Արշավների և էքսկուրսիաների շրջանը շարունակվում է, և դժվար է գտնել այնպիսի մարդու, ով այս օրերին չի ուղևորվել քաղաքից դուրս։
Ամենաճամփորդասերների համար կազմել ենք այն իրերի ցանկը, որոնք թեև շատ անհրաժեշտ են, բայց մարդիկ երբեմն մոռանում են դրանք ընդգրկել իրենց ուղեպայուսակներում։
Անկախ այն փաստից՝ ճամփորդում եք համակուրսեցիների, թե թիմակիցների հետ, անձնական մեքենայով, թե խմբակային ավտոբուսով, մենք ձեզ կօգնենք զինվել ճամփորդությունների համար կենսական պարագաներով։
#1 Ածուխ, փայտ, լուցկի/կրակայրիչ
Այս ամենն անհրաժեշտ են լինելու խարույկ վառելու և կրակի վրա սիրելի խորովածը պատրաստելու համար։ Փայտը գնեք նախապես կտրատված վիճակում կամ ձեզ հետ ունեցեք փոքր կացին, որպեսզի տեղում գտնեք փայտեր և կտրատեք։ Իսկ եթե պատրաստվում եք ծնունդ նշել, կրակայրիչը նույնպես ավելացրեք ձեր գնումների ցանկանում։ Որովհետև շատ հավանական է, որ վերցնեք մոմերը, իսկ դրանք վառելու հարմարանքն անտեսեք։
#2 Ձեռնոցներ
Հագուստի այս տեսակը ձեզ անհրաժեշտ կլինի, եթե պատրաստվում եք կրակի մոտ սնունդ պատրաստել, ծառ կամ սար բարձրանալ կամ անել այլ գործողություն, որի ընթացքում հնարավոր է վնասել ձեռքերը։
#3 Արևապաշտպան կրեմ, գլխարկ, ակնոց
Մարդկանց մեծ մասն ուղևորվում է քաղաքից դուրս, որպեսզի խուսափի շոգից։ Բայց պետք է հիշել, որ նույնիսկ ամենազով հանգստյան գոտիներում ցերեկային արևը կարող է կիզիչ ու վտանգավոր լինել։ Ավելի հեշտ է օգտվել արևապաշտպան կրեմից, գլխարկից և ակնոցից, քան հետո պայքարել այրող արևի առաջացրած հետևանքների դեմ՝ չորացած ու թեփոտված մաշկ, կարմրություն, այտուցներ և այլն։
#4 Սառույցով ջուր
Արշավների ժամանակ կամ պարզապես քաղաքից դուրս գնալիս ջուրը երբեք շատ չի լինում, հատկապես՝ սառույցով ջուրը։ Ծորակից լցված ջուրը շշի մեջ շատ արագ տաքանում է արևի տակ, իսկ խանութներ և աղբյուրներ ոչ միշտ են հասանելի։ Ձեզ հետ վերցերք սառցախցիկում նախապես տեղադրված ջրով լի շիշ՝ յուրաքանչյուր անձի համար երեք լիտր չափաբաժնով։
Սովորական օրերին մենք հիմնական շատ քիչ ջուր ենք խմում, բայց արշավային օրերին երեք լիտրն այնքան էլ շատ չի թվա։ Չէ՞ որ պատրաստվում եք երկար քայլել, տեսարժան վայրեր այցելել, արևի տակ սնունդ պատրաստել և պիկնիկ կազմակերպել․․․
#5 Դեղորայք
Եթե այցելելու եք բնակելի տարածքից հեռու վայր, անպայման վերցրեք հետևյալ դեղամիջոցներն ու բժշկական պարագաները՝
- սրտխառնոցի դեղամիջող (սրտխառնոց կարող է առաջանալ երկար ճանապարհից)
- ստամոքսի դեղամիջոց (օրինակ՝ ակտիվացրած ածուխ)՝ մարսողությունը բարելավելու և ստամոքսի ծանրությունը մեղմացնելու համար (ծանր սնունդ ուտելու հետևանքով հնարավոր է, որ ստամոքսում ծանրություն առաջանա)
- ցավազրկող (ոչ ոք ապահովված չէ գլխում կամ մարմնի այլ հատվածում առաջացող ցավից)
- բամբակ, յոդ, առաջին օգնության կպչուն ժապավեն (հատկապես անհրաժեշտ կլինի եթե ճամփորդում եք երեխաների հետ)
#6 Փոխնորդ հագուստ
Նույնիսկ եթե մի քանի ժամով եք մեկնում քաղաքից դուրս, ձեզ հետ ունեցեք հավելյալ հագուստ։ Հնարավոր է, որ ձեր հագուստը կեղտոտվի, թրջվի կամ սկսի ձեզ անհարմարություն պատճառել։
#7 Երկար պահպանվող և պահպանման համար հատուկ պայմաններ չպահանջող մթերք
Քաղաքից դուրս ուղևորվելիս խուսափեք ձեզ հետ վերցնել հետևյալ պրոդուկտները․
- Կրեմային թխվածք և աղանդեր,
- Կաթնամթերք,
- Աղացած մսով ուտեստներ,
- Սունկ պարունակող ուտեստներ և այլն
Այստեղ կարող եք ծանոթանալ ՀՀ առողջապահության նախարարության հրամանին, որտեղ ներկայացված է հատկապես արագ փչացող սննդամթերքի ցանկը, պահպանման առավելագույն ժամկետը և ջերմաստիճանը։
Փոխարենը փորձեք սնունդ պատրաստել տեղում խարույկի կամ մանղալի վրա՝ օգտագործելով բանջարեղեն, նրբերշիկ, միս։ Իսկ արագ նախաճաշի համար կարող եք օգտվել հետևյալ տարբերակներից՝
- խաշած ձու,
- լոլիկով, վարունգով, կանաչիով աղցան,
- պանրով, խոզապուխտով սենդվիչ,
- չոր թխվածքաբլիթներ,
- հաց, լավաշ,
- պահածոներ,
- միրգ (այս ամենը՝ ապահով փաթեթավորված, ցանկալի է՝ պլաստմասե տարաների մեջ, որպեսզի մեքենայի մեջ չվնասվեն)
#8 Նախապես լվացած բանջարեղեն և նախապես համեմած միս
Եթե ուղևորվում եք դեպի բնության գիրկը, որտեղ մոտակայքում չկա հոսող ջուր կամ համեմելու համար հարմար պայմաններ, ապա անպայման նախապես լվացեք օգտագործվող բանջարեղենը, համեմեք միսը, որպեսզի անհարմար դրության մեջ չհայտնվեք։ Կամ պարզապես վերցրեք ձեզ հետ Foody-ի համեմված խորովածի բազմազան մսերից։
#9 Տախտակ, սուր դանակ, բացիչ
Եթե ժամանակն անցկացնելու եք բնության գրկում, որտեղ կահույք և խոհանոցային պարագաներ չկան, ձեզ հետ վերցրեք տախտակ ու սուր դանակ բանջարեղենը, պանիրը, մրգերը կտրելու համար և բացիչ՝ ապակյա շշերը բացելու համար։
#10 Մեկանգամյա օգտագործման սպասք
Խոսքն այստեղ ոչ այնքան անհատական ափսեների, բաժակների ու դանակ-պատառաքաղներ մասին է, որքան ընթրիքը մատուցելու համաև նախատեսված փայլաթիթեղյա մեծ տարաների։
Տանից կաթսաները վերցնելն ընդհանրապես նպատակահարմար չէ, քանի որ դրանք մեծ տեղ են զբաղեցնում, ծանր են և հետո ստիպված եք լինելու լվանալ դրանք։ Իսկ փայլաթիթեղյա տարաների մեջ կարող եք մատուցել պատրաստի սնունդը, այնուհետև թղթե կափարիչով ծածկել և չսպառված սնունդն ապահով ձևով տեղափոխել տուն։
#11 Աղբի տոպրակներ
Զբոսաշրջիկների թողած աղբը հսկայական վնաս է բնությանն ու օդին։ Ձեզ հետ վերցրեք աղբի մեծ տոպրակներ և փորձեք տեղում տեսակավորել աղբը։
#12 Ճամփորդական բարձ
Եթե պատրաստվում եք երկար ճանապարհ գնալ կամ պարզապես սիրում եք հարմար տեղավորվել մեքենայի մեջ, ճամփորդական բարձ միանշանակ արժե վերցնել։
#13 Թաց և չոր անձեռոցիկ
Թաց և չոր անձեռոցիկների անհրաժեշտությունը կզգաք ինչպես անձնական հիգիենայի համար, այնպես էլ սեղանի շուրջ սնվելու ժամանակ։
#14 Խաղեր
Քաղաքից դուրս գնալիս չպետք է մոռանալ ժամանցի մասին։ Այն կարող եք ապահովել ինչպես սեղանի, այնպես էլ օնլայն խաղերի միջոցով, որոնք հասանելի են ձեր հեռախոսում։
Եթե նախընտրում եք ակտիվ և որակյալ հանգիստ, ապա հիանալի տարբերակ է նաև տրամաբանական հարցեր և ինտելեկտուալ փոքրիկ խաղեր պատրաստելը։ Հատկապես թիմային միջավայրում և մեծ խմբերում դրանք շատ հետաքրքիր ու թարմացնող են։
#15 Կիթառ/երգացանկ
Կիթառը դարձել է բազմաթիվ արշավների անբաժան մասը։ Երեկոյան ընթրիքից հետո կարող եք միավորվել խարույկի կամ թեյի սեղանի շուրջ և վայելել կենդանի երաժշտություն ձեր խմբի կիթառահարի հեղինակությամբ։ Իսկ եթե ճամփորդում եք առանց երաժշտական գործիքի, նախապես կազմեք ցանկն այն երգերի, որոնք ընդունելի են բոլորի համար, որպեսզի դրանք վայելեք և՛ ճանապարհի ընթացքում, և՛ հանգստի ժամանակ։
#16 Լիցքավորված հեռախոս և ֆոտոխցիկ
Լուսանկարվելը, տեսանյութեր հրապարակելն ու լայվ միացումներ կատարելը ժամանակակից ուղևորությունների անբաժան մասն են։ Համոզվեք, որ ձեր տեսախցիկի մարտկոցը մինչև վերջ լիցքավորված է, իսկ ձեր հեռախոսը՝ էներգիայով և ինտերնետով ապահովված։
#17 Լուսարձակ
Հեռախոսները արդեն վաղուց փոխարինել են լուսարձակներին, բայց արշավային օրվա վերջում հեռախոսների մարտկոցները լիցաքաթափվում են, իսկ խարույկի շուրջ լուսարձակներ հաստատ պետք կգան։
#18 Թերմոս
Բնության գրկում սուրճ կամ թեյ պատրաստելը ոչ միշտ է հարմար։ Եթե չեք նախատեսում ձեզ հետ վերցնել գազի փոքր բալոն, իսկ մոտակայքում գազօջախ չի լինելու, ապա սուրճ և թեյ կարող եք պատրաստել թերմոսում պահպանվող տաք ջրով։
Ամառը մեզ ընձեռում է բնության գրկում լինելու և մեր հանրապետության չքնաղ անկյունները բացահայտելու հնարավորություն։ Այս հոդվածքով մենք փորձեցինք օգնել ձեզ ձեր ուղևորությունները լիարժեք դարձնելու հարցում։
Կարևոր է ոչ միայն վերցնել վերը նշված անհրաժեշտ իրերը, այլ նաև ազատվել այն պարագաներից, որոնք տեղին չեն քաղաքից դուրս գնալու համար։ Այդպիսի իրերի շարքին են դասվում թանկարժեք զարդերը, չափից շատ կոսմետիկան, կոտրվող ապրանքները (օրինակ՝ ապակյա իրեր) և այլն։ Թող ձեր օրը հագեցած լինի մինիմալ, բայց ամենակարևոր իրերով։
Արշավների և ուղևորությունների սիրահարների համար Foody-ն մշակել է մենյուի հատուկ բաժին՝ պիկնիկ։ Այստեղ կարող եք ծանոթանալ այն ուտեստների ցանկին, որոնք շատ հարմար են քաղաքից դուրս տանելու և տեղում պատրաստելու համար՝ համեմված խոզի միս, համեմված տավարի սուկի, հավի կամ տավարի մսից քաբաբի ֆարշ։