Ինչու՞ է առաջանում քնկոտություն օրվա ընթացքում։ Պատճառները և հաղթահարման տարբերակները

Քնկոտության առաջացման պատճառները բազմազան են՝ սթրեսից և դեղամիջոցների ընդունումից մինչև գիշերային աշխատանք և ջեթլագ (ժամային գոտին փոխելու հետևանքով առաջացող համախտանիշ)։

Այստեղ կարևոր է հոգնածությունը չշփոթել քնկոտության հետ։ Հոգնած մարդը կարող է պարզապես նստել կամ պառկել և հանգստանալ, իսկ քնկոտության դեպքում մարդը ցանկանում է հենց քնել և նստելով/պառկելով չի վերականգնվում։ 

Այս հոդվածում ներկայացնելու ենք քնկոտությանը նպաստող 7 տարածված պատճառ, որոնց դուք նույնպես հաստատ առնչվել եք։ 

  1. Սննդային վատ սովորություններ

Քնկոտությանը նպաստում են սննդային բոլոր բացասական սովորությունները, որոնց մենք հետևում ենք՝

-խիստ սահմանափակումներով սննդակարգերի ընդունում,

-սննդի բացթողում (հատկապես նախաճաշի),

-թերսնուցում կամ գերսնուցում

-անառողջ սննդի ընդունում և այլն

Էներգիայի լավագույն աղբուր են առողջ ածխաջրերը՝ ամբողջահատիկները և դրանցից պատրաստված մթերքը, մրգերը, բանջարեղենը։ Վատագույն աղբյուրը շաքարի բարձր քանակով սնունդն է, որը արագորեն բարձրացնում է շաքարի մակարդակը և տալիս էներգիա, իսկ ընդամենը 20-30 րոպե անց մենք կրկին քաղցած ենք և ավելի քիչ էներգիա ունենք։ 

Սա չի նշանակում, որ չպետք է ուտել տորթեր, սպիտակ հաց կամ կոնֆետներ։ Պարզապես պետք է հետևել, որ, օրինակ, տորթը չլինի մեր լանչի միակ սնունդը կամ միջուտեստների պակասը չլրացնենք միայն կոնֆետներով ու թխվածքաբլիթներով։ 

Որպեսզի ձեր նախաճաշը, ճաշը և ընթրիքը լինեն հագեցնող, կարդացեք մեր մյուս հոդվածները՝

Ի՞նչ տանել աշխատանքի․ լանչի 12 գաղափար, երբ չգիտես, թե ինչ պատրաստել

Պատրաստում ենք սենդվիչներ և բուրգերներ like a pro

  1. Ֆիզիկական ակտիվության պակաս

Մարզասրահ հաճախող ձեր ընկերներին հարցրեք, թե ինչպես են իրենց զգում մարզասրահից դուրս գալուց հետո։ Նրանք կպատասխանեն, որ լցվում են էներգիայով և պատրաստ են օրվա ընթացքում հասցնել իրենց բոլոր գործերը։ 

Ֆիզիկական ակտիվության ընթացքում մեր ուղեղն արտադրում է էնդորֆին հորմոններ, որոնք մեզ առույգացնում ու ուրախացնում են։

Չլինելով ֆիզիկապես ակտիվ՝ մենք ոչ թե պահպանում ենք մեր էներգիան, այլ ընդհակառակը՝ սպառվում ենք։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ օրվա ընթացքում այս կամ ձևով ապահովեք մարմնի շարժունակությունը։

Մարզասրահ հաճախելը կարելի է փոխարինել մարմնամարզանքով, զբոսանքով, մարմնի ձգումներով և այլն։ Այս կետին հատուկ ուշադրություն պետք է դարձնեն հատկապես ճարպակալում ունեցող և նստած աշխատող մարդիկ։ 

Խորհուրդ․ Եթե աշխատավայրում եք և ունեք քնկոտության զգացողություն, փորձեք հետևել այս կետերին՝

-խմեք սուրճ,

-լսեք ակտիվ երաժշտություն,

-դեմքը ցողեք սառը ջրով,

-կերեք էներգետիկ միջուտեստ՝ սպիտակուցային սալիկ, չիր, բանան,

-վեր կացեք աշխատասեղանի մոտից և մի փոքր քայլեք (որպեսզի արյունը սկսի հոսել),

-բացեք պատուհանները և թույլ տվեք, որ մաքուր օդն ու արևի լույսը ներթափանցեն աշխատասենյակ

-ֆիզիկական թեթև վարժություններ կատարեք

  1. Վիտամինների և հանքանյութերի պակաս

Քնի համար հիմնականում պատասխանատու են D և B12 վիտամիններն ու երկաթ, կալիում, մագնեզիում հանքանյութերը։

Քանի որ Հայաստանը չունի ելք դեպի ծով և թարմ ծովամթերքի պաշարներ, մեզ համար բարդ է սննդի միջոցով վիտամին D ստանալը։ Այս վիտամինը սննդի մեջ հանդիպում է հենց ծովամթերքում։ Պակասն անհրաժեշտ է լրացնել մաքուր օդում արևի տակ զբոսնելով (առանց արևապաշտպանների)։ 

Բայց սա էլ իր խնդիրներն ունի։ Օրինակ՝ տարբեր գույնի մաշկ, տարբեր տարիք, տարբեր քաշ ունեցող մարդիկ տարբեր արդյունավետությամբ են կլանում արևի լույսը, իսկ առանց արևապաշտպանի արևի տակ գտնվելը բազմաթիվ այլ վնասակար ազդեցություններ ունի։ Հնարավոր է, որ բավարար ժամանակ անցկացնեք դրսում արևոտ եղանակին, բայց վիտամին D-ի ցուցանիշը ցածր լինի։

Եթե քնկոտությունից բաց ունեք նաև այլ ախտանշաններ՝ մկանային թուլություն ու ցավ, մազաթափություն, ախորժակի կորուստ, տրամադրության անկում, ապա անհրաժեշտ է հանձնել վիտամին D-ի անալիզ երակային արյան միջոցով և դեֆիցիտի պայմաններում սկսել ընդունել հաբեր։ 

B12-ով հարուստ են միսը, ձուկը, կաթնամթերքը, պանիրը, երկաթով՝ միսը, մուգ տերևավոր բանջարեղենը, ամբողջահատիկ հացը, չրեղենը, ընկուզեղենը։ 

  1. Մռայլ, անձրևային եղանակ

Լիովին բնական է, եթե ամպամած կամ անձրևոտ եղանակին չեք ցանկանում անկողնուց վեր կենալ, իսկ եթե այդ եղանակին աշխատում եք, ցանկանում եք տուն գնալ կամ հենց աշխատասեղանի մոտ քնել։ «Մեղավորը» ոչ թե ինչ-որ պաթոլոգիա է կամ շեղում, այլ բնության երևույթները և մեր օրգանիզմի պատասխանն այդ երևույթներին։

Երբ արևը բացվում է, լույսի ազդեցությունը ճնշում է մելատոնին հորմոնի արտադրությունը, և մենք ցանկանում ենք տեղից վեր կենալ։ Իսկ երբ ամպամած է, մենք ցանկանում ենք ավելի երկար մնալ անկողնում, քանի որ մելատոնինի արտադրությունը շարունակվում է։ 

Երբ անձրևում է, օդի մեջ ավելի շատ ջրային գոլորշի  է կուտակվում, ինչը հանգեցնում է օդի ցածր ճնշման և թթվածնի մակարդակի հարաբերական նվազման։ Նման իրավիճակում ուղեղը կարծես «անջատվում է», և մարդիկ քնկոտություն են զգում։

Բացի այդ՝ անձրևի ձայնը մեկուսացնում է փողոցի աղմուկը, ուղեղի համար ստեղծում հաճելի հետնապլան և մղում դեպի հանգիստ։

  1. Հղիություն

Քնկոտություն կարող է առաջանալ բեղմնավորումից ընդամենը 1 շաբաթ անց, երբ կինը նույնիսկ չգիտի, որ փոքրիկի է սպասում։ Սրտխառնոցի հետ միասին դա կարող է լինել հղիության առաջին նշաններից։

Պատճառը հորմոնալ փոփոխություններն են, մասնավորապես՝ պրոգեստերոն հորմոնի սրընթաց աճը, որը բնորոշ է առաջին եռամսյակին։ 

Հղիներին ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է գիշերը սովորականից մի քանի ժամ ավելի քնել։ Եթե գիշերային քունն ընդհատվում է, օրինակ, հաճախակի միզարձակումներով և դժվար է լինում նորից քուն մտնել, ապա խորհուրդ է տրվում նաև ցերեկային ժամերին մի փոքր քնել:

  1. Քնի խանգարումներ

Ցերեկվա ընթացքում քնկոտություն կարող է առաջանալ այն պատճառով, որ գիշերը բավարար քանակի կամ որակի չեք քնել։ Քանակը հասկանալի է․ չափահաս մարդուն անհրաժեշտ է 7-9 ժամ հանգիստ քուն։ Իսկ երբ խոսում ենք որակի մասին, այստեղ գործ ունենք տարբեր նախապայմանների հետ՝

-քնելուց 30-60 րոպե առաջ չօգտագործել հեռախոս, համակարգիչ, պլանշետ, չդիտել հեռուստացույց,

-ննջասենյակում չպահել վերը նշված սարքերը,

-ննջասենյակում խուսափել ավելորդ լույսից, ապահովել լիարժեք մթություն,

-ննջասենյակը շատ չտաքացնել, օրվա ընթացքում անպայման օդափոխել,

-քնելուց առաջ չընդունել ծանր սնունդ և այլն

Հնարավոր է, որ մարդը պահպանի այս կանոնները, բայց քունը չստացվի։ Օրինակ՝ երկար ժամանակ է պահանջվում քնելու համար, գիշերները անընդհատ արթնանում եք, անհանգիստ երազներ եք տեսնում, արթնանում եք գլխացավով կամ մկանային ցավով։ Այս ամենը հանգեցնում է ցերեկային քնկոտության, վկայում է ավելի խորքային խնդիրների մասին և արդեն պահանջում է բժշկի խորհրդատվություն։

Թե ինչպես առողջ ձևով կազմակերպել քունը և լինել առույգ հաջորդ օրվա ընթացքում, կարդացեք մեր մյուս հոդվածում՝

Ինչպես բարելավել քնի որակը և առավելագույնս հանգստանալ քնի ընթացքում

  1. Տարբեր հիվանդություններ

Մի շարք հիվանդություններ ուղեկցվում են նաև քնկոտության զգացողությամբ՝

-շաքարային դիաբետ,

-սրտանոթային հիվանդություններ,

-նյարդային համակարգի հիվանդություններ,

-էնդոկրին համակարգի հիվանդություններ,

-ճարպակալում և այլն

Օրինակ՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց օրգանները հավելյալ ջանքեր են գործադրում օրգանիզմին թթվածնով և սննդարար նյութերով ապահովելու համար, ինչի պատճառով էլ առաջանում է հոգնածություն և քնկոտություն։ 

Պատվիրեք առողջ, բազմազան ու համեղ սնունդ Foody-ի խոհանոցից և վստահ եղեք, որ սննդի պատճառով քնկոտության զգացողության հաստատ չեք ունենա։ Մեր ողջ ճաշացանկը կարող եք գտնել այստեղ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով