Բանանն իր մատչելի արժեքի, համի, օգտակարության, սննդարարության և տեղափոխման հարմարության շնորհիվ (աշխատանքի, քաղաքից դուրս, մարզասրահ) թերևս ամենապահանջված, ամենասիրված միրգն է։
Այն հաճելի է ուտել թե՛ որպես առանձին միջուտեստ, թե՛ օգտագործել տարբեր բաղադրատոմսերում՝ էներգետիկ հյութերից մինչև տարբեր աղանդերներ։
Ունիվերսալ լինելուց բացի՝ այս միրգը նաև բազմաթիվ քննարկումների առարկա է։ Ոմանք պնդում են, որ բանանը գիրացնում է, այնքան էլ օգտակար չէ, դիաբետիկների համար վտանգավոր է և այլն։
Այս հոդվածում մենք կկիսվենք բանանի օգտակար հատկությունների իրական ցանկով, կխոսենք բանանի շուրջ ստեղված առասպելների մասին, ինչպես նաև մտքեր կփոխանցենք, թե ինչպես բանանն օգտագործել խոհանոցում։
Բանանի օգտակար հատկությունները
Միջին չափի բանանը (մոտ 100 գրամ) պարունակում է
- վիտամին B6 (օրական անհրաժեշտ չափաբաժնի 18%),
- վիտամին C (օրական անհրաժեշտ չափաբաժնի 15%),
- վիտամին B2 (օրական անհրաժեշտ չափաբաժնի 7%),
- վիտամին B9/ֆոլաթթու (օրական անհրաժեշտ չափաբաժնի 5%),
- վիտամին B3 (օրական անհրաժեշտ չափաբաժնի 4%)
- մանրաթել (3 գրամ)
- ածխաջրեր (23 գրամ)
Վիտամին C-ն հայտնի է որպես հզոր հակաօքսիդիչ և դիմադրողականության խթանիչ։ Կալիումը կենսական է օրգանիզմի pH բալանսի, ջրային բալանսի պահպանման, արյան ճնշման, մարսողության, սիրտ-անոթային համակարգի բնականոն աշխատանքի համար։
Վիտամին B6-ը շատ կարևոր դեր է խաղում սերոտոնինի և նորադրենալինի արտադրության մեջ, որոնք պատասխանատու են նյարդային համակարգում ճանաչողության, տրամադրության, սովորելու ունակության, հիշողության և այլ գործընթացների համար։
Հանքանյութերից պարունակում է պղինձ, կալիում և մագնեզիում՝ ապահովելով վերջիններիս օրական անհրաժեշտ չափաբաժինների մոտ 10%-ը։
Խորհուրդ է տրվում օրական ուտել 1-2 բանան։
Բանան․ առասպել և իրականություն
Առանձնացրել ենք բանանի շուրջ հնչող ամենատարածված հարցերն ու պնդումները և փորձել գտնել սպառիչ, հավաստի պատասխաններ։
Բանանը սպիտակուցի՞ աղբյուր է
Միջին բանանը պարունակում է ընդամենը 1-1.1 գրամ սպիտակուց, ինչն այս միրգը չի դարձնում սպիտակուցով հարուստ մթերք։ Թյուր կարծիքը հավանաբար առաջացել է այն պատճառով, որ բանանը մարզիկների սննդակարգի գլխավոր մթերքներից է և օգտագործվում է պրոտեին (սպիտակուցային) շեյքերի մեջ։ Իրականում բանանը լայնորեն կիրառվում է այն պատճառով, որ հեշտությամբ մարսվող ածխաջուր է, օգնում է կանխել մկանային սպազմը, ապահովում է էներգիայով։
Բանան ուտելը հավասազո՞ր է կոնֆետ ուտելուն, քանի որ շատ շաքար է պարունակում
Բանանի մեջ առկա շաքարը բնական է (ֆրուկտոզա), իսկ կոնֆետինը՝ ավելացված։ Բանանը նաև սննդային մանրաթելի աղբյուր է, այդ թվում՝ պեկտինի և կայուն օսլայի, որոնք չափավորում է արյան մեջ շաքարի բարձրացումը, հանդես են գալիս որպես պրեբիոտիկներ՝ աջակցելով աղիներում «լավ» մանրէների աճին։ Այս ամենը չենք կարող ասել խանութում առկա կոնֆետների մասին, որոնք պարունակում են մեծ քանակի շաքար և արհեստական հավելումներ։
Ճի՞շտ է մարզումներից առաջ բանան ուտելը
Խորհուրդ է տրվում մարզումներից 30-60 րոպե առաջ բանան ուտել, ցանկալի է՝ գետնանուշի կարագի, հունական յոգուրտի, վարսակի, ամբողջահատիկների կամ պրոտեին շեյքի հետ։
Կարելի՞ է դատարկ ստամոքսին բանան ուտել
Խորհուրդ չի տրվում բանան ուտել դատարկ ստամոքսին։ Անհրաժեշտ է այն համատեղել ճարպի (օրինակ՝ գետնանուշի կարագ) կամ սպիտակուցի (օրինակ՝ հունական յոգուրտ) հետ։ Այդպիսով շաքարն ավելի դանդաղ կներծծվի արյան մեջ և ավելի երկար ժամանակ կունենաք հագեցածության զգացողություն։
Արդյո՞ք բանան ուտելը գիրացնում է
Յուրաքանչյուր մարդ քաշ կորցնելու համար պետք է օրական ընդունի կալորիաների որոշակի քանակ։
Եթե դուք ընդունում եք ձեզ համար սահմանված կալորիաները + 1 հատ բանան, այսինքն՝ գերազանցում եք կալորիաների քանակը, ապա այո, բանան ուտելը կգիրացնի։ Իսկ եթե բանանն արդեն իսկ ներառված է ձեր նիհարելու սննդակարգում և տեղավորվում է ձեր կալորիաների հաշվարկի մեջ, ապա ոչ, բանան ուտելը չի գիրացնի։
Տարբերություն կա՞ կանաչ և հասած բանանի միջև
Կանաչ կեղևով բանաններն ավելի շատ կայուն օսլա (մանրաթել) են պարունակում, քան շագանակագույն։ Հասնելուն զուգահեռ մանրաթելի բաղադրությունը նվազում է՝ բանանը վերածելով պարզ շաքարի, որը կարող է արագորեն բարձրացնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Բանանը հակացուցվա՞ծ է դիաբետիկներին
Դիաբետիկներին կարելի է և անհրաժեշտ է մթերք բոլոր մակրոսնուցիչներից՝ ածխաջուր, սպիտակուց, ճարպ։ Այսինքն՝ մրգերը, այդ թվում՝ բանանը, նույնպես կարող են սպառվել դիաբետիկների կողմից։ Պարզապես անհրաժեշտ է ընտրել կանաչ կեղևով բանաններ, չուտել դրանք դատարկ ստամոքսին և համատեղել այն որևէ այլ մթերքի հետ (օրինակ՝ կաթնաշոռի)։
Կարդացեք նաև՝ Ինչպիսի՞ն պետք է լինի դիաբետիկների սննդակարգը
Կարելի՞ է բանան ուտել արյան բարձր ճնշման դեպքում
Բանանը պարունակում է կալիում, որն արյան ճնշումն իջեցնող հանքանյութ է, օգնում է օրգանիզմում հավասարակշռել նատրիումը։
Ինչպե՞ս օգտագործել բանանը խոհանոցում
Խոհանոցում հեշտ է սպառել բանանը, երբ կեղևը դեռևս դեղնականաչավուն է։ Շատերի համար սա բանանի ամենահամեղ տարբերակն է։ Իսկ երբ առաջանում են շագանակագույն բծեր, մտածում ենք բանանը դեն նետելու մասին։
Խորհուրդ․ Որպեսզի բանանների կեղևներն արագորեն չսևանան, անհրաժեշտ է պոչերը կապել սննդային թաղանթով այնպես, որ պոչերը բոլոր կողմերից ծածկվեն։
Իրականում ամենահամեղ բաղադրատոմսերի համար անհրաժեշտ են հենց հասած, հեշտությամբ տրորվող բանաներ։
#1 Բանանով փանքեյք
Եթե սովոր եք փանքեյքերի խմորը պատրաստել առանց բանանի և վերջում պարզապես շերտերը զարդարել բանանով ու ելակով, ապա այս բաղադրատոմսը կփոխի փանքեյքի մասին ձեր պատկերացումները։
Հասածը բանանը տրորում ենք, ավելացնում ձու և խառնում։ Ավելացնում ենք 50 գրամ ալյուր, փխրեցուցիչ, շաքարավազ կամ շաքարի փոշի՝ ըստ ցանկության։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև շոկոլադե սալիկի փոքր կտորներ։
Չկպչող թավան նախապես տաքացնում ենք և խոհարարական վրձնով մի փոքր բուսայուղ տարածում։ Փանքեյքերը թխում ենք մարմանդ կրակի վրա փակ կափարիչով։
#2 Բանանով պրոտեին շեյք
Բլենդերի մեջ ավելացնում ենք հասած բանան, 2 բաժակ կաթ, 2 ճաշի գդալ գետնանուշի կարագ, 50 գրամ սպիտակուցի փոշի։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մի փոքր կակաո և վանիլին։ Հարում ենք մինչև միասեռ զանգված դառնալը։
#3 Բանանով սպլիտ
Այս բաղադրատոմսին միգուցե ծանոթ չեք, բայց եթե չափից դուրս քաղցրասեր եք, անպայման փորձեք ու կհավանեք։
Մեծ բանանը երկարությամբ կիսում ենք և ափսեի մեջ տեղադրում այնպես, որ ներսի հատվածը լինի վերևում։ Բանանների երկարությամբ տեղադրում ենք պաղպաղակի երեք գնդիկ՝ վանիլային, շոկոլադե, հատապտղային։ Հատապտղային գնդիկի վրա լցնում ենք 1 ճաշի գդալ ելակի կամ ազնվամորու մուրաբա։ Շոկոլադե գնդիկի վրա լցնում ենք 1 ճաշի գդալ ջնարակ կամ շոկոլադե կրեմ։
Գնդիկները պատում ենք զարդարելու համար նախատեսված հարած սերուցքով։ Վերջում ավելացնում ենք մանր կտրատված գետնանուշ, մարշմելո, զարդարում ջնարակով։
#4 Բանանով հաց/կեքս
Երեք հատ հասած բանանը տրորում ենք։ 1 լավ ճաշի գդալ թթվասերի կամ մածունի վրա ավելացնում ենք 1 թեյի գդալ սոդա և սոդան մարելուն պես լցնում բանանի խյուսի վրա։ Ավելացնում ենք նաև 50 մլ բուսական յուղ, 2 ձու, մոտ 200 գրամ շաքարավազ (կամ ըստ ճաշակի) և հարում։ Ավելացնում ենք նաև մոտ 300 գրամ ալյուր և խառնում։ Պետք է ստանալ ձգվող խմոր։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մանր կտրատած ընկույզ։
Հացի տեսքով ձևամանը ծածկում ենք խոհարարական թղթով (կալկա) և լցնում խմորը։ Տեղափոխում ենք նախապես 180°C տաքացված ջեռոց և թխում մինչև պատրաստ լինելը։
Բանանով բաղադրատոմսերն այնքան շատ են, որ կարելի է անընդհատ նոր տարբերակներ փորձել ու վայելել։ Այս միրգը կարելի է օգտագործել նաև ժելեներ, սուֆլեներ, թխվածքաբլիթներ, էներգետիկ կոնֆետներ, պուդինգներ պատրաստելիս, ինչպես նաև օգտագործել շիլաները և սմուզի բոուլերը զարդարելիս։
Վերջում առաջարկում ենք կարդալ նաև մեր մյուս հոդվածը, որը ձեզ հաստատ կհետաքրքրի՝ Մրգերի օգտակար հատկությունների մասին․ ե՞րբ և ի՞նչ քանակությամբ միրգ ուտել
Իսկ խոհանոցում ժամանակ խնայելու համար առաջարկում ենք պատվիրել Foody-ի փանքեյքի շերտերը և վայելել նախաճաշին կամ հետճաշին՝ հավելելով շոկոլադե կրեմ, բանան և ելակ։ Ինչպես նաև կարող եք աչքի անցկացնել մեր ողջ մենյուն, որտեղ բոլորի ճաշակով բազմազան ուտեստներ կան։