Ինչպե՞ս ճիշտ խնամել տնային բույսերը․ ամենատարածված տեսակները և դրանք խնամելու կանոնները

Ոմանց համար սենյակային բույսերը պարզապես տան զարդարանք են, իսկ դրանք խնամելը՝ կենցաղային պարտականություն։Բայց կան մարդիկ, ում համար սենյակային բույսեր աճեցնելն ու խնամելը մեծ արարողություն է, արվեստ, հոբբի։ Հենց այս մարդիկ են, որ բույսերն ասոցացնում են մեծ էներգիայի ու բարձր տրամադրության հետ՝ վերջիններիս վերաբերվելով որպես ընկերակիցների և ցուցաբերելով անսահման հոգատարություն։ 

Նույնիսկ եթե ծաղիկների ու թփերի մեծ սիրահար չեք, օգտակար հատկանիշներն իմանալուց հետո վստահաբար կցանկանաք տանը փոքրիկ անկյուն հատկացնել բույսերի համար։

Մենք շնչում ենք թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ։ Ֆոտոսինթեզի ընթացքում բույսերը կլանում են ածխաթթու գազն ու արտադրում թթվածին՝ մաքրելով ու թարմացնելով օդը։ 

Բույսերը նաև արտադրում են ջրային գոլորշի, ինչը բարձրացնում է օդի խոնավության մակարդակը։ Արդյունքում պայքարում ենք շնչառական հիվանությունների, չոր մաշկի, կոկորդի ցավի, չոր հազի դեմ։ 

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սենյակային բույսերը դրական ազդեցություն են թողնում նաև հիվանդների ու գրասենյակային աշխատողների վրա։ Եթե հիվանդասենյակում կան բույսեր, հիվանդներն ավելի արագ են ապաքինվում և ավելի քիչ ախտանշաններ են ցույց տալիս, իսկ գրասենյակային աշխատողները բույսերի շրջապատում ավելի առույգ են լինում ու ավելի քիչ են հիվանդանում։

Եթե ամբողջացնենք՝ սենյակային բույսերն օգնում են․ 

  • նվազեցնել սթրեսի մակարդակը, 
  • կենտրոնացնել ուշադրությունը, 
  • բարելավել ինքնազգացողությունը, 
  • խթանել արդյունավետ աշխատանքը, 
  • բարձրացրել տան օդի որակը։

Այժմ կներկայացնենք 8 բույսեր, որոնք հարմար են սենյակային պայմաններում պահելու համար և որոնք կարող եք հեշտությամբ ձեռք բերել ու խնամել։ Իսկ եթե արդեն պահում եք այս բույսերից գոնե մեկը, ապա կփորձենք վերջինիս խնամքի հարցում հարստացնել ձեր գիտելիքները։ 

#1 Կրասուլա

Կրասուլան փողաբեր ծառն է, որը, ըստ տարածված ընկալումների, խոստանում է մեծ եկամուտներ բերել իր խնամակալին։ Բույսն ընդհանրապես պահանջկոտ չէ և կարող է դիմանալ ջերմաստիճանային բարձր տատանումներին։ Կայուն է նաև հիվանդությունների, վնասատուների, չորության նկատմամբ։ 

Բույսը շատ է սիրում լույս և աճում է գարնանը 20-25°С տաքության պայմաններում։ Կարելի է թողնել ինչպես սենյակում, այնպես էլ պատշգամբում։ Ձմռանը 8-10°С ջերմաստիճանի պայմաններում բույսը հանգստանում է, ինչը կենսական է ճյուղերի և տերևների թարմության համար։ 

Գարնանը և ամռանը կրասուլան անհրաժեշտ է ջրել հողի վերին մակերևույթի չորանալուց հետո, իսկ ձմռանը՝ ամսական 1 անգամ կամ ավելի հազվադեպ։ Ջուրը պետք է լինի տաք կամ սենյակային ջերմաստիճանի։ 

Պարարտացնել կարելի է գարնանը և ամռանը՝ ամիսը 1 անգամ։ Անհրաժեշտ է օգտագործել կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութ։

Կատուներին և շներին անհրաժեշտ է հեռու պահել այս բույսից, քանի որ ծամելու դեպքում հնարավոր է փսխում և սրտի դանդաղ աշխատանք։

#2 Հալվե (ալոե)

Հալվեն մեզ ավելի հայտնի է «ալոե» տարբերակով։ Ալոեի թարմ հյութն ունի խոնավեցնող ու հակաբորբոքային հատկանիշներ։ Հաճախ այն օգտագործում են մաշկն ու մազերը խնամելու համար՝ պատրաստելով դիմակներ, կիրառելով որպես քսուք։ 

Բույսը լուսասեր է և անհրաժեշտ է դնել արևի պայծառ, բայց անուղղակի լույսի տակ։ Անհրաժեշտ է օդի միջին կամ ցածր խոնավություն։

Աճի ընթացքում՝ գարնանը և ամռանը, հալվեն անհրաժեշտ է ջրել շաբաթական 1 անգամ, իսկ ձմռանը՝ ամսական ընդամենը 1-2 անգամ։

Պարարտացնել կարելի է գարնանը և ամռանը՝ ամիսը 1 անգամ։ Անհրաժեշտ է օգտագործել կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութ։ 

Եթե տանը պահում եք շուն կամ կատու, ուշադիր եղեք, որ ալոեն չհայտնվի նրանց ատամների տակ, այլապես հնարավոր են թունավորումներ, մարսողական համակարգի խանգարումներ, փսխում, փորլուծություն։

#3 Ֆիկուս

Ֆիկուս Բենջամինն այս բույսի թերևս ամենատարածված տեսակն է։ Ամռանը անհրաժեշտ է պահել 18-25°С, ձմռանը՝ 16-20°С տաքության պայմաններում։ Անհրաժեշտ է օդի բարձր խոնավություն։ Սենյակի լույսը պետք է լինի պայքառ, բայց բույսը չպետք է թողնել արևի ուղիղ ճառագայթների տակ։

Ամռանն անհրաժեշտ է ջրել շաբաթական 2 անգամ, իսկ ձմռանը՝ շաբաթական 1 անգամ։

Պարարտացնել անհրաժեշտ է մարտ-հոկտեմբեր հատվածում ամսական 1-2 անգամ՝ օգտագործելով դեկորատիվ տերևայինների կամ ֆիկուսների համար նախատեսված պարարտանյութ։

Ֆիկուսները իդեալական բույսեր են տան օդը մաքրելու համար։ Կլանում են վնասակար նյութերն ու թարմացնում օդը, պայքարում են ծխախոտի ծխի դեմ։

Այնուամենայնիվ, կատուների և շների համար այս բույսն այնքան էլ անվտանգ չէ։ Մաշկին դիպչելու դեպքում հնարավոր է գրգռվածություն, կուլ տալու դեպքում՝ թունավորում, փսխում, փորլուծություն։

#4 Կիտրոն

Աճելու ընթացքում ջերմաստիճանը պետք է լինի 17°С, բողբոջներ ձևավորելու ընթացքում՝ մինչև 18°С։ Ձմռանն անհրաժեշտ է պահել 12-14°С տաքության պայմաններում։ Բույսը պետք է պահել պայծառ լույսի տակ, բայց արևի ուղիղ ճառագայթներից հեռու։ Անհրաժեշտ է օդի բարձր խոնավություն։

Մայիսից մինչև աշնան սկիզբ անհրաժեշտ է ջրել ամեն օր, այնուհետև՝ 3-4 օրը մեկ։ 

Պարարտացնել անհրաժեշտ է ամիսը 1 անգամ (մեծ թփեր) կամ 1,5 ամիսը 1 անգամ (փոքր թփեր)՝ օգտագործելով հատուկ ցիտրուսների համար նախատեսված պարարտանյութ։

Կիտրոնի ծառ խնամելու արդյունքում ոչ միայն ունենում եք էսթետիկ միջավայր, այլ նաև քաղում ձեր խնամքի պտուղները։ Հաճելի է գիտակցնել, որ աղցանի կամ թեյի մեջ ավելացնում եք ձեր իսկ ձեռքերով խնամած կիտրոնի հյութը։ Բայց կատու և շուն ունեցող ընթերցողների համար նշենք, որ կիտրոնի ծառը պարունակում է պսորալեններ և էսենցիալ յուղեր, որոնք կարող են թունավորել ընտանի կենդանիներին։

#5 Կոդեում

Կոդեումն ամռանը պահանջում է 20-22°С, ձմռանը՝ առնվազն 16°С տաքություն։ Անհրաժեշտ է օդի բարձր խոնավություն և արևի առատ լույսի՝ ուղիղ ճառագայթներից հեռու։

Ամռանը և գարնանն անհրաժեշտ է ջրել շաբաթական 1-2 անգամ, որպեսզի հողը պահպանի խոնավությունը։ Ջրելիս հողի մակերեսի վրա պետք է նկատվի չորություն։

Ապրիլ-նոյեմբերի ամիսներին թուփն անհրաժեշտ է պարարտացնել 2 շաբաթը 1 անգամ՝ օգտագործելով դեկորատիվ տերևավոր բույսերի համար նախատեսված պարարտանյութ։ Տարվա մյուս մասում անհրաժեշտ է պարարտացնել ամսական 1 անգամ։ 

Կոդեումի տերևները, արմատները, ծաղիկները կուլ տալու դեպքում ընտանի կենդանիների մոտ հնարավոր է աղեստամոքսային համակարգի և բերանի գրգռվածություն՝ հանգեցնելով փսխման, փորլուծության։

#6 Կակտուս

Կակտուսն անհրաժեշտ է պահել լուսավոր, բայց արևի ուղիղ ճառագայթներից հեռու տարածքում։ Ամռանն անհրաժեշտ է ապահովել 18-20°С, ձմռանը՝ 16-20°С տաքություն։ Կակտուսին անհրաժեշտ է օդի բարձր խոնավություն։

Գարուն-ամառ հատվածում անհրաժեշտ է ջրել 8-10 օրը մեկ, աշնանն՝ ավելի հազվադեպ, իսկ ձմռանը՝ ամսական 1 անգամ։

Անհրաժեշտ է պարարտացնել ամիսը 1 անգամ՝ օգտագործելով կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութ։ 

Կակտուսները, ինչպես նաև շատ այլ բույսեր, կլանում են անտեսանելի, բայց օդի մեջ ակնհայտորեն գոյություն ունեցող քիմիական միացությունները՝ մաքրելով տան մթնոլորտը։ 

Թեև կակտուսները թունավոր չեն ընտանի կենդանիների համար, փշերն ամեն դեպքում կարող են վնասել ձեր մորթիավոր ընկերներին։

#7 Խոլորձ (օրխիդեա)

Խոլորձներն աչքի են ընկնում գույների և բույրերի բազմազանությամբ և ձեր սենյակը վերածում են իսկական այգու։

Բույսը պահանջում է լուսավոր տարածք, սակայն արևի ուղիղ ճառագայթներից հեռու։ Ամռանն անհրաժեշտ է պահել 18-25°C, ձմռանը՝ 16-20°C տաքության պայմաններում։ Օդի խոնավությունը՝ միջին և բարձր։

Ջրել անհրաժեշտ է 10-15 օրը մեկ, իսկ պարարտացնել՝ ամիսը 1-2 անգամ՝ օգտագործելով օրխիդեաների և ծաղկող բույսերի համար նախատեսված պարարտանյութ։ 

Թեև խոլորձը թունավոր չէ շների ու կատուների համար, տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում կարող է առաջանալ թեթև փսխում կամ փորլուծություն։

#8 Չերրի լոլիկ

Չերրի լոլիկները չափազանց լուսասեր են և աճում են 19-30°C տաքության պայմաններում։ Ամռանը կարելի է թողնել արևի ուղիղ ճառագայթներր ներքո, իսկ ձմռանն անհրաժեշտ է ապահովել արհեստական լուսավորություն օրական 8-10 ժամ։ Անհրաժեշտ է օդի բարձր խոնավություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով