Ֆուրշետի սեղանի 30+ բաղադրատոմսեր ձեր ամենահամեղ առիթների համար

Հարսանեկան, նշանադրության, ծննդյան արարողություններ և մեծ ու փոքր այլ առիթներ կազմակերպելիս մենք երբեմն ցանկանում ենք շեղվել ավանդական ճոխ ու ծանր ուտեստներով հագեցած սեղաններից և մատուցել ֆուրշետի սեղան։ Այն ենթադրում է փոքր կտորներով ուտեստների տեսականի, որը կարելի է համտեսել ընդամենը մեկ-երկու պատառով։ 

Կանապեներն էլ ֆուրշետի ժամանակ մատուցվող ուտեստների տեսակ են, որոնց հետ մատուցվում են նաև մինի սենդվիչներ, բուրգերներ, բրուսկետաներ, տարտալետկաներ և այն։ Կանապեների առանձնահատկությունն այն է, որ բաղկացած է չորս հիմնական մասից՝ հիմք (հաց, կրեկեր), որևէ մածուկ (մայոնեզ, հալած պանիր), թոփինգ (մսային, ձկնային, բանջարեղենային կտոր) և զարդարանք (ձիթապտուղ, կանաչի), որոնք ամրանում են փայտիկի օգնությամբ։ 

Այսօր կներկայացնենք կանապեների հեշտ ու համեղ բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ապահովել ուտեստների բազմազանություն և կգոհացնեն ձեր հյուրերին։ Բայց մինչև այդ կկիսվենք ֆուրշետ կազմակերպելու որոշ գաղտնիքներով, որոնք ավելի ամբողջական կդարձնեն ձեր յուրահատուկ օրը։

Ինչպե՞ս կազմակերպել ֆուրշետ տնային պայմաններում

Ֆուրշետի սեղան լիարժեք ձևով կարելի է կազմակերպել սեփական ջանքերով՝ տնային պայմաններում։ Այստեղ թխելու, եփելու, տապակելու աշխատանքներ գրեթե չկան, պատրաստի մթերքն անհրաժեշտ է գնել խանութից և կազմել համային համադրություններ։ 

Ամենաբարդը ոչ թե կանապեները պատրաստելն է, այլ դրանք համապատասխան սպասքով, գեղեցիկ սփռոցներով, հարմար կահույքի վրա մատուցելը։ Նաև կարևոր է նախապես իմանալ հյուրերի քանակը, որպեսզի սննդի ավելցուկ կամ պակասորդ չառաջանա։ Ֆուրշետ կազմակերպում են հիմնականում առնվազն 10 անձի համար։

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի հյուրերին հարմար լինի սնունդ ընդունել կանգնած վիճակում, տեղաշարժվել և շփվել ներկաների հետ։  Նպատակը ոչ թե կշտանալն է, այլ զրուցելը, նոր ծանոթություններ հաստատելը, իսկ խորտիկները պարզապես լրացնում ու համեղացնում են միջավայրը։ 

Ֆուրշետի սեղանին բնորոշ է որոշակի դասավորվածություն։ Առաջին պլանում կանապեներն ու տարտալետկաներն են, այնուհետև՝ աղցանները, որոնց հաջորդում են մսային ու ձկնային նախուտեստները։ 

Կենտրոնում քաղցրեղենն ու մրգերն են՝ սկուտեղների կամ վազաների մեջ։ Սեղանի եզրերին ափսեներն են, բաժակները, խմիչքները, անձեռոցիկները, մեկ անգամյա օգտագործման սպասք։ Եթե մատուցողներ չկան, ապա նաև առանձին սեղան է հարկավոր օգտագործված սպասքի համար (առանց սփռոցի)։  

Ֆուրշետ կազմակերպելիս անհրաժեշտ է առաջնորդվել մեկ անձի համար 5 տեսակի նախուտեստ սկզբունքով, որը համարժեք է 400 գրամին։ Այն ներառում է կանապե, տարտալետկա, մինի կարկանդակ, փոքրիկ ռուլետ։ 

Մեկ անձի համար անհրաժեշտ է նախատեսել նաև երկու աղցան՝ բանջարեղենային և մսային (մոտ 300 գրամ)։ 

Տաք խորտիկներից մեկ անձի համար անհրաժեշտ է նախատեսել երկու տեսակ՝ մսային և ձկնային (մոտ 150 գրամ): 

Մեկ անձի համար անհրաժեշտ է նախատեսել նաև երեք տեսակի քացրավենիք՝ մակարուն, ժելե, թխվածքաբլիթ, կարկանդակ (150 գրամ), 0,5 լիտր հյութ և ջուր, 100 մլ օղի և 200 մլ կարմիր ու սպիտակ գինի։ 

Կանապեների 30+ բաղադրատոմսեր ձեր ուրախ առիթների համար

Մրգային

-Սև խաղողի հատիկ, մանդարինի կտոր, կանաչ խաղող, բանանի շերտ, կիվիի շերտ, ձմերուկի շերտ (առանց կորիզի) 

-Ռուժետ պանրի խորանարդ (կարելի է փոխարինել սերուցքային այլ պանրով), սև թզի շերտ

-Դորբլյուի խորանարդ, սև խաղողի հատիկ, ընկույզ

-Չեդդեր պանիր, սպիտակ խաղող, սև խաղող

-Պանիր խորանարդի տեսքով, կիվի խորանարդի տեսքով, խոզապուխտ խորանարդի տեսքով

-Պանիր խորանարդի տեսքով, ծովախեցգետնի ձողիկի խորանարդ, կանաչ ձիթապտուղ, պահածոյացված անանասի խորանարդ

-Խաղողի հատիկ, կիվիի շերտ, նարնջի կտոր, պինդ պանիր

-Բանանի շերտ, ելակ, հալած սպիտակ շոկոլադ

Խորհուրդ․ Որպեսզի բանանները արագ չսևանան, անհրաժեշտ է փայտիկի վրա անցկացնելուց առաջ դրանց վրա ցողել կիտրոնի հյութ։ 

Ձկնային

-Սև տոստի հացի խորանարդ, կաթնաշոռային պանիր, լոլիկի շերտ, տապակած խեցգետնի պոչ մինչև կարմրելը՝ սխտորի փոշի, կարմիր պղպեղ

-Սև հացի խորանարդ, կաթնաշոռային պանիր, սելյոդկա, կիսալուսնաձև կտրված սոխ (ամրացնում ենք զանգվածի վրա առագաստի ձևով)

-Սև հացի խորանարդ, սելյոդկայի կտոր, կես լորի ձու (եփված)

-Սև հացի կտոր շպռոտի չափով, մայոնեզ, սխտոր, շպռոտ, թթու կամ թարմ վարունգ

-Սպիտակ հացի օղակ (բաժակով կլոր կտրում ենք), հալած պանիր, լոլիկի շերտ, կարմիր ձուկ (հում աղ դրված կամ ծխեցված)

-Սև հացի օղակ, սոուս՝ կաթնաշոռային պանիր, սխտոր, կանաչի, կարմիր ձուկ

-Սպիտակ հաց (հեռացնում ենք կողքերը), կաթնաշոռային պանիր, կարմիր ձուկ (սաղմոն), հացի երկրորդ շերտ, կլպիչով բարակ կտրված վարունգ, հացի երրորդ շերտ, որի վրա ներսից կողմից կաթնաշոռային պանիր պետք է լինի, բաժանում ենք կտորների, յուրաքանչյուրի վրա տեղադրում ենք կես չերրի 

-Սպիտակ հացի օղակ, կաթնաշոռային պանիր, սաղմոնի կտոր, կլպիչով բարակ կտրված վարունգ (ամրացնում ենք տոնածառի տեսքով, ալիքաձև)

Բանջարեղենային

-Կանաչ պղպեղի խորանարդ, մոցարելլայի կես գնդիկ (կարելի է փոխարինել ֆետա կամ բրինզա պանիրներով), կես չերրի լոլիկ

-Կես չերրի լոլիկ, մոցարելլայի գնդիկ, կես չերրի լոլիկ

-Սպիտակ տոստի հացի խորանարդ, սոուս (տրորած պանիր, թթվասեր, մանր կտրատված սամիթ ու սխտոր, աղ, սև պղպեղ), բողկի շերտ, կես լորի ձու, վարունգ (զիգզագաձև ամրացնում ենք)

-Նեխուր, վարունգ, կարմիր բուլղարական պղպեղ, խոզապուխտ։ Խոզապուխտը կտրատում ենք երկար շերտով, ընկղմում ենք եռման ջրի մեջ մինչև գույնը փոխելը, բանջարեղենը կտրատում ենք խոզապուխտի լայնության ձողիկների տեսքով և փաթաթում ենք խուզապուխտի մեջ։ Կարելի է մատուցել չերրի լոլիկով

-Սև հացի կտոր, պանրային սոուս (հալած պանիր, մայոնեզ, մաղադանոս), պինդ պանրի շերտ, չերրի լոլիկի շերտ, մաղադանոսի տերև, եփված կես կարտոֆիլ (գարնանային)

-Դդմիկի շերտ, վարունգի շերտ, բուլղարական դեղին պղպեղի շերտ, պինդ պանրի շերտ, մաղադանոսի տերև, կես չերրի լոլիկ, կես սև ձիթապտուղ

-Կես չերրի լոլիկ, վարունգի շերտ, գազարի շերտ, բուլղարական դեղին պղպեղի շերտ, վարունգի շերտ, գազարի շերտ, կես չերրի լոլիկ

Մսային

-Սև հացի օղակ (տաքացնում ենք ջեռոցում 5 րոպե կամ չոր թավայի մեջ մինչև կարմրելը), Դիժոնի մանանեխ, ալիքաձև ծալված ապխտած բեկոն, հալապենոյի շերտ, կորնիշոնի կես

-Սև հացի օղակ (տաքացնում ենք ջեռոցում 5 րոպե կամ չոր թավայի մեջ մինչև կարմրելը), Դիժոնի մանանեխ, դդմիկ (կլպիչով թարմ դդմիկը բաժանում ենք բարակ շերտերի ողջ երկարությամբ, համեմում ենք աղով, սխտորի փոշիով, ձիթապտղի ձեթով, 5 րոպե մարինացվում է), բեկոնի շերտի վրա տեղադրում ենք դդմիկի շերտը, փաթաթում ենք ռուլետի տեսքով, զարդարում ենք ռոզմարինի տերևով

-Սև հացի օղակ, Ֆիլադելֆիա պանիր, հազարի կտոր, խոզապուխտ կամ բեկոնի կտոր, չորացրած լոլիկ

-Պանիր խորանարդի տեսքով, ալիքաձև ծալված խոզապուխտ, սև ձիթապտուղ

-Սև հաց (հեռացնում ենք կողքերը), մայոնեզ, խոզապուխտ հացի չափով, թթու վարունգ բարակ շերտով, հացի երկրորդ շերտը, որը ներսի կողմից պատված է մանանեխով

-Սև հացի խորանարդ, կաթնաշոռային պանիր, ապխտած երշիկ (տոնաձառի ձևով ամրացնում ենք), սև ձիթապտուղ

-Տոստի սպիտակ հացի կտոր, պինդ պանրի շերտ, վարունգի շերտ, լոլիկի շերտ, 

քարիով տապակված հավի կրծքամսի կտոր, բուլղարական դեղին պղպեղի շերտ

Հավի կրծքամիսը նախապես ծեծում ենք, որպեսզի բարակի և ավելի նուրբ ստացվի, համեմում ենք քարիով, աղով ու սև պղպեղով

-Սպիտակ տոստի հացի կտոր, վարունգի շերտ, սալյամի, կես չերրի լոլիկ, կանաչ ձիթապտուղ

Դե ինչ, այսքանն էին կանապեների բաղադրատոմսերը մեր ընթերցողների համար։ Վստահ ենք, որ անկախ խոհարարական հմտություններից ու սննդային նախասիրություններից՝ դուք գտաք առնվազն մի քանի բաղադրատոմս, որոնք սիրով ու հեշտությամբ կպատրաստեք ձեր և ձեր սիրելիների համար։ 

Իսկ Foody-ի խոհարարներն օգնության կհասնեն ձեզ բոլոր այն դեպքերում, երբ խոհանոցում չի բավականեցնի ժամանակը կամ պարզապես կցանկանաք որևէ նորույթ փորձել։ Մեր ողջ ճաշացանակը կարող եք տեսնել այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով