Մակարոնները ձեռք են բերել դժվար պատրաստվող թխվածքաբլիթների համբավ։ Եթե փոքր շեղում լինի բաղարիչների չափաբաժնի մեջ կամ ջերմաստիճանն ու խոնավությունը բարենպաստ չլինեն, ապա ողջ ջանքերը ջուրը կընկնեն։
Այս ֆրանսիական թխվածքաբլիթների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ պատրաստվում ենք նուշի ալյուրից, որը արժեքով բավականին գերազանցում է ցորենի ալյուրին։ Այդ պատճառով մինչև պատրասմանն անցնելն առաջարկում ենք ուսումնասիրել ոչ միայն բաղադրիչները, այլ նաև այն խորհուրդները, որոնք ստացված մակարոնների գրավականն են։
Սկսենք խմորից։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-ձվի սպիտակուց 3 հատ
-աղ
-շաքարավազ 50 գրամ
-վանիլ 0,5 թ/գ
-նուշի ալյուր 100 գրամ
-շաքարի փոշի 210 գրամ
-սննդային ներկեր
Խորհուրդ 1. Ձուն պարտադիր պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Եթե որոշել եք մակարոններ պատրաստել, ապա սառնարանից հանեք ձուն կա՛մ նախորդ օրը երեկոյան, կա՛մ առնվազն 30 րոպե առաջ։
Խորհուրդ 2. Ցանկալի է ալյուրն ու շաքարի փոշին երկու անգամ մաղել մինչև օգտագործելը։ Մեկ անգամ՝ առանձին-առանձին, հաջորդ անգամ՝ միասին։
Խորհուրդ 3. Ցանկալի է ունենալ հատուկ մակարոնի համար նախատեսված սիլիկոնե գորգ, որը կարող եք տեղադրել յուղաթղթի տակ և ստանալ հավասարաչափ մակարոններ։ Տնտեսական խանութներում միգուցե առկա չլինի, բայց մասնագիտացված խանութներում, որտեղ վաճառում են խմորեղենի պարագաներ և հումք, միանշանակ կգտնեք։
Խորհուրդ 4․ Նուշի ալյուր կարող եք պատրաստել նաև տնային պայմաններում։ Անհրաժեշտ է նուշը 4-6 ժամով թրջել, այնուհետև կեղևահանել։ Սպասում ենք 1-2 օր մինչև նուշը չորանա, որից հետո աղում ենք կամ մանրացնում բլենդերով։
Ձվի սպիտակուցների վրա ավելացնում ենք մեկ պտղունց աղ և սկսում ենք հարել՝ քիչ-քիչ մեծացնելով արագությունը։ Երբ զանգվածը փրփրում է, քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը։ Հարում ենք այնքան, մինչև ստանանք չծորացող, բեզեի նման զանգված։ Ավելացնում ենք վանիլ և հարում։ Այժմ սննդային ներկ ավելացնելու ժամանակն է։ Կարելի է օգտագործել թե՛ փոշի, թե՛ գելային տարբերակով։
Եթե ցանկանում եք, որ բոլոր մակարոնները նույն գույնն ունենան, ապա ողջ զանգվածի մեջ ավելացրեք ձեր նախընտրած գույնի սննդային ներկը՝ 1-2 կաթիլ։
Եթե ցանկանում եք ստանալ տարբեր գույներ, ապա զանգվածը կիսեք և օգտագործեք երկու գույնի սննդային ներկ։
Սննդային ներկն ավելացնելուց հետո ևս հարում ենք, մինչև գույնը հավասարաչափ բաշխվի զանգվածի մեջ։ Սկսում ենք բեզեն քիչ-քիչ ավելացնել չոր բաղադրիչների վրա՝ նախապես մաղած նուշի ալյուրի ու շաքարի փոշու։ Ամեն անգամ ավելացնելուց հետո զգուշությամբ խառնում ենք սիլիկոնե փայտիկով։ Պետք է ստանանք ծորացող, չկտրվող խմոր։
Զանգվածը տեղափոխում ենք խոհանոցային պարկի մեջ։ Անպայման օգտագործում ենք յուղաթուղթ, որի տակ ցանկալի է տեղադրել մակարոնի չափի օղակներով ֆորմա։ Այն մեզ թույլ կտա մակարոնների միջև պահպանել օպտիմալ հեռավորություն և վստահ լինել, որ մակարոնները կունենան նույն չափը։
Զանգվածն ամբողջությամբ յուղաթղթի վրա տեղափոխելուց հետո թափահարում ենք՝ ամանը հարվածելով որևէ ամուր մակերեսի վրա, որպեսզի ավելորդ օդը դուրս գա և մակարոնները հարթվեն։ Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 30-60 րոպե։
Որպեսզի վստահ լինենք, որ մակարոնները ջեռոց ուղարկելու ժամանակն է, մատով դիպչում ենք, և եթե մատը չոր է մնում, ապա պահը հասունացել է։
Զանգվածը տեղափոխում ենք 150°C տաքացված ջեռոցը և թխում 15-20 րոպե (կախված ջեռոցի առանձնահատկություններից)։
Կոնվեկցիան անպայման պետք է միացված լինի, որպեսզի ջերմությունը հավասարաչափ բաշխվի, իսկ մակարոնները հավասարաչափ թխվեն ու բարձրանան։ Գազի ջեռոցի դեպքում դա սովորաբար չի ստացվում։
Թխվելուց հետո մակարոնը պետք է հեշտությամբ պոկվի յուղաթղթի վրայից։ Եթե չի ստացվում, ապա անհրաժեշտ է թողնել ջեռոցում ևս 2 րոպե։
Սառչելուց հետո հերթը կրեմինն է։
#1 Վանիլային կրեմ
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-շաքարի փոշի 160 գրամ
-կարագ 70 գրամ
-վանիլ 1 թ/գ
-սերուցք 2-3 ճ/գ
Խորհուրդ 1․ Թխվածքների համար անհրաժեշտ է օգտագործել առնվազն 33%-անոց սերուցք։
Խորհուրդ 2․ Հարելու պահին սերուցքը պետք է լինի շատ սառը, իսկ մինչև տարայի մեջ դատարկելն անհրաժեշտ է թափահարել, որպեսզի յուղը չմնա շշի պատերին։
Կարագը բերում ենք սենյակային ջերմաստիճանի և հարում ենք։ Մաղելով քիչ-քիչ ավելացնում ենք շաքարի փոշին։ Ավելացնում ենք վանիլը և կրկին հարում։
Այս փուլում է, որ կարող եք ավելացնել սննդային ներկ՝ ըստ ցանկության։ Եթե մակարոնները պատրաստելիս օգտագործել եք տարբեր գույնի ներկեր, ապա կրեմը նույնպես կիսում եք և ավելացնում երկու գույնի գույնի ներկ։
Վերջում ավելացնում ենք սերուցքը և հարում այնքան, մինչև ստանանք կրեմային զանգված։
Տեղափոխում ենք սննդային պարկի մեջ և սկսում վերջնական տեսքի բերել մակարոնները։
Վերցնում ենք մակարոնի առաջին շերտը, վրան ավելացնում ենք կրեմը և ծածկում երկրորդ շերտով։ Եվ այսպես մինչև բոլոր մակարոններն ունենան զույգեր։ Ցանկալի է մատուցել սառնարանում 12-24 ժամ պահելուց հետո։
Ի դեպ, մակարոնների միջուկը պատրաստելիս պարտադիր չէ դիմել սննդային ներկերի օգնությանը։ Կրեմը գունավորել կարելի է նաև լիովին բնական բաղադրիչների միջոցով։
#2 Շոկոլադե կրեմ
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-սերուցք 100 մլ (33%)
-շոկոլադ առանց միջուկի 100 գրամ (առնվազն 70%)
Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, դնում գազօջախի վրա և հասցնում 60°C աստիճանի (չպետք է թողնել, որ եռա)։ Ավելացնում ենք շոկոլադը և հալեցնում։ Ստացվում է կայուն կրեմ, որը մակարոնների միջից չի ծորա և կմնա իր տեղում։
#3 Հատապտղային կրեմ
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
-ժելատին 5 գրամ
-ջուր 30 գրամ (ժելատինի համար)
-սև հաղարջ 180 գրամ
-եգիպտացորենի օսլա 12 գրամ
-սպիտակ շոկոլադ 130 գրամ
-կարագ 80 գրամ
Սկզբում ժելատինը լցնում ենք ջրի մեջ, խառնում և թողնում ենք, որ հասունանա՝ ինչպես նշված է փաթեթի վրա։
Սև հաղարջը բլենդերով հարում ենք, մինչև ստանանք պյուրեի նման զանգված։ Այնուհետև քամում ենք, որպեսզի կեղևները դուրս գան։
Պյուրեն լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք օսլա և խառնում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան։ Միջին կրակի վրա հասցնում ենք եռման ջերմաստիճանի, որից հետո եռացնում ենք 2 րոպե։ Կրակից վերցնելուց հետո ժելատինը լցնում ենք զանգվածի վրա և խառնում։
Առանձին տարայի մեջ լցնում ենք մանր կտրատած սպիտակ շոկոլադը և սև հաղարջի պյուրեով տաք զանգվածը։ Ավելացնում ենք նաև կարագը, թողնում ենք 1-2 րոպե և հարում ենք բլենդերով մինչև միասեռ զանգված ստանալը։
Ծածկում ենք սննդային թաղանթով և թողնում ենք սառնարանում առնվազն 4-5 ժամ։ Օգտագործելուց առաջ հարում ենք միքսերով մոտ 5 րոպե։
Մակարոնների համար կարելի է պատրաստել բազմազան բաղադրատոմսերով կրեմներ՝ կախված այն փաստից, թե ինչ գույնի թխվածքաբլիթների հետ եք պատրաստվում համադրել։
Օրինակ՝ եթե խմորի մեջ օգտագործել եք կանաչ ներկանյութ, ապա կրեմի մեջ կարող եք օգտագործել աղացած պիստակ։ Մարմնագույն մակարոնների համար կարելի է օգտագործել կարամելային կրեմ։
Եթե քաղցրի սիրահար եք, առաջարկում ենք փորձել մեր մենյուի համեղությունները՝ Խնձորով շտրուդել, Խնձորով և դարչինով թխվածք, Գաթա և ծանոթանալ նաև մեր մյուս բաղադրատոմսերին՝