Գաթայի պատմությունը․ բացահայտումներ սիրված քաղցրավենիքի մասին

Ամենևին էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ գաթան սիրված ու շատ հաճախ պատրաստվող հրուշակեղեն լինելուց բացի՝ նաև մեր ավանդույթներն ու պատմության յուրահատուկ դրվագներն է բացահայտում։ 

«Ի՞նչ է նշանակում «գաթա» բառը», «հայերն ի՞նչ հավատալիքներ են ունեցել գաթայի հետ կապված», «ինչո՞ւ և ինչպե՞ս են գաթայի վրա հատուկ նախշեր արվել․ այս ու բազմաթիվ այլ հարցերի պատասախանները գտնելու ցանկությունը դրդեց մեզ ուսումնասիրել գաթայի վերաբերյալ եղած ինֆորմացիան և մանրամասներ իմանալ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Հմայակյանի հետ զրույցի ընթացքում։ 

«Գաթա» բառի ծագման առեղծվածը

Գաթայի հետ կապված ամենաբարդ հարցերից մեկը բառի ստուգաբանությունը պարզելն է։ Կան վարկածներ, սակայն «գաթա» բառի ճշգրիտ ծագման հետ կապված հարցը դեռևս բաց է մնում։ 

Առաջին անգամ գաթայի մասին հիշատակել է Վարդան Այգեկցին իր «Խոզը և գաթան» առակում։ 

Պատմաբան Հասմիկ Հմայակյանը նշում է, որ ակնհայտ է՝ գաթան լայն կիրառություն է ունեցել ծիսատոնական համակարգում, սակայն հին մատենագրության մեջ չկան վերջինիս մասին հիշատակություններ։ 

Սա պարադոքսալ երևույթ է, որը միևնույն ժամանակ բավականին հաճախ է հանդիպում հայոց լեզվում․ մի շարք բառեր, բառարմատներ, երևույթներ, որոնք թվում է, թե պետք է հնագույն ժամանակներից վկայակոչված լինեին, պահպանվել են փոխառյալ տարբերակով, իսկ բնիկ հնդեվրոպական տարբերակները չեն պահպանվել հին մատենագրության մեջ: 

Ժամանակին բառի հնարավոր ստուգաբանություններից մեկը «կաթ»-ն էր, որը ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը հերքեց իր աշխատություններից մեկում։

Գաթան նմանեցնում էին նաև ֆրանսերեն “gâteau” (թարգմանաբար նշանակում է թխվածք) բառին, որն ամենայն հավանականությամբ պատահական համընկնում է։

Մեզ հետ զրույցում Հասմիկ Հմայակյանը կիսվեց վերջին տարիներին իր կատարած ուսումնասիրությունների արդյունքներից մեկով՝ նշելով, որ գտել է «գաթա» բառի զուգահեռ ձևը։

Մեռած լեզուներից մեկում՝ խեթերենում, որով խոսել են հայկական լեռնաշխարհի հարակից տարածքներում ապրող ժողովուրդները, կար «գատայի» բառը, որը գաղափարագրով նշանակում է հաց:

Այստեղ տեղին է հիշել, որ խեթական սեպագիր արձանագրություններում հիշատակվել է 130-ից ավելի հացատեսակների մասին: Նրանց, ինչպես նաև մեր ու աշխարհի բազմաթիվ ժողովուրդների տոնածիսական համակարգում հացը շատ կարևոր նշանակություն ուներ:

Այսպիսով, շատ հնարավոր է, որ «գաթա» բառը փոխառվել է խեթերենից, սակայն անկասկած է, որ հնագույն երևույթ է և ունի ծիսական արմատներ։

Գաթայի հետ կապված հավատալիքներն ու ավանդույթները 

Գաթա պատրաստել և մինչ օրս էլ պատրաստում են գրեթե բոլոր տոների ժամանակ։ Հնուց ի վեր այն զարդարել է նշանդրեքի, հարսանիքի, Նոր տարվա, Բարեկենդանի և շատ այլ տոների սեղանները։

Նախկինում այն պատրաստել են մեղրով ու դոշաբով, իսկ այժմ առավելապես շաքարավազն է օգտագործվում։ Գաթայի բազմաթիվ տարատեսակները տարբեր ձևեր ու չափեր են ունեցել՝ յուրաքանչյուրն իր իմաստով ու կիրառությամբ։ 

Այսպես օրինակ՝ Սեբաստիայում նշանդրեքից հետո՝ մինչև հարսանիք ընկած ժամանակահատվածը, փեսայի կողմից հարսի տուն ուղարկվում էր մեծ փախլավա, որի վրա դրվում էր մի քանի փոքր գաթա՝ որպես ապագա երջանիկ ընտանիքի և քաղցրության սիմվոլ։ 

Գաթայի հետ կապված յուրահատուկ ավանդույթ կար նաև Նոր Նախիջևանում, որտեղ միշտ հետևողական էին ազգային արժեքների հանդեպ։ Այստեղ թխում էին հատուկ գաթա, որը կոչվում էր Թել գաթա (անվան ծագումը ամենայն հավանականությամբ խմորի բաղադրությանն է վերաբերում)։

Հարսանիքից մի քանի օր առաջ մեծ պարկերով ալյուր, շաքար և յուղ էին հավաքում, կանչում բարեկամ և հարևան կանանց, որ բոլորը միասին թխեն գաթան:

Ամեն մեկը գալիս էր իր օխլավայով (փոխառված բառ, նշանակում է երկար, բարակ գրտնակ) և մասնակցում գաթայի թխման ընթացքին։ 

Իսկ երբ այն արդեն պատրաստ էր, փեսայի բարեկամ երիտասարդ տղաները գաթաները տեղավորում էին խուրջինների մեջ, ձիեր էին հեծնում ու հերթով այցելում հարազատների տներ և նման գեղեցիկ ու խորհրդանշական ձևով հրավիրում հարսանիքին:

Կարելի է ասել, որ այսկերպ գաթան փոխարինում էր մերօրյա հրավիրատոմսին:

Գաթայի հետ կապված հնագույն ավանդույթներ կային նաև Վանում։ Հարսանիքից առաջ, այն մեծ տաշտի շուրջ, որտեղ պետք է պատրաստվեր գաթայի խմորը, մոմեր էին վառում։ Սա հնագույն ծիսական արմատներ ունեցող արարողություն է, որը վերաիմաստավորվել է և հետագայում մեկնաբանվել որպես հարսի՝ մոմի պես միշտ վառ լինելու խորհրդանիշ։

Գաթան անպակաս էր նաև Նոր տարվա սեղանից։ Հասմիկ Հմայակյանի խոսքով Նոր տարուն կլոր գաթա թխելը և նրա մեջ մատանի կամ մետաղադրամ դնելը բավականին տարածված էր Գյումրիում։

Համարվում էր, որ ընտանիքի այն անդամը, որին բաժին կհասներ մետաղադրամը կամ մատանին պարունակող գաթայի կտորը, կունենար հաջողակ տարի։ Իսկ տվյալ իրը նա իր մոտ պետք է պահեր ողջ տարվա ընթացքում։

Այս սովորույթը տարածված էր նաև Հին Երևանում: Որպես տարվա ամիսների սիմվոլ՝ գաթան կտրում էին 12 մասի և բաժանում ընտանիքի անդամներին։

Ամանորին տարածված էր նաև փոքրիկ գաթաներ թխելու սովորույթը։ Այդ գաթաների մեջ փոսիկ էին անում և տալիս էին երեխաներին: Նրանք դրանց մեջ ցորենի հատիկներ էին լցնում և գաթաները դնում էին տան տանիքին, որ թռչունները գան կտցահարեն: 

Շատ հետաքրքրական է, որ գաթան կիրառվել է նաև բուժական նպատակներով։

Երբ երեխան ուշ էր քայլում, մայրը թխում էր կլոր գաթա, միջուկը հանում էր, գաթան երեխայի ոտքերին էր անցկացնում, մյուս գաթաները տալիս էր երեխաներին, որ վերցնեն ու վազեն, որ չքայլող երեխան տեսնի և ինքն էլ ուզենա վազել նրանց ետևից:

Իհարկե, սրանք գաթայի հետ կապված ավանդույթների ու հավատալիքների փոքր մասն են միայն, որոնք, սակայն, փաստում են՝ գաթան ունեցել է հաջողության, բարեկեցության, երջանկության, քաղցրության, հիվանդություններից բուժելու, առատության խորհուրդ։

Պատահական չէ, որ ասում են՝ «տատն ամեն օր գաթա չի թխի» կամ «պապն ամեն օր գաթա չի ուտի»՝ այսինքն ամեն անգամ հաջողություն չի լինի։ 

Գաթայի վրա արված նախշերի խորհուրդը

Որքան առանձնահատուկ ու հետաքրքիր են գաթայի հետ կապված ավանդույթներն ու հավատալիքները, նույնքան էլ հետաքրքիր է գաթայի նախշազարդումը, որը յուրահատուկ խորհուրդ ունի։ 

Գաթայի վրա նախշերն արվել են հատուկ գործիքի՝ գաթանախշիչի օգնությամբ, որը հիմնականում պատրաստված է եղել փայտից և կավից։ 

Հաճախ հանդիպող սիմվոլներից են եղել երկնային լուսատուների պատկերները, որոնք կապվել են լուսնային կամ արևային պաշտամունքի հետ։ Քրիստոնեկան շրջանում առավել գերակշռող է դառնում խաչի սիմվոլիկան։

Շատ հաճախ թխվել է հենց կլոր ձև ունեցող գաթա, ինչը խորհրդանշել է տարին։ 

Կա նաև վարկած այն մասին, որ տարբեր ընտանեկան տոհմերն ունեցել են իրենց առանձնահատուկ նշաններով գաթանախշիչները և երբ տոների ժամանակ փոխանակվել են գաթաներով, հնարավոր էր պարզել, թե որ գաթան որ տոհմինն է և համից դատելով՝ ընտրել ապագա հարսին, ինչը ենթադրաբար չափազանցություն է։ 

Այժմ Հայաստանի փայտարվեստի թանգարանում պահպանվում են գաթանախշիչների նմուշներ, ուստի կարելի է գնալ և սեփական աչքերով տեսնել, թե ինչ տեսք ունեին այս յուրահատուկ խոհարարական գործիքները։ 

Վստահ ենք, որ գաթայի վերաբերյալ ստացած այս ինֆորմացիան նորովի բացահայտեց այս քաղցրավենիքը ձեզ համար և հաստատ ցանկություն առաջացրեց գաթայով թեյ կամ սուրճ ըմպելու։ Հենց դրա համար էլ այստեղ է մեր անչափ համեղ գաթան, որը կարող եք պատվիրել կիսապատրաստի վիճակում, թխել ջեռոցում և վայելել ոչ միայն համը, այլ նաև տանը տարածվող անուշ բույրը։ Պատվիրելու համար սեղմեք այստեղ։