Վերջերս հաճախ ենք կարդում աբյուզիվ վարքի կամ հարաբերությունների մասին։ Տերմինը մեր բառապաշար է եկել անգլերենից՝ abuse բառի հայատառ փոխակերպումն է։ Նման կերպ են անվանում այն հարաբերությունները, որտեղ կարելի է նկատել ճնշում ու պարտադրանք, մանիպուլյացիաները գերիշխող են ու շփումն էլ՝ անառողջ։ Թվում է՝ ինչ կա, բոլորն էլ հասկանում ու տարբերում են վատ պահվածքը լավից։ Սակայն փոքր նրբություն կա․ հաճախ մարդիկ չեն էլ նկատում, որ անառողջ հարաբերությունների մեջ են, քանի որ բացասական վարքը ներկայացվում է որպես դրական, անգամ՝ օգտակար պահվածք։ Թե ինչպես են դա անում ու թե ինչպես տարբերել սովորական վարքն անառողջից՝ կպատմենք այսօրվա մեր հոդվածում։
Ցավոք, հայ իրականության հարաբերություններում շատ են անառողջ տարրերը՝ կանանց վրա սա ավելի ցայտուն է երևում։ Սկզբում կանայք ուշադրություն չեն դարձնում՝ իսկապես փորձելով հավատալ, թե այս կամ այն արգելքը, այս կամ այն կոպիտ ու անընդունելի պահվածքը սիրո ու ուշադրության դրսևորում է, բայց մեկ էլ որոշ ժամանակ անց բացահայտում են, որ խորապես դժբախտ են։ Որպեսզի չկորցնեք ձեր ժամանակը, նյարդերը, հետո էլ՝ ամբողջ կյանքը սխալ հարաբերություններում, ուշադիր եղեք այս կետերին ու երբեք աչք մի փակեք դրանց վրա։
Աշխատելու/սովորելու/ ինչ-որ տեղ գնալու արգելք։ Բոլորիս շրջապատում էլ կա մի կին, որը միշտ հպարտորեն հայտարարում է, որ իր ամուսինը կամ ընկերն արգելում է իրեն աշխատել՝ սա որակելով որպես հիանալի բնավորության գիծ։ Իբր թե՝ տղամարդը շատ հոգատար է, դրա համար է, որ ամբողջ բեռն ուզում է իր ուսերին վերցնել։ Նախ, հոգատար տղամարդը ոչ թե արգելում է աշխատել, այլ՝ առաջարկում է չաշխատել՝ եթե չեք ուզում։
Բայց եթե դուք ուզում եք աշխատել, իսկ տղամարդը կտրականապես դեմ է դրան՝ արդեն իսկ ունենք անառողջ պահվածքի հրաշալի օրինակ։ Կրթական բուհ ընդունվելու-ավարտելու արգելքի մասին անգամ խոսք չկա ու նույնիսկ քննարկել չենք ուզում, որովհետև դա այնքան աբսուրդային պահանջ է, որ անգամ չգիտենք՝ ինչը կարող է ստիպել կնոջը՝ կործանել սեփական ապագան՝ երկրորդ մեկի ցանկությունը բավարարելու համար։
Հիշեք ամենակարևորը․ հարաբերություններում դուք հավասար դիրքերում եք։ Հարաբերություններում չեն ստիպում ու արգելում, այլ՝ խորհրդակցում են, համագործակցում, ընտրում լավագույն տարբերակը։ Ձեր տղամարդը կարող է օգնել ձեզ ընտրել թեթև մի աշխատանք, որպեսզի ունենաք կոլեկտիվ, զարգանաք, աճեք՝ ումից եք պակաս։ Կարող է օգնել քննական հարցերը պարապելիս՝ եթե դեռ ուսանող եք։ Սա է առողջը, ոչ թե՝ տարատեսակ արգելքները։ Ստացվում է՝ հարաբերությունները կառուցվում են համագործակցության, և ոչ թե «տեր-ծառա» սկզբունքով։
Դուք եք ձեր կյանքի տերն ու բացարձակ իրավասու եք որոշել՝ ինչով եք ուզում զբաղվել։ Եվ եթե ձեր կողակցից բավարար աջակցություն չեք ստանում, հավանաբար պետք է մտածել՝ արդյոք հարաբերություններն առողջ են։
Խանդը՝ իր բոլոր երանգներով։ Սա ևս տարածված խնդիր է։ Եվ էլի փորձում են դրական լույսի տակ պլստացնել։ Իբր՝ եթե սիրում է, ուրեմն պիտի խանդի։ Խանդում է, դրա համար է կես ժամը մեկ զանգում, հետս ամեն տեղ գալիս, չի թողնում հանդիպել ընկերուհիներիս հետ, որովհետև կարող են այլ տղաներ մոտենալ ու մեզ խանգարել։ Եվ նաև խանդն է պատճառը, որ չեմ կարող շփվել տղա ընկերների կամ ծանոթների հետ։ Երբեմն ծայրահեղության է հասնում՝ թույլ չեն տալիս փոքր-ինչ հեռու բարեկամական կապով եղբայրների հետ շփվել։ Կանայք էլ ժպտում ու հրճվում են՝ իմ սիրելին ուղղակի շատ պատասխանատու է, ինձ էլ անչափ է սիրում, դրա համար էլ խանդում է։
Ձեր սիրելին ուղղակի ձեզ չի վստահում և վերաբերվում է իրի նման․ կներեք կոպտությունը, բայց սա այն է, ինչ կա, ու հավանաբար մեկը պետք է այսպես ուղիղ գրեր այդ մասին։ Տղա ընկերներ ունենալը, անգամ՝ շատ մտերիմ ու հարազատ, բացարձակ բնական է, ու եթե դիմացինը լավ է ձեզ ճանաչում՝ հասկանում է, որ երբեք ավելորդ ոչինչ թույլ չեք տա ու լարվելու խնդիր չկա։
Խանդի որոշակի քանակ առողջ է, երբեմն՝ գեղեցիկ։ Բայց այն պիտի շատ քիչ լինի ու ուղղակի համեմի հարաբերությունները, բայց չլինի գերակշռող էմոցիա՝ այնքան, որ ուղղակի սահմանափակի ձեր կյանքը։
Մեղքի անվերջ ու կրկնվող զգացում։ «Աբյուզը» միայն ֆիզիկական չի լինում, այն նաև հոգեբանական բազում ենթատեսակներ ունի։ Ամենահաճախ հանդիպողը մեղքի զգացումն է, որը մանիպուլյացիոն լավ գործիք է։
Ձեր զուգընկերը կարողանում է ձեզ համոզել, որ միշտ դուք եք մեղավոր՝ անգամ եթե նա է եղել սխալ ու կոպիտ։ Երբևէ չե՞ք մտածել․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ կոպտում են ձեզ, ցավացնում են ձեզ, արհամարհում են ձեզ, օրերով մոռանում են ձեզ, բայց մեկ էլ պարզվում է՝ դուք էիք դրա մեղավորը, դեռ մի բան էլ՝ քիչ են արել, պիտի շնորհակալ լինեք, որ այս անգամ էլ ներվեցիք։
Ու այսպես, քայլ առ քայլ, դուք ծնկում եք մեղադրանքների ու մեղքի բեռի տակ՝ ինքնագնահատականը հավասարացնելով զրոյի՝ մտածելով, թե ոչ մի բանի արժանի չեք, լավ վերաբերմունքի՝ առավել ևս, ու ինչ-որ պահի նման հոգեբանական ճնշումները դառնում են սովորական։
Մինչդեռ հոգեբանական ճնշումները երբեք բնական երևույթ չեն։ Ցանկացած կոնֆլիկտում երկուսն էլ մեղավոր են լինում ու պետք է ուղղակի նստել-խոսել, բացատրել սեփական տեսակետն ու ընդհանուր հայտարարի գալ։ Մնացած մանիպուլյացիոն գործողություններն անառողջ են, հիշեք սա։
Ֆիզիկական բռնությունը։ Կարճ կապենք՝ դուք բանական էակ եք, և ոչ թե անլեզու արարած, որին պետք է ուժով բացատրել ինչ-որ բան, քանի որ խոսք չի հասկանում։ Բռնությունը ոչ մի պարագայում արդարացված չէ. ո՛չ թեթև ապտակը, ո՛չ հրելը, ո՛չ ձեռքից քաշքշելը, ծեծի մասին դե չենք ասում։ Թույլ մի՛ տվեք որևէ մեկը ձեզ վրա ֆիզիկական բռնություն կիրառի։ Եվ բացարձակ կապ չունի՝ ինչ սխալ կամ մեղք եք գործել, ձեր մարմինը ձեզ է պատկանում ու դիմացինը, անգամ եթե ասում է, որ «դաստիարակչական նկրտումներով» է նման քայլի գնում, նախ՝ իրավունք չունի ձեզ դաստիարակելու, հետո էլ՝ իրավունք չունի անգամ մատով դիպչելու։ Բռնությունը երբեք ու երբեք առողջ չի և դուք պետք է խիստ անհանդուրժող լինեք նման պահվածքի նկատմամբ։
Ցավոք, անառողջ հարաբերությունների կետերն այնքան շատ են, որ մեկ հոդվածում դրանք հնարավոր չէ քննարկել, բայց մենք փորձեցինք պատմել հիմնական դրույթների մասին։ Խնդրում ենք, ուշադիր կարդացեք այս հիմնական կետերն ու թույլ մի տվեք շահագործել ձեզ։ Մաղթում ենք ձեզ առողջ, հասուն ու սիրաշատ հարաբերություններ։ Անցկացրեք ձեր ժամանակը ձեր սիրելիների հետ, իսկ խոհանոցային ձանձրալի պարտականություններն ու «ինչ եփել այսօր»-ը թողեք մեզ վրա։