Աշխարհի 2.2 միլիարդ քրիստոնյաներ ամեն տարի նշում են Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Զարդարում են տոնածառ, փոխանակվում են նվերներով, թխում են տոնական թխվածքաբլիթներ։
Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ո՞րն է տոնի իրական խորհուրդը և ի՞նչ ուտեստներով են այս օրը նշում աշխարհի տարբեր երկրներում։ Տոնի ակունքները պետք է փնտրել, իհարկե, Աստվածաշնչում։
Մարդիկ ապրում էին մեղքերի մեջ և չէին ցանկանում ապաշխարել: Աստված որոշում է իր միակ որդուն ուղարկել, որպեսզի փրկի աշխարհը։ Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամ Աստվածածնին և հայտնում, որ Սուրբ հոգին կիջնի նրա վրա, և նա լույս աշխարհ կբերի Աստծո որդուն։
Մարիամը ծնեց իր որդուն, նրան փաթաթեց խանձարուրով և դրեց մսուրի մեջ։ Արևելքի մոգերը տեսան հրեաների արքայի աստղը, որն իրենց առաջնորդեց մանուկ Հիսուսի մոտ։ Մոգերը երկրպագեցին Հիսուսին, մատուցեցին նվերներ և վերադարձան տուն։
Սա է Հիսուսի ծննդյան աստվածաշնչյան պատումը, որտեղից էլ գալիս են տոնի հետ կապված մի շարք ավանդույթներ։ Օրինակ՝ տոնածառի գագաթը աստղով զարդարելը կամ միմյանց նվերներ մատուցելը։ Այնուամենայնիվ, Աստվածաշունչը չի նշում Հիսուս Քրիստոսի ծննդյան ամսաթիվը։
Մինչև 4-րդ դար բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշում էին հունվարի 6-ին։ Այնուհետև հռոմեական եկեղեցին դեկտեմբերի 25-ը հռչակեց որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան օր, իսկ հունվարի 6-ը շարունակեցին տոնել որպես Աստվածահայտնության օր։
Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև ուղղափառ ռուսները, բելառուսները, հույները և այլ ժողովուրդներ շարունակում են հունվարի 6-ը նշել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության օր։
Ինչո՞ւ դեկտեմբերի 25-ը դարձավ Սուրբ Ծննդի օր։ Վարկածներից մեկը պնդում է, որ պատասխանը պետք է փնտրել աստղագիտության մեջ։ Դեկտեմբերի 22-ին արևը երկնքում հասնում է ամենացածր կետին և դադարում է հարավ շարժվել 3 օր։ Այդ ընթացքում այն կանգ է առնում Հարավային Խաչ համաստեղության մոտ, որից հետո դեկտեմբերի 25-ին շարժվում է մեկ աստիճան հյուսիս՝ նախանշելով ավելի երկար ու տաք օրերը, գարունը։ Այսինքն՝ արևը մահանում է խաչի վրա, մնում է այդպես 3 օր, որից հետո վերածնվում է։
Հիսուսն ասոցացվում էր արևի հետ, հետևաբար նրա ծնունդն անհրաժեշտ էր նշել այն օրը, երբ երկնքում ծնվում է արևը, և լույսը հաղթում է մթին։
Սուրբ Ծնունդն ավելին է, քան պարզապես քրիստոնեական տոն։ Այն առիթ է, որպեսզի մի պահ կանգ առնենք և շնորհակալ լինենք մեր ունեցածի համար, ավելի ներողամիտ դառնանք, մտածենք տալու, ոչ թե ստանալու մասին և տոնենք նոր սկիզբն իր նոր հնարավորություններով։
Երբ սկսում ենք հասկանալ տոնի իրական խորհուրդը և հոգևոր ասպեկտը, արդեն կարելի է մտածել տոնական սեղանները համեղ ուտեստներով զարդարելու մասին։ Ուտեստները պետք է լինեն հոգևոր բաղադրիչի լրացումը, այլ ոչ թե հակառակը։
Հայաստանում Սուրբ Ծննդի սեղանը զարդարում են բրձնով, չամիչով ու չրերով փլավը և ձուկը՝ գինու ընկերակցությամբ։ Շատ ընտանիքներ նախընտրում են պատրաստել նաև տապակած կանաչի։ Իսկ որպես աղանդեր, իհարկե, մատուցում են գաթա։
Կարդացեք նաև՝
—Գաթայի պատմությունը․ բացահայտումներ սիրված քաղցրավենիքի մասին
Եկեք ուղևորվենք նաև այլ երկրներ և հասկանանք, թե ինչ նմանություններ ու տարբերություններ կան մեր և այլ երկրների տոնական ճաշացանկերի միջև։
Իտալիայում Սուրբ Ծննդի ճաշացանկը ներառում է
- Անտիպաստո (մսա-բանջարեղենային նախուտեստ),
- Բրուսկետաներ,
- Ձկնային աղցան,
- Խորը տապակած բանջարեղեն,
- Սպագետի,
- Ձուկ (կարմրախայտ, սաղմոն) և ծովամթերք,
- Պանրային տախտակ,
- Պանետոն (չամիչով, անիսոնով, ընկուզեղենով քաղցր հաց)
- Ռոմ բաբա (կեքսի տարատեսակ)
- Տիրամիսու
Մեծ Բրիտանիայում՝
- Խորոված հնդկահավ
- Խորոված կարտոֆիլ
- Կարմիր կաղամբ
- Խաշած ոլոռ կամ գազար
- Բրյուսելյան կաղամբ
- Բեկոնով փաթաթված նրբերշիկ
- Պլամ պուդինգ (չրերով, ընկուզեղենով)
- Մինս փայ (չրերով և համեմունքներով լցոնված տարտ)
Գերմանիայում՝
- Խորոված սագ, բադ կամ ճագար
- Գերմանական նրբերշիկներ
- Կարմիր կաղամբ և կարտոֆիլով կարկանդակներ
- Շտոլեն (մարցիպանով և չամիչով քաղցր հաց՝ պատված շաքարի փոշիով)
- Նյուրնբերգյան քաղցրաբլիթներ (կոճապղպեղով և մեղրով)
- Խորոված շագանակ
- Շտրուդել
ԱՄՆ-ում՝
- Հնդկահավ
- Կողոսկրեր
- Սթեյք
- Խորոված խոզ
- Լազանյա
- Կանաչ լոբի
- Կարտոֆիլի պյուրե կամ խորոված կարտոֆիլ
- Մեղրային սոուսով, պարույրաձև կտրված վետչինա
- Սերուցքային սոուսով և պանրով սպանախ
- Մրգահաց (չրերով, ընկուզեղենով, համեմունքներով)
Ինչպես տեսանք՝ մեր նշած բոլոր երկրներում մատուցում են կուլիչի նման թխվածք, սակայն կոչում են տարբեր անվանումներով, և միջուկի բաղադրիչները կարող են փոքր-ինչ տարբերվել։ Այնինչ մենք՝ հայերս, կուլիչ մատուցում ենք Հարության տոնին (գարնան Զատիկին)։
Այս տոնին ձուկ ուտում են նաև Լեհաստանում, Իտալիայում և այլ երկրներում։ Պատճառը հին կաթոլիկական ավանդույթն է, որի շրջանակներում խրախուսվում է Սուրբ Ծննդին ձեռնպահ մնալ մսային ուտեստներից, ինչպես նաև թունդ ալկոհոլից։ Բայց ինչպես տեսանք՝ Եվրոպայում և Ամերիկայում Սուրբ Ծննդին հիմնականում նախընտրում են ուտել հենց միս՝ հատկապես հնդկահավ, նաև տավար, խոզ, սագ, բադ և այլն։
Սուրբ Ծննդին բրինձ ուտում են նաև Նիգերիայում, Նորվեգիայում, Դանիայում։ Ըստ վարկածի՝ նախկինում բրինձը հասանելի էր միայն հարուստներին, և աղքատներն այն ուտում են միայն տոներին, այդ թվում՝ Սուրբ Ծննդին։ Այժմ բրինձը բավականին հասանելի մթերք է, բայց այն շարունակում են մատուցել որպես սուրբծննդյան գլխավոր ուտեստներից մեկը։
Foody-ի թիմը շնորհավում է մեր բոլոր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում խաղաղ, պտղաբեր ու արդյունավետ 2023 թվական։ Թող ձեր ընտանիքում միշտ առատ լինեն սերը, ջերմությունը, փոխըմբռնումը, հաջողությունը, և, իհարկե, ամենահամեղ ուտեստները։
Մենք շարունակելու ենք զարմացնել ու ուրախացնել ձեզ մեր զանազան ուտեստներով՝ պատրաստված տեղական մսից, բարձրորակ բաղադրիչներից և մեծ սիրով ու պրոֆեսիոնալիզմով։