Արդյո՞ք մինչև 6 ամսական երեխային կարելի է առաջարկել հավելյալ սնունդ, արդյո՞ք պետք է նախապատվություն տալ շիլա-պյուրեներին, թե՞ երեխային սովորեցնել ուտել մատներով, որքա՞ն պետք է լինի կրծքի կաթ-հավելյալ սնունդ հարաբերակցությունը երեխայի սննդակարգում․․․
Փոքրիկների կերակրման և խնամքի շուրջ քննարկումներն անսպառ են ու երբեմն վերածվում են թեժ բանավեճերի մայրիկների միջև։
Այս հոդվածով փորձելու ենք ուղղորդել ապագա և երիտասարդ մայրիկներին, պատասխանելու ենք փոքրիկների կերակրման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին, ինչպես նաև կիսվելու ենք հավելյալ սննդի պարզ ու օգտակար բաղադրատոմսերով։
Մինչև 6 ամսական փոքրիկը պետք է սնվի բացառապես կրծքի կաթով կամ կաթնախառնուրդով։ 6 ամսականից մինչև 1 տարեկան կաթը շարունակում է մնալ փոքրիկի սնուցման հիմնական աղբյուրը, բայց մայրիկներն արդեն կարող են ծանոթացնել այլ մթերքի հետ։
Հավելյալ սնունդ մատուցելուց առաջ համոզվեք, որ երեխան չունի ջերմություն և տրամադրությունը բարձր է։ Խոսեք երեխայի հետ, ցույց տվեք նրան, թե ինչպես բացել բերանը, սնունդը պտտացնել բերանում և կուլ տալ, սովորեցրեք նրան ձեր շարժումներով։
Անհրաժեշտ է սկսել փոքր կտորներից և միայն աստիճանաբար մեծացնել չափաբաժիններն ու մթերքների բազմազանությունը։
Կարելի է շաբաթական փորձել 1-2 նոր մթերք, այնուհետև աստիճանաբար այդ թիվը հասցնել օրական 2-3 անգամի։ Փոքրիկին ժամանակ է պետք համերն ու հոտերը զանազանելու, սնունդն ուսումնասիրելու և իր արձագանքը ցույց տալու համար։
Որքան շատ միրգ և բանջարեղեն առաջարկեք, այնքան ավելի լավ, իսկ հրաժարվելու դեպքում մի շտապեք հուսահատվել։ Որոշ մթերքներ երեխան կսկսի սիրել մինչև 10-12 անգամ փորձելուց հետո։
Կարևոր․ Ուտելու ընթացքում երեխային չպետք է շեղել հեռախոսով կամ հեռուստացույցով: Առհասարակ երեխան չպետք է միացրած էկրան տեսնի մինչև 1,5-2 տարեկան, քանի որ հակառակ դեպքում ուշադրության շեղումներն անխուսափելի են։ 2 տարեկանից հետո կարելի է դիտել հաղորդումներ, բայց ոչ ավելի, քան օրական 1-2 ժամ՝ ընդմիջումներով:
Խորհուրդ է տրվում օրվա մեջ փոքրիկին կերակրել նախ կրծքի կաթով, հետո հավելյալ սննդով։ Այս հերթականությունն օգնում է առաջնահերթություն տալ կրծքի կաթին և չանհանգստանալ, որ երեխան հավելյալ սնունդ ուտելով՝ կկշտանա և կհրաժարվի կրծքի կաթից։
BLW-ն ընդդեմ շիլաների
Երբ հերթը հասնում է հավելյալ սնդդին, սկսվում է BLW-ն ընդդեմ շիլաների հակամարտությունը։ Շիլաներով կերակրելու մեթոդը պարզ է․ մրգերը, բանջարեղենը և այլ մթերքը եփում են, վերածում շիլայի և երեխային կերակրում գդալով։
BLW (baby-led weaning) մեթոդի պարագայում գլխավոր դերը ոչ թե ծնողինն է, այլ հենց երեխայինը։ Նրա դիմաց դնում են փոքր կտորներով սնունդ՝ խրախուսելով, որ նա այն ուսումնասիրի և մատներով ուտի։ Այս մեթոդին փոքրիկը սովորաբար պատրաստ է լինում 8 ամսականից, երբ կարողանում է ամուր նստել աթոռին, ձեռքով կարողանում է բռնել փոքր իրեր և շիլաներն ուտում է առանց խեղդվելու։
Շիլաների դրական կողմն այն է, որ․
- հեշտ է հետևել և հաշվել, թե երեխան քանի գդալ ճաշ է ուտում
- ուտելուց հետո տարածքը և երեխայի հագուստն ավելի մաքուր են մնում
- ավելի քիչ սնունդ է վատնվում (օրինակ՝ երեխան այն չի գցում գետնին)
BLW-մեթոդի դրական կողմն այն է, որ
- ավելի մատչելի ու ավելի քիչ ժամանակատար է (օրինակ՝ չի պահանջում բլենդեր կամ նմանատիպ հատուկ սարք)
- երեխային օգնում է զարգացնել մկանները և ավելի շարժուն լինել
- ընտանիքի բոլոր անդամները կարող են սնվել միաժամանակ, քանի որ ոչ ոք ստիպված չէ զբաղվել երեխային գդալով կերակրելով
Դժվար է բացարձակ առավելություն տալ այս կամ այն մեթոդին, քանի որ երկուսն էլ ունեն թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Գործնականում հնարավոր է կիրառել երկու մեթոդներն էլ՝ կախված ճաշելու վայրից, երեխայի տրամադրվածությունից և այլն։
Ո՞ր մթերքներն են արգելված և որոնցի՞ց է պետք զգուշանալ
Մասնագետներն առանձնացնում են սուր ալերգեն մթերքների ցանկ, որոնք առավել հաճախ են երեխաների մոտ ալերգիաներ առաջացնում։
6 ամսականից երեխային կարելի է առաջարկել սուր ալերգներ մթերքները՝ նախապես տալով քիչ չափաբաժնով և ստուգելով երեխայի արձագանքը։
Անհրաժեշտ է սուր ալերգենները փորձարկել առանձին-առանձին, որպեսզի բացասական արձագանքի դեպքում հասկանաք, թե որ մթերքն է անհանգստություն առաջացրել։
Սուր ալերգեն մթերքներն են՝
- գլուտեն պարունակող մթերք (օրինակ՝ վերամշակված հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարեձավար, հաճար)
- ընկուզեղեն (հատկապես գետնանուշ և գետնանուշի կարագ)
- խեցգետին և նմանատիպ մթերք
- կովի կամ այծի կաթ
- ձուկ
- սոյա
- ձու
Եթե ընտանիքում կան սննդային ալերգիայի նախադեպեր, ավելի լավ է սուր ալերգեն մթերքները փորձել 1 տարեկանից հետո։ Հակառակ դեպքում կարելի է աստիճանաբար ներմուծել երեխայի սննդակարգ և սպասել նրա անհատական արձագանքին։
Նաև կան մթերքներ, որոնք ալերգեն չեն, բայց որոնցից տարբեր պատճառներով պետք է խուսափել մինչև 1 տարեկան՝
- մեղր
- շաքարավազ
- հյութ, թեյ, սուրճ
- ցիտրուսային մրգեր
- հում բանջարեղեն (պարտադիր պետք է լինի եփված և բավականաչափ փափուկ)
- աղ (առնվազն մինչև 6 ամսական)
- կովի կամ այծի կաթ (կարելի է միայն ճաշի մեջ, ոչ առանձին)
- մեծ կտորներով կամ կոշտ ցանկացած ուտելիք (ժելեներ, սերմեր, հատիկավոր մրգեր և այլն)
Հավելյալ սննդի 5 պարզ ու օգտակար բաղադրատոմսեր փոքրիկների համար
Այսօր ձեզ առաջարկում ենք շիլաների հեշտ բաղադրատոմսեր, որոնց հիմքում օգտակար, հանքանյութերով ու վիտամիններով հարուստ բաղադրիչներ են՝ միրգ, բանջարեղեն, հացահատիկային բույսեր։
Ինչպես նշել են՝ ցանկացած նոր մթերք երեխային պետք է մատուցել փոքր չափաբաժնով և առանձին։ Հետևաբար շիլաներ պատրաստելուց առաջ համոզվեք, որ երեխան առանձին բաղադրիչներին արդեն ծանոթ է և տվել է իր հավանությունը։
Ծնեբեկով և կարտոֆիլով շիլա
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- ծնեբեկ
- կարտոֆիլ
- ձիթապտղի ձեթ (ըստ ցանկության)
Ծնեբեկը և կարտոֆիլը կտրատել, լցնել շոգեխաշող սարքի մեջ և շոգեխաշել 20 րոպե։ Այնուհետև հարել բլենդերով կամ տրորել մինչև միասեռ զանգված դառնալը։ Ըստ ցանկության ավելացնել ձիթապտղի ձեթ։
Հնդկաձավարով և բանջարեղենով շիլա
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- բրոկոլի
- դդմիկ
- դդում
- հնդկաձավար
Բրոկոլին, դդմիկը և դդումը միասին եփում ենք 15 րոպե։ Առանձին եփում ենք նաև հնդկաձավարը։ Պատրաստ լինելուն պես զանգվածները միացնում ենք և հարում բլենդերով մինչև միասեռ դառնալը։
Վարսակի փաթիլներով և մրգերով շիլա
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- վարսակի փաթիլներ
- խնձոր
- բանան
Նախապես պետք է ընտրել երկար եփվող վարսակի փաթիլներ՝ 15 րոպե և ավելի։ Այնուհետև ենք բլենդերով հարում ենք խնձորի և բանանի հետ մինչև միասեռ զանգված դառնալը։ Խնձորը կարելի է փոխարինել նաև մանդարինով, որն անպայման անհրաժեշտ է կեղևազրկել։
Բրնձով և մրգերով շիլա
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- բրինձ
- ավոկադո
- խնձոր
- ձիթապտղի ձեթ
Բրինձը նախապես եփում ենք, այնուհետև բլենդերով հարում ենք խնձորի և ավոկադոյի հետ մինչև համասեռ զանգված դառնալը։ Վերջում ավելացնում ենք շատ քիչ ձիթապտղի ձեթ։
Բանջարեղենով շիլա
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- բազուկ
- գազար
- ծաղկակաղամբ
- ձիթապտղի ձեթ
Բանջարեղենը կտրատել և միասին եփել կամ շոգեխաշել 10-15 րոպե։ Բլենդերով հարել կամ տրորել մինչև միասեռ զանգված դառնալը։ Վերջում կարող եք ավելացնել շատ քիչ ձիթապտղի ձեթ։
Շիլաների փոխարեն BLW մեթոդը կիրառելու պարագայում առաջարկում ենք հետևել մի քանի կարևոր կանոնների և խորհուրդների․
- կոշտ մրգերը (տանձ, խնձոր) և բանջարեղենը անհրաժեշտ է եփել մինչև փափկելը, այնուհետև մատուցել փոքր կտորներով
- փափուկ մրգերը (բանան, ավոկադո) եփելու կարիք չկա և կարելի է մատուցել փոքր կտորներով
- ընտրեք հասած մրգեր ու բանջարեղեն, լավ լվացեք, հետո կեղևազրկեք
- միսը պետք է եփել մինչև փափկելը և ցանկալի է մատուցել փոքր թելիկներով
- ցանկալի է երեխային նախևառաջ ծանոթացնել բանջարեղենի, ապա մրգերի տեսակներին, քանի որ քաղցր համը զգալուց հետո փոքրիկները սովորաբար չեն հավանում բանջարեղենի համը
- երեխայի առողջության և բնականոն աճի համար ամենակարևոր հանքանյութերը երկաթն ու կալցիումն են, ինչպես նաև յոդը և ցինկը
- երեխային անհրաժեշտ են նաև 13 կենսական վիտամինները՝ A, B խմբի 8 վիտամիններ, C, D, E, K
Վերջում ցանկանում ենք ձեզ ներկայացնել կրծքով կերակրվող երեխաների ամսական աճի միջին ցուցանիշները․
- 0-4 ամսականում երեխայի քաշը ամսական աճում է միջիում 155-241 գրամով, 4-6 ամսականում՝ միջինում 92-126 գրամով, իսկ 6-12 ամսականում՝ միջինում 50-80 գրամով
- 0-6 ամսական երեխայի հասակը ամսական աճում է միջինում 2,5 սմ-ով, իսկ 6-12 ամսականինը՝ միջինում 1,27 սմ-ով
Հիշեք, որ սրանք միջինացված թվեր են, և ձեր երեխան կարող է գրանցել այլ ցուցանիշներ։
Հուսով ենք, որ մեր ուղեցույցը ձեզ կօգնի ավելի հեշտությամբ կազմակերպել երեխայի սնուցումը, չխճճվել տարբեր կարծիքների ու մեկնաբանությունների մեջ և լիարժեքորեն վայելել մայրությունը։ Իսկ Foody-ի կիսապատրաստի ուտեստները միշտ ձեր ձեռքի տակ են արագ և հեշտ, բայց շատ համեղ ճաշեր պատրաստելու համար։ Կիսապատրաստի կոտլետների, պելմենների, նրբաբլիթների և բարձրորակ այլ խորտիկների ողջ մենյուին կարող եք ծանոթանալ այստեղ։