որոնք օժտված են հակաօքսիդիչ հատկությամբ, նվազեցնում են խրոնիկ հիվանդությունների ռիսկը և բարելավում ընդհանուր առողջությունը։ Պոլիֆենոլները նաև կարող են օգնել ունենալ առողջ աղիքային ֆլորա՝ խոչընդոտելով վատ և նպաստելով լավ մանրէների աճին։

Սև թեյը պարունակում է ավելի շատ կոֆեին, քան ցանկացած այլ թեյ, բայց ավելի քիչ, քան սուրճը։ Կոֆեինն օգնում է բարձրացնել աշխուժությունը, իսկ L-տեանինը՝ հանում սթրեսն ու հանգստացնում օրգանիզմը։ 

Օրական 4 բաժակից ավելի սև թեյ խմելը կարող է հանգեցնել գլխացավի և սրտի անկանոն աշխատանքի, ինչը պայմանավորված է հենց կոֆեինի բարձր քանակությամբ։ Քնելուց առաջ խմելը կարող է առաջացնել անհանգստություն և քնի խանգարումներ։

Ինչ վերաբերում է տերևներով թրմվող սև թեյն ընդդեմ փաթեթավորված թեյի հակամարտությանը, ապա այստեղ գրեթե միշտ հաղթող է տերևներով տարբերակը։ Այս տարբերակով թեյ պատրաստելն ավելի ժամանակատար է, սակայն համի, թարմության և որակի տեսանկյունից այն առաջատար է։ 

Թրմվող թեյ պատրաստելիս օգտագործում ենք ամբողջական, չվնասված տերևներ, իսկ փաթեթի մեջ հիմնականում տեղ են գտնում ավելի ցածր որակի տերևները։

Կոճապղեղով թեյ

Կոճապղեղն օգտագործում են և՛ որպես համեմունք, և՛ որպես բուժիչ բույս։ Ժողովրդական բժշկության մեջ այն հազի ու մրսածության դեմ հզոր միջոցներից է։ Թեյը պատրաստում են կեղևազրկված արմատները կտրատելով և ջրի մեջ թրմեցնելով։ 

Կոճապղպեղով թեյն օգնում է պայքարել սրտխառոցների դեմ, որն առաջանում է հղիների մոտ հատկապես առավոտյան ժամերին։ Այս բույսը հայտնի է նաև մարսողության վրա դրական ազդեցությամբ։ Բարելավում է նյութափոխանակությունը և հանգստացնում ստամոսքը։ Կարող է նվազեցնել արյան ճնշումը, բարելավել արյան շրջանառությունը, նվազեցնել խոլեստերինի մակարդակը։ 

Ունի նաև հակաբորբոքային և ցավազրկող ազդեցություն։ Մասնավորապես դաշտանային ցավերից խուսափելու համար խորհուրդ է տրվում դաշտանի սկսվելուն պես կոճապղպեղով թեյ խմել։

Հետաքրքիր համ ստանալու համար կոճապղպեղով թեյին կարելի է նաև ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ։ Առավելագույն արդյունք քաղելու համար խորհուրդ է տրվում օրական խմել մինչև 4 բաժակ կոճապղպեղով թեյ։ Այն կարող եք հանգիստ սրտով վայելել նաև քնելուց առաջ, քանի որ կոֆեին չի պարունակում։ Չարաշահելու դեմքում հնարավոր է փորլուծություն, ստամոքսի գրգռվածություն, այրոցներ։

Կանաչ թեյ

Կանաչ թեյը հարուստ է պոլիֆենոլներով, որոնք նվազեցնում են բորբոքումները և օգնում պայքարել քաղցկեղի դեմ։ Այդ հակաօքսիդիչները նաև պաշտպանում են օրգանիզմի բջիջներն ազատ ռադիկալներից, պայքարում ծերացման և տարբեր տեսակի հիվանդությունների դեմ։

Կանաչ թեյը նաև պարունակում է կոֆեին և L-տեանին, որոնք միասին բարելավում են ուղեղի աշխատանքն ու առույգացնում։ Բազմաթիվ մարդիկ նշում են, որ սուրճի փոխարեն կանաչ թեյ խմելով՝ ավելի կայուն էներգիայով են լցվում և ավելի արդյունավետ ձևով են աշխատում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանաչ թեյը կարող է բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը և նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Բացի այդ՝ կարող է նվազեցնել է 2-րդ տիպի դիաբետի զարգացումը, բարելավել խոլեստերինի մակարդակը՝ նվազեցնելով սրտային հիվանդությունների ռիսկը։ 

Կարդացեք նաև՝ Ինչպիսի՞ն պետք է լինի դիաբետիկների սննդակարգը

Հետաքրքիր համ ստանալու համար կանաչ թեյին կարելի է նաև ավելացնել կիտրոնի կամ նարնջի հյութ։ Առավելագույն արդյունք քաղելու համար խորհուրդ է տրվում օրական խմել մինչև 5 բաժակ կանաչ թեյ։

Գնդիկներով թեյ (bubble tea, boba tea)

Գնդիկներով թեյի հիմքում սև, կանաչ կամ սպիտակ թեյն է, որին ավելացնում են կաթ կամ մրգային օշարակ և տապիոկայի գնդիկներ, մրգային ժելեներ։ Տապիոկան մանիոկի արմատներից ստացված օսլան է, իսկ մանիոկն արևադարձային բույս է, որն անվանում են նաև կասավա կամ հացարմատ։ 

Արդյունքում ստեղծվել են թեյի հարյուրավոր բաղադրատոմսեր, որոնք տարբերվում են համով և կարող են լինել թթու, քաղցր, դառը, հողային՝ կախված մրգերից ու օշարակներից։

Թեյի օգտակարությունը բացառապես կախված է ընտրված բաղադիչներից։ Եթե պատրաստում եք, օրինակ, կանաչ թեյով և ավելացնում թարմ մրգերով խյուս, ապա ստանում եք տվյալ թեյի և մրգի օգտակար հատկությունների պաշարը։

Խանութներում կարելի է հանդիպել գնդիկներով թեյ, որը պարունակում է խտացրած կաթ ու շաքարավազ՝ բարձրացնելով ըմպելիքի կալորիականությունը և նվազեցնելով օգտակար հատկությունները։ Սակայն կարելի է պատրաստել օգտակար բաղադրիչներով գնդիկներով թեյ տնային պայմաններում։ Ձեզ ենք ներկայացնում թեյի պատրաստման դասական բաղադրատոմսը․

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

-1 բաժակ սպիտակ շաքարավազ

-1 բաժակ շագանակագույն շաքարավազ

-1 բաժակ տապիոկայի գնդիկներ

-սև, կանաչ կամ սպիտակ թրմված թեյ՝ ըստ ցանկության

-ջուր

-կաթ

1 բաժակ ջրով լի կաթսան դնում ենք կրակի վրա, ավելացնում շաքարավազը և խառնում այնքան, մինչև լուծվի։ Օշարակը դնում ենք մի կողմ։

Տապիոկայի գնդիկներն ավելացնում ենք եռացող ջրի մեջ և մարմանդ կրակի վրա եփում 30 րոպե։ Տեղափոխում ենք առանձին տարայի մեջ և թողնում, որ սառչեն։ Այս ընթացքում թրմեցնում ենք թեյը։ 

Մատուցման բաժակի մեջ լցնում ենք 2 ճաշի գդալ տապիոկայի գնդիկներ, 2 ճաշի գդալ օշարակ, կիսով չափ թեյ, կիսով չափ կաթ, ավելացնում ենք սառույցի կտորներ։

Ցանկության դեպքում օշարակը կարող եք փոխարինել մրգային խյուսով կամ տապիոկայի գնդիկները՝ մրգային ժելեներով։

Վերջաբան

Թեյը կարող է ավելի առողջ այլընտրանք դառնալ առավոտը սկսելու համար։ 

Կանաչ և սև թեյերը կապահովեն մեր օրգանիզմը կոֆեինով՝ միաժամանակ զինելով օգտակար նյութերով։ Իսկ կոճապղպեղով, անանուխով կամ կարկադե թեյերը կարող եք խմել պրոֆիլակտիկ նպատակներով կամ ըստ անհրաժեշտության՝ մարսողությունը բարելավելու, մկանները հանգստացնելու և արյան ճնշումը կարգավորելու համար։

Թեյ խմելիս խորհուրդ չի տրվում ավելացնել կաթ կամ սերուցք, քանի որ դրանք նվազեցնում են որոշ հակաօքսիդիչների ազդեցությունն օրգանիզմի վրա։ 

Ինչ վերաբերում է շաքարավազին, ապա խորհուրդ է տրվում մեկ բաժակ թեյին ավելացնել առավելագույնը երկու թեյի գդալ շաքարավազ։ Վերջինս չի նվազեցնում թեյի օգտակար հատկությունները, սակայն պետք չէ չարաշահել շաքարավազի օգտագործումը։ 

Պետք է պարզապես հիշել, որ շաքարավազ կամ մեղր ավելացնելուց հետո բարձրանում է թեյի կալորիականությունը՝ բարձրացնելով քաշի ավելացման և ճարպակալման հավանականությունը։ 

Թեյի հետ առաջարկում ենք վայելել նախաճաշ կամ երեկոյան աղանդեր Foody-ի ճաշացանկից՝

Հալվա

Գաթա

Փանքեյքի շերտեր

Խնձորով և դարչինով թխվածք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով