Պահածոների բաղադրատոմսեր տատիկից․ պատրաստվում ենք աշնանը 

Սնունդը պահածոյացնելու վերաբերյալ կարծիքները բազմաթիվ են ու տարբերվող։ Ոմանք առհասարակ խուսափում են պահածոյացված մթերքից՝ դա համարելով վիտամիններից զուրկ և վտանգավոր։ Չէ՞ որ բոլորս էլ լսել ենք բոտուլիզմի դեպքերի մասին, երբ մարդիկ թունավորվում են տնային կամ գործարանային պահածոներից։ 

Փոքր չէ նաև պահածոների կողմնակիցների բանակը։ Ձմռան ցրտին ո՞վ դեմ կլինի կարտոֆիլի տապակայի կամ պյուրեի հետ վարունգի և ծաղկակաղամբի թթու վայելելուն։ Կամ էլ երեկոյան թեյը ծիրանի, դեղձի կամ թզի անուշահամ ջեմով քաղցրացնելուն։ 

Ոմանք կողմ են բացառապես տնական պահածոներին՝ համոզված լինելով, որ այն ավելի համեղ է, իսկ հումքը՝ ավելի որակյալ։ Ինչպես ասում են՝ ամառվա փուշը ձմեռվա նուշն է։

Մենք նույնպես կարծում ենք, որ տանը պատրաստված պահածոները լիովին այլ համ ու հոտ ունեն։ Միայն մեր տատիկներն ու մայրիկները կարող են ամեն տարայի մեջ դնել անսահման հոգատարություն՝ անմահական դարձնելով պահածոյացված մթերքի յուրաքանչյուր պատառը։

Եթե առաջին անգամ եք պատրաստվում պահածոներ պատրաստել ձեր ընտանիքի համար կամ էլ պարզապես ցանկանում ենք կատարելագործել ձեր բաղադրատոմսերը տատիկի խորհուրդներով, առաջարկում ենք ուսումնասիրել մեր հոդվածը։

Վարունգի և ծաղկակաղամբի թթու

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Մանր վարունգ — 1 կգ
  • Ծաղկակաղամբ — 1 կգ
  • Գազար — 2 հատ
  • Սամիթ — 1 կապ 
  • Նեխուր — 0,5 կապ
  • Սխտոր — 1 գլուխ

Նախօրոք լվացված ապակյա տարաների մեջ տեղադրում ենք վարունգը և ծաղկակաղամբը, սխտոր, սամիթ և շերտ առ շերտ շարում այնքան, մինչև տարան լցվի։ Ազատ հատվածները լցնում ենք գազարի կտորներով։ 

Առանձին կաթսայի մեջ պատրաստում ենք աղաջուր։ 1 լիտր ջրին ավելացնում ենք 1 ճաշի գդալ աղ և խառնում այնքան, մինչև աղն ամբողջությամբ լուծվի։ Թողնում ենք, որ աղաջուրը հանգստանա մի քանի րոպե և ավելացնում ենք բանջարեղենով լի տարաների մեջ։ Կապրոնե կափարիչով ծածկում ենք և թողնում սենյակային ջերմաստիճանում 3-4 օր։ Եթե պետք է փակել ձմեռվա համար, ապա աղաջուրը եռացնում ենք, լցնում բանջարեղնեի վրա և պահածոյացնում։ Նշված չափաբաժինը տեղավորվում է 3 հատ 1-լիտրանոց տարաների մեջ։

Լեչո

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • քաղցր, հատընտիր լոլիկ — 5 կգ 
  • կանաչ պղպեղ — 2 կգ
  • մաղադանոս — 1 կապ
  • շաքարավազ — 1 սուրճի բաժակ
  • աղ — 1 սուրճի բաժակ

Կաթսայի մեջ լցնել ջուր և հասցնել եռման ջերմաստիճանի։ Լոլիկները տեղադրել եռացող ջրի մեջ, պահել 2 րոպե և տեղափոխել առանձին ափսեի մեջ, որպեսզի սառչեն։ Սառելուն պես կեղևներն ու պոչը հեռացնում ենք, կտրատում ենք մեծ կաթսայի մեջ և սկսում եփել միջին կրակի վրա առանց ջուր ավելացնելու մոտ 2 ժամ։

Պղպեղները կտրատել (կամ աղալ) և ավելացնել զանգվածի վրա, իսկ 10 րոպեից ավելացնել մանր կտրատած մաղադանոսը։ Միասին եփում ենք 30 րոպե, ավելացնում ենք աղն ու շաքարավազը։ 

Ձմեռն օգտագործելու համար եռացող զանգվածն անմիջապես լցնում ենք նախապես լվացված ապակյա տարաների մեջ և պահածոյացնում։ Նշված չափաբաժինը տեղավորվում է 4 հատ 1-լիտրանոց տարաների մեջ։

Աջիկա

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • կարմիր պղպեղ — 5 կգ
  • սխտոր — 1 գլուխ 
  • մաղադանոս — 1 կապ
  • արևածաղկի ձեթ — 1 թեյի բաժակ 
  • շաքարավազ — 1 սուրճի բաժակ
  • լոլիկի մածուկ — 1 լիտր 
  • ջուր — 0,5 լիտր

Կարմիր պղպեղներից անհրաժեշտ է հեռացնել պոչը, սերմերը և ներսի միջնապատերը և լավ լվանալ։ Աղում ենք կարմիր պղպեղը և սխտորը։ Կաթսայի մեջ մարմանդ կրակի վրա տաքացնում ենք բուսայուղը։ Եռալուց 25 րոպե հետո ավելացնում ենք աղացած սխտորը և թողնում եփվի 20-25 րոպե։ Ավելացնում ենք ջրով բացված լոլիկի մածուկը և թողնում եփվի 1,5 ժամ։ Վերջում ավելացնում ենք աղացած մաղադանոսը և համեմունքները՝ աղ, շաքարավազ, քաղցր կամ կծու կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի։ Եռացնում ենք ևս 5-7 րոպե։

Կարևոր նշում․ Եփելու ընթացքում է անհրաժեշտ զանգվածը խառնել 5-ական րոպե ընդմիջումներով և կափարիչով չծածկել։

Ձմեռն օգտագործելու համար եռացող զանգվածն անմիջապես լցնում ենք նախապես լվացված ապակյա տարաների մեջ և պահածոյացնում։ Նշված չափաբաժինը տեղավորվում է 4 հատ 0,7-լիտրանոց տարաների մեջ։

Գազարով պղպեղ

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Գազար — 3 կգ
  • Կարմիր պղպեղ — 3 կգ
  • Կանաչ պղպեղ — 3 կգ
  • Սոխ — 0,5 կգ
  • Մաղադանոս — 1 կապ
  • Բուսական յուղ — 0,5 լիտր
  • Լոլիկի մածուկ — 0,5 լիտր
  • Աղ — 2 ճաշի գդալ
  • Շաքարավազ — 1 ճաշի գդալ 

Սոխը մանր կտրատում ենք և լցնում եռացող բուսական յուղի մեջ։ Սոխը վարդագույն դառնալուց հետո ավելացնում ենք մանր կտրատած գազարը և եփում 15 րոպե՝ պարբերաբար խառնելով։ Լոլիկի մածուկը բացում ենք 0,5 լիտր ջրով և ավելացնում զանգվածի վրա։ Կափարիչով ծածկում ենք և թողնում եփվի մարմանդ կրակի վրա 20-25 րոպե։ 

Ժամանակը լրանալուց հետո ավելացնում ենք մանր կտրատած պղպեղները և փակ կափարիչով եփում 30 րոպե՝ ընթացքում խառնելով։ Այնուհետև ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը և 4-5 հատ դափնու տերև։ Պարբերաբար խառնում ենք այնքան, մինչև ջուրը գոլորշանա (մոտ 30 րոպե)։ Վերջում ավելացնում ենք աղ և շաքարավազ, խառնում և եռալուց 1-2 րոպե հետո անջատում։

Ձմեռն օգտագործելու համար եռացող զանգվածն անմիջապես լցնում ենք նախապես լվացված ապակյա տարաների մեջ և պահածոյացնում։ Նշված չափաբաժինը տեղավորվում է 6 հատ 0,7-լիտրանոց տարաների մեջ։

Սմբուկի խավիար

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Սմբուկ — 3 կգ
  • Կանաչ պղպեղ — 3 կգ
  • Կարմիր պղպեղ — 3 կգ
  • Լոլիկի մածուկ — 0,5 լիտր
  • Ջուր — 0,5 լիտր
  • Շաքարավազ — 2 ճաշի գալ
  • Մաղադանոս — 1 կապ
  • Աղ — 1 սուրճի բաժակ
  • Սև պղպեղ — 1 թեյի գդալ

Բանջարեղենը խորովում ենք գազի կամ կրակի վրա։ Մաքրում ենք կեղևները, աղում և դնում մի կողմ։ 

0,5 կգ սոխը տապակում ենք 0,5 լիտր ձեթի մեջ մինչև վարդագույն դառնալը։ Աղացած բանջարեղենն ավելացնում ենք սոխի վրա և պարբերաբար խառնելով եփում 1 ժամ։ Կաթսան պետք չէ կափարիչով փակել։ 

0,5 լիտր լոլիկի մածուկը բացում ենք 0,5 լիտր ջրով և մանր կտրատած մաղադանոսի հետ ավելացնում զանվածի վրա։ 10 րոպեն մեկ խառնելով՝ եփում ենք ևս 1 ժամ և ավելացնում աղ, շաքարավազ։ Եռացնում ենք 1-2 րոպե և անջատում։

Ձմեռն օգտագործելու համար եռացող զանգվածն անմիջապես լցնում ենք նախապես լվացված ապակյա տարաների մեջ և պահածոյացնում։ Նշված չափաբաժինը տեղավորվում է 4 հատ 0,7 լիտրանոց տարաների մեջ։

Բամիա

Անհրաժեշտ բաղադրիչներն են․

  • Բամիա — 2 կգ
  • Սխտոր — 1 գլուխ
  • Սամիթ — 1 կապ
  • Աղ
  • Հատիկավոր սև պղպեղ 
  • Շաքարավազ
  • Էսենցիա

Նախապես լվացված տարայի մեջ ուղղահայց շարել բամիաները։ Ավելացնել սխտոր, սամիթ, հատիկավոր սև պղպեղ (5-6 հատ ամեն 1-լիտրանոց տարայի համար) և թողնում մի կողմ։

2 լիտր ջրի վրա ավելացնում ենք 2 ճաշի գդալ աղ, խառնում ենք, մինչև աղը լուծվի և լցնում ենք բամիայով լի տարաների մեջ։ Կաթսայի տակ դնում ենք կտոր, ավելացնում ենք ջուր և կաթսայի մեջ շարում ենք ապակյա տարաները՝ ծածկված կափարիչներով (գոլորշու վրա կափարիչները ստերիլիզացվում են)։ 

Կաթսան եռալուց 10 րոպե հետո տարաները հերթով հանում ենք ջրից։ Կափարիչը վերցնում ենք, յուրաքանչյուր տարայի մեջ ավելացնում ենք 1 միջին չափի գդալի էսենցիա, 1 թեյի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ աղ և պահածոյացնում։ 

Կարևոր նշում․ Անհրաժեշտ է տարաները կաթսայի միջից հանել հերթականությամբ, որպեսզի չսառչեն։ Հանելուց հետո աղը, շաքարավազն ու էսենցիան ավելացնում ենք վայրկյանական արագությամբ և պահածոյացնում։ Նշված չափաբաժինը տեղավորվում է 6 հատ 1-լիտրանոց տարաների մեջ։

Հուսով ենք, որ մեր հոդվածը ձեզ կօգնի էլ ավելի կատարելագործել և համեղացնել ձեր բաղադրատոսմերը։ Իսկ խոհանոցում հավելյալ ժամանակ չծախսելու և արհեստավարժ խոհարարի պատրաստած զանազան ուտեստները համտեսելու համար առաջարկում ենք աչքի անցկացնել մեր մենյուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով