Եթե մեզ հարցնեն, թե ինչ տեսարժան վայրեր կարելի է այցելել Հայաստանում, մեր մտքում առաջինը կհայտնվեն Սևանա լիճը, Տաթևի վանքը, Գառնին ու Գեղարդը։ Բայց ի՞նչ անել, եթե և՛ դուք, և՛ ձեր օտարերկրյա հյուրերն արդեն հասցրել եք շարժվել այս ուղղություններով և ցանկանում եք թարմություն մտցնել ձեր երթուղու մեջ։
Ներկայացնում ենք 7 գեղատեսիլ վայր Հայաստանում, որոնցից մի քանիսի մասին գուցե չեք էլ լսել, բայց բոլորն էլ տպավորիչ են և այցելելու արժանի։
#1 Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցի, Ջրաշուշանների և Վարդաբլուրի լճեր, Լոռվա մարզ
Լոռին անսահման է իր քարայրներով, լճերով, վանքերով ու ձորերով։ Ուղևորությունը սկսվում է Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ռուսական ուղղափառ եկեղեցուց, որը թեև կիսավեր է ու չի գործում, բայց արտաքինից հիշեցնում է հեքիաթային դղյակի։
Հաջորդ կանգառը Վարդաբլուրի լճերն են, որի տարածքում կարելի է զբոսնել և պասիվ հանգիստ կազմակերպել։
Ձորագետի աջ ափին վեր է խոյանում Հնեվանք վանական համալիրը։ Քայլարշավի սիրահարներին առաջարկում ենք քայլել Ձորագետի ափով և հասնել Արևածագի ձոր՝ տեսնելով հայտնի Ցից քարը։
Այս ուղղության վրա գտնվող մեկ այլ հրաշալիք է Ջրաշուշանների լիճը, որտեղ կարելի է հասնել Ուրասար գյուղից թեթև քայլարշավով։ Ջրաշուշանները աննկարագրելի գեղեցկություն են հաղորդում այս լճին՝ հիշեցնելով իմպրեսիոնիստ հայտնի նկարիչների կտավները։ Ծաղիկներն, ի դեպ, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում և պետք է մեծ հոգատարությամբ վերաբերվել տարածքի մաքրությանը։
#2 Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուխտատեղի, Կարմիր վանք, Շիրակի մարզ
Ուղևորվում ենք Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ։ Գլխավոր տեսարժան վայրը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուխտատեղին է, այլ կերպ ասած՝ «Զաղան», որտեղ, ըստ ավանդույթի, ճգնել է Գրիգոր Լուսավորիչը։ Ուխտատեղին կառուցված է ժայռի մեջ և ներառում է աղոթարան, ինչպես նաև բազմաթիվ հոգևոր գրքեր, սրբապատկերներ, խաչքարեր։ Ուխտատեղիի գլխավոր առանձնահատկությունը մշտահոս աղբյուրն է, որից ջուր են խմում հիվանդները՝ հավատալով, որ ջուրն ունի բուժիչ հատկություն։
Ուխտատեղիից ոչ հեռու Սառնաղբյուրի Սուրբ Թադեոս առաքյալի եկեղեցին է։ Նոյեմբերի 30-ը Սուրբ Թադեոս առաքյալի հիշատակության օրն է, և դրանով է պայմանավորված, որ եկեղեցին զբոսաշրջրջիկների մեծ հոսքի է ականատես լինում հենց այդ օրը։
Սառնաղբյուրից 3 կմ հեռու Կարմիր վանքն է կամ Հոգեվանքը, որտեղ էլ սովորաբար մարդիկ այցելում են ուխտատեղիում ջուր խմելուց և աղոթելուց հետո։ Կարմիր վանքի անտառում հացի սեղան են պատրաստում և վայելում թարմ, մաքուր օդն ու կանաչ բուսականությունը։
#3 Փառակատար լեռ, Արտավանի լիճ, Վայոց ձորի մարզ
Արտավանի լիճը գտնվում է Արտավան գյուղից 2,5 կմ հեռավորութան վրա և ունի շատ յուրահատուկ արտաքին տեսք։ Լճի վրա կարծես պատկերված լինի աշխարհի քարտեզը։
Զբոսաշրջիկները սովորաբար բարձրանում են Փառակատար լեռը, որն ունի 2528 մ բարձրություն։ Լեռան գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լեռներ և Արտավանի լիճ։ Հենց այս պահին էլ կարելի է որսալ լավագույն լուսանկարները լեռների ու լճի հետնապատկերի վրա։ Այնուհետև իջնում են դեպի Արտավան լիճ, որտեղ էլ կազմակերպում են պասիվ հանգիստ կանաչ բնության գրկում։
Քանի որ ուղևորությունը ներառում է բարձունքի հաղթահարում և քայլերթ, պետք է մասնակցեն ֆիզիկական բավարար տվյալներ ունեցող անձինք և կրեն հարմար սպորտային հագուստ։
#4 Հանքային ջրերի ըմպելասրահ, Ջերմուկի ջրվեժ, Գնդեվանք, Վայոց ձորի մարզ
Սա իդեալական ուղղություն է այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են և՛ այցելել հոգևոր վայր, և՛ նստել ճոպանուղի, և՛ վայելել ջրվեժի շառաչյունը, և՛ խմել հանքային բուժիչ ջրեր։ Խոսքն, իհարկե, Ջերմուկի մասին է։
Ուղևորությունը սկսում են Գնդեվանքից, որը Ջերմուկ քաղաքի մոտակայքում է՝ Արփա գետի ափին։ Վանքից տեսարան է բացվում դեպի Արփա գետի ձորը՝ ներդաշնակելով ճարտարապետությունն ու բնության հրաշքները։
Ջերմուկի գլխավոր հարստությունն իհարկե հանքային բուժիչ ջրերն են, որոնցով լվացվելու համար մարդիկ կտրում-անցնում են հարյուրավոր կիլոմետրեր։ Հանքային ջրերի ըմպելասրահում կգտնեք հինգ տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր, որոնք հոսում են սյունազարդ չափազանց գեղեցիկ կառույցի ներսում։ Հաջորդ կանգառը Ջերմուկի ջրվեժն է, որ թափվում է Արփա գետի մեջ։
Ակտիվ հանգստի սիրահարները կարող են օգտվել ճոպանուղուց, որի երկարությունը 1000 մետր է, իսկ ամենաբարձր կետը՝ 2480 մետր։ Ջերմուկ այցելությունը հավերժացնելու համար առաջարկում ենք լուսանկարվել Եղնիկի արձանի և Երազանքների կամարի մոտ։
#5 Լաստիվեր, Տավուշի մարզ
Լաստիվերը իսկական դրախտ է էկո տուրիզմի սիրահարներ համար։ Մի կողմից՝ քարանձավներ՝ տեղակայված կիրճի եզրին և զարդարված հետաքրքիր քանդակներով, մյուս կողմից՝ ծառերի և ժայռակտորների վրա կառուցված խրճիթներ։ Եթե չեք խուսափում բնության գրկում գիշերելուց, ապա լաստիվերյան խրճիթները գիշերը կվերածեն իսկական հեքիաթի։ Այստեղ չեք զգա նաև ջրի շառաչյունի պակաս, քանի որ ձեր աչքերի առաջ կբացվի Լաստիվերի ջրվեժը։
Այս գողտրիկ անկյունը Խաչաղբյուր գետի կիրճում է՝ Ենոքավան գյուղի մոտակայքում։ Հասնելու համար անհրաժեշտ է իրականանցնել թեթև քայլարշավ և անտառների միջով իջնել գետի կիրճ։
Օրը կարելի է ամփոփել բնության գրկում խարույկի շուրջ հավաքվելով և որևէ համեղ ուտեստ պատրաստելով, խաղալով, երգելով, կիթառ նվագելով։ Կարող եք ձեզ հետ վերցնել Foody-ի համեղ կիսապատրաստի ուտեստներից։
#6 Մակարավանք, Իջևանի դենդրոպարկ, Տավուշի մարզ
Ուղևորությունը սկսվում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, այնուհետև շարունակվում Ծռվիզի վանք այցով։ Հաջորդ կանգառը Վարդան Մամիկոնյանի կաղնին է, որն անվանում են նաև Վարդանի ծառ։ Մոտակայքում հոսում է սառնորակ աղբյուր։ Դարեր շարունակ այս վայրին տրվել է մեծ նշանակություն և այն ծառայել է որպես ուխտատեղի։
Մակարավանքը այս ուղղության հաջորդ տեսարժան վայրերից է, որն աչքի է ընկնում զարդաքանդակների յուրօրինակությամբ ու բազմազանությամբ։ Իսկ տեղադրության և շրջապատող բնության մասին խոսելն ավելորդ է։ Չէ՞ որ Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է։
Վերջին կանգառը Իջևանի Դենդրոպարկն է՝ լի բազմատեսակ ծաղիկներով ու բույսերով, անուշաբույր ու թարմ օդով։ Պարտադիր այցելության վայր բուսասերների համար։
Էքսկուրսիաների սիրահարներին առաջարկում ենք այցելել Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, իսկ խմիչքի սիրահարներին՝ Իջևանի գինու և կոնյակի գործարան։
#7 Բեխի անապատ, Վահանավանք, Հալիձոր, Սյունիքի մարզ
Սյունիզի մարզ արժե շարժվել միանգամից մի քանի ուղղություններով՝ Կապան, Գորիս, Մեղրի քաղաքներ, ինչպես նաև տարբեր գյուղեր (Խնձորեսկ, Տաթև), որոնցից յուրաքանչյուրն ունի ուրույն պատմություն իր յուրահատուկ հուշարձաններով ու տեսարժան վայրերով։ Սյունիքը թերևս միակ մարզն է, որը հնարավոր չէ բացահայտել մեկ օրվա ընթացքում և այս ուղղությանը պետք է հատկացնել առնվազն 2-3 օր։
Նշված տեսարժան վայրեր կարող եք այցելել՝ շարժվելով Կապանի ուղղությամբ։ Ուղևորությունը սկսվում է Երիցավանք ու Վահանավանք այցելելով։ Հաջորդ կանգառը Հալիձոր բերդն է, որը եղել է Սյունիքում ազատագրական պայքարի և Դավիթ Բեկի իշխանության կենտրոնը։ Այնուհետև ուղևորությունը շարունակվում է դեպի Բեխի անապատ, որը ծառայել է և՛ որպես սրբավայր, որտեղ կազմակերպել են կրոնական արարողություններ, և՛ ապաստարան, որտեղ թաքնվել են վտանգի ժամանակ։
Կապան քաղաքում ձեզ սպասում են Երկրագիտական թանգարանը և Պատմության թանգարանը։ Լեռնագնացության սիրահարները կարող են բարձրանալ Խուստուփ լեռը։
Եթե հետաքրքրվում եք հայոց պատմությամբ կամ պատրաստվում եք դառնալ պատմաբան, ապա անպայման պետք է այցելել Սյունիքի մարզ՝ Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Գարեգին Նժդեհի գործունեության վայրեր։
Հայաստանն անսպառ է իր տեսարժան վայրերով, բնակերտ ու մարդակերտ հուշարձաններով։ Հուսով ենք, որ մեր ցանկը կօգնի ավելի հագեցած դարձնել ձեր ամառը և բացահայտել մեր հայրենիքը նորովի։
Եթե արդեն որոշել եք, թե որ ուղղությամբ շարժվել, առաջարկում ենք ընթերցնել մեր մյուսը հոդվածը՝ Պատրաստ ենք քաղաքից դուրս գնալուն․ իրեր, որոնց կարիքը հաստատ կզգաք։
Բոլոր զբոսարշրջիկներին և արշավականներին մաղթում ենք բարի ճանապարհ, բարի ժամանց և խնդրում մաքուր պահել տարածքը, չթողնել աղբի տոպրակներ և մնացորդներ։ Մեր բնությունը չնաշխարհիկ է․ եկե՛ք պահպանենք այն։