Կանանց միամսյակ․ ինչ պատմություն ունի և ինչպես են նշում

Գարնանամուտից ընդամենը օրեր անց բոլորիս սպասում է տարվա գեղեցիկ տոներից մեկը՝ մարտի 8-ը և սկիզբ դնում կանանց միամսյակին։ Տղամարդիկ հիմնականում չեն սիրում այս օրը, քանի որ մեծացել է տոնի կոնսյումերիստական նշանակությունը, և ամեն ինչ կարծես թե պտտվում է նվերներ գնելու, կանանց ռեստորան հրավիրելու և մեծ գումարներ ծախսելու շուրջ։ 

Բայց մի՞թե դա է եղել օրվա գլխավոր խորհուրդը։ Մի՞թե դա այն է, ինչ իսկապես ուզում են կանայք գարնանային միամսյակին։ 

Մարտի 8-ը միջազգային տոն է, որի շրջանակներում նշում են կանանց սոցիալական, տնտեսական, մշակութային ու քաղաքական ձեռքբերումները։ Տոնը նաև ուշադրություն է հրավիրում կանանց իրավունքների ու գենդերային հավասարության թեմաների վրա, խրախուսում է աջակցել իգակենտրոն բարեգործական կազմակերպություններին։ 

Ոմանց համար տոնի իմաստը կանանց հաջողություններն ու ներդրումները նշելն է, այլոց համար՝ կանանց իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելը, իսկ ոմանք էլ օրը ընկալում են որպես կանանց մեծարելու և նվերներ գնելու տոն։ 

Վերջապես ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց։ Ո՞րն է եղել օրվա սկզբնական, պատմական խորհուրդը։

1900-ական թվականների սկզբներին կանայք քիչ էին վարձատրվում, աշխատում էին երկար և չունեին ընտրելու իրավունք։ Ի պատասխան այս իրավիճակին՝ 1908 թվականի մարտի 8-ին 15,000 կանայք Նյու Յորքում ոտքի կանգնեցին՝ պահանջելով ավելի կարճ աշխատանքային ժամեր, ավելի բարձր աշխատավարձ և քվեարկելու իրավունք։ Հաջորդ տարի Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց առաջին Կանանց ազգային օրը։ 1909 թվականին Կանանց օրն առաջին անգամ նշվեց ԱՄՆ-ում։ 

1910 թվականին Կոպենհագենում Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ գերմանական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստ Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց օրը նշել միջազգային մասշտաբով։ Այդպիսով օրը սկսեցին նշել նաև Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում՝ կազմակերպելով հանրահավաքներ։ 1917 թվականին Խորհրդային Ռուսաստանում կանայք ստացան քվեարկելու իրավունք։ 

1920 թվականին ԱՄՆ-ում սպիտակամորթ կանայք ստացան քվեարկելու իրավունք։ Ավելի ուշ որոշվեց Կանանց միջազգային օր սահմանել մարտի 8-ը, իսկ ՄԱԿ-ը այն առաջին անգամ նշեց 1975 թվականին։

Այսպիսով՝ մարտի 8-ը ի սկզբանե եղել է աշխատավոր կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օր, որով փորձել են ուշադրություն սևեռել գենդերային անհավասարության և խտրականության վրա։ 

Տարբեր երկրներ ու կազմակերպություններ տարբեր միջոցառումներով են նշում Կանանց միջազգային օրը։ Օրինակ՝ ՄԱԿ-ը ամեն տարի այս տոնի շրջանակներում ուշադրություն է հրավիրում որևէ թեմայի կամ խնդրի վրա և մեկնարկում է արշավ։ 

2023 թվականի թեման հետևյալն է՝ «Թվային․ Նորարարությունը և տեխնոլոգիաները գենդերային հավասարության համար»։ ՄԱԿ-ը կառավարություններին և մասնավոր հատվածին կոչ է անում ջանքեր գործադրել թվային աշխարհն ավելի ապահով և ընդգրկուն դարձնելու ուղղությամբ։ 

ԱՄՆ-ում մարտի 1-31-ը նշում են որպես Կանանց պատմության ամիս։ Նախ 1980 թվականին ԱՄՆ նախագահ Ջիմի Կարտերը մարտի 8-ի շաբաթը հայտարարեց Կանանց պատմության շաբաթ։ Տարիներ անց կանանց պատմությանը որոշվեց նվիրել մի ամբողջ ամիս։ Միամսյակի շրջանակներում 

  • սոցցանցերում, մամուլում ուշադրություն են հրավիրում կին ձեռներեցների, կանանց հաջողությունների, կանանց իրավունքների պաշտպանության թեմաների վրա,
  • նամակներ են գրում կյանքի վրա մեծ ազդեցություն թողած կանանց, 
  • այցելում են կանանց պատմությանը նվիրված թանգարաններ, 
  • այցելում են կին նկարիչների, լուսանկարիչների, քանդակագործների ցուցահանդեսներին,
  • կազմակերպում են կին հեղինակների գրքերի քննարկումներ, 
  • ֆինանսապես օգնում են կանանց աջակցող ՀԿ-ներին,
  • օգտվում են կանանց հիմնադրած բիզնեսներից, 
  • խրախուսում են կին աշխատակիցներին և այլն։ 

Կանանց միջազգային օրվա գույներն են մանուշակագույնը, կանաչն ու սպիտակը։ Մանուշակագույնը խորհրդանշում է արդարություն և արժանապատվություն։ Կանաչը խորհրդանշում է հույս։ Սպիտակը խորհրդանշում է մաքրություն։

Թեև գոյություն ունի տոնի համարժեքը նաև տղամարդկանց համար՝ Տղամարդկանց միջազգային օր, այն ճանաչված չէ ՄԱԿ-ի կողմից և պաշտոնական տոն չէ։ Նշվում է ավելի քան 80 երկրում նոյեմբերի 19-ին, բայց Հայաստանում գրեթե տարածում չունի։

Հայաստանում նույնպես ընդունված է տոնել կանանց նվիրված մի ամբողջ միամսյակ, որը տևում է մարտի 8-ից ապրիլի 7-ը։ Իսկ ինչպե՞ս է առաջացել այս միամսյակի գաղափարը։

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի ապրիլի 7-ին նշում է Ս․ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում, և օրհնություն են ստանում երեխա սպասող կանայք։

Ապրիլի 7-ի ակունքները գալիս են Աստվածաշնչից։ Սուրբ գրքում ասվում է, որ վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Նազարեթ քաղաք մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ: Այդ կույսի անունը Մարիամ էր։ Հրեշտակը հայտնվեց նրան և ասաց, որ վերջինս հղիանալու է և ծնելու է Հիսուս անունով որդի։ Նա մեծ կլինի, Բարձրյալի որդի կկոչվի, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա: Հենց այս աստվածաշնչյան պատմությունն էլ ոգեշնչել է նշել մայրերին նվիրված տոն, որը միամսյակով միացվել է կանանց նվիրված տոնին։

Այսպիսով՝ Հայաստանում մարտի 8-ը նշվում է որպես Կանանց տոն, իսկ ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոն։ Ի տարբերություն ապրիլի 7-ի՝ մարտի 8-ը ոչ աշխատանքային է և նշվում է պետական մակարդակով։ 

Հայաստանում միամսյակի շրջանակներում տարբեր կառույցներ հանդես են գալիս մշակութային նախաձեռնություններով՝ ցուցահանդես-վաճառքներից մինչև համերգներ և ներկայացումներ։ Դե իսկ կանանց ու մայրերին նվերներ, ծաղիկներ գնելը տոնի անբաժան մասն է։

Մեր կին և աղջիկ ընթերցողներին մաղթում ենք լինել սիրված տարվա մեջ ոչ թե 1 օր կամ 1 ամիս, այլ 365-366 օր։ Մաղթում ենք, որ ձեզ սիրեն, հասկանան և լինեն հավատարիմ ողջ տարի, իսկ մարտի 8-ը պարզապես առիթ լինի ոչ աշխատանքային օրը վայելելու համար։ 

Սիրելի տղամարդիկ, մարտի 8-ը ոչ աշխատանքային օր է, ինչը նշանակում է, որ ողջ օրը կարող եք անցկացնել սիրելի մայրիկի կամ կնոջ հետ։ Առաջարկում ենք պատվիրել համեղ, բազմազան ուտեստներ Foody-ի ճաշացանկից և կանանց ազատել խոհանոցում սնունդ պատրաստելու պարտականությունից։ 

Կարդացեք նաև՝-Ի՞նչ նվիրել․ 200+ գաղափար սիրելի մարդկանց ժպիտ պարգևելու համար

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով