Եկեք խոստովանենք, որ որքան ցրտում է եղանակը, այնքան ոճային են դառնում հագուստի համադրությունները։ Ամռանը ցանկանում ենք տանից դուրս գալ թեթև զգեստով ու կոշիկներով՝ առանց զարդերի կամ մարմնին դիպչող այլ իրերի։ Իսկ ահա աշնան անձրևն ու սառնությունը մեզ «օգնում են» ավելի շատ հագուստ կրել՝ նպաստելով հետաքրքիր, բազմաշերտ, հարուստ համադրությունների ստեղծմանը։
Այս հոդվածում չենք խրախուսելու գնել ավելի շատ հագուստ, փոխել ձեր ոճը կամ դառնալ այս տարվա աշնանային թրենդների հետևորդը։ Ընդհակառակը՝ ցույց ենք տալու, որ հենց ձեր ձեռքի տակ ունեցած բազային, դասական հագուստով կարող եք ստեղծել չհնացող ու բարձրաճաշակ համադրություններ։
Ձեզ հետ կիսվելու ենք գույները և հագուստի տարբեր մասերը համադրելու բանաձևերով, հետ ենք պահելու ավելորդ գնումներից և օգնելու ենք առանց ջանքերի, հեշտությամբ պլանավորել ձեր ամենօրյա աշնանային կերպարները։
#1 Ստեղծեք ձեր գունապնակը (պալետ)
Սկզբի համար ընտրեք հիմնական, նեյտրալ երկու գույն, որոնք հանդես կգան որպես ձեր կերպարների հիմք։ Նեյտրալ գույներն են՝
-սպիտակ,
-սև,
-կապույտ,
-բեժ,
-շագանակագույն,
-մոխրագույն։
Հաջորդիվ ընտրեք 2-5 ակցենտային գույներ կամ պրինտներ, որոնք կհամադրեք հիմնական գույների հետ։
Ակցենտային գույներ կարող եք ընտրել ինչպես աշնան գույներից՝ նարնջագույն, անտառային կանաչ, կարմրագորշ, մանանեխագույն, այնպես էլ ըստ ձեր ճաշակի։ Ակցենտային գույներն իրար հետ նույնպես պետք է սահուն ձևով համադրվեն, որպեսզի նույն իրերով կարողանաք ստեղծել ավելի շատ կերպարներ։
Օրինակ՝ եթե դուք ունեք կանաչ աչքեր, ձեր կերպարում հավանաբար կնախընտրեք ընդգրկել կանաչի տարբեր երանգները։ Կանաչի տարբեր երանգները իդեալական կերպարներ կստեղծեն սպիտակի և բեժի հետ։ Այսպիսով՝ դուք ընտրում եք սպիտակն ու բեժը որպես հիմնական, նեյտրալ գույներ, իսկ ակցենտային գույներ՝ մոխրականաչը, անտառային կանաչը և, օրինակ, նաև պաստելային վարդագույնը։
#2 Կրեք աշնանային բազային իրեր
Սեզոնային զգեստապահարանի ⅔-ը պետք է կազմեն բազային իրերը, իսկ ⅓-ը՝ ակցենտային կամ թրենդային իրերը։ Այսինքն՝ սեզոնի համար կարող եք նախատեսել 15 կտոր հագուստ, որից 10-ը՝ նեյտրալ գույնի նեյտրալ իր, 5-ը՝ ակցենտային գույնի նեյտրալ իր կամ թրենդային իր։
Առաջնորդվելով այս սկզբունքով՝ դուք ամեն սեզոնին ստիպված չեք լինի հարյուր հազարավոր դրամի գնումներ կատարել։ Կունենաք բազային իրեր, որոնք միշտ նորաձև են ու հեշտ համադրելի։ Կարևոր է, որ բազային իրերը լինեն որակյալ, որպեսզի պահպանեն իրենց տեսքը նաև հաջորդ նույն սեզոնի համար։ Կարևոր է նաև, որ բազային իրերը լինեն բազային գույների, որպեսզի նրանց կիրառելիությունն ավելի մեծանա։
Աշնան համար հագուստի բազային իրեր են՝
-տրենչ-վերարկու
-բլեյզեր (պիջակ)
-կարդիգան (կարելի է կրել մաքսի զգեստի հետ)
-փակ վզով, փափուկ կտորից զգեստ
-գծավոր սվիտեր
-անթև, փափուկ սվիտեր (կարելի է կրել վերնաշապիկի վրա)
-սպիտակ վերնաշապիկ (կարելի է կրել և՛ սվիտերի տակից, և՛ առանձին, և՛ տոպի կամ շապիկի վրայից՝ արձակելով կոճակները)
-տաբատ կտորե
-տաբատ ջինսե (նախապատվություն տվեք ներքևում լայն, առանց բացվածքների տաբատներին, որոնք համապատասխանում են ձեր հասակին և նեևքից ծալելու կարիք չեն ստեղծում)
Կոշիկներից՝
-կեդեր
-անձրևային կոշիկներ
-լոֆեր (կրունկով մոկասին)
-բալետկա տափակ
-կաշվե երկարաճիտ
#3 Համադրեք գույներն ըստ բանաձևերի
Այս բանաձևերը գործնականում պատկերացնելու համար անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ գույների անիվը․
Բանաձև #1 Մոնոխրոմ
Մոնոխրոմ կերպարի իրերը կիսում են նույն գույնը, որը հանդես են գալիս հագեցածության և պայծառության տարբեր աստիճաններով։ Ըստ գույների անիվի՝ կարելի է ստեղծել 12 տարբեր գույներով մոնոխրոմ համադրություններ։
Բանաձև #2 Լրացնող
Լրացնող կերպարում իրերի հիմնական երանգները գույների անիվի վրա տեղադրված են հակառակ կողմերում։ Օրինակ՝ կանաչ-վարդագույն, կապույտ-նարնջագույն, դեղին-մանուշակագույն։ Պարտադիր չէ, որ լրացնող կերպարի գույները համարձակ և վառ լինեն։ Օրինակ՝ ավազագույն տրենչը և բաց կապույտ ջինսե տաբատը լրացնող կերպար են ստեղծում։
Բանաձև #3 Անալոգային
Անալոգային կերպարում իրերի հիմնական երանգները գույների անիվի վրա տեղադրված են կողք-կողքի։ Օրինակ՝ կարմիր, նարնջագույն, դեղին։ Եթե օգտագործում եք մուգ նարնջագույն, մուգ դեղին և մուգ կարմիր, հավասարակշռություն ստեղծելու համար մի մոռացեք նեյտրալ գույների մասին։ Անալոգային կերպարն էլ ավելի կապակցված կլինի, եթե բոլոր գույներն ունենան նույն աստիճանի հագեցածություն և պայծառություն։
#4 Հետևեք 2 բազային իր + 1 ակցենտային իր + 4 աքսեսուար բանաձևին
Բազային իրերը համադրելով՝ հնարավոր է դառնում արագորեն դնել կերպարի հիմքը, իսկ ակցենտային իրն ընդգծում է ձեր ոճն ու անհատականությունը։
Ակցենտային է այն իրը, որը մարդիկ առաջինն են նկատում ձեր կերպարում և որն ամբողջացնում, լրացնում է ձեր նեյտրալ տեսքը։ Սովորաբար դա լինում է որևէ աքսեսուար՝ զարդ, գոտի, պայուսակ/կլաչ, գլխարկ, շարֆ, ակնոց։ Ակցենտային կարող են լինել նաև հագուստի տարրեր՝ վերարկու, զգեստ, բլուզ, ինչպես նաև սանրվածքը, մազերի գույնը, շպարը, կոշիկները։
Եկեք այս բանաձևով ստեղծենք աշնանային կերպարներ՝
- մարմնագույն երևակաթև շապիկ (բազային) + մարմնագույն շորտ (բազային) + կաշվե երկարաճիտ սպիտակ բարձրակրունկ կոշիկներ (ակցենտային) + սև ակնոց, սև-մարմնագույն-շագանակագույն պայուսակ, մարմնագույն գոտի, մատանի (աքսեսուար)
- սպիտակ վերնաշապիկ (բազային) + ջինս + վանդակավոր բլեյզեր (ակցենտային) + ակնոց, վանդակավոր գլխազարդ (աբադոկ), պայուսակ, վզնոց (աքսեսուար)
- մոխրագույն մաքսի զգեստ (բազային) + սև վերարկու (բազային) + կանաչ շարֆ (ակցենտային) + պայուսակ, կանաչ քարով վզնոց կամ մատանի, ականջօղ, զգեստի գոտի (աքսեսուար)
#5 Մի՛ շտապեք նոր իր գնել
Միգուցե մոլում զբոսնելիս տեսաք շատ հետաքրքիր բլուզ կամ տաբատ, և այն անմիջապես գրավեց ձեր սիրտը։ Մինչ գանձապահին մոտենալը ձեզ տվեք շատ պարզ ու կարևոր հարց․ «Ինչի՞ հետ եմ համադրելու այս իրը»։ Եթե այն չեք կարող համադրել արդեն իսկ ունեցած առնվազն 2-3 իրի հետ, ապա ուղղակի մի գնեք։
Ինչո՞ւ։ Որովհետև ամենայն հավանականությամբ այն ձեզ դուր է եկել պահի ազդեցության տակ, իսկ ընդանուր առմամբ չի համապատասխանում ձեր ոճին ու ճաշակին։ Նման իրավիճակներից խուսափելու համար ցանկալի է գնումների գնալիս հստակորեն իմանալ, թե ինչ իրեր են ձեզ հարկավոր։ Այդ իրերի ցանկն անհրաժեշտ է կազմել նախապես, երբ սկսում եք պատրաստվել նոր եղանակին և վերլուծում եք ձեր զգեստապահարանը։ Այդպիսով կխնայեք մեծ գումարներ և մեծ տարածք ձեր պահարանում։
#6 Օգտվեք լուքբուքերից
Եթե վերլուծեք ձեր շրջապատի մարդկանց հագուկապը, միանշանակ կնկատեք, որ որոշ մասի մոտ հագուստ համադրելը շատ լավ է ստացվում։ Միգուցե ոմանց մոտ դա բնատուր տաղանդ է, միգուցե նրանք օգտվել են ոճաբանի ծառայությունից, բայց ավելի հավանական է, որ նրանք ուղղակի աչքի են անցկացնել տվյալ սեզոնին համապատասխան լուքբուքեր։
Ի՞նչ է լուքբուքը։ Ուղեցույց, որի մեջ զետեղված են տասնյակ կամ հարյուրավոր պատրաստի համադրություններ այս կամ այն սեզոնի համար։ Լուքբուքի մեջ հասանելի են լինում նաև տեղադրված իրերի հղումները կամ խանութների անվանումները, որպեսզի կարդացողը հեշտությամբ ձեռք բերի այն համադրությունը, որն իրեն դուր է եկել։ Լուքբուքերում մեծ տեղ են զբաղեցնում հենց բազային իրերը, ինչը նշանակում է, որ եթե արդեն ունեք բազային իրերը, լուքբուքը ձեզ կոգեշնչի դետալներ ու ակցենտային իրեր ձեռք բերելու և այդ ամենը ճիշտ համադրելու հարցում։
Մի պատկերացրեք, որ լուքբուքերը թանկարժեք են կամ դժվարահաս։ Այս հարցում ձեզ կօգնեն ինչպես Ինստագրամում գործող նորաձևության էջերը, այնպես էլ ինտերնետային բազմաթիվ կայքեր։ Օրինակ՝ Google-ում կարող եք որոնել որոնել fall outfits for women, fall lookbook, fall outfit ideas և կգտնեք աշնանային պատրաստի կերպարների հարյուրավոր օրինակներ։
#7 Հետևեք սեզոնի թրենդներին
Թրենդային հագուստ գնելիս անհրաժեշտ է զգույշ լինել՝ հաշվի առնելով ձեր կազմվածքը, ապրելու վայրի կլիման և պահարանում արդեն առկա հագուստը։ Հիշեք, որ թրենդային և ակցենտային իրերը պետք է կազմեն ձեր հագուստի ⅓-ը, իսկ ⅔-ը՝ բազային գույներով բազային իրերը։
2022-ի աշնան թրենդներն են՝
—քլոգերը (փայտե կրունկով կոշիկներ),
-պարաշյուտ տաբատները,
-կաշվե բլեյզերները,
-օվերսայզ բլեյզերները և այլն
Թրենդը ձեր կերպարում արտացոլելու համար կարող եք հետևել այս օրինակին՝
սպիտակ տոպ + վարդագույն կարճ բլեյզեր + կանաչ պարաշյուտ տաբատ + կանաչ բարձրակրունկ կոշիկներ + մարմնագույն պայուսակ
#8 Օգտվեք գունապնակի գեներատոր գործիքներից
Գունապնակի գեներատորները օնլայն գործքիներ (ծրագրեր) են, որոնք ոճաբաններին և դիզայներներին օգնում են ստեղծել գունային ճիշտ համադրություններ։ Այս գործիքներից առանց որևէ բարդության կարող եք օգտվել նաև դուք։
Օրինակ՝ Muzli Colors գործիքը հիանալի օրինակ է։ Անհրաժեշտ է այցելել կայք, որոնման դաշտում նշել որևէ գույն կամ երանգ, որը համապատասխանում է ձեր որևէ հագուստի գույնին։ Muzli Colors-ը ձեզ կհուշի, թե ձեր նշած երանգը որ գույների հետ է համադրվում՝ առաջարկելով 5-ական գույներից բաղկացած գունապնակներ։ Ձեզ մնում է որոշել, թե որ գունապնակով առաջնորդվել՝ հաշվի առնելով ձեր զգեստապահարանի պարունակությունը։
Հուսով ենք, որ այս հոդվածով ձեզ կարողացանք ցույց տալ պարզ ճշմարտություն․ նորաձև ու բարձրաճաշակ զգեստապահարանի համար պետք չեն մեծ գումարներ։ Պետք է պարզապես իմանալ հագուստը համադրելու նրբություններն ու գաղտնիքները, և ձեր տեսքը հիացնող կլինի՝ անկախ կազմվածքից կամ եղանակից։
Զգեստապահարանի պարունակությունը քանդել-վերլուծելը բարդ ու ժամանակատար գործ է։ Մինչ դրան անցնելը պատվիրեք համեղ, թարմ, տեղական հումքից պատրաստված նախաճաշ, ճաշ կամ ընթրիք Foody-ի ճաշացանկից, վայելեք այն և շտապեք դեպի զգեստապահարան։