Մեքսիկան հայտի է իր տակոներով ու բուրիտոներով, Իտալիան՝ պիցցայով ու պաստայով, Ճապոնիան՝ սուշիով։ Իրենց համի շնորհիվ այս ուտեստները տարածվել են աշխարհով մեկ, և հավանաբար դուք էլ ոչ միայն պատվիրում եք դրանք, այլ նաև ինքներդ պատրաստում տանը։
Այս հոդվածում ներկայացնելու ենք 9 նոր ուտեստներ, որոնց միգուցե ծանոթ չեք, բայց որոնք շատ տարածված են այս կամ այն զբոսաշրջային քաղաքում։
#1 Պուտին, Մոնրեալ
Պուտինը կանադական խոհանոցի արագ պատրաստվող ուտեստ է, որը բնորոշ է Քվեբեկ շրջանին և հատկապես Մոնրեալ քաղաքին։ Հենց Մոնրեալում է սկսել անցկացվել Պուտինի շաբաթ սննդի փառատոնը։ Հիմնական բաղադրիչը կարտոֆիլ ֆրին է, որի վրա ավելացնում են պանրի կտորներ և հատուկ սոուս։
Պանիրներից օգտագործում են չեդեր կամ մոցարելա։ Սոուսը պատրաստելու համար կարագը հալեցնում են տաք թավայի մեջ, ավելացնում ալյուր և խառնում։ Այնուհետև ավելացնում են նախապես քամած տավարի մսի արգանակ և մարմանդ կրակի վրա եփում մինչև թանձրանալը։ Համեմում են աղով և պղպեղով։
Մատուցում են հիմնականում որպես խավարտ ծովամթերքի կամ մսի հետ, ինչպես նաև որպես առաձին ուտեստ, քանի որ արագ հագեցնում է և ունի շատ բարձր կալորիականություն։ Կարելի է գտնել արագ սննդի հայտնի ցանցերում։
#2 Սաբիխ, Թել-Ավիվ
Իսրայելը շատ հայտնի է ֆալաֆելով ու հումուսով, և այս ուտեստները կարելի է գտնել երևանյան այն ռեստորաններում, որոնք ունեն մերձավորարևելյան խոհանոց։ Բայց այս անգամ ձեզ ներկայացնում ենք լիովին նոր ուտեստ, որը յուրաքաչյուր քայլափոխի կարելի է հանդիպել Թել Ավիվում։ Սաբիխ։
Այն սենդվիչ է, որի հիմքում պիտա հաց է կամ լոշիկ, իսկ որպես լցոն օգտագործում են տապակած սմբուկ, խաշած ձու, կացուց աղցան, մաղադանոս, մանգոյի սոուս (ամբա) և թահինի սոուս։
Հավանաբար ձեզ անծանոթ է կացուց աղցանի բաղադրությունը։ Իրականում այն շատ նման է ամառային աղցանին և ներառում է ոչ այլ ինչ, քան մանր կտրատած թարմ վարունգ, լոլիկ, սոխ և բուլղարական պղպեղ։ Համեմում են աղով, ձիապտղի ձեթով, լիմոնի հյութով։
Եթե հայտնվեք Թել Ավիվում, անտարբեր չանցնեք Sabich Frishman և Sabich Tchernichovsky ռեստորանների կողքով, քանի որ, ըստ աղբյուրների, այս երկու վայրերն են պայքարում լավագույն սաբիխն առաջարկողի տիտղոսի համար։
#3 Շնիցել, Վիեննա
Կայսերական Վիեննան զբոսաշրջիկներին գրավում է ոչ միայն պատմական պալատաներով, ամրոցներով ու տաճարներով, այլ նաև նրբահամ ուտեստներով։ Գլխավոր ուտեստը, որն անպայման պետք է ճաշակել այստեղ, շնիցելն է։
Շնիցելը պարզ, բայց սիրված մսային ուտեստ է, որ պատրաստում են հավի, խոզի, հորթի կամ ոչխարի մսի բարակ շերտից։ Համեմում են, թաթախում են հարած ձվի, այնուհետև պաքսիմատի մեջ և տապակում երկու կողմից։ Ստացվում է մսային խռխռթան ուտեստ, որը մատուցում են կիտրոնով և կարտոֆիլով։
Վիեննական խոհանոցը նաև նրբահամ աղանդերի՝ խնձորով շտրուդելի և Սաքեր կոչվող շոկոլադե տորթի հայրենիքն է։ Վիեննան սիրված զբոսաշրջային քաղաք է հայերի համար, ու եթե որոշել եք մեկնել եվրոպական այս ուղղությամբ, ձեր ցուցակում ավելացրեք վիեննական շնիցել ուտելը և Շտրաուսի վալսի հնչյունների ներքո վիեննական աղանդեր վայելելը։
Եթե ցանկանում եք զգալ վիեննական համը Երևանում, պատվիրեք հավի կրծքամսով շնիցել կամ խնձորով ու դարչինով թխվածք Foody-ի խոհանոցից։
#4 Պինչո, Սեն Սեբաստիան
Սան Սեբաստիանը քաղաք է Իսպանիայում և պինչո ուտեստի հայրենիքը։ Այն փոքր բուտերբրոդ է, թեթև ուտեստ, որ մատուցում են գինու կամ գարեջրի հետ իսպանական բարերում։
Պինչոյի հիմքում բագետ հացի կտորն է, որի վրա տեղադրում են տարբեր խորտիկներ՝ ձուկ և ծովամթերք, ձվածեղ, լցոնած պղպեղ։ Բաղադրիչները հացի կտորին ամրացնում են փայտիկի միջոցով։
Պինչոն նման է բրուսկետաների, որոնք կարելի է ուտել ընդամենը 1-2 պատառով։ Սակայն պինչոյի պարագայում վերին շերտի բաղադրիչները պատրաստելը հիմնականում շատ ժամանակատար է՝ ի տարբերություն բրուսկետայի, որի վրա տեղադրում են, օրինակ, վարունգ, լոլիկ, կանաչի, պանիր և պատրաստում հաշված րոպեների ընթացքում։
Իսկ երբ մտածեք, թե ինչ աղանդեր կարելի է համտեսել սուրճի հետ, ապա պատասխանը միանշանակ կլինի Սան Սեբաստիան չիզքեյք։ Միանգամից ուղևորվեք La Viña ռեստորան, որտեղ էլ սկսվել է այս նրբահամ թխվածքի պատմությունը։ Հիմնական բաղադրիչներն են՝ սերուցք, սերուցքային պանիր, ալյուր, ձու, շաքարավազ։ Սովորական չիզքեյքից տարբերվում է նրանով, որ թխվում է բարձր ջերմաստիճանի տակ։ Ընթացքում վերին շերտն այրվում է ու դառնում շագանակագույն, իսկ ներսը մնում է փափուկ ու կրեմային։ Սան Սեբաստիան չիզքեյքը նաև սովորաբար չի պարունակում վանիլի, լիմոնի կամ այլ համեր։
#5 Սմյորեբրյոդ, Կոպենհագեն
Սմյորեբրյոդը, ինչպես նկատում եք անվանումից, բուտերբրոդի տեսակ է, որը բառացիորեն թարգմանվում է «կարագ և հաց»։ Հիմնական բաղադրիչներն են՝ տարեկանի հաց, մսամթերքի շերտ (պրոշուտո, վետչինա), թարմ մսի կամ ձկան շերտ, կարագ կամ պանիր, բանջարեղեն։
Բաղադրիչներից էլ կարելի է ենթադրել, որ հասանելի են սմյորեբրյոդի հարյուրավոր բաղադրատոմսեր ու համադրություններ։ Ահա դրանցից մի քանիսը․
- տարեկանի սև հաց, լյարդի պաշտետ, աղ դրած տավարի մսի շերտ, դոնդողի շերտ (холодец), սոխի օղակներ, կոտեմ
- տարեկանի սև հաց, ապխտած օձաձուկ, հարած ձու, բողկ
- տարեկանի կամ սպիտակ հաց, ձու, ծովախեցգետին, լոլիկ, մայոնեզ, լիմոն, կոտեմ
Կոպենհագեն այցելելիս նաև անպայման պետք է փորձել դանիական կոլոլակները՝ ֆրիկադելները։
#6 Չորիպան, Բուենոս Այրես
Այժմ ուղևորվենք տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու և ուսումնասիրենք արգենտինական խոհանոցը։ Չորիպանն առաջին հայացքից հիշեցնում է հոթ-դոգ։ Այն սենդվիչ է, որ ներառում է տավարի կամ խոզի մսից պատրաստված նրբերշիկ և բագետ հաց։ Ըստ ցանկության համեմում են չիմիչուրի հատուկ սոուսով՝ պատրաստված մաղադանոսից, օրեգանոյից, սխտորից, ձիթապտղի ձեթից և քացախից։
Եթե ֆուտբոլի սիրահար եք և որոշել եք մի օր այցելել Բուենոս Այրես, ապա մարզադաշտում անպայման կտեսնեք չորիպանի վաճառասեղան։ Չորիպանը նաև համարվում է փողոցային սնունդ, քանի որ այն կարելի է գնել արագ սննդի կետերից և ուտել՝ զբոսնելով քաղաքով։ Իսկ երբ հերթը հասնի աղանդերին, անպայման համտեսեք ալֆախոր թխվածքաբլիթները՝ կլոր բլիթներ, որոնք միանում են խտացրած կաթի կամ ջեմի շերտով։
#7 Բույաբես, Մարսել
Ինչպիսի՞ ուտեստով կարող է հռչակված լինել նավահանգստային քաղաքը, եթե ոչ ձկնային։ Մարսելը Ֆրանսիայի և ողջ Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգիստն է, իսկ քաղաքի ամենահայտնի ուտեստը՝ Բույաբես ապուրը, սկսել են պատրաստել հենց ձկնորսները։
Ժամանակի ընթացքում բաղադրատոմսը կատարելագորվել է, և այսօր ապուրը պատրաստում են նաև թանկարժեք ձկնատեսակներից և մատուցում որպես ճոխ ուտեստ։ Ըստ հին խոհարարական գրքերի՝ այն պատրաստելու համար անհրաժեշտ է օգտագործել առնվազն 40 տեսակի ձուկ։
Ապուրը կարող է ներառել ինչպես ձկնատեսակներ, այնպես էլ վագրային ծովախեցգետիններ և միդիաներ, պարտադիր է նաև օգտագործել բանջարեղեն ու համեմունքներ՝ դափնու տերև, շաֆրան և այլն։ Իսկական վայելք ծովամթերքի սիրահարների համար։
#8 Ֆո, Հանոյ
Եթե արևելյան խոհանոցի սիրահար եք, ապա ձեզ դուր կգա վիետնամական խոհանոցի այս ուտեստը՝ լապշայով ապուր, որը մատուցում են տավարի, հավի կամ ձկան կտորներով։ Զարդարում են կանաչ ռեհանով, անանուխի տերևներով կամ լայմով։
Լապշան հիմնականում պատրաստում են բրնձի ալյուրից։ Առանձնակի կարևորություն ունի արգանակը, որը պատրաստում են տավարի կամ հավի ոսկորոտ մսից։ Համեմում են տարբեր բաղադրիչներով՝ կոճապղպեղ, տապակած սոխ, դարչին, մեխակ և այլն։
Ուտեստն առաջացել է Հյուսիսային Վիետնամում, բայց հետազոտողները դժվարանում են ասել՝ Հանո՞յ քաղաքում, թե՞ այլ։ Այնուամենայնիվ, ապուրն ավելի շատ ասոցացվում է Հանոյի հետ և հենց քաղաքի գլխավոր այցեքարտն է։
#9 Չիզսթեյք, Ֆիլադելֆիա
Ֆիլադելֆիա չիզսթեյք, չիզսթեյք սենդվիչ, սթեյք և պանիր․ այս սենդվիչն ունի տարբեր անվանումներ։ Այն Ֆիլադելֆիա քաղաքի ամենահայտնի ուտեստն է և համարվում է արագ սնունդ։
Սենդվիչի բաղադրիչներն են՝ երկար հաց, բարակ կտրատած բիֆշտեքսի փոքր կտորներ, հալած պանիր (պրովոլոն կամ ամերիկյան պանիր)։ Գոյություն ունեն նաև սենդվիչի տարբեր տարատեսակներ։ Օրինակ՝ չիզսթեյքը երբեմն զարդարում են սնկով կամ տավարի մսի փոխարեն երբեմն օգտագործում են հավի միս։
Այս ուտեստը մեր ցանկի ամենաառողջների դասին չի պատկանում։ Բայց եթե հասնեք Ֆիլադելֆիա, ապա մեկ անգամ կարելի է շեղվել առողջ սննդակարգից և համտեսել այն։
Նշված ուղղություններով ճամփորդելիս խորհուրդ ենք տալիս անպայման փորձել մեր առանձնացրած տեղական ուտեստները։ Այդպիսով քաղաքները կբացահայտեք նաև գաստրոնոմիկ տեսանկյունից և ավելի կմոտենաք տեղի բնակչության սովորույթներին ու մշակույթին։ Բոլորին հետաքրքիր ճամփորդություններով լի ամառ ենք մաղթում։