Այսքան օգտակար վիտամիններ, հանքանյութեր ու ամինաթթուներ դժվար է գտնել մեկ այլ բանջերեղենում: Սպանախն իր բաղադրիչների առատությամբ ու օգտակարությամբ շարունակում է մնալ հղի կանանց, մայրերի ու երեխաների համար նախընտրելի բույսերից մեկը։
Բացի դրանից, որ սպանախն արագ պատրաստվող է ու դյուրամարս, վերջինս կարելի է պատրաստել տարվա գրեթե բոլոր եղանակներին և ստանալ օգտակար նյութերի մեծ չափաբաժին։
Սպանախի դրական հատկանիշների մասին կարելի է անվերջ խոսել։ Մաշկի որակի բարելավումից մինչև նյարդային համարգի կանոնակարգում, տեսողության ամրապնդումից մինչև իմունային համակարգի ուժեղացում՝ սպանախն օգնում է հասնել այս ամենին առանց բժշկական միջամտությունների ու մեծ ջանքերի։
Բույսի կազմում առկա այլ հանքանյութերի թվին են պատկանում մանգանը, մագնեզիումը, կալցիումը, որոնք պատասխանատու են հենաշարժողական համակարգի անխափան աշխատանքի և ամուր նյարդեր ունենալու համար։
Թթվածնի այրման արդյունքում մեր օրգանիզմում առաջանում են ազատ ռադիկալներ՝ կողմնակի մնացորդներ, որոնք որևէ օգուտ չեն տալիս մեր մարմնին։ Սպանախը չափազանց արդյունավետ հակաօքսիդանտ է։ Դրանում առկա C, E վիտամինները, լյուտեինն ու բետա-կարոտինը մաքրում են մեր օրգանիզմը և օգնում ազատվել վնասակար նյութերից։
Համեմատության համար նշենք, որ բանջարեղենի շարքում սպանախը որպես հակաօքսիդանտ իր արդյունավետությամբ երկրորդն է՝ կաղամբից հետո։
Սպանախում առկա վիտամինների և հանքանյութերի (մագնեզիում, կալիում) շնորհիվ է, որ հնարավոր է ուժեղացնել մեր իմունային համակարգն ու պայքարել մի շարք քրոնիկ հիվանդությունների դեմ։ Հենց ազատ ռադիկալների դեմ պայքարելու միջոցով է, որ սպանախն օգնում է կանխել քաղցկեղը։ Այն հակաօքսիդանտների օգնությամբ թույլ չի տալիս, որ մեր մարմնում կուտակված մնացորդները վնասեն բջիջները և հող նախապատրաստեն քաղցկեղի զարգացման համար։
Բայց ինչքանո՞վ է սպանախն օգտակար հղի կանանց և փոքրիկների համար, ի՞նչ վիճակում է խորհուրդ տրվում ուտել և ո՞ր դեպքերում է այն հակացուցված։
Արդյոք սպանախը պետք է ներառել հղի կանանց և երեխաների սննդակարգում:
Հղի կանանց խորհուրդ է տրվում օրական մոտ կես կիլոգրամի չափով ընդունել միրգ և բանջարեղեն, այդ թվում՝ կանաչ տերևավոր։
Սպանախն իր հատկությունների շնորհիվ իր արժանի տեղն է զբաղեցնում ապագա մայրերի սննդակարգում, քանի որ նպաստում է միանգամից մի քանի խնդիրների կանխարգելմանն ու օգնում ապահովել պտղի բնականոն զարգացումը։ Մասնավորապես երկաթը, ֆոլաթթուն, B6, B9, E վիտամինները սպանախի այն հիմնական տարրերն են, որոնք այնքա՜ն անհրաժեշտ են ապագա նորածնին ու մայրիկին։
Երկաթը հղի կանանց օգնում է պայքարել սակավարյունության դեմ (անեմիա), հյուսվածքներին ապահովում է թթվածնով, ինչպես նաև կանխում է վաղաժամ ծննդաբերությունը։
Ֆոլաթթուն նպաստում է բջիջների նորմալ կենսագործունեությանն ու հյուսվածքների բնականոն աճին:
B6, B9 վիտամինների շնորհիվ հղի կանայք ավելի հեշտությամբ կարող են պայքարել սրտխառնոցների, թուլության և գլխացավի դեմ։ Իսկ E վիտամինը զարգացնում է պտղի շնչառական համակարգը, պաշտպանում է վիժումից, դրական ազդեցություն թողնում կնոջ վերարտադրողական օրգանների վրա։
Իհարկե, պետք չէ սահմանափակվել միայն սպանախով կամ էլ այն մշտապես ուտել նույն վիճակում։ Կարելի է սպանախի և այլ բանջարեղենի համադրությամբ սմուզիներ և աղցաններ պատրաստել ու բազմապատկել ստացվող վիտամինների պաշարը։
Երեխաների զարգացման գործում սպանախում պարունակվող վիտամիններն ուղղակի կենսական են։
Փոքրիկներն ընդհանրապես հավելյալ սնունդ կարող են ընդունել 6-7 ամսականից, և հենց այդ տարիքից էլ սպանախը կարելի ներառել նրանց սննդակարգում։ Իհարկե, պետք է սկսել փոքր չափաբաժիններից և տեսնել, թե երեխան ինչպես է արձագանքում։
Սպանախը երեխային կարող եք մատուցել տարբեր վիճակում՝ հյութի, ապուրի կամ խյուսի տեսքով։ Ժամանակի ընթացքում կարող եք ավելացնել չափաբաժինները և բազմազանեցնել պատրաստման ձևերը։
Փոքր հասակում անչափ կարևոր է ամուր ատամների, ոսկորների, մկանների, տեսողության և իմունիտետի զարգացումը, որը հիմք է հանդիսանում ավելի մեծ տարիքում մարմնի առողջ կենսագործունեության համար։ Սպանախում պարունակվող կարոտինոիդները (լյուտեին, զեակսանտինը, բետա-կարոտին) ապահովում են երեխայի լավ տեսողությունը և աչքերի հետ կապված հնարավոր խնդիրների կանխարգելումը։ Իսկ կալիումն ու մի շարք վիտամիններ բարենպաստ միջավայր են ստեղծում ոսկորների ամրության և իմունիտետի բարձրացման համար։
Բացի դրանից՝ սպանախն ամենից շատ վիտամին A պարունակող մթերքներից է։ Հենց այս վիտամինի պակասի կամ բացակայության պատճառով է, որ երեխաների մոտ նկատվում է թերզարգացում, զարգանում են շնչառական ու թոքային հիվանդություններ, թարախարտադրություն և այն։ Այդ պատճառով երեխայի համար սնունդ պատրաստելիս չպետք է աչքաթող անել այս կանաչ բանջարեղենը, որը հեշտությամբ կարող եք ձեռք բերել ու արագ մատուցել։
Ինչպե՞ս մատուցել սպանախը․ հո՞ւմ, թե՞ եփված վիճակում։
Սպանախը կարող եք մատուցել ինչպես հում, այնպես էլ տաք վիճակում։ Երկու դեպքում էլ հետաքրքիր ու ախորժելի համադրություններ ստեղծելու շատ տարբերակներ կան։ Եվ երկու դեպքում էլ բույսի օգտակար հատկությունները պահպանվում են (միայն թե պետք է խուսափել շատ երկար խաշելուց)։
Եթե նախապատվություն եք տալիս դիետիկ ուտեստներին, ապա սպանախը կարող եք օգտագործել աղցանի մեջ՝ համատեղելով գազարի, կաղամբի, ոլոռի, լոլիկի, ինչպես նաև հատապտուղների հետ։ Այսպես սպանախն օգտագործում եք թարմ, բնական վիճակում՝ պահպանելով օգտակար նյութերի ողջ պաշարը։
Հեղուկ սննդի սիրահարները կարող են սպանախի և գազարի հյութերի խառնուրդից բանջարեղենային ըմպելիք ստանալ։ Սպանախը հիանալի ձևով համադրվում է նաև մրգերի՝ ավոկադոյի, բանանի, նարնջի հետ։ Այս ըմպելիքներն արագացնում են նյութափոխանակությունն ու օգնում ազատվել ավելորդ ճարպերից։
Իսկ եթե քաշ կորցնելու նպատակ չունեք, սպանախը կարող եք շոգեխաշել, այնուհետև տապակել կարագով կամ բուսական յուղով։ Այս բանջարեղենը հիանալի համադրվում է ինչպես ձվի, այնպես էլ յուղով տապակած սոխի հետ։ Առաջին դեպքում կստանաք համեղ օմլետ, իսկ երկրորդ դեպքում հաճույքով կարող եք ճաշակել այն սխտորով և քամած մածունով։
Սպանախից ըմպելիք կամ ուտեստ պատրաստելու որ տարբերակն էլ նախընտրեք, պետք է հետևել մի քանի պարզ կանոնների։
Նախ՝ սպանախը պետք է մանրակրկիտ լվանալ ու հեռացնել ավելորդ տերևները։
Այն չի կարելի պահել սենյակային ջերմաստիճանում, իսկ սառնարանում խորհուրդ չի տրվում պահել 2 օրից ավելի։ Հակառակ դեպքում բանջարեղենը ոչ միայն կկորցնի իր օգտակար հատկությունները, այլ նաև դրա մեջ կսկսեն ձևավորվել թունավոր, վնասակար նյութեր։
Շոգեխաշել անհրաժեշտ է քիչ ջրով (քանի որ սպանախը նույնպես ջուր է դուրս տալու) և 5-10-րոպեից ոչ ավելի, որպեսզի վիտամինները պահպանեն իրենց հատկությունները։ Չնայած, որ քիչ եփելու արդյունքում սպանախը շարունակում է մնալ օգտակար ու համեղ, այն ճաշակելու լավագույն տարբերակը թարմ, բնական վիճակն է։
Ո՞ր դեպքերում է սպանախը վնասակար (կամ ընդհանրապես վնասակա՞ր է)։
Բոլոր դրական ու բուժիչ հատկություններով հանդերձ՝ որոշ հիվանդություններով տառապող մարդիկ պետք է հրաժարվեն սպանախից կամ նվազագույնի հասցնեն դրա օգտագործումը։
Մարդկանց որոշակի խմբի մոտ սպանախը կարող է առաջացնել ալերգիա, որն արտահայտվում է քթարտադրության, գլխացավի կամ այլ ձևերով։ Սա ոչ այնքան տարածված երևույթ է, բայց բացառել նույնպես պետք չէ։
Այն մարդիկ, ովքեր ունեն երիկամների, լյարդի, լեղապարկի հետ կապված խնդիրներ, պետք է փորձեն այս բանջարեղենը բացառել իրենց սննդակարգից։ Սպանախում պարունակվող թրթնջակաթթուն է, որ կարող է առաջացնել ֆիզիկական ցավ և քարեր ու բարդացնել հիվանդի առողջական վիճակը։
Միզաքարային հիվանդություն և աղափոխանակության խնդիրներ ունեցող մարդիկ նույնպես պետք է զգուշանան սպանախ օգտագործելուց։
Սպանախն ու կանաչեղենն ընդհանուր առմամբ կենսական նշանակություն ունեն մարդու օրգանիզմի առողջ կենսագործունեության համար և պետք է կազմեն ամենօրյա սննդակարգի մի մասը։ Բայց չպետք է մոռանալ, որ նմանատիպ սնունդն ունի ցածր կալորիականություն և կարող է հանգեցնել թուլության, եթե չհամատեղվի սննդարար ու այլ նյութերով հարուստ մթերքի հետ։