Ի՞նչ աղցան պատրաստել Ամանորին․ 7 բաղադրատոմս

Գիտե՞ք, թե ինչ տեսք ունի ճաշի կատարյալ ափսեն։ Այն պետք է կիսով չափ բաղկացած լինի բանջարեղենից (և մրգից), ¼-րդ մասով՝ պրոտեինից (միս, ձուկ, ձու) ու ևս ¼-րդ մասով՝ ածխաջրերից (մակարոնեղեն, հաց, կարտոֆիլ)։ Իսկ օրվա բանջարեղենի չափաբաժինը կարելի է հեշտությամբ լրացնել աղցանների միջոցով՝ համադրելով բանջարեղենի տարբեր տեսակներ և ստանալով նորանոր համեր։ Քանի որ շուտով Նոր տարի է, կիսվում ենք 7 բաղադրատոմսերով, որոնք կօգնեն ձեզ ստանալ առողջ, համեղ ու գունեղ աղցաններ, ինչպես նաև ընդունել հավասարակշռված սնունդ։

1․ Խեցգետնով և ռուկոլայով աղցան

Եթե մի քանի տարի առաջ խոսեինք ռուկոլայից, մարդկանց մեծ մասը դժվար թե իմանար այս բույսի մասին։ Բայց այժմ այն կարելի է գտնել հայաստանյան խանութներում, տեսնել սրճարանների մենյուներում և տարբեր բաղադրատոմսերում։ 

Բացի այդ, ռուկոլայի մասին գրում են բժիշկները՝ նշելով այս բույսի օգտակար հատկությունների մասին։ Ռուկոլան պարունակում է A և B9 վիտամիններ, կալցիում, երկաթ, բարձրացնում է իմունիտետը, մանրէազերծում է օրգանիզմը, օգտակար է անոթների, զարկերակային ճնշման, հեմոգլոբինի համար։

Անհրաժեշտ բաղադրիչները

  1. Ռուկոլա
  2. Սառեցրած խեցգետին
  3. Ավոկադո
  4. Լոլիկ
  5. Աղ, սև պղպեղ
  6. Արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ
  7. Լիմոնի կամ լայմի հյութ

Պատրաստման եղանակը

Սառեցրած խեցգետինները բերել սենյակային ջերմաստիճանի և առանձնացնել պոչի փափկամիսը։ Տապակել մինչև ոսկեգույն դառնալը։ Ռուկոլայի վրա ավելացնել կտրտած ավոկադո, լոլիկ, պոչի փափկամիսը։ Աղցանը համեմել արևածաղկի կամ ձիթապտղի ձեթով, լիմոնի կամ լայմի հյութով, աղ/պղպեղով։ 

Ըստ ցանկության աղցանի մեջ կարող եք կտրատել նաև վարունգ և ձիթապտուղ։

2․ Թայ բիֆ

Տավարի միսը Թայ բիֆի գլխավոր բաղադրիչն է։ Այն պրոտեինի աղբյուր է, հարուստ է հանքանյութերով, պայքարում է սակավարյունության դեմ, օգնում է կառուցել մկանային զանգված։ Իսկ տարբեր բանջարեղենի հետ համատեղելիս ստացվում է էլ ավելի օգտակար աղցան, որը կարող եք վայելել և՛ տաք, և՛ սառը վիճակում։ 

Անհրաժեշտ բաղադիչները

  1. Տավարի փափկամիս
  2. Դդմիկ
  3. Գազար
  4. Բրոկոլի
  5. Կարմիր, դեղին, կանաչ պղպեղներ
  6. Ձիթապտղի ձեթ
  7. Սոյայի սոուս
  8. Քունջութ

Պատրաստման եղանակը

Թավան նախապես տաքացնել և ավելացնել բուսայուղ։ Տավարի փափկամիսը երկար ձողիկներով կտրատել ու 2-3 րոպե տապակել թավայի մեջ։ Ավելացնել կտրատած բանջարեղենն ու տապակել ևս 1-2 րոպե։ Պատրաստ լինելուն պես ավելացնել սոյայի սոուսը, համեմել աղով և սև պղպեղով, զարդարել քունջութի սերմերով։

3․ Քամած մածուն նռով և ընկույզով

Սա մեր ցանկի ամենահեշտ պատրաստվող ու ամենաթեթև աղցանն է։ Քամած մածունը, լինելով կաթնաթթվային մքերթ, բարենպաստ ազդեցություն է թողնում աղեստամոքսային համակարգի վրա և կարգավորում է օրգանիզմի միկրոֆլորան։ Հատկապես երեկոյան ժամերին այս աղցանն ուտելը կհանգստացնի օրգանիզմն ու կօգնի հեշտությամբ մարսել օրվա ընթացքում ընդունած ծանր սնունդը։

Անհրաժեշտ բաղադրիչները

  1. Քամած մածուն
  2. Նռան հատիկներ
  3. Ընկույզ

Պատրաստման եղանակը

Քամած մածունն անհրաժեշտ է զարդարել նռան հատիկներով ու մանրացված ընկույզով և վերջ. թեթև, առողջարար աղցանը պատրաստ է։

4․ Սմբուկով ռուլետ

Սմբուկով ռուլետն ամենաօրիգինալ տեսքով աղցանն է մեր ցանում։

Անհրաժեշտ բաղադրիչները

  1. Սմբուկ
  2. Թթվասեր
  3. Ընկույզ 
  4. Սխտոր
  5. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սմբուկը մեկումեջ կեղևազերծել և վրան աղ ցանել։ Այնուհետև հոսող ջրով լվանալ, որպեսզի դառնությունը դուրս գա, որից հետո լավ չորացնել։ Կտրատել երկարությամբ և ստանալ բարակ շերտեր։ Նախապես տաքացնել թավան, ավելացնել բուսայուղ և սմբուկը տապակել մինչև ոսկեգույն դառնալը։ 

Պատրաստում ենք միջուկը։ Թթվասերին ավելացնում ենք մանրացված ընկույզ, մանրացված սխտոր, աղ, սև պղպեղ։ Այնուհետև միջուկը տարածում ենք սմբուկի բարակ շերտերի վրա և փաթաթում ռուլետի տեսքով։ Ամրացնում ենք ատամի փայտիկներով, որպեսզի ռուլետը չբացվի։

Զարդարում ենք կանաչիով կամ նռան հատիկներով։

5․ Բրոկոլիով աղցան

Եթե Ամանորին պատրաստվում եք բուսակեր հյուրեր ընդունել կամ էլ ձեր ընտանիքում կան բուսակերներ, ապա այս աղցանը հենց նրանց համար է։ Բացի այն, որ այս աղցանը շատ օգտակար է, այն նաև շատ հեշտ է պատրաստել․ բաղադիչները հեշտությամբ կգտնեք խանութներում, և կարիք չկա դրանցից որևէ մեկը նախապես եփելու։

Անհրաժեշտ բաղադիչներ

  1. Կարմիր, դեղին, կանաչ պղպեղներ
  2. Բրոկոլի
  3. Լոլիկ
  4. Կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել բրոկոլիի գլխիկները, ավելացնել երկար կտրատված պղպեղները, լոլիկը, ավելացնել կիտրոնի հյութ, խառնել և մատուցել։ Կամ էլ պարզապես այցելել Foody-ի մենյուն և պատվիրել այստեղից։

Ի դեպ, բրոկոլին կարելի է ուտել նաև հում վիճակում, այդպիսով պահպանվում են վերջինիս բոլոր օգտակար հատկությունները։ Բրոկոլին մաքրում է օրգանիզմը, պայքարում է քաղցկեղի դեմ, նպաստավոր է սրտի, ուղեղի, աչքերի, ոսկորների առողջության համար։

6․ Հավով և սնկով աղցան

Հավով և սնկով աղցանը Ամանորի դասական և սիրված ուտեստներից է։ Ի տարբերություն վերը թվարկված տարբերակների՝ այս աղցանն ավելի սննդարար ու հագեցնող է, քանի որ պարունակում է թթվասեր և/կամ մայոնեզ։ Իսկ հավի միսն իր սպիտակուցների, լինոլաթթվի, վիտամին B-ի և այլ բաղադրիչների շնորհիվ այս աղցանը դարձնում է օգտակար ու հեշտ յուրացվող։

Անհրաժեշտ բաղադրիչները

  1. Հավի կրծքամիս
  2. Սունկ
  3. Ընկույզ
  4. Թթվասեր կամ մայոնեզ
  5. Կանաչի
  6. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը նախապես խաշել, կտրատել փոքր կտորների։ Պատրաստման ափսեի մեջ ավելացնել թռչնամիսը, պահածոյացրած սունկը, մանր կտրատած ընկույզը, կանաչին, համեմել աղով և սև պղպեղով։ 

7․ Մայրաքաղաքային

Հայկական Ամանորն առանց Մայրաքաղաքային աղցանի պատկերացնելն այդքան էլ հեշտ չէ։ Այն սիրում են բոլորը՝ առանց բացառությունների։ Մայրաքաղաքային աղցանը նույնպես շատ սննդարար ու հագեցնող է՝ շնորհիվ մայոնեզի և թթվասերի։

Մենք առաջարկում ենք այս աղցանը պատրաստել հավի մսով, սակայն դուք կարող եք այն փոխարինել տավարի փափկամսով։

Անհրաժեշտ բաղադրիչները

  1. Հավի փափկամիս 
  2. Գազար
  3. Ոլոռ
  4. Կարտոֆիլ
  5. Կորնիշոն
  6. Կանաչի
  7. Աղ, սև պղպեղ
  8. Թթվասեր կամ մայոնեզ (կամ խառնուրդ)

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը խաշել և բաժանել փոքր կտորների։ Խաշել գազարը և կարտոֆիլը: Եթե միասին եք խաշում, կարտոֆիլը բաժանեք փոքր կտորների, քանի որ այն գազարից ավելի ուշ է եփում։ Պատրաստի բանջարեղենը կտրատել խորանարդաձև։ 

Պատրաստման ափսեի մեջ ավելացնել հավը, խաշած-կտրատած բանջարեղենը, պահածոյացրած վարունգները և ոլոռը։ Համեմել կանաչիով, աղ/սև պղպեղով, թթվասերով կամ մայոնեզով։

Բարի ախորժակ բոլորին և եկե՛ք հիշենք, որ Ամանորը ոչ թե խոհանոցում մեծ աշխատանք կատարելու և ծանր սնունդ ընդունելու փուլ է, այլ նորանոր համեր բացահայտելու, ուտեստը գեղեցիկ ձևով մատուցելու, ընտանիքի հետ լինելու ևս մեկ հնարավորություն։

Հուսով ենք, որ այս աղցաններից առնվազն մի քանիսը տեղ կգտնեն ձեր ամանորյա սեղաններին և կօգնեն ստանալ բանջարեղենի անհրաժեշտ չափաբաժինը։
Եթե այս Ամանորին որոշել եք լիարժեք հանգստանալ, բայց նաև ցանկանում եք հյուրերին մատուցել թարմ, համեղ ու բազմատեսակ աղցաներ, ապա Foody-ի կարիքը հաստատ կզգաք։ Մեր խոհարարները պատրաստում են ավելի քան 10 տեսակի աղցաններ տարբեր համադրություններով, որոնց կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ։