Վարդավառի ամենահամեղ ուտեստներն ու տոնի խորհուրդը

Արդյո՞ք Վարդավառը ձեզ համար միմյանց վրա ջուր ցողելու և զովանալու տոն է, թե՞ ավելին․․․ Այս տոնն ունի շատ խորը արմատներ և նշվել է շատ մեծ շուքով՝ ունենալով իր ծիսական խոհանոցը, երգացանկը, արարողությունները։

Այսօր առաջարկում ենք ծանոթանալ ամառային ամենասիրված տոնի պատմությանը։

Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որին նախորդում է շաբաթապահք, իսկ հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակության օր է։ 

Վարդավառը տոնում էին դեռևս հեթանոս հայերը՝ մեծարելով ջրի, սիրո, գեղեցկության աստվածուհի Աստղիկին և պտղաբերության աստվածուհի Անահիտին։ 

Տոնի օրը գյուղացիները հիմնականում ավարտած էին լինում դաշտային աշխատանքները և աստվածուհիներին շնորհակալություն հայտնում անձրևների ու բերքի համար։ Նաև խնդրում էին դաշտերը զերծ պահել երաշտից, միջատներից ու զանազան աղետներից։ 

Գյուղացիներն ուղևորվում էին դեպի մոտակա սարերը, գետերն ու աղբյուրները, զոհեր մատուցում, հեթանոսական մեհյաններին հասկեր նվիրում, տունն ու կենդանիներին զարդարում ծաղիկներով ու ծառի ճյուղերով։ Տոնը նշում էին նաև հատուկ ուտեստներ պատրաստելով, միմյանց ծաղիկներ նվիրելով, աղավնիներ թռցնելով։ Բայց նույնիսկ այսքանով էլ տոնախմբությունները չէին սահմանափակվում և շարունակվում էին տոնավաճառներով, խնջույքներով, երգ-պարով, խաղերով։

Ըստ քրիստոնեական ավանդույթի՝ տոնը կապվում է Հիսուս Քրիստոսի հետ և կոչվում Պայծառակերպության կամ Այլակերպության օր։ Քրիստոսն իր աշակերտների հետ բարձրանում է Թաբոր լեռը։ Առաքյալները հոգնածությունից ու շոգից քնում են, իսկ Քրիստոսի վրա լույս է իջնում՝ լուսավորելով ողջ լեռը։ Առաքյալներն ականատես են լինում իրենց ուսուցչի այլակերպմանը։ 

Ժամանակի ընթացքում մշակութային դերն աստիճանաբար նվազել է, և այսօր Երևանում Վարդավառը հիմնականում ասոցացվում է «ջրոցի» խաղալու հետ։ Մայրաքաղաքում տոնակատարություներն ավելի ժամանակակից երանգ են ստացել և անցնում են փրփուր/կոկտեյլ փարթիներով՝ լողավազանների շուրջ և DJ-ների ընկերակցությամբ։ 

Մարզերում ավելի շատ են պահպանվել մշակութային հին դրսևորումները։ Տոնն ուղեկցվում է եկեղեցի գնալով, ազգային պարերով ու երգերով, ծիսական ուտեստներով, խաղերով, Վարդավառի շուրջպարով, լարախաղացությամբ։

Տոնն ամենամեծ շուքով նշում են Տավուշի մարզում։ Գետահովիտ գյուղի բնակիչներն այս տոնն ասոցացնում են Վարդան Մամիկոնյանի հետ։ Վարդան Մամիկոնյանը Ակնաղբյուր գյուղում ծառ է տնկել, որը կանգուն է մնացել մինչև 1970-ական թվականները, այնուհետև չորացել։ 

Ծառի մոտակայքում կա մատուռ և հոսում է սառնորակ աղբյուր, որտեղ էլ հավաքվում ու տոնակատարություն են կազմակերպում գյուղացիները։ Ի դեպ՝ տեղացիները Վարդավառը նշում են հուլիսի վերջին կիրակի օրը, նույնսիկ եթե այն տարբերվում է Հայ առաքելական եկեղեցու սահմանած օրից։ 

Տավուշի մարզի բնակիչները Վարդավառին ընդառաջ պատրաստում են նաև այս տոնին հատուկ ուտեստներ՝ թե՛ հիմնական, թե՛ քաղցր։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված տարբերակները․

Խոզի խորոված և գառան խաշլամա

Հայկական տոնական սեղանները գրեթե անհնար է պատկերացնել առանց խորովածի ու խաշլամայի։ Վարդավառի առթիվ գրեթե բոլոր ընտանիքներն անասուն են մորթում և պատրաստում բանջարեղենի հետ միասին։

Օրինակ՝ գառան միսը բանջարեղենով պատրաստելու համար կաթսայի մեջ շերտ առ շերտ շարում են միսը, լոլիկը, կարտոֆիլը, կրկին միսը, ապա սմբուկը, սոխը, պղպեղը, մինչև կաթսան ամբողջությամբ լցվի։ Ավելացնում են ջուր, կափարիչով պինդ ծածկում և եփում մարմանդ կրակով։ 

Գառան արյունով պատրաստված ենթամթերք

Վարդավառին ընդունված է գառ մորթել, բայց տեղացիներն ուտում են ոչ միայն միսը, այլ նաև արյունը՝ այն վերածելով, այսպես ասած, սոուսի։ 

Նախապես տապակում են կենդանու սիրտն ու թոքը։ Գառան արյունը եփում են այնքան, մինչև թանձրանա, այնուհետև ավելացնում են տապակած ենթամթերքի վրա։

Խոզի կաշի

Խոզի կաշի պատրաստելը մի փոքր տարօրինակ, բայց հետաքրքիր արարողություն է։ Խոզի կաշին տաքացնում են հատուկ սարքի վրա, ինչի արդյունքում մազածածկույթը խանձվում է։ Այնուհետև հատուկ դանակով մազածածկույթն առանձնացնում են կաշվից, կաշին համեմում են և մատուցում որպես դելիկատես։

Խորոված խնձոր

Խնձորը Վարդավառի խորհրդանիշերից մեկն է։ Նույնսիկ գործում էր սովորույթ, որ տարվա առաջին խնձորը պետք է ուտել Վարդավառին, ինչպես խաղողն են ուտում Խաղողօրհնեքի տոնին։ Որոշ վայրերում առաջին խնձորն ուտելու արարողությունը կազմակերպվում էր յուրահատուկ ձևով։ Երիտասարդները շաբաթ երեկոյան վառում էին դեզերը, հավաքվում կրակի շուրջը մինչև լուսաբաց և խորովում խնձորները։

Այսօր խնձոր խորովելու ավանդույթը պահպանվում է։ Խնձորի պոչն ու միջուկը հեռացնում են և փոսիկի մեջ ավելացնում մեխակ, դարչին, մանրացրած ընկույզ, շաքարավազ։ Կաթսայի մեջ լցնում են կես բաժակ ջուր, շաքարավազ, ավելացնում խնձորները և եփում մարմանդ կրակի վրա 15 րոպե։ Մատուցում են որպես աղանդեր։ 

Նազուկ

Վարդավառին ընդառաջ պատրաստում են նաև նազուկ, որն ասոցացվում է հենց այս տոնի հետ։ Առաջին հայացքից գաթա հիշեցնող այս բուլկիի բաղադրիչներն են՝

  • ալյուր,
  • շաքարավազ,
  • կարագ,
  • ձու,
  • խմորիչ/թթխմոր,
  • կաթ/թթվասեր,
  • համեմունքներ՝ շաֆրան, դարչին, վանիլ

Մթերքը հիմնականում տնական է լինում, որից պատրաստված թխվածքաբլիթներն էլ մատուցում են ճաշից հետո՝ որպես աղանդեր։

Ագդակ/եղալավաշ

Ագդակը և եղալավաշը վարդավառյան թխվածքաբլիթներ են, որ պատրաստում են հիմնականում գյուղերում։ Երկուսի համար էլ օգտագործում են նույն խմորը, որի համար անհրաժեշտ է՝

  • ալյուր
  • շաքարավազ,
  • կարագ կամ յուղ,
  • ձու,
  • կաթ,
  • կաթի սեր (ռեժան),
  • համեմունքներ՝ աղ, վանիլին
  • կերակրի սոդա

Ագդակի համար խմորը բաժանում են փոքր գնդիկների և նախշազարդում պատառաքաղի կամ քերիչի օգնությամբ։ Տապակում են առատ, տաք բուսայուղի մեջ։ Մատուցում են շաքարավազով կամ շաքարի փոշիով։

Եղալավաշի համար խմորը նույնպես բաժանում են գնդիկների, այնուհետև գրտնակում, որպեսզի ստացվեն խմորի տափակ, բարակ, կլոր շերտեր։ Տապակում են քիչ բուսայուղի մեջ։

Հուսով ենք, որ օգնեցինք ձեզ տեսնել Վարդավառն այլ աչքերով և բացահայտել տոնի մշակութային ողջ արժեքը։ Վերականգնե՛ք նախկին ավանդույթները, պատրաստե՛ք վարդավառյան համեղ ուտեստներ և վայելե՛ք ամառային ամենաուրախ տոնը: 

Foody-ի ճաշացանկում նույնպես կգտնեք տոնական սեղանի ուտեստներ, որոնք կլրացնեն Վարդավառի ծիսական խոհանոցի ուտեստներին և կխնայեն ձեր ժամանակը։

Մեր համեղ տոնական մենյուն տեսնելու համար սեղմեք այստեղ։ 

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Յուրաքանչյուր առաքման արժեքը 500 դրամ է։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Որո՞նք են սուրճի տեսակները և ինչո՞վ են տարբերվում իրարից

Սուրճը աշխարհում միլիոնավոր մարդկանց #1 ըմպելիքն է, որով սկսում, շարունակում և ավարտում են օրը։ Սուրճն օգնում է առավոտյան արագ թարմանալ, առույգ մնալ աշխատանքային օրվա ընթացքում, լավացնում է հիշողությունը, ուղեղի աշխատանքն ու տրամադրությունը։  Որքան շատ են սուրճի սիրահարները, այնքան էլ շատ՝ սուրճ պատրաստելու տարբերակները։ Երբ խոսում ենք բոլորիս քաջ հայտնի արաբիկայի և ռոբուստայի մասին, պետք է...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։