Խոհանոցի ու խոհարարների մասին պատմող ֆիլմերը շատ են, ու եթե ձեզ թվա, թե դրանք գուցե ձանձրալի են, քանի որ ուտեստների մասին են միայն, վստահ եղեք, որ սխալվում եք։ Այսօր մենք որոշել ենք ձեզ ներկայացնել երեք ֆիլմ, որոնք առաջին հայացքից խոհանոցի ու ուտեստների մասին են, բայց ունեն նաև «թաքնված» սյուժետային գծեր։ Այս ֆիլմերը կոգեշնչեն ձեզ ոչ միայն սիրել խոհանոցը ու գուցե նաև սկսել համեղ ուտեստներ պատրաստել, այլ նաև փոխել կյանքն ու ավելի դրական մտածել։
Chef / Повар на колесах (2014)
Հայտնի շեֆ խոհարար Կարլ Կասպերը ռեստորանում մատուցում է ձանձրալի ուտեստներ՝ ձանձրալի, բայց թանկարժեք հագնված մարդկանց։ Ցանկացած խոհարարական փոփոխության փորձ կամ առաջարկ մերժվում է ռեստորանի տիրոջից՝ հստակ պատճառաբանությամբ․ մարդիկ ռեստորան են գալիս արդեն ծանոթ ուտեստների համար, ի՞նչ անհրաժեշտություն կա խառնելու մենյուն։ Կարլը համակերպվում է իրականության հետ, մինչ այն օրը, երբ ռեստորան է գալիս մի շատ հայտնի ֆուդբլոգեր, որը Կարլի մեծ երկրպագուն լինելով հանդերձ՝ փոշի է դարձնում խոհարարի մասնագիտական ինքնագնահատականը։ Ցավոք, աշխատանքային խնդիրները միակ դժվարությունը չեն։ Կարլն ավելորդ քաշ ունի ու այդքան էլ գոհ չէ իր տեսքից, որդու հետ հարաբերությունները լարված են, կնոջ հետ բաժանությունը թողել է իր հետքն ու առհասարակ, տպավորություն է, թե ներկայից դուրս է մնացել։ Մի շարք տհաճ միջադեպերից հետո Կասպերն ի վերջո գնում է փոքրիկ ֆուրգոն ու ստեղծում իր սեփական ռեստորանը՝ անիվների վրա, ու որդու ու լավագույն ընկերոջ հետ ընկնում ճանապարհ՝ գրավելու Ամերիկան՝ կուբանական ոճով պատրաստած սենդվիչներով։
Սա ֆիլմ է ոչ միայն խոհանոցի, այլև ընտանիքի, համերաշխության, սիրո ու համառության մասին։ Միայն մի փոքրիկ խնդիր կա․ ֆիլմը դիտելուց հետո շատ եք ուզելու ֆասթֆուդային ինչ-որ ուտեստ համտեսել, օրինակ՝ բուրգեր, ֆրի և այլն։ Այս հարցում կարող ենք օգտակար լինել, համեղ տեսականի ունենք։ Խորհուրդ չենք տա ֆիլմը քաղցած նայել՝ սա միանշանակ։
Julie & Julia / Джули и Джулия: Готовим счастье по рецепту (2009)
Մերիլ Սթրիփն իր այս դերի համար արժանացել է թվով յոթերորդ «Ոսկե գլոբուսին» ՝ որպես լավագույն կանացի դեր խաղացած դերասանուհի։ Սա արդեն շատ բան է ասում ֆիլմի մասին։
Ֆիլմը շատ հետաքրքիր ու դինամիկ է ստացվել։ Ջուլիա Չայլդը՝ Մերիլ Սթրիփի մարմնավորած դերասանուհին, շատ հետաքրքիր կենսագրություն ունեցող կին է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում լրագրողի մասնագիտացում ունեցող Ջուլիան աշխատում էր հետախուզության բաժնում, ստեղծում էր թույն՝ շնաձկների համար, որ պայթեն ջրային ականների վրա։ Իր բաժին ներդրումն է ունեցել նաև այլ գործերում՝ աշխատելով անգամ ԱՄՆ-ի գաղտնի թղթաբանության հետ ու հետագայում արժանացել անգամ մրցանակի։
Պատերազմից հետո Ջուլիան ամուսնանում է ու տեղափոխվում Ֆրանսիա՝ առանց ճանաչելու երկիրը, լեզուն, առանց որևէ ծանոթ ունենալու։ Այս պայմաններում նա կարող էր դառնալ անհետաքրքիր տանտիկին, բայց ելքը գտնում է։ Ֆրանսիական խոհանոցի նկատմամբ սերը ստիպում է նրան հմուտ խոհարար դառնալ, չնայած այս նոր մասնագիտությունը նրան դժվար է տրվում։ Հետագայում Ջուլիայի գրած խոհարարական գիրքը դառնում է իսկական բեսթսելեր ու հեղափոխական գիրք՝ խոհանոցի աշխարհի համար։
Բայց ֆիլմի գլխավոր հերոսուհին մեր օրերում ապրող ամերիկացի Ջուլին է, որն աշխատում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից զոհվածների ընտանիքների ու ահաբեկչությանը ներկա եղած մարդկանց օժանդակության կենտրոնում, և ատում է իր կյանքը։ Փորձելով փրկվել դառը մտքերի ճահճից, նա որոշում է մեկ տարվա ընթացքում պատրաստել Ջուլի Չայլդի խոհարարական գրքի բոլոր ուտեստերն ու հմտանալ խոհարարության մեջ, և շնորհիվ այս գրքի Ջուլիի կյանքը սկսում է փոխվել ու նոր գույներ ստանալ։
Burnt / Шеф Адам Джонс (2015)
Եթե դիտել եք հայտնի Peaky Blinders սերիալն ու սիրել, հավանաբար այս ֆիլմը ևս կսիրեք, քանի որ սցենարիստը նույն մարդն է՝ Սթիվեն Նայթը։
Գլխավոր դերում հմայիչ Բրեդլի Քուփերն է, եթե անգամ ֆիլմում ոչ մի սյուժե չլիներ, կարծում ենք Բրեդլիի խարիզմատիկ խաղին հետևելու համար միայն արժե այն դիտել։ Ի ուրախություն բոլորիս, սյուժե ևս կա։ Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ խոհարարը կորցնում է բացարձակ ամեն ինչ՝ թմրանյութերի ու իր անկառավարելի բնավորության պատճառով։ Բայց Ադամ Ջոնսը չի հանձնվում ու որոշում է նորից զրոյից սկսել ու վերադարձնել իր՝ Եվրոպայի լավագույն խոհարարի տիտղոսը։
Սա ֆիլմ է սխալներն ուղղելու մասին, ու ֆիլմից հետո հասկանում ես․ կապ չունի, թե որքան մեծ սխալներ ես արել, դրանք միշտ էլ կարելի է ուղղել։ Պետք է ուղղակի շատ ցանկանալ ու շատ աշխատել։
Բարի դիտում։)