Ինչպե՞ս սմարթֆոնն ավելի օգտակար դարձնել

«Ամբողջ օրը հեռախոսի մեջ ես»․ այս կարգի հանդիմանություն լսում կամ ասում ենք շատերս։ Խելախոս-սմարթֆոնները ներխուժել են մեր կյանք ու կարծես տեր ու տիրական դարձել մեր առօրյային։ Դա լա՞վ է, թե վատ․ հռետորական այս հարցի պատասխանն ուղիղ կախված է նրանից, թե մենք հատկապես ինչ ենք «քաղում» սմարթֆոնից։

Իսկ այս փոքրիկ ամենակարողները մեզ շատ բան են առաջարկում՝ ժամանց, ծով տեղեկատվություն, կրթություն ու նոր գիտելիք, նոր հմտություններ, լայնածավալ ծառայություններ և այդպես շարունակ։ Հենց ընտրության պահն էլ որոշում է, թե սմարթֆոնից հատկապես ինչն ենք վերցնում։ Շատ նման է երկակի նշանակության գործիքի, որ միշտ պետք է լավ նպատակով գործածել։ Թե ինչպես սմարթֆոնն ավելի օգտակար դաձնեք՝ հիմա կպատմենք։

Քայլ առաջին՝ «դասավորում ենք» հեռախոսը։ Նախ, եկեք սկսենք «գույքագրումից»․ պետք է հասկանալ՝ ինչ հավելվածներ եք հաճախակի օգտագործում ու որքան ժամանակ եք ծախսում ամեն հավելվածում։ Թերթեք հավելվածների մենյուն ու փորձեք հնարավորինս ազատվել խաղերից, ժամանցային հավելվածներից՝ որոնցից հնարավոր է։ Մնացածն էլ կարելի է կառավարել։ Օրինակ, եթե նկատել եք, որ ՏիկՏոկում կամ Ֆեյսբուքում շատ ժամանակ եք անցկացնում, փորձեք հետևողական լինել ու քչացնել ժամանակը։ Իրական պատկերը տեսնելու համար հատուկ հավելվածներից օգտվեք, որոնք հաշվում են յուրաքանչյուր հավելվածի վրա ծախսվող ժամանակը՝ StayFree, App Usage:

Հաջորդը եկեք կարգի բերենք տեղեկատվական դաշտը․ մեր խելացին մեզ անընդհատ լրահոս է առաջարկում՝ սոցցանցերի ու կայքերի էջերից։ Կարդա ու մարսիր, օնլայն դարձիր իրադարձությունների մասնակիցը։ Թվում է, թե ժամանակակից մարդուն էլ ինչ է պետք կյանքից հետ չմնալու համար։ Բայց արի ու տես, որ մեկ էլ նկատում ենք, որ օրվա մեծ մասը մսխվում է լրահոսի դիտորդությամբ, երբ ամեն «ծիկ» անելը սկսում է մեզնից թանկ րոպեներ տանել։ Սրանից խուսափելու հստակ մի ճանապարհ կա․ ընտրել կայացած ու լուրջ մի քանի կայք ու իրազեկվելու համար օգտվել միայն դրանցից և, ասենք, միայն առավոտյան ու երեկոյան։

Արդեն վաղուց հավելվածներ կան, որոնք կօգնեն լրատվության կամ հետաքրքիր հոդվածների հարցում․ եթե սոցցանցերի լրատվական էջերը հոգնեցնում են, կարող եք սրանցից օգտվել։ Բազմազանությունը մեծ է, մենք առանձնացրել ենք առավել հարմարավետ հավելվածները՝ Armenia Today, Newsinfo, Feedly, Google News, Flipboard, Sputnik, Euronews, և այլն։

Քայլ հաջորդ՝ առաջարկում ենք ժամանակը խելամիտ օգտագործել ու փորձել նոր մի բան սովորել։ Լեզուներից սկսենք՝ առանց անգլերենի մեր աշխարհում գրեթե անհնար է։ Լավ է, որ ձեռքներիս տակ սմարթֆոն կա ու սոցցանցային էջերն անիմաստ «սքրոլ» անելու փոխարեն կարելի է մի քանի նոր բառ սովորել։ Լեզուների համար լավագույն հավելվածներն են՝ Duolingo, Memrise, Babbel, Busuu:

Ի դեպ, շնորհիվ սմարթֆոնի կարելի է սովորել գրեթե ամեն ինչ։ Օրինակ, եթե ուզում եք շախմատ սովորել, ներբեռնեք Chess Royale հավելվածը, իսկ եթե տարատեսակ կուրսեր եք ուզում լսել, էլի մեծ ընտրություն կա՝ Udemy, Khan Academy, Great Learning:

Սա, թերևս, սմարթֆոնի ամենաօգտակար հնարավորություններից է․ այն նոր գիտելիքի ու հմտությունների մեծ աղբյուր է ու հենց այստեղ պետք է լինի նախընտրությունը։ Ժամանակակից աշխարհում գիտելիքը նորացվում է ամեն պահի ու հետ չմնալու համար ինքնակրթությունն ամեն օր պետք է մեզ հետ լինի։ Անդարձ գնացել են ժամանակները, երբ կարմիր թե կապույտ դիպլոմներն ամբողջ կյանքի համար առավելություն էին տալիս։ Այսօր արդեն ակադեմիական կրթությունն անընդհատ լրացման կարիք ունի, մասնագիտությունները՝ հաճախակի վերապատրաստման, քանի որ թվային աշխարհն իր դաժան կանոններն ունի։ Այնպես որ՝ լավ մտածեք․ մեկ ժամ ինչ-որ անիմաստ խաղ խաղա՞լ, թե՞ հետաքրքիր մի կուրս լսել, նոր բառեր սովորել կամ կոփել մարմինը։

Ի դեպ, մարմնից խոսեցինք՝ չմոռանանք։ Ուղեղը մարզելուց զատ մարմինը ևս խնամքի կարիք ունի, ու նման հավելվածները ևս շատ-շատ են, ձեզ մնում է ընտրել համապատասխանը։ Կարող եք փորձել BodBot Personal Trainer, Fitness & Bodybuilding, FitOn, 30 Days Fitness Challenge հավելվածները։ Կկարողանաք գտնել ամեն ինչ՝ մարզվելու պլան, առողջ սննդի մասին խորհուրդներ, կալորիաները հաշվարկող սանդղակներ ու շատ օգտակար հնարավորություններ։

Ջրի մասին էլ չմոռանաք, էլ ինչ մարզած մարմին ու առողջ ապրելակերպ, եթե բավարար չափով ջուր չեք խմում։ Հատուկ հավելվածներ կան, որոնք հաշվարկում են՝ որքան ջուր պետք է խմեք, նաև ժամանակ առ ժամանակ հեռախոսին հիշեցումներ են ուղարկում․ այսպիսով ջուր խմելը շատ արագ դառնում է սովորություն։ Փորձեք այս հավելվածները՝ Water Reminder, Drink Water, Waterful:

Հաջորդ ամենահայտնի միֆերից է այն, որ սմարթֆոնը խանգարում է մեզ աշխատելիս կամ սովորելիս։ Դե հա, եթե երեք րոպեն մեկ աշխատանքից շեղվենք, որ հերթական ծնգոցին արձագանքենք, հաստատ կես ժամանոց աշխատանքը երկու ժամ կտևի։ Արդյունքում մեզ անպիտան կզգանք ու հետզհետե կկորի լավ աշխատելու մոտիվացիան։

Ի ուրախություն բոլորիս, այս խնդիրը ևս հնարավոր է լուծել։ Կան հրաշալի հավելվածներ, որոնք հատուկ ժամաքանակ են սահմանում աշխատելու համար՝ ստիպելով կտրվել այլ հավելվածներից ու սոցցանցերից։ Այս հավելվածները կօգնեն կանոնակարգել օրը, կենտրոնանալ աշխատանքի վրա ու հետևել ձեր պրոդուկտիվության աճին։ Չմոռանաք փորձարկել՝ Focus To-Do, Forest, Stay Focused, Study Bunny, Focus Plant: Աղբը շատ է՝ մեր կյանքում, մեր շուրջը, համացանցում․ փրկությունը գիտակցված ընտրության մեջ է և ոչ հոսանքով լողալու։ Հենց առաջնորդվենք սրանով՝ քիչ-քիչ կտեսնենք, թե սեփական կյանքի ղեկն ինչ ամուր ենք բռնել մեր իսկ ձեռքերով ու սմարթֆոնն էլ մեզ ու մեր ժամանակն ուտելու փոխարեն մեզ սնում է օգտակար բովանդակությամբ։ Գիտակցված ընտրությունն օգնում է, որ ոչ թե սմարթֆոնը կառավարի մեզ, այլ մենք՝ իրեն։ Անցկացրեք ձեր ժամանակը խելամտորեն, օգտագործեք սմարթֆոնները հնարավորինս օգտակար կերպով ու հենց սով զգաք՝ ուղղակի «բրաուզերում» գրեք Foody.am ու ընտրեք մեր տարատեսակ, շատ թարմ ու համեղ ուտեստներից։

Կիսվել

Խնայե՛ք օրական մինչև 2 ժամ սնունդ պատրաստելու վրա։
Առաքումը անվճար է 5000 դրամի գնում կատարելու դեպքում։
Մեր ուտեստներն ունեն ԵՏՄ որակի սերտիֆիկատներ։
Ստացե՛ք համեղ սնունդ՝ պատրաստված միայն բարձրորակ հումքից։

Այլ հոդվածներ

Տեսնել ավելին
Foody.am
Մեր Մասին

Foody-ն իր վրա է վերցնում սնունդ պատրաստելու երկար գործընթացը՝ տրամադրելով հաճախորդներին ազատ ժամանակ իրենց սիրելի գործերով զբաղվելու համար:

Բաղադրատոմս․ կիտրոնով թխվածք

Լավագույն բաղադրատոմսը, որը հաստատ շատ ես փնտրել։