Ինչպե՞ս պահպանել օրգանիզմի ճիշտ ջրային բալանսը․ ինչքա՞ն ջուր խմել

Աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահվան 2-րդ պատճառը փորլուծությունն է: Ամեն տարի փորլուծությունից մահանում է շուրջ 550 հազար երեխա: Այս հիվանդության ժամանակ մարդու օրգանիզմից դուրս են մղվում ամենակարևորը՝ ջուրը և աղը, որոնք անհրաժշետ են գոյատևման համար: Իսկ գիտե՞ք, թե որն է փորլուծությունից մահանալու առաջին պատճառը… այո՛, մի՛ զարմացեք,  ջրազրկումը` օրգանիզմում ամենակարևոր հեղուկ զանգվածի կորուստը:

Ջրի կենսական նշանակությունը մեր օրգանիզմի համար

Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի համար ջրի կարևորության մասին: Եվ ապա հասկանանք՝ որքան կարևոր է ջրի դերը մեր կյանքում, ինչո՞ւ է պետք շատ ջուր խմել ամեն օր: 

  • 1 տարվա ընթացքում մարդը միջինում խմում է 1000լ ջուր, իսկ ողջ կյանքի ընթացքում՝ մոտ 35 տոննա ջուր:
  • Մարդու օրգանիզմում ընդամենը 1%-ի հեղուկի կորուստը տանում է ծարավի և չորության: Իսկ 12% ջրազրկումը հանգեցնում է մահվան:
  • Մեր օրգանիզմի մեծ տոկոսը կազմում է ջուրը, որի քանակը տարիքի հետ փոփոխվում է: Օրինակ՝ նորածին երեխայի օրգանիզմում ջուրը կազմում է 80%, իսկ մեծահասակների մոտ դրա քանակը պակասում է հասնելով մինչև 60%-ի:
  • Օրգանիզմում ջրային բալանսի գրագետ կարգավորումը կարող է պահպանել մարդու առողջությունն ու անգամ երկարացնել կյանքը: 

Մեր խմած ջրի քանակից է կախված մեր ինքնազգացողությունը, առողջությունը, և հատկապես մաշկի ու մազերի վիճակը: Ջուրը մասնակցում է մեր օրգանիզմի բոլոր բիոքիմիական պրոցեսներին, ինչպիսին են օրինակ՝ նյութափոխանակությունը, մարսողությունը, արյունաստեղծումը, ջերմակարգավորումը, անոթներում ճնշման կարգավորումը, տոքսինների դուրսմղումը: Ուստի  ջրի պակասը կարող է բերել այս ֆունկցիաներից յուրաքանչյուրի խանգարմանը: Եվ այս առումով նույնպես շատ կարևոր է օրգանիզմում ջրի քանակի պահպանումը: Թե ինչերի կարող է տանել դրա պակասը կխոսենք հաջորդիվ, բայց մինչ այդ փորձենք պարզել՝ որքան ջուր է անհրաժեշտ մեր օրգանիզմին ամեն օր:

Որքա՞ն ջուր պետք է խմել օրական

Դուք գիտե՞ք, թե օրական որքան ջուր է անհրաժեշտ Ձեր օրգանիզմին: Այո՛, 2 լիտրը կամ 8-10 բաժակը տարածված կարծիք է: Իսկ ամերիկյան որոշ ինստիտուտների գիտնականներ նույնիսկ սահմանել են ավելի մեծ չափաբաժին՝ օրական 2.7լ կանանց համար և 3.7լ՝ տղամարդկանց: Սակայն, այս թվերը չեն կարող վերաբերվել բոլոր կանանց և տղամարդկանց: Ջուր պետք է խմել ելնելով մեր մարմնի զանգվածից: Ճիշտ է, այսօր շատ սննդաբաններ պնդում են, որ նորմալ քաշ ունեցող անձի համար ընդունելի նորման հենց 2 լիտրն է, բայց դա միանշանակ չէ: Քանի որ պետք է հաշվի առնել մարդու տարիքը, ֆիզիկական ակտիվությունը, սուրճ կամ ալկոհոլ օգտագործելու հաճախականությունը, ինչպես նաև կլիման: 

Մենք զրուցել ենք առողջաբան և սննդաբան  Աիդա Խզրթյանի հետ։ Հիմնվելով American Center of Decease Control and Prevention և American Heart Association կազմակերպությունների տվյալների հիման վրա՝ սննդաբանը նշեց. «Ջրի անհրաժշտությունը մեր օրգանիզմի համար պետք է հաշվել նման կերպ՝ այսօր ջրի ընդունման չափանիշ է համարվում յուրաքանչյուր 1 կգ-ի համար 33 մլ: Այս հաշվարկը, իհարկե, վերաբերվում է զուտ միայն մաքուր ջուր ընդունելուն՝ առանց հաշվելու ապուրները, հյութերը, ֆրեշները, թեյը, սուրճն ու այլ հեղուկները»: Վերջիններս, ի դեպ շատերը կարող են նշել որպես ջուր պարունակող հեղուկ, սակայն մեր օրգանիզմը սրանք ընդունում է որպես սնունդ և մեծ ջանքեր գործադրում դրանցից ջուրը զտելու համար: 

Դեհիդրատացում, դրա բացասական կողմերը

Դեհիդրատացում տերմինը ջրազրկում հասկացության հունարեն համարժեքն է, որը հատկապես շատ են օգտագործում բժշկական ոլորտում: Ի՞նչ է ջրազրկումը և ինչպե՞ս զգալ, որ ձեր օրգանիզմը ջրազրկված է:

Նախևառաջ յուրաքանչյուրս ծարավ զգալիս ունենում ենք չորության զգացողություն բերանում: Եթե Դուք սովոր եք արհամարհել այդ փաստը կամ հագեցնել ծարավը այլ ըմպելիքով ու սնունդով, հիշե՛ք, դրանով դուք ավելի եք խորացնում ջրազրկումը: Հաջորդ ազդակը մեզ ուղարկում է մեր չորացած և ճաքճքած մաշկը: Իսկ ահա ավելի բարդ դեպքերը տանում են հաճախ կրկնվող գլխացավերի, հոգնածության, էներգիայի մշտական պակասի, ցրվածության և փորկապության: Ջրազրկման շատ ակնհայտ ազդակ է նաև մեզի մուգ դեղին գույնը, որին արժե ուշադրություն դարձնել:

Ջրազրկումը վատ է անդրադառնում մարդու յուրաքանչյուր օրգանի վրա: 

Ստացի՛ր զեղչ 3 ամիս շարունակ
Տեսնել մենյուն
  • Մարդու թոքերի 90%-ը բաղկացած է ջրից:
  • Արյան մեջ ջրի քանակը կազմում է 80%:
  • Մարդու ուղեղի 75%-ը կազմում է ջուրը:
  • Մկանների 75%-ը բաղկացած է ջրից:
  • Մարդու ոսկորների 20-ը նույնպես բաղկացած է ջրից:

Այսպիսով, ակնհայտ է՝ որքան քիչ է ջուրը մեր արյան մեջ, այնքան ավելի խիտ կլինի արյունը և դրանից կբարձրանա ճնշումը: Ուղեղում ջրի պակասը կարող է տանել դրա աշխատանքի խանգարմանն ու հետևաբար մարդու ցրվածությանը: Երբ օրգանիզմը սկսում է ջրի խիստ պակաս զգալ, այն արտադրում է հիստամին կոչվող հորմոնը, որը պատասխանատու է տագնապային իրավիճակներում իմունային ազդակներ արձակելու համար: Այս նույն հորմոնն ակտիվանում է ոչ միայն իմունային համակարգի տագնապի, այլև ալերգիաների դեպքում: Եվ հենց դա է պատճառը, որը ալերգիկ մարդկանց հատկապես  անհրաժեշտ է ուշադիր լինել իրենց օրգանիզմում ջրային ճիշտ բալանսի պահպանմանը:

Ինչպե՞ս խուսափել ջրազրկումից կամ ինչպե՞ս շատ ջուր խմել

Մեզնից յուրաքանչյուրը գիտի՝ արդյոք նա պահպանում է իր օրգանիզմում ջրի ճիշտ քանակը, թե՞ ընդհակառակը՝ «ջուր խմող մարդ չէ»: Այո, շատ մարդիկ ջրի պահանջ չեն ունենում, չեն զգում ծարավը կամ ծանոթ չեն ջրազրկման այլ ազդակներին: Ի՞նչ անել այդ դեպքում: Պատասխանը ավելի քան պարզ է՝ խմել շատ ջուր: Մոտիվացնելու համար գնել ապակյա գրավիչ շիշ, լցնել այն ջրով, ըմպել և հետևել, թե ինչպես է պակասում ջուրը: Եվ սկսել դա առավոտյան:

Օրը սկսեք մեկ բաժակ ջրով՝ ոչ սառը և ոչ էլ տաք, այլ սենյակային ջերմաստիճանի կամ գոլ, որպեսզի օրգանիզմը սթրեսի չենթարկեք: Խորհուրդ է տրվում խմել նախաճաշից մոտ 30 րոպե առաջ: Եթե ջրի համը Ձեզ դուր չի գալիս կարող եք բաժակի կամ շշի մեջ լցնել մեկ շերտ կիտրոն կամ մրգեր և հատապտուղներ: Սա կօգնի Ձեզ սիրել ջուրը և ավելի հետաքրքրաշարժ կդարձնի այն խմելու պրոցեսը: 

Կան իրավիճակներ, որոնք առնվազն 50%-ով ավելացնում են մարդու օրգանիզմում ջրի պահանջը:

  • Ծխող մարդկանց մոտ հաճախ ռնգային և կոկորդային չորություն է լինում, որի պատճառով էլ տվյալ հատվածում նկատվում է իմունիտետի անկում և խոցելիություն ինֆեկցիաների նկատմամբ: Ծխողներին խորհուրդ է տրվում ավելացնել ջրի ընդունումը 60%-ով:
  • Վիրուսային հիվանդությունների և մարմնի բարձր ջերմության դեպքում օրգանիզմը հեղուկազրկվում է, այդ իսկ պատճառով հիվանդ ժամանակ պետք է ջրի ընդունումը կրկնակի ավելացնել:
  • Կերակրող մայրերին անհրաժեշտ է կրկնակի և եռակի ավելացնել ջրի ընդունման քանակը: Կրծքով կերակրելու դեպքում կաթի ավելացման համար նույնպես շատ մեծ նշանակություն ունի շատ ջուր խմելը:
  • Սուրճ և ակոհոլ շատ օգտագործող մարդիկ ևս պետք է կրկնակի ավելացնեն իրենց ջրի ընդունման օրական չափաբաժինը, քանի որ սրանք ջրազրկող հատկություններ ունեն:  
  • Սպորտով զբաղվող անձինք, ովքեր ֆիզիկական մեծ ակտիվություն են ցուցաբերում պետք է կրկնակի շատ ջուր խմեն, քանի որ մարզումների ժամանակ քրտնարտադրության պատճառով օրգանիզմը շատ հեղուկ է կորցնում:
  • Միզամուղներ ընդունելիս, փորլուծության և սրտխառնոցի պարագայում նույնպես ջրային բալանսը պետք է պահպանել՝ խմելով ավելի շատ ջուր:

Կան նաև դեպքեր, երբ պետք է սահմանափակել կամ ուղղակի վերահսկել ջրի ընդունման քանակը, դրանք են․

  • Սնունդ ընդունելու ընթացքում. Արդարության համար նշենք, որ այս հարցի շուրջ սննդաբանների կարծիքները տարանջատվում են: Որոշ սննդաբաններ ասում են, թե ուտելու ընթացքում ջուր խմելը բացարձակ վնաս չէ օրգանիզմին: Իսկ սննդաբանների մեկ այլ խումբ էլ պնդում է, որ ուտելու ընթացքում ջուր խմելը խանգարում է մարսողությանը: Սննդաբան Աիդա Խզրթյանը նույնպես նշում է, որ սնվելիս ջրի ընդունումը ցանկալի չէ. «Երբ ուտելու ընթացքում ջուր ենք խմում, խախտվում է ստամոքսի PH բալանսը, և լուծվում է օրգանիզմի թթվայնությունը: Նախընտրելի է ջուր խմել ուտելուց 20-30 րոպե առաջ կամ հետո: Սակայն եթե անհագ ծարավի զգացողություն եք ունենում, պետք չէ դիմանալ ծարավին, ընդհակառակը՝ լսեք Ձեր օրգանիզմին: Քիչ քանակությամբ ջուրը չի վնասի Ձեր օրգանիզմին անգամ սնվելու ընթացքում»:
  • Քնելուց առաջ ջրի քանակի սահմանափակումը նույնպես ցանկալի, բայց ոչ պարտադիր պայմաններից է: Այս դեպքում նույնպես նախընտրելի է ջուր խմել 30-50 րոպե առաջ, որպեսզի գիշերը վեր կենալու համար քնի խանգարումներ և այլ անհարմարություններ չլինեն: Իսկ եթե երեկոյան կամ գիշերը սովոր եք մեծ քանակությամբ ջուր խմելուն, խորհուրդ է տրվում պակասեցնել, քանի որ դա կբերի երիկամների ծանրաբեռնվածության և մարմնի տարբեր հատվածների այտուցների:

Ինչպես բազմիցս նշեցինք, շատ ջուր խմելը ողջունելի ու ցանկալի է մեր օրգանիզմի կողմից: Եվ որպես վերջաբան մեջբերենք սննդաբան, առողջաբան Աիդա Խզրթյանի գեղեցիկ համեմատությունը․ «Պատկերացրեք, որ ձեր օրգանիզմի բջիջները խաղող են՝ ձիգ թաղանթով, ուռուցիկ և հյութեղ: Եվ երբ դուք չեք պահպանում օրգանիզմի ջրային բալանսը, այն ջրազրկվում է և նմանվում չամիչի՝ չորացած, սեղմված ու ծերացած մաշկով»: 

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Յուրաքանչյուր առաքման արժեքը 500 դրամ է։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Օնլայն աշխարհում․ ինչպե՞ս ճիշտ կազմակերպել երեխայի առօրյան

Օնլայն կրթություն ստացող երեխայի ճիշտ առօրյան կազմակերպելու կարևորագույն խորհուրդներ։